ԵՐԵՎԱՆԻ ԳԵՂԱՐՎԵՍՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՆՙ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ Երկխոսել արվեստի լեզվով անհամեմատ ե՛ւ դյուրին, ե՛ւ արդյունավետ է, հաղորդական ու ազդեցիկ: Մեր հիշողության ցավը այս ամբողջ հարյուրամյա պատմության ընթացքում մշտապես տրոփել է հայության տարբեր շերտերում, հետեղեռնյան բոլոր սերունդները դա կրել ու շարունակում են կրել եւ դրսեւորումը տարբեր միջոցներով` լռությունից մինչեւ սուր ճիչ, պայքար ու ընդվզում, զանգերի ղողանջներից մինչեւ մանուշակագույն անմոռուկներ, քիչ-քիչ տարածվում, լսելի եւ արդեն առավել հնչելի են դարձնում այդ ցավը մեզանից դուրս նաեւ: Ցավի գեղարվեստական արձագանքները, հնչյունի, բառի, գույնի միջոցով այն դարձնում է ավելի համամարդկային, ավելի զգացական ու մերձ: Էմոցիոնալ առումով գույնը առավել ազդեցիկ է, երբ խտացված ապրումը դրամատիկ արտահայտություն է ստանում վիզուալ պատկերավորումներով: Հայ կերպարվեստի վարպետները դա վաղուց գիտակցել են ու մարմնավորել ցավի գույնը` դեռեւս Գ. Այվազովսկուց ու Վարդգես Սուրենյանցից սկսած եւ հետագա նկարիչների սերունդները նույնպես եւ մինչեւ այսօր ներկայիս երիտասարդները, ուսանողները արձագանքում են դրան յուրաքանչյուրը յուրովի: Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված հիշողության պատմական այս գործընթացում իր լուման է ներդնում նաեւ Երեւանի Գեղարվեստի պետական ակադեմիան, որի «Ալբեր եւ Թովէ Բոյաջեան» ցուցասրահում այս ամսվա ընթացքում արդեն երեք ցուցահանդեսներ կազմակերպվեցին: Նախընթաց շաբաթվա պլակատի ցուցադրությունը մեծ աշխուժություն էր առաջացրել ուսանողության մեջ, եւ արդյունքը բավական տպավորիչ էր: Պլակատի մետաֆորայինՙ զուսպ եւ ազդեցիկ լեզուն ցուցահանդեսի մասնակիցները կարողացել էին ծառայեցնել իրենց զգացական ապրումներին այնպես, որ արտահայտված պատկերանշանները, սիմվոլները միանգամայն տպավորիչ փոխանցում էին այն գաղափարներն ու իմաստները, որոնք կրում էին հեղինակները: Մեկ իմաստով այն կարելի էր ընդհանրացնել հեղինակային` «Անցյալը կանչում է» խոսուն արտահայտությամբ: Այդ անցյալի կանչը այսօր հուզում է ոչ միայն մեզ, նաեւ` օտարներին: Պլակատի ցուցադրությունը ունեցավ հետաքրքրական շարունակություն, ակադեմիայի ցուցասրահից տեղափոխվելով մայրաքաղաքի տարբեր վայրեր. Կասկադում, Կոնսերվատորիայի դիմացի պուրակում, Հայաստանի ամերիկյան համալսարանում, ուսանողների պլակատ-կոչ-հորդորները հագեցած, տպավորիչ մթնոլորտ ստեղծեցին: Շուտով այն կփոխադրվի նաեւ Գյումրի: Այս օրերին ակադեմիայի ցուցասրահում ընթանում է կերպարվեստի ֆակուլտետի ուսանողների գեղանկարչական, գրաֆիկական աշխատանքների եւ քանդակների ցուցադրությունը, որտեղ նույնպես հիմնական գաղափարը ` բողոքի, ցավի, հիշողության ու պահանջի, ապրելու ու արարելու կամքի մեջ է դրսեւորված: Գեղակադեմիայի ռեկտոր Արամ Իսաբեկյանի