ԹՈՒՐՔԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻԿՈՒԹՅԱՆ ԱՌԱՍՊԵԼԸ ԴԱՎԻԹ ԲՈՅԱՋՅԱՆ Դավիթ Բոյաջյանը ամերիկահայ անկախ լրագրող է, որի հոդվածների թարգմանությունները «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթից քանիցս տպագրվել են «ԱԶԳ» օրաթերթում: Այս անգամ նա անդրադառնում է թուրքական պետության աշխարհիկ ներկայանալու հանգամանքին: «Թուրքիան աշխարհիկ պետություն է», պնդում են Թուրքիայի կառավարությունն ու արեւմտյան զանգվածային լրատվամիջոցների մեծ մասը: Նրանք սխալվում են: Քաղաքակիրթ, ժողովրդավարական երկրներում աշխարհիկություն նշանակում է ոչ միայն հարգալից բաժանում պետություն-եկեղեցի հարաբերություններում, այլեւ կրոնի, պաշտամունքի եւ հավատի ազատություն: Այստեղ փորձելու ենք ցույց տալ, որ թուրքական քաղաքականությունը վաղուց ի վեր եղել է աշխարհիկության հակադրույթը: Թուրքական կառավարությունը երկրի ներսում մեծապես պաշտպանում եւ ֆինանսավորում է մահմեդականությունը, հատկապես սուննի մահմեդականությունը, միաժամանակ ճնշումներ բանեցնելով Ալեւիների նկատմամբ եւ հետապնդելով ու սպառնալով բնիկ քրիստոնյաներին, որոնց մեծամասնությանը նա բնաջնջեց 20-րդ դարում ցեղասպանությունների միջոցով: Ավելին. նա իսլամը, մահմեդականությունը օգտագործում է թուրքական քաղաքական ազդեցությունը արտահանելու Եվրոպա, Ասիա եւ այլուր: Թուրքիայի քաղաքականության այս համակարգը ավելի ճիշտ կլիներ բնորոշել որպես պետական հովանավորություն վայելող մահմեդականություն: Այս հոդվածը նպատակ չունի քննադատելու մահմեդականությանը կամ նրա հետեւորդներին: Մենք հարգում ենք ե՛ւ մեկին, ե՛ւ մյուսին: Թուրքիայի աշխարհիկության առասպելը, սակայն, կարիք ունի բացահայտվելու, մերկացվելու: Թուրքիայի «կրոնական գործերի տնօրենությունը», որը ճանաչված է «դիյանետ» անունով, կառավարական այն մարմինն է, որը ներկայացնում է եւ ուղղորդում Թուրքիայի բոլոր սուննի մահմեդականներին: Թուրքիայի հանրապետության հռչակումից մեկ տարի անց, 1924-ին հիմնադրված «դիյանետը» պաշտպանված է Թուրքիայի սահմանադրության 136-րդ հոդվածով: «Դիյանետը» հսկայական է իր մեծությամբ եւ ուժեղ ու ազդեցիկ իր կարողությամբ: Գործելով վարչապետի հովանու ներքո, նա 100 հազար աշխատակից ունի: Սուննի հոգեւորականների ամբողջ կազմը «դիյանետից» աշխատավարձ ստացող քաղաքացիական ծառայողներ են: «Դիյանետի» տարեկան երկու միլիարդ դոլարի նախահաշիվը գերազանցում է Թուրքիայի արտաքին գործերի, էներգետիկայի եւ շրջակա միջավայրի նախարարությունների միացյալ բյուջեն: Հատուկ օրենքի համաձայն, որեւէ կուսակցություն կարող է կազմալուծվել, եթե համարձակվի պահանջել «դիյանետի» վերացումը: Մինչեւ վերջերս «դիյանետն» էր գրում հոգեւորականների բոլոր քարոզները, բայց ըստ ստացված