ԴԱՐՁՅԱԼ «ԹԱՅՄՍ ՍՔՈՒԵՐՈՒՄ»ՙ ԱՊՐԻԼԻ 27-ԻՆ Հ. Ծ. Կիրակիՙ ապրիլի 27-ին, ժամը 14.00-ից մինչեւ 16.00 հազարավոր ամերիկահայեր եւ օտարազգի բարեկամներ դարձյալ հավաքվելու են Նյու Յորքի «Թայմս սքուերում»ՙ նշելու Մեծ Եղեռնի մեկուկես միլիոն անմեղ զոհերի 99-րդ տարելիցը: Պատմական այս միջոցառումը, ըստ «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթի, այս տարի անցկացվելու է «Թուրքիան մեղավոր է: Անժխտելին ժխտելը ոճրագործություն է» նշանաբանի ներքո: Նախագահելու են Հարավային Կոնեկտիկուտի պետհամալսարանի նախագահ դոկտ. Մերի Փափազյանն ու իրավաբան Արմեն ՄկՕմբերը: Միջոցառումը անցկացվելու է Վարդանանց ասպետների եւ դուստրերի միջատլանտյան մասնաճյուղերի կազմակերպությամբ եւ Հ.Բ.Ը.Մ-ի, Ամերիկայի հայկական համագումարի, Ամերիկայի ազգային կոմիտեի (Հայ դատի), ՌԱԿ-ի եւ Ամերիկայի հայկական խորհրդի հովանավորությամբ: Մասնակիցների թվում են լինելու Ամերիկայի հայ առաքելական եւ կաթոլիկ եկեղեցիների, երիտասարդական կազմակերպությունների եւ մշակութային միությունների ներկայացուցիչները: Դոկտ. Դերանյանը քննարկում է «որբերի գորգը» «Որբերի հյուսած գորգը դեռեւս որբացած է մնում, փակի տակՙ Սպիտակ տանը», ասել է դոկտ. Հակոբ Մարտին Դերանյանը Ամերիկայի հայկական թանգարանում բացված հինգ «որբ» գորգերի ցուցահանդեսի առթիվ, որը տեւելու է մինչեւ մայիսի 25-ը: Ցուցասրահի պատերին 6-րդ գորգի տեղը բաց է թողնվել այն հույսով, որ մի օր Սպիտակ տանը պահվողՙ հայ որբուհիների ձեռքով հյուսված հայտնի գորգը եւս իր արժանի տեղը կզբաղեցնի թանգարանում: Դերանյանի ելույթը, որի ընթացքում նա ներկայացրել է իր հեղինակած «Նախագահ Քուլիջը եւ հայ որբերի հյուսած գորգը» հատորը, տեղեկատվական լինելուց բացի որպես նախաբան է ծառայել ցուցահանդեսին: «Այս գորգերին դիպչելը նշանակում է առնչվել մեր պատմության հետ», եզրակացրել է նա: Հենրիկ Էդոյանի նոր գիրքըՙ անգլերեն Իրանի «Նովրուզհոնար» մշակույթի եւ արվեստների ինստիտուտը հազար օրինակով հրատարակել է անգլերեն լեզվով (թարգմանիչՙ Անիտա Հայրապետյան) անվանի բանաստեղծ, գրող եւ գրականագետ Հենրիկ Էդոյանի «Կրոնա-փիլիսոփայական քննադատական մոտեցում արեւմտյան գրականությանը» վերնագրով ուսումնասիրությունը (282 էջ), որի հինգ գլուխներում ամփոփված են մշակույթի, կրոնի եւ գրականության միջեւ գոյություն ունեցող ներքին կապի վերաբերյալ հոդվածներ: Որպես արեւմտյան մշակույթի հիմք դիտարկված է քրիստոնեությունը, որը պատմականորեն որոշիչ դեր է խաղացել գրականության ձեւի, բնույթի եւ փիլիսոփայական հակվածության կողմնորոշման գործում: Տարբեր գրական շարժումներ (վերածնության, կլասիցիզմի, ռոմանտիզմի, արդի) ուսումնասիրված են այդ տեսանկյունից: |