անմիջական նախաձեռնությամբ եւ հանձնարարությամբ կազմակերպված ցուցահանդեսները ուսանողության համար ստեղծագործական կարեւոր նշանակություն ունեն, ինչի նկատմամբ ռեկտորը հատուկ վերաբերմունք ունի որպես ուսանողական դասընթացի մաս կազմող միջոցառումներ, նաեւ որպես երկխոսության, զրույցի եւ քննարկումների ալտերնատիվ հնարավորություն, եւ դրա վկայությունը յուրաքանչյուր ցուցահանդեսի նրա անմիջական ներկայությունն է, անաչառ ու գնահատող խոսքը, ուսանողությանը երկխոսելու տրամադրող, մթնոլորտն անմիջականացնող վերաբերմունքը: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված Երեւանի գեղարվեստի պետական ակադեմիայի Հետազոտական կենտրոնի եւ Արվեստագիտության եւ հումանիտար գիտությունների ամբիոնի նախաձեռնած «Հանդիպումներ» շարքի շրջանակներում արդեն կազմակերպվել են 7 միջոցառում` տարբեր հայագետներ, արվեստաբաններ հանդես են եկել դասախոսություններով, ինչպես` Նազենի Ղարիբյանը, Ելենա Այդինյանը, Վիգեն Ղազարյանը: Վերջին հանդիպումներից հետաքրքրականը Երուսաղեմի Եբրայական համալսարանի պրոֆեսոր, հայտնի հայագետ Մայքլ Սթոունի դասախոսությունն էր`«Հայկական ներկայության հետքեր Երուսաղեմում եւ սուրբ հողում» թեմայով: Հանգամանալի ներկայացնելով հայկական ներկայության տարբեր շերտերը սրբազան երկրում, սկսած հայ-հրեական հարաբերությունների պատմական անցյալից մինչեւ այսօր, անդրադառնալով նրա մշակութային, լեզվական, հոգեւոր կողմերին, նա առանձնացրեց հայերի բնակեցման երեք փուլերը` հին` հիմնականում Կիլիկյան, 19-20-րդ դարասկիզբի Հայոց ցեղասպանության հետեւանքով ներգաղթյալներ, հիմնականում` մարաշցիներ եւ այնթափցիներ, եւ Սովետական Հայաստանից գնացածներ: Հետաքրքրական էին հատկապես մի շարք լուսապատկերների ցուցադրությամբ ուղեկցվող մեկնաբանությունները` Երուսաղեմում եւ սուրբ հողի տարբեր հնավայրերում հայտնաբերված հայերեն արձանագրություններ կրող խճանկարներին, շիրմաքարերին եւ հայատառ այլ գրություններին` թվագրված 5 - 9-րդ դարերով, նաեւ ավելի ուշ շրջանի հայկական հնատիպ այլ մասունքներին վերաբերող, որոնց մասին Մ. Սթոունը գիտական հանդեսներում ուսումնասիրություններ է հրապարակել: Հայոց ցեղասպանությանը Իսրայելի պետության քաղաքական վերաբերմունքի հանդեպ տարակուսանք ու ափսոսանք հայտնելով եւ մանավանդ հրեա ժողովրդի պատմական գրեթե համանման ծանրագույն փորձը նկատի առնելով` գիտնականը միաժամանակ նշեց, որ հիշյալ հարցով շահագրգիռ օպոզիցիան այս տարի ավելի ուժեղ շարժում է սկսել եւ պառլամենտը հնարավոր է, որ վերաբերմունքը փոխի: Նա ընդգծեց, որ ցեղասպանության հարցը ինքը դիտարկում է նախեւառաջ բարոյական հարթության վրա, չնայած ռեալ քաղաքական հիմքին, այնուամենայնիվ` որպես համամարդկային բարոյականության խնդիր, մարդկության դեմ կատարված հանցագործություն, որի ընդունումը հանուն համամարդկային արժեքների ու նրա համընդհանուր բարօրության է անշուշտ: |