ԵՐԵՎԱՆԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔ Է ՓԼՎԵԼ ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 4-րդ կարգի վթարային շենքը փլվել է, սակայն բնակիչները ճարահատյալ շարունակում են ապրել կիսաքանդ շենքում Ոչ մի հապշտապ շարժում, արագ քայլ, կահույքի տեղափոխում ու անգամ... փռշտոց: Անզգույշ քայլը կարող է ողբերգական ավարտ ունենալ եւ հիմնահատակ ավերել երկհարկանի բազաբնակարան շինությունը: Երեւանի Բաղրամյան պողոտայի 4-րդ նրբանցքի թիվ 15 երկհարկանի վթարային շինության բնակիչներն այսպես ապրել են ավելի քան 10 տարի: Արդեն մեկ շաբաթ է տանն անգամ ոտնաթաթերի վրա քայլելն է դարձել վտանգավոր: Շենքի մի հատվածը փլվել է հենց այն պահին, երբ բնակիչները տանն են եղել: Բարեբախտաբար փլուզումից պոկված քարերը չեն վնասել ո՛չ բնակիչներին, ո՛չ էլ անցորդներին: Այժմ շենքն արդեն ճոճվում է ու թեթեւակի քամին անգամ ամբողջովին հողին կհավասարեցնի այն: Շենքի բոլոր պատերին ճաքեր են, առաստաղը կիսված վիճակում է, հատակն էլ ճոճվում է ու այնպիսի տպավորություն է, որ երկու մասի կբաժանվի: «Փոքր տղայիս հետ տան մյուս հատվածում էի ու ձայն լսեցի, եկա, տեսաՙ սենյակի պատը փլուզվել է: Այստեղ երկու-երեք տարի է, ինչ բնակվում եմ: Օրեցօր ճաքերը մեծանում են, վտանգն էլ հետը: Ասում ենՙ տարհանվեք ձեր միջոցներով, սակայն փոխարենը ոչ մի բան չեն առաջարկում: Ասում ենՙ գնացեք, որտեղ կուզեքՙ ապրեք»,- «Ազգ»-ի հետ զրույցում ասում է վթարային տան բնակչուհի Մելինե Զախարյանըՙ հավելելով, որ վախենում է գիշերները տանն անցկացնել: Մելինեն անչափահաս որդու հետ առայժմ բարեկամների տանն է գիշերում, հասկանալով հանդերձ, որ բարեկամների տանը չի կարող անցկացնել ողջ կյանքը: Մելինեի ողջ հույսը քաղաքային իշխանություններն են, որոնք խոստացել են վթարային շենքի բնակիչներին տրամադրել բնակարաններ, սակայն տարիներ շարունակ խոստումն այդպես էլ մնում է օդից կախված: 4-րդ կարգի վթարային տունը կառուցվել է 1950-ականներին եւ քանդման ենթակա ճանաչվել 2007թ.: Շինությունում կա 7 բնակարան, 20-ից ավելի բնակիչ. ոմանք լքել են բնակարանները, մի մասը միայն ցերեկն է անցկացնում այնտեղ, մի քանի հոգի էլ այլ տարբերակ չունենալովՙ վտանգում են կյանքն ու շարունակում ապրել վթարային տանը: Տիկին Գոհարի թոռները վաղուց են բնակարանից հեռացել: Տարեց կինը չի ցանկանում, որ իր երեխաներն էլ վախով ապրեն, ինքը գնալու տեղ չունի ու ստիպված ապրում է ճաքած պատերով տանը: «Պատին նայեք, ուժեղ փռշտանքՙ կփլվի: Չի կարելի մարդուն այսպես ահաբեկված պահել: Ապրում ենք սարսուռը սրտներիս, մահն էլ գլխներիս կախված: Ճաքերը գնալով լայնանում են, գիշերն էլ այդ ճարճատյուններն եմ լսում»,- ասում է տիկին Գոհարն ու հավաստիացնում, որ երկրի բոլոր գերատեսչություններն ու իրավասու մարմիններն իրենց խնդրից տեղյակ են: Բնակիչները նամակների ու պատասխանների մի