«ԱՆՄՈՌՈՒԿ»` ՖԻԼՄ ԿՈՐՑՐԱԾ ԳԵՆԵՏԻԿ ԿՈԴԻ, ԱԶԳԱՅԻՆ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՄԱՆԱՆԱ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ Օրերս «Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցավ ռեժիսոր Վազգեն Համբարձումյանի նոր ֆիլմիՙ «Անմոռուկի» պրեմիերան, որի նկարահանումներն սկսվել էին դեռեւս ամիսներ առաջ: Ֆիլմ, որը պատմում է այն հայերի մասին, որոնք ցեղասպանության պատճառով սփռվելով աշխարհով մեկ, մինչեւ օրս տեղյակ չեն իրենց ազգային ինքնության, գենետիկ կոդի մասին, ովքե՞ր են եղել իրենց պապերը, ինչի՞ միջով են անցել եւ վերջապես ո՞վ են իրենք ու որտեղի՞ց են սերվում իրենց արմատներով: Ցեղասպանության մասին վերջին շրջանում շատ ֆիլմեր են նկարահանվում, բայց շատերի աչքից վրիպել է հենց այն թեմաներից մեկը, որին անդրադարձել է Վ. Համբարձումյանը: Այդ տարիներին այն հայ կանայք, որոնք ողջ մնացինՙ իրենց չնետելով սարերից, գետերի մեջ, նրանցից որոշ մասին բռնի կերպով տիրացան թուրքերը, որոնցից էլ ծնվեցին կիսով չափ թուրք երեխաներ: Խոցելի, ցավոտ ու տհաճ թեմա, որին շատերը չէ, որ անդրադաձել են: Սակայն, ցավոք, չկա վիճակագրություն ցեղասպանությունից հրաշքով փրկված ու ծննդաբերած հայ կանանց երեխաների քանի՞ տոկոսն է զտարյուն հայ: Կարճամետրաժ ֆիլմ, որը 15 րոպեի ընթացքում ներկայացրեց մի ամբողջ ազգի ցավ, հուզեց, սակայնՙ ոչ էժան մեթոդներով: Սցենարի հեղինակներն են Գայանե Մարտիրոսյանն ու Գոհար Պետրոսյանը: «Ազգը» զրուցեց Գայանե Մարտիրոսյանի հետ, որի առաջին փորձն էր սցենար գրել ֆիլմի համար. «Ունեինք մի նպատակ, մի կնոջ ճակատագրի միջոցով ներկայացնել հարյուր հազարավոր հայ աղջիկների ճակատագրեր, որոնք վերապրել են ցեղասպանությունը, կորցրել ծնողներին, եղբայրներին, քույրերին, հալածվել թուրքերի կողմից, բռնաբարվել, ունեցել երեխաներ, որոնցից շատերին հետագայում նորից կորցրել են: Հայ հազարավոր երեխաներ սփռվել են աշխարհով մեկՙ չիմանալով իրենց իսկական ծագման մասին»: Այսօր շատ ու շատ ռեժիսորներ բողոքում են, որ չունենալով ֆինանսական միջոցներ, չեն կարողանում նկարհանել ֆիլմեր, սակայն այս ֆիլմն օրինակն է նրա, որ ռեժիսորն օգտագործելով իր իսկ սուղ ֆինանսական միջոցները, ստեղծել է հիանալի ֆիլմՙ հանրությանն հասցելով իր ասելիքը: Ֆիլմի իրադարձությունները զարգանում են Վանի Ակունց գյուղում: Իսկ նկարահանումները կատարվել են Հայաստանի տարածքում Աշտարակի Սաղմոսավան գյուղում եւ Երեւանում (Երրորդ գյուղ): Ֆիլմի գլխավոր դերակատարին մարմնավորել է ՀՀ վաստակավոր արտիստուհի Գրետա Մեջլումյանը: Դերասանուհին մարմնավորել էր հայ կնոջ կերպար, ով կորցրել է ամբողջ ընտանիքին, ապա դարձել թուրքի զոհը, որից էլ ծնվում է նրանց երեխան, ապա... Ռեժիսորը նշեց, որ գլխավոր հերոսուհու դերի համար մի քանի դերասանուհիների հետ է զրուցել, սակայն միայն Գրետա Մեջլումյանը հանձն առավ մարմնավորելու այդ բարդ հոգեբանական դրամայով լի կերպարը: Ֆիլմում ներառվել էին ինչպես պրոֆեսիոնալ, այնպես էլ սկսնակ դերասաններ` Հովհաննես Օհանյանը, Սուսաննա Սարգսյանը, Մարատ Հովհաննիսյանը, Ինա Ստեփանյանը, Սեյրան Վանթյանը, Նարեկ Բարսեղյանը եւ այլք: Ի դեպ, «Անմոռուկը» ֆիլմը շուտով` մայիսի 10-15-ը կմասնակցի Սեւաստոպոլում կայանալիք «Победили вместе» փառատոնին: Հատկանշական է, որ ժյուրիի կազմում եւ փառատոնի կազմակերպիչների շրջանում կան նաեւ ադրբեջանցիներ, որոնք հավանություն են տվել մրցութային ծրագրին այդ ֆիլմի մասնակցությանը: Ի դեպ, Վ. Համբարձումյանի առաջին ֆիլմը` «Հավերժությունը» եւս անցյալ տարի մասնակցել է վերոնշված մրցույթ-փառատոնին` զբաղեցնելով երկրորդ հորիզոնականը: |