«ՏԵՂԱՀԱՆՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՄՈՏ 8500 ՀԱՅ Է ՍՊԱՆՎԵԼ» Հ. ՉԱՔՐՅԱՆ Հայտարարել է թուրքական ժխտողականության պարագլուխներից պրոֆ. Հալաչօղլունՙ պատասխանելով «Զամանի» հարցերին Երեկ մեր թերթը «Տեղահանության ընթացքում 800 հազար հայ է սպանվել» խորագրով ներկայացրել է Թաներ Աքչամի հետ «Զամանի» հարցազրույցը: Այսօր կներկայացնենք Թուրքական պատմական ընկերության նախկին նախագահ, Ազգայնական շարժում կուսակցության պատգամավոր, պրոֆ. Յուսուֆ Հալաչօղլուի հարցազրույցը, որը հենց նույն օրըՙ ապրիլի 21-ին է հրապարակվել «Զամանում»: Ուշագրավ է «Տեղահանության ընթացքում մոտ 8500 հայ է սպանվել» վերնագիրը: Երկու հարցազրույցն էլ վարել է «Զամանի» թղթակից Սամեթ Ալթընթաշը : Սակայն երկու իրարամերժ տեսակետների ներկայացումը միեւնույն թերթի նույն օրվա համարում չպետք է տպավորություն ստեղծի, թե Թուրքիայում առկա են հակասական մոտեցումներ Հայոց ցեղասպանության հարցին: Ժխտողականությունն այդ հարցում Թուրքիայի պաշտոնական թեզն է, դրա շուրջը գոյություն ունի իշխանություն-հասարակություն համերաշխությունը, չնայած ժխտողականության դիրքերի սպառմանը, պայմանավորված ցեղասպանության միջազգային ճանաչմամբ, թուրքական իշխանությունները շարունակում են համառորեն հրաժարվել պատմության հետ առերեսումից: Ավելին, այս տարվա սկզբներին անցկացված հարցախույզի արդյունքներով, Թուրքիայի բնակչության 68 տոկոսը շենքում հայ հարեւան չի ուզում ունենալ, մոռանալով, որ 75 մլն-անոց երկրում թուրքահայերի թիվը ընդամենը 60 հազար է, իշխանություններն այդ 60 հազարի դեմ են հրահրում 75 միլիոնի ատելությունը եւ միայն հատուկենտ մտավորականներ են, որ իբրեւ թուրք արտահայտվում են Հայոց ցեղասպանության ճանաչման օգտին: Հայատյացության ծովում այդ մտավորականները նույնիսկ մեկ կաթիլ անգամ չեն, որոնցից թերեւս պետք է առանձնացնել Ռագըփ Զարաքոլուին: Ինչ վերաբերում է ժխտողականներին, ապա նրանց մեջ կան հարյուրավոր պատմաբաններ, գիտության, կրթության, արվեստի գործիչներ, նախկին դեսպաններ, որոնց համալրում են ժխտողականությունը հիմնավորող գիտական հիմնարկները, պետական կառույցները, բարձրագույն ուսումնական հաստատությունները, այսպես կոչված քաղաքացիական հասարակության կազմակերպություններն ու հասարակական հիմունքներով գործող միությունները: Ի դեպ, այս միությունները գործում են նաեւ արտերկրում, դրանց թիվը միայն ԱՄՆ-ում հասնում է 100-ի, իսկ գործունեությունը «Թուրքական ֆորումի» միջոցով համակարգում է Թուրքիայի արտգործնախարարությունը, հավանաբար հետախուզական կառույցների հովանու ներքո: Այսինքն Թուրքիան գոնե Հայոց ցեղասպանության հարցում չի վերափոխվում: Վերափոխվելու թերեւս գլխավոր նախապայմանը ժխտողականությունից հրաժարվելն է, սակայն այս պետությունը շարունակում է սեփական պատմության հետ առերեսումից հրաժարվել: Հալաչօղլուն դրա վառ ապացույցն է: Ժամանակին գլխավորել է ժխտողականությունը հիմնավորող