հաղորդագրության, վերջերս թույլատրվել է հոգեւորականներին գրել իրենց սեփական քարոզները, բայց բովանդակությունը անշուշտ հսկվում է: Կարո՞ղ է Միացյալ Նահանգները կամ որեւէ այլ արեւմտյան ժողովրդավարական երկիր «աշխարհիկ» անվանվել, եթե ֆինանսավորի հսկայական քրիստոնեական կառավարական մի կառույց, որտեղ աշխատում են բոլոր քրիստոնյա հոգեւորականները եւ վերահսկի նրանց քարոզները: Իհարկե, ոչ: Նույնիսկ թուրքերից շատերի համար պարզ չէ, թե ո՞ւմ են պատկանում Թուրքիայի 80 հազար մզկիթները: Ո՞վ է դրանց տերը: «Դիյանետը» անշուշտ վերահսկում է երկրի բոլոր մզկիթների գործունեությունը: Շիա մահմեդականները անկախ են «դիյանետից» եւ ներկայացնում են երկրի 80 միլիոն բնակչության ընդամենը երեք տոկոսը: Երկու հսկայական նոր մզկիթներ, որոնք կառուցվելու են Ստամբուլի Կամլիկա բլրի եւ Թաքսիմ հրապարակի վրա, վարչապետ Էրդողանի անձնական նախաձեռնություններն են: Կառավարությունը վստահաբար հոգում է բոլոր ծախսերը կամ դրանց մեծ մասը, մի բան, որ աշխարհիկ ոչ մի պետություն աշխարհում չի անում: «Դիյանետը» գործում է ոչ միայն Թուրքիայում, այլեւ ամբողջ աշխարհում: Թուրքիայի արտաքին քաղաքականությունն ու «դիյանետը» միաձուլված են իրար: Վերջինս է, որ առաջ է տանում, խթանում է երկրի քաղաքական ազդեցությունը արտասահմանում: Համաշխարհային ազդեցություն «Դիյանետը» ունի արտաքին գործերի բաժանմունք, որը կրոնական խորհրդատուներ է ուղարկում ոչ միայն կենտրոնական Ասիայի կամ Աֆրիկայի մահմեդական երկրներ, այլեւ Եվրոպայի քրիստոնեական երկրներ (ինչպիսիք են Ֆրանսիան, Գերմանիան, Շվեդիան, Մեծ Բրիտանիան) եւ Ամերիկայի Միացյալ նահանգներ: Գաղտնիք չէ, որ որոշ թուրքական դեսպանատներ եւ հյուպատոսարաններ ունեն կրոնական գործերի բաժանմունքներ, որոնցում հատուկ կցորդներ աշխատակցում են «դիյանետի» տեղական ներկայացուցիչների հետ: Թուրքիան չափազանց ակտիվ գործունեություն է ծավալում, օրինակ, Նիդեռլանդներում, որտեղ ըստ հաղորդագրությունների, նա վճարում է «դիյանետին» կից գործող «Հոլանդական իսլամական հիմնադրամի» պաշտոնյաների աշխատավարձերը: Համագործակցելով Թուրքիայի «կրոնական հիմնադրամի» հետ, «դիյանետը» վերջին երկու տասնամյակում կառուցել է կամ վերանորոգել մզկիթներ Ադրբեջանում, Բելառուսում, Բոսնիայում, Հյուսիային Կիպրոսում, Ճապոնիայում, Ղազախստանում, Կոսովոյում, Ղրղզստանում, Ռուսաստանում, Թուրքմենստանում, Ուկրաինայում եւ այլ երկրներում: Ներկայումս 100 միլիոն դոլարի արժողությամբ, 15 ակր (1 ակր = 0.4 հեկտար) հողատարածքի վրա Լանհեմում (Վաշինգտոնից 14 մղոն հեռավորության վրա) կառուցվում է «Թուրք-ամերիկյան մշակույթի եւ քաղաքակրթության կենտրոնը» (ԹԱՄՔԿ), որն իր մեջ ընդգրկում է նաեւ հսկայական մի մզկիթ: Նախագծի հեղինակներն են «թուրքական