ամբողջ տրցակ ունեն, այնտեղ տարբեր տարիներին համայնքի ղեկավարին, քաղաքապետին, վարչապետին եւ նախագահին ուղարկված նամակներ են: Նամակներին կամ պատասխան չի եկել, կամ էլ եկել է սրտացավությամբ, որ կիսելով իրենց մտահոգությունըՙ տեղեկացնում են, որ այս պահին ֆինանսական խնդիրներ կան եւ բյուջեում գումար չլինելու պատճառով անհնար է իրականացնել վերաբնակեցում: Մինչդեռ բնակիչները պարզել են, որ վթարային շենքերի բնակիչների համար կառուցված շենքերում բազմաթիվ ազատ բնակարաններ կան: «Սիսակյան 22 եւ Մարգարյան 37 շենքերը կառուցված են վերաբնակեցման համար եւ նախատեսված 4-րդ կարգի վթարային շենքերի բնակիչների համար: Այնտեղ ազատ բնակարաններ կան: Վերջին նամակում էլ քաղաքաշինության նախարարի տեղակալը գրում է, որ բնակիչների վերաբնակեցումը նախատեսվում է քննարկել 2015թ.: Դա ծիծաղելի է, իրենք գութ ունե՞ն: Նշանակում է մենք պետք է դեռեւս մեկ տարի սպասենք, որ մեր պետական այրերը որոշենՙ արդյո՞ք մենք պետք է տեղափոխվենք, թե ոչ: Իսկ եթե այդ ժամանակ ողբերգություն պատահի, եթե փլուզման հետեւանքով մարդ վիրավորվի կամ մահանա, այդ ժամանակ ի՞նչ պատասխան են տալու»,- բողոքում է տիկին Գոհարը: Արդեն մեկ շաբաթ է Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները կարմիր ժապավենով տարածքը առանձնացրել են: Բնակիչներին զգուշացրել են, որ տարածքում ապրելը վտանգավոր է: Բնակիչները հիշում են, որ ԱԻՆ աշխատակիցն անգամ ապշել է, երբ տեսել է, որ մարդիկ ապրում են մի շենքում, որը հիմք էլ չունի: Համայնքատիրությունից էլ պատասխանել են, որ իրենք որեւէ առնչություն չունեն բնակարանի հետ: Նրանց խոսքերով կառույցը, որտեղ ապրում է 7 ընտանիք բազմաբնակարան չէ եւ իրենց գործառույթների մեջ չի մտնում: Հետաքրքրական է, որ բազմաբնակարան չհամարվող շենքի բնակիչներից ամեն ամիս աղբի վարձ են գանձում, երբ աղբահանություն չի կատարվում եւ բնակիչները ստիպված են երեկոյան ժամերին աղբի տոպրակները տանել մի քանի կանգառ վերեւՙ երկաթյա աղբամանում գցելու համար: Բնակիչները խմելու ջուր էլ չունեն. բնակիչներից յուրաքանչյուրը սեփական մեթոդներով է ջրի հարցը կարգավորում, սակայն մի քանի տարի առաջ ստիպել են, որ բնակարաններում ջրաչափ տեղադրեն: «Ստացվում է, որ մենք պետք է հարկ վճարենք այն ծառայությունների համար, որոնք չեն կատարվում: Գույքահարկ ենք վճարում, բոլոր կոմունալ վարձերը վճարում ենք, սական պարզվում է, որ մենք չգիտենք, ով է մեր շենքի պատասխանատուն: Մենք ապրում ենք մի երկրում, որտեղ իշխանությունը հանձն չի առնում պատասխանատվություն կրելու իր չկատարած եւ ուշացած աշխատանքի համար»,- ասում են բնակիչներըՙ հավելելով, որ ամենայն հավանականությամբ, քաղաքային իշխանությունները խնդրին ընթացք չեն տալիս, որպեսզի բնակիչները հեռանան տարածքից եւ իրենք կարողանան անարգել տարածքը վաճառել հերթական էլիտար շենքի կառուցման համար: |