մի ընկերություն, ապա եւ ընտրվել Թուրքիայի ազգային մեծ ժողովի պատգամավոր: Ահա թե ինչ է գրել հարցազրույցը վարող Ալթընթաշը. «Առաջ մենք գիտեինք ապրիլի 23-ի (Ք. Աթաթուրքը այդ օրը նվիրել է թուրք երեխաներին) մասին միայն, հաջորդ օրը մեզ համար նշանակություն չուներ: Հետագայում մեր առօրյա մտավ ապրիլի 24-ը, որ Հայկական հարցն է հիշեցնում մեզ: Գաղտնիք չէ, որ հայկական լոբբին տեղահանության 100-րդ տարելիցիՙ 2015-ի համար պատրաստություն է տեսնում, պատրաստվում է Թուրքիայի դեմ միջազգային բուռն արշավ ձեռնարկել: Անելիքների մասին հարցրեցինք հայկական հարցում հակադիր դիրքորոշում ունեցող Հալաչօղլուին եւ Աքչամին: Հալաչօղլուն ասաց. «Ծպտյալ հայերը հետզհետե ի հայտ են գալիս: Թուրքիան այս հարցում աչալուրջ պետք է լինի»: - Որքա՞ն է Օսմանյան կայսրությունում տեղահանված հայերի թիվը: - Տեղահանության որոշումն ընդունվել է 1915-ի մայիսի 25-26-ին: Հունիսի 16-ից սկսեց տեղահանությունը Անատոլիայի տարբեր վայրերից, չհաշված Վանն ու Կարսը, որովհետեւ այս վիլայեթներն օկուպացված էին: Հետեւաբար արեւելյան շրջաններըւ զերծ են մնացել տեղահանությունից, ցանկացողները անցել են ռուսական կողմ: Մնացած շրջաններից Սիրիա են տեղափոխվել 500 հազար հայ, ոմանք էլ ապաստանել են հարեւան վիլայեթներում: Այսինքն, ընդհանուր առմամբ, տեղահանության է ենթարկվել 600.000 հայ: - Քանի՞ մարդ է զոհվել տեղահանության ընթացքում: - Քարավանների թվակազմը տատանվում էր 500-2000-ի միջեւ: Որոշ քրդական եւ արաբական աշիրաթների ձեռնարկած հարձակումների հետեւանքով քարավաններում սպանվածների թիվը առավելագույնս 8000-8500-ի սահմաններում պետք է լինի: Սակայն սա 100 տոկոսանոց հաշվարկ չէ: - Ինչպե՞ս էին իրականացվում սպանությունները: - Քարավանները հաճախ ենթարկվում էին հարձակումների: Նկատի առնելով այս հանգամանքը, պետությունը պահակախմբեր կցեց քարավաններին, որոնք առաջանում էին ժանդարմների ուղեկցությամբ: Շնորհիվ դրա, մահացության ցուցանիշը չէր աճում: - Հավատո՞ւմ եք, որ 1915-ին ցեղասպանություն է իրագործվել եւ ինչու: - Որպեսզի 1915-ը համարվի ցեղասպանություն, պետությունը դիտավորյալ սպանած պետք է լիներ տվյալ էթնիկ խմբին պատկանող մարդկանց: Ընդհակառակը, սկսած 1915-ի աշնանից, անձամբ Թալեաթ փաշայի ստորագրությամբ հանցագործության մեջ ամբաստանվող, հարձակումներ իրականացնող եւ հայերի ունեցվածքը կողոպտող 1673 մարդ կանգնել է ռազմական ատյանի առջեւ: Դատավարությունը ավարտվել է 1916-ի փետրվար-մարտ ամիսներին: 67 մարդ դատապարտվել է մահապատժի, 68-ըՙ տաժանակրության, 524 մարդՙ 2,3 եւ 5 տարի ազատազրկման: Այսինքնՙ օսմանյան պետությունը պատժել է մեղավորներին, ուստի անհնար է դա ցեղասպանություն որակելը: Հակառակ պնդումների, թուրքական կողմը հայերի դեմ որեւէ դիտավորություն չի ունեցել: Ավելին, գերմանական արխիվներում բառացի նշված է հետեւյալը. «Եթե չլիներ թուրքական բանակը, ապա քրդերը կսպանեին հայերին»: Այս փաստը ցույց է