RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#013, 2015-04-10 > #014, 2015-04-17 > #015, 2015-04-24 > #016, 2015-05-01 > #017, 2015-05-08

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #15, 24-04-2015



Տեղադրվել է` 2015-04-24 14:54:54 (GMT +04:00)


Ընթերցված է` 1290, Տպվել է` 11, Ուղարկվել է էլ.փոստով` 4

ԸՆԹԵՐՑԱՆՈՒԹՅԱՆ ՍԵՂԱՆԻՆ ԵՐՎԱՆԴ ՕՏՅԱՆԻ «ԱՆԻԾԵԱԼ ՏԱՐԻՆԵՐ»-Ն ԷՐ

Մելանյա ԲԱԴԱԼՅԱՆ

Հիշողության ոգեկոչման մի յուրատեսակ արարողություն է գրական ընթերցման ավանդույթը: Ամիսներ առաջ Բեռլինի Գրականության միջազգային փառատոնն ու Պոտսդամի Լեփսիուսհաուզը մտահղացան 2015թ. ապրիլի 21-ին կազմակերպելու Հայոց ցեղասպանության 100-ամյակը ոգեկոչող համաշխարհային ընթերցումներ, որոնց մասնակցելու ցանկություն հայտնեց ավելի քան 400 մարդ, