ԱԶԳՆ ԱՌԱՆՑ ԵՐԱԶԱՆՔԻ ՉԻ ԼԻՆՈՒՄ Համլետ ԴԱՎԹՅԱՆ, Պատմաբան, հրապարակախոս Բաց նամակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին Մեծարգո նախագահ Ձեզ եմ դիմում առաջին հայացքից վաղաժամ թվացող մի հարցով: Իսկ դիմում եմ Ձեզ, որովհետեւ մտահոգությունս անձնական չէ, այլ մեր ընդհանուր ապագային է վերաբերում, եւ քանի որ այսօր ի պաշտոնե Դուք եք մարմնավորում հայության հավաքականությունը, ապա Ձեր արձագանքն անտարակույս էական նշանակություն կունենա խնդրո վերաբերյալ ընդհանուր մթնոլորտ ստեղծելու, այնուհետեւ այդ ուղղությամբ գործնական քայլեր կատարելու առումով: Խոսքը վերաբերում է Հայոց ցեղասպանության հետեւանքները վերացնելու կապակցությամբ մեր ունեցած պատկերացումներին: Անշուշտ տեղյակ ենք, թե ինչպիսի լայնամասշտաբ նախապատրաստական աշխատանքներ են տարվում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը հավուր պատշաճի նշելու համար, եւ թե ինչպիսի համերգաշարեր ու տարատեսակ միջոցառումներ են սպասվում այդ օրերին: Սակայն վստահ եմ` ներքուստ Դուք էլ եք համոզված, որ մեր ժողովրդի մեծ մասին այլեւս սոսկ սգատոները չեն հետաքրքրում: Գաղտնիք չէ, որ, չնայած սկսել ենք ոչ միայն Ցեղասպանության ճանաչման, այլեւ հատուցման մասին խոսել վերջապես, սակայն առայժմ դեռ պարզ չէ, թե ինչպես է դա իրականացվելու: Պատճառն այն է, որ մենք, ցանկանալով որպես պահանջատեր հանդես գալ, առ այսօր չենք հստակեցրել մեր պահանջները, չունենք հստակ ծրագրեր ու մեխանիզմներ դրանց վերաբերյալ: Մինչդեռ հայ հանրությանը խորապես հուզում է այն հարցը, թե, վերջապես, ի՞նչ ենք ուզում, ինչի՞ համար ենք ուզում եւ ո՞ւմ համար ենք ուզում: Սա նշանակում է նաեւ, որ պահանջ կա կոնկրետացնել, թե պետական մակարդակով մինչեւ որտե՞ղ ենք հետամուտ լինելու մեր ազգային շահերին, արդյոք լրջորեն մտածո՞ւմ ենք նաեւ տարածքային փոխհատուցման մասին, թե՞ նախընտրելով այլ եղանակներ` պիտի մոռանանք հողի խնդիրը, ինչպես որ այդ մասին այլեւս չենք հիշում մեր բարեկամ դրացիների պարագայում: Ընդհանուր հարցադրումների ահա այս ենթատեքստում է եւ իմ բարձրացրած հարցը: Կարծում եմ` հնարավոր է 100-րդ տարելիցի շրջանակներում ստեղծել եւս մեկ պաշտոնական (կամ ոչ պաշտոնական) հանձնաժողով, որը գոնե կուրվագծի այդ պահանջները, որպեսզի Ցեղասպանության հետեւանքները վերացնելու մանրամասները քննարկելու համար վաղ թե ուշ տեղի ունենալիք հայ-թուրքական բանակցությունների ժամանակ մեր ներկայացուցիչների ձեռքին պատրաստի փաթեթ լինի: Ընդսմին, համոզված եմ, որ նման աշխատանքը կարճ ժամանակում իրականացնելը միանգամայն հնարավոր է, քանզի հրապարակի վրա խնդրո վերաբերյալ արդեն բազմաթիվ առաջարկություններ կան, որոնք կարելի է որպես հիմք ընդունել: Իհարկե, դա չի կարելի մեր նպատակի իրականացման վերջնափուլը համարել, որովհետեւ եթե նույնիսկ ամեն ինչ բարեհաջող դասավորվի եւ մեր պահանջներն առավելագույնս բավարարվեն, ապա միեւնույն է` չի կարելի ասել, թե մեր պատմության այդ ողբերգական էջը կփակվի, իսկ անելիքները կավարտվեն: Ընդհակառակը, մեր առջեւ կբացվի աշխատանքի այնպիսի մի ճակատ, որի մասին այս պահին պատկերացում անգամ չունենք: Այնինչ` այժմ արդեն հարկ է մտածել: Ահա թե ինչի վրա եմ ցանկանում ուշադրություն հրավիրել: Վերը նշեցինք, որ չի կարող մեր պահանջների կարեւորագույն կետերից մեկը Հայոց պատմական տարածքների հարցը չլինել: Թե ինչպիսի լուծում կստանա այն` բնականաբար, այսօր անհնար է կանխատեսել, բայց արդյոք դա խանգարո՞ւմ է, որ առաջ նայենք ու թեկուզ տեսականորեն ինչ-ինչ հավանական տարբերակներ քննարկենք: Թեկուզեւ` ա) ինքնավար կազմավորման ձեւավորում Թուրքիայի Հանրապետության սահմաններում, բ) Արեւմտյան Հայաստանի որեւէ հատվածի վրա անկախ պետականության հռչակում, գ) որոշ սահմանակից տարածքների միակցում Հայաստանի Հանրապետությանը: Անտարակույս, երեք դեպքում էլ մենք կարող ենք մեզ լիովին կամ մասամբ բավարարված զգալ, հետեւաբար այստեղ անհանգստության այլ պատճառ ունենք: Բանն այն է, որ թվարկված որեւէ տարբերակի իրականանալու պարագայում այնուհետեւ ոչ թե թուրքերի հետ պիտի գործ ունենանք, այլ ինքներս մեզ հետ: Ըստ այդմ, հիմա պետք է պարզենք` պատրա՞ստ ենք տեր կանգնելու եւ ապրեցնելու մեր հայրենիքի վերագտած մասը, թե՞ ոչ: Անձամբ ինձ հուզում է այն հարցը, թե ինչպե՞ս պետք է կառավարվի հայկական վարչատարածքային այդ նոր միավորը: Խոսքը, իհարկե, առաջին կամ երկրորդ տարբերակի մասին է: Նկատի ունենալով բազմաթիվ հանգամանքներ` չշտապենք ասվածը միամտություն որակել: Պատմությունը հաճախ անկանխատեսելի ոլորաններ է գծում, որոնցից յուրաքանչյուրի դեպքում այս կամ այն ազգին մեծ հնարավորություններ է տալիս, այսինքն` որեւէ ազգի վեր խոյանալու համար պայմաններ է ստեղծում: Այլ հարց է, թե ինչպես է օգտագործվում այդ պատմական շանսը: Ահա, ուրեմն, եթե հավատում ենք մեր ապագայի անընդհատությանը, նշանակում է` մենք պիտի պատրաստ լինենք կյանքի կոչել մեր շանսն ամբողջապես: Ավելին` հասունացնել այն այժմվանից: Հասունացնել եւ նախապատրաստվել: Բնականաբար, հասունացնել ասելով հասկանում ենք հատուցմանը նպատակաուղղված քայլերն ավելի հետեւողական դարձնելը, ինչպես նաեւ միջազգային հանրությանը եւ հատկապես հարեւան ժողովուրդներին համոզելը, որ այդկերպ կվերացվի հակամարտության չհանգած մի օջախ, նշանակալից հաջողություն կգրանցվի տարածաշրջանում վերջնականապես խաղաղություն հաստատելու գործում: Ինչ վերաբերում է նախապատրաստվելուն, ապա կարծում եմ հասկանալի է, որ պետք է նկատի