ԱՄԵՆ ԻՆՉ` ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱՐԵՎՄՏԱՀԱՅՈՑ ՄԱՍԻՆ Մ. Խ. Գոյություն ունի մի շատ լավ կայքՙ akunq.net կամ arevmdahaiastan.net/am, որտեղ հետաքրքրվողը կարող է գտնել ամեն տեղեկությունՙ Արեւմտյան Հայաստանի անցյալի եւ ներկայի, արեւմտահայոց պատմության եւ ներկա պրոբլեմների մասին: Ոլորտային առումով այս կայքը պարզապես գիտելիքների եւ տեղեկատվության մի շտեմարան է, որը հայկական խնդիրներով հետաքրքրվողների անփոխարինելի օգնականը կարող է լինել: Այստեղ կան թվեր, փաստեր, պատմություն, վերլուծություն, տեսակետներ: Շատ հրապարակումներ պարզապես անգնահատելի տեղեկատվություն են պարունակում: Օրինակ` «Հայ երեխաների տարհանումն Օսմանյան կայսրությունից 1914-1922 թվականներին» հրապարակմամբ պարզ է դառում, որ Հայոց ցեղասպանության ժամանակաընթացքում սպանվել են, ինչպես նաեւ հետագայում սովից ու համաճարակներից մահացել են շուրջ 500 000 հայ երեխաներ, իսկ ցեղասպանությունը վերապրած երեխաներից շատերն էլ որբացել կամ բռնի իսլամացվել են: Հրապարակումը պատմում է երեխաների փրկության եւ տարհանման փաստերի, նրանց փրկող մարդկանց եւ կազմակերպությունների մասին: Կայքից, օրինակ, կարելի է իմանալ, որ Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցի առիթով այսօր Ստամբուլում «Ապրիլի 24-ի Հայոց ցեղասպանության հիշատակի պլատֆորմը» կոգեկոչի Հայդար Փաշա կայարանից մահվան ուղարկված հայ մտավորականների հիշատակը, Ստամբուլի Թաքսիմ հրապարակում հիշատակի միջոցառում կկազմակերպվի, կհարգվի նաեւ 2011 թվականի ապրիլի 24-ին թուրք ծառայակցի կողմից սպանված հայազգի Շահին Բալըքչըի հիշատակը: Մի խոսքովՙ ամեն բան անցյալից ու ներկայից, որ կապվում է Արեւմտյան Հայաստանի հետ` այս կայքում կգտնեք: Կայքի տնօրեն, Արեւմտյան Հայաստանի եւ արեւմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնի ղեկավար Հայկազուն Ալվրցյանը նախորդ օրը լրագրողներին տեղեկացրեց, որ կենտրոնը, այլ չորս կազմակերպությունների հետ մեկտեղ, շահել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի դրամաշնորհային ծրագիրը, որի շրջանակում Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված ծրագրեր են իրականացվելու, այդ թվում` առավել խորությամբ են վեր հանվելու Թուրքիայում ապրող հայության խնդիրները, կատարելով նոր ուսումնասիրություններ. «Թուրքիայում դեռ ցեղասպանությունը շարունակվում է` ուղղակի այլ համատեքստով», ասում է Ալվրցյանը` նշելով, որ Թուրքիայում դեռ հայերը կրոնափոխ են լինում. «Ուշադրություն դարձրեք` թուրք մտավորականները ներողություն են խնդրում, եւ վերջ: Նրանց ուզածը ներողություն խնդրելն ու առաջ անցնելն է, ու ներողությամբ հարցը փակելն է: Երբ Դինքը մահվանից մեկ ամիս առաջ ինձ համոզում էր, թե թուրքերը կփոխվեն, ես նրան ասում էի` Ստամբուլը դեռ Թուրքիան չէ, եթե հարկ լինի, Թուրքիան Ստամբուլի վրա էլ զորք կհանի»: Ու այսօր առավել քան արդիական է ոչ միայն ճանաչման մասին խոսելը, այլեւ Ցեղասպանության հետեւանքների հաղթահարմանն ուղղված մոտեցումների հանրայնացումը, որի հարթակներից մեկը վերը նշյալ կայքն է դարձել: |