տալիս, որ թուրքական բանակը, այսինքն պետությունը, պաշտպանության տակ է առել հայերին: Հնարավո՞ր է, որ, ինչպես հայերն են պնդում, սպանված լինի 1,5 մլն մարդ: ՄԱԿ-ի տվյալներով, որն այդ ժամանակ Ազգերի լիգա էր կոչվում, 1922-ի նոյեմբերին Թուրքիայում բնակվում էր 280 հազար հայ, շուրջ 100 հազար հայ մահմեդականություն էր ընդունել, այլ երկրներ գաղթած հայերի թիվն էլ 17 873 էր: Նշանակում է, 1 մլն 200 հազ. հայ ողջ էր մնացել: Եթե այս ցուցանիշը համեմատելու լինենք Առաջին աշխարհամարտի տարիների հայ բնակչության թվի հետ, ապա տարբերությունը կկազմի շուրջ 250-300 հազար: Նրանցից 190 հազարը Ռուսաստանում, այսինքն Թուրքիայի սահմաններից դուրս, 160 հազարը Էջմիածնում, 30 հազարըՙ Ախալքալակում խոլերայից է մահացել: Այլ կերպ, ասածներս ոչ թե կոտորածի, այլ համաճարակի ու սովի պատճառով մահացածների ցուցանիշներն են: Տեղահանության ընթացքում առանձին խմբերի սպանած հայերի թիվը շուրջ 8000 է կազմում: Հետեւաբար հայերի ցեղասպանության զառանցանքներն ինքնստինքյան սուտ են: - Ի՞նչ կասեք հայերի ձեռքով սպանված թուրքերի մասին: - Այս հարցը ուշադրության կենտրոնում է: Նախքան տեղահանության որոշման ընդունումը, այսինքն 1915-ի ավարտից առաջ, մեկ տարում, հայերի ձեռքով սպանվել են 128 հազար թուրքեր եւ մահմեդականներ: Հայերը ռուսների աջակցությամբ գրավել էին Վանը: Քաղաքն ընկավ մայիսի 17-ին: Տեղահանության որոշումից առաջ Վանի վիլայեթում սպանվել է 80 հազար մարդ: Հետեւաբար ճիշտ չէ այն տեսակետը, թե հայերը տեղահանության պատճառով զայրացել եւ վրեժխնդիր են եղել թուրքերից: Տեղահանությունից հետո հայ չեթեների զոհը դարձած մարդկանց թիվը այս ամենի վրա գումարելուց հետո ստացվում է 518 հազար: Ընդ որում Առաջին աշխարհամարտը դեռ շարունակվում էր: - Ինչպե՞ս կլուծվի Հայկական հարցը: - Ակնհայտ է, որ հարցը գիտականորեն չի լուծվելու, որովհետեւ հայերը խուսափում են բանավեճից: Պատմաբանների համատեղ հանձնաժողով ստեղծելու Թուրքիայի առաջարկը ոչ հայերն են ընդունել, ոչ էլ եվրոպական այն երկրները, որոնք խորհրդարանի որոշումով ճանաչեցին ցեղասպանությունը: Հարցը քաղաքականացված է, ուստի լուծումն էլ քաղաքական պետք է լինի: Եվրոպացի խորհրդարանականներին պետք է Թուրքիա հրավիրել եւ նրանց բացատրել իրավիճակը, հասկացնելով, որ այլապես վերանայելու ենք մեր հարաբերությունները: - Ինչպիսի՞ն են ձեր սպասումները տեղահանության 100-րդ տարելիցինՙ 2015-ին: - Ծպտյալ հայերը սկսել են հետզհետե ի հայտ գալ: Թուրքիան պետք է աչալուրջ լինի այս հարցում: Օրինակ, կարող է օրակարգ մտնել ունեցվածքի խնդիրը: Սա երկրի ղեկավարությունից աչալրջություն է պահանջում: Պաշտոնական շրջանակներում խոսում են արտերկրի հայությանը Թուրքիա վերադարձնելու շուրջը: Մինչդեռ Լոզանի պայմանագրի որոշումով անհնար է համարվել հայերի վերադարձը: Մարդասիրական թվացող այսպիսի հրավերներն անհարիր են պետություններին: Պետք է լրջորեն քննել դիմացինի վերաբերմունքը»: |