ունենալ ոչ միայն ազգային տնտեսական, ֆինանսական ու ֆիզիկական ներուժն ի մի բերելը, այլեւ, ամենակարեւորը, ազգի յուրաքանչյուր անդամին հոգեբանորեն ու գաղափարապես նախօրոք տրամադրելը: Խոստովանենք, որ մինչ օրս մեր բոլոր ցանկություններն ու պահանջները զգացմունքային հենք են ունեցել: Այսօր դա չի գործում, եւ որպեսզի հայ մարդը շարունակի հավատալ, որ իրեն պատրանքներով չեն թմրեցնում, որ ինքն իսկապես իր պատմական հողի վրա ապագա ունի, հարկ է նրան կոնկրետ ծրագիր ներկայացնել: Այսինքն` այն, ինչը, ցավոք, դեռեւս չունենք: Այսպիսով, անհրաժեշտ է, որպեսզի Հայ դատի կարեւորագույն մի բաղադրամաս դիտարկվի ապագա հայկական պետական նոր միավորի կառավարման ձեւի ու բովանդակության մանրամասների ճշգրտումը: Երբեք չբացառենք, որ կգա մի օր եւ մենք ստիպված կկանգնենք պետական այնպիսի մի մոդել կառուցելու հրամայականի առջեւ, որը մեզ բոլորովին անծանոթ կլինի: Նկատի ունեմ բազմազգ պետության մեջ անվանադիր ազգ դառնալու հավանականությունը: Նման կարգավիճակի եւ փորձառության մասին մենք հիմնովին մոռացել ենք, քանզի այդպիսին եղել ենք ավելի քան երկու հազար տարի առաջ, հետեւաբար չի կարելի ապավինել լոկ հանգամանքների բարենպաստ դասավորությանը եւ ամեն ինչ թողնել հընթացս կարգավորելուն: Կամոքն Աստծո, եթե դա տեղի ունենա, ապա ներկա դրությամբ երեւի թե մենք ընդունակ ենք միայն քաոս ստեղծել: Առաջարկում եմ ձեւավորել մասնագիտական մի խումբ` բաղկացած քաղաքագետներից, ապագայագետներից, տնտեսագետներից, իրավագետներից, պատմաբան-արեւելագետներից, ազգագրագետներից, ժողովրդագրագետներից, կրոնագետներից (գուցե նաեւ այլ մասնագետներից), որը կփորձի նախապես ուրվագծել այն բոլոր հիմնախնդիրները, որոնք կարող են առաջանալ ինչպես ապագա նորահռչակ հայկական անկախ կամ ինքնավար կազմավորման ձեւավորման, այնպես էլ նրա կենսագործունեության ընթացքում: Անտարակույս, այդպիսիք կլինեն, կապված` ա) սահմանների ճշգրտման, բ) Թուրքիայից դուրս ապրող հայ կամավորների ներգաղթի կազմակերպման, գ) Թուրքիայի տարածքում ապրող քրիստոնյա եւ մահմեդական հայերի ինքնակամ հայկական տարածք տեղափոխվելու, դ) տեղում ապրող այլազգիների հետ բնականոն հարաբերություններ հաստատելու, ե) պետական լեզվի, զ) զինապարտության, է) կրթության, ը) պետական գաղափարախոսության եւ համանման այլ հարցերի հետ: Հայրենի հողի վրա հայոց այդ նոր օջախը պետք է գրավիչ ու ապահով լինի անկախ դավանանքից ու քաղաքական հայացքներից անխտիր բոլոր հայերի համար, եւ միանգամայն ընդունելի` շրջակա ժողովուրդների կողմից: Ուստի` հարկ է այդ ուղղությամբ աշխատել: Հարգարժան նախագահ, ասվածն ամենեւին չի նշանակում ջուրը չտեսած` բոբիկանալ: Պարզապես մենք սովորություն ունենք ամեն ինչում եւ ամեն ինչից ուշանալ: Իսկ պատմությունը հաճախ հենց դրա համար մեզ չի ներում: Այս անգամ փորձենք նախապես պատրաստվել: Իհարկե, մեր մեջ չափազանց շատ են, այսպես կոչված, պրագմատիկները, որոնք մատնացույց անելով ներկայիս մեզ կաշկանդող դժվարություններն ու շրջապատի հետ ունեցած մեր ուժերի հարաբերակցությունը` հազար պատճառ կբերեն նման գաղափարի իրականացման անհնարինությունը հիմնավորելու համար: Ըստ իս, դա քաղաքական մեծագույն անհեռատեսություն է: Մենք պիտի ոգեպնդվենք ու առաջնորդվենք այն հավատամքով, որ մեր փրկությունն այսուհետեւ ոչ թե երկինքն է լինելու, այլ երկիրը, մեր Էրգիրը, հողը հայոց: Պիտի հավատանք, որ գալու է Մեծ վերադարձի օրը, եւ հայի համար իր հողի վրա նոր հեռաստաններ են բացվելու: Թող դա ոմանց կողմից համարվի երազանք, բայց չէ՞ որ խոսքն ազգային երազանքի մասին է: Ինչպե՞ս կարող է ազգն առանց երազանքի լինել, եւ արդյոք այդ երազանքի ուժը չէ՞, որ պետք է մեզ նոր ավիշ ներարկի ու նոր եռանդ հաղորդի: Մի՞թե դեռ կասկած կա, որ լիարժեք ապրելու համար մեզ հարկավոր է մեծ նպատակ: Ժամանակը չէ՞, որ այլեւս չնայենք, թե հայ ժողովրդի այլազգի որ բարեկամը ինչ է ասելու ի նպաստ մեզ (իմիջիայլոց, կարծես նրանց ժամանակներն անցել են` հրապարակում նոր մեծանուն բարեկամներ չեն երեւում), այլ վերջապես ինքներս լծվենք գործի: Նաեւ հիշենք, որ չմտածելով մեր տարածքները վերադարձնելու եւ դրանք կառավարելու ձեւի մասին, ինքներս ակամայից կարող ենք մեղսակից դառնալ Ցեղասպանությունը կազմակերպողներին ու իրականացնողներին` ամբողջ աշխարհում արժանանալով անանց արհամարհանքի: Փաստ է, որ հենց երազանքի հիման վրա է այսօր աստիճանաբար իրատեսական դառնում քրդական պետությունը, իսկ մենք զարմանալիորեն ոչ մի կերպ չենք արձագանքում այդ գործընթացին: Չե՞նք ուշանում, թե՞ կարծում ենք, որ թուրքերը կընկրկեն միայն մեր առջեւ: Պարոն նախագահ, մասնավոր նախաձեռնությամբ նման աշխատանքային խումբ չի կարող ստեղծվել, այդ իսկ պատճառով Ձեզ եմ դիմում: Դուք գործնական մարդ եք եւ մեր ներքին կյանքը կարգավորելու վճռականությամբ քանիցս հայտարարել եք, որ գործելու ժամն է: Ակնկալում եմ, որ դա կվերաբերի նաեւ համազգային կարեւորություն ունեցող այս խնդրին: Պետք է ձեռնարկել գործը` ապավինելով լավագույն հույսերին: Ի դեպ, մենք հասակակիցներ ենք, միեւնույն բուհի շրջանավարտներ, այդ իսկ պատճառով ես ինձ թույլ եմ տալիս բարեկամաբար իբրեւ հորդոր կարդալ Ղազար Փարպեցու հետեւյալ տողերը` «Շտապի՛ր, որ քո՛ ժամանակում լինի Հայոց աշխարհի համար մեծ եւ օգտաբեր այս գյուտը, որն ապագայում պիտի քեզ բերի առավել մեծ շահ, անմոռաց հիշատակ»: Հուսով եմ, որ ականջալուր կլինեք այս հորդորին, քանզի այն մեր պատմության պահանջն է: Խորին հարգանքով` |