կառավարությունն ու թուրք-ամերիկյան համայնքային կենտրոնը»: Վերջինիս կառուցած նախկին մզկիթը «առնչվում է Թուրքիայի հանրապետության եւ կրոնական գործերի բաժանմունքիՙ «դիյանետի» հետ»: Մի քանի ամիս առաջ վարչապետ Էրդողանը անձամբ հիմնարկեքի քարը զետեղեց ԹԱՄՔԿ-ի շինարարության տարածքում: Իսկական աշխարհիկ ոչ մի պետություն աշխարհում նման բաներ չէր անի: Ոչ էլ կհետապնդեր այլ կրոնի հետեւորդներին: Անցյալ տարի Կոնգրեսի կողմից միջազգային կրոնական ազատությունների Մ. Նահանգների հանձնախումբը (ՄԿԱՄՆՀ) Թուրքիային դասեց իր ամենավատ անվանակարգում, որպես «առանձնահատուկ մտահոգության մի երկրի», Բիրմայի, Չինաստանի, Պակիստանի եւ տասնյակ այլ երկրների շարքում: ՄԿԱՄՆՀ-ն նշեց, որ «Թուրքիան զգալիորեն սահմանափակում է հատկապես ոչ-մահմեդական կրոնական փոքրամասնություններիՙ հունական, հայկական, ասորական ուղղափառ, Հռոմի կաթոլիկ եւ բողոքական եկեղեցիների, ինչպես նաեւ հրեական համայնքների կրոնական ազատությունները: Կրոնական կրթություն տալու, հոգեւորականներ պատրաստելու, պաշտամունքի վայրեր ունենալու եւ պահպանելու ոչ-մահմեդական համայնքների իրավունքների նման սահմանափակումների հետեւանքով խիստ նվազել է նրանցՙ այդ համայնքների թիվը եւ որոշ դեպքերում նույնիսկ ամբողջովին վերացել»: Ընդամենը հարյուր հազարի հասնող քրիստոնյաների նման վատ վերաբերմունքը խիստ դատապարտելի էՙ հաշվի առնելով, որ 1915-23 թվերին Թուրքիան ցեղասպանություն է գործել ընդդեմ միլիոնավոր բնիկ քրիստոնյա հայերի, հույների, ասորիների, ինչպես նաեւ կաթոլիկների եւ բողոքականների: Ոչ-մահմեդականների հետապնդումները շարունակվեցին նույնիսկ 1923-ին թուրքական հանրապետության հռչակումից հետո: Երկրորդ աշխարհամարտի տարիներին կիրառված «Վարլըք վերգիսի» անվանումով հարկային խայտառակ ծրագիրը, որպես մեկ օրինակ, քրիստոնյաներից եւ հրեաներից դիտավորյալ գանձում էր այնպիսի անհավանական բարձր հարկեր, որ զգալիորեն գերազանցում էին նրանց եկամուտները: Անվճարունակ մարդիկ ուղարկվում էին աշխատանքային գաղութներ: Ընտանիքներ սնանկանում էին: Միայն միջազգային ճնշումների ներքո այդ ծրագիրը դադարեց գործելուց: Վերջին մի քանի տասնամյակներում հազարավոր քրիստոնեական եկեղեցիներ, դպրոցներ, հիվանդանոցներ, որբանոցներ, գերեզմանատներ եւ այլ համայնքային կալվածներ բռնազավթվել են: Ճիշտ է, որոշ միջազգային ճնշումների ներքո դրանցից ոմանք վերադարձվել են իրենց տերերին, սակայն մեծամասնությունը դեռեւս մնում է եւ հավանաբար շարունակելու է մնալ բռնազավթված: Անթիվ-անհամար հին հայկական եկեղեցիներ եւ վանքեր, ինչպես Սբ. Նշանը Սվազում, դիտավորյալ խորտակվել են, երբեմն պայթուցիկների միջոցով: Ուրիշներ ախոռ են դարձել: Իզնիկում եւ Տրապիզոնում 2013-ի սկզբներին հին հունական եկեղեցիներ վերածվել