ՎԱՐԴԱՆ ՍԵԴՐԱԿՅԱՆԸ ԿԴԻՄԻ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ Վարդան Սեդրակյանի կալանավորման հարցով ներկայացված վճռաբեկ բողոքը Վճռաբեկ դատարանի կողմից վերադարձվել է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է «Սիրունյան» իրավաբանական գրասենյակը; «Այժմ մեր կողմից մշակվում է Մարդու իրավունքների եվրոպական դատարան ուղղված դիմումը»,- նշված է հաղորդագրությունում: ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունը ՀՀ նախագահի նախկին թեկնածու, էպոսագետ ներկայացող Վարդան Սեդրակյանին առաջադրել էր նոր մեղադրանքՙ Քրեական օրենսգրքի 34-38-305 հոդվածներով: Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մարտի 5-ին որոշում է կայացրել երկու ամսով կալանավորել Հայաստանի նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանին: Դատական նիստը անցել է դռնփակ: Սեդրակյանին կալանավորելու միջնորդությամբ դատարանին էր դիմել Ազգային անվտանգության ծառայությունը: Սեդրակյանը մեղադրվում է ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի նկատմամբ իրականացված սպանության փորձ պատվիրելու մեջ` ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-305-րդ հոդվածովՙ ՀՀ նախագահի թեկնածուի քաղաքական գործունեությունը դադարեցնելու նպատակով նրան կյանքից զրկելու փորձը պատվիրելու համար: Սիրունյանը բողոքարկել էր կալանավորվելու որոշումը, ինչպես նաեւ դիմել էր քննիչին` ներկայացնելու մեղադրանքի հիմքը: Նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանի կալանավորման հարցով վերաքննիչ բողոքը մարտի 18-ին մերժվել էր: |