են մզկիթների: Ալեւիները 10-20 միլիոն հետեւորդներ ունեն Թուրքիայում: Այդ բարդ եւ որոշ առումով առեղծվածային կրոնը իր մեջ ներառում է շիա իսլամի, սուֆիզմի, հեթանոսականության եւ այլ կրոնների տարրեր: Ալեւիները «սեմեվիներ» կոչվող տներում եւ ոչ թե մզկիթներում են երկրպագում: Այդ տներն ու ալեւիները ընդհանրապես, թուրքական կառավարության կողմից ճանաչված չեն: Ալեւիները բողոքել են, պահանջել ճանաչում, բայց ոչ մի դրական արդյունքի չեն հասել: Նրանք արդեն երկար ժամանակ է ինչ խտրականության զոհ են դարձել, ենթարկվել դաժան հարձակումների, ինչպես օրինակ Սվազում 1993-ին, երբ 35 ալեւի առաջնորդներ սպանվեցին ամբոխի կողմից, եւ ընդամենը վերջերս, 2013-ին, երբ Անկարայում ոստիկանությունը արցունքաբեր գազ արձակեց ալեւի ցուցարարների վրա: «Թղթի վրա Թուրքիան կարող է աշխարհիկ երեւալ, բայց միջազգային իրավունքի տեսակետից այն իրականում սուննի իսլամական պետություն է», նշում է Ալեւի առաջնորդ Իզզետտին Դողանը: Նա ճիշտ է բնորոշում, բայց արտաքին աշխարհի մեծ մասը չի կամենում լսել նրա նմանների ձայնը: Ճշմարիտ աշխարհիկությունը Թուրքերից ոմանք հավատացած են, որ իրենց երկիրը աշխարհիկ է, որովհետեւ «դիյանետի» գերիշխանությունը պահպանում է իսլամը ծայրահեղական հակումներից: Սա որոշ չափով ճիշտ է: Սակայն, քանի որ աշխարհիկությունը պահանջում է որոշակի բաժանում, անջատվածություն կրոնի եւ պետության միջեւ, ուստի Թուրքիան դեռեւս չի կարող աշխարհիկ համարվել: Թուրքիայի ներսում կրոնական ճնշումները, իսկ արտաքին քաղաքականության մեջ «դիյանետի» դերը հաշվի առնելով պարզապես իրողության աղավաղում են այն պնդումերը, թե Թուրքիան աշխարհիկ պետություն է: Թուրքական կառավարությունը ամբողջովին ժխտում է աշխարհիկությունը եւ կրոնական պաշտամունքի ազատությունը: Եթե Թուրքիան իրոք աշխարհիկ է ցանկանում դառնալ, ապա նա առաջին հերթին պարտավոր է թույլ տալ կրոնական պաշտամունքի ազատություն բոլորի համար եւ երաշխավորել, որ հետապնդումների եւ հարկադրանքների չի ենթարկելու հավատացյալների իրավունքները: Այդ գործընթացի մաս պետք է կազմի նաեւ կառավարության առերեսումը հատկապես ոչ-թուրքական եւ ոչ-մահմեդական համայնքների հանդեպ ցուցաբերած իր անցյալի եւ ներկայի սխալների ու հանցագործությունների հետ եւ մանավանդ պատրաստակամությունըՙ իրական ու շոշափելի փոփոխություններ մտցնելու իր վերաբերմունքի մեջ: Մինչ այդ գլխավոր զանգվածային լրատվության միջոցները ամենուրեք, եւ հատկապես արեւմուտքում, կառավարություններն ու կրոնական առաջնորդները, ակադեմիական եւ քաղաքական ոլորտի ներկայացուցիչները պետք է դադարեն կուլ տալ աշխարհիկության վերաբերյալ Թուրքիայի մոլորեցնող, նենգ պնդումները: Թարգմ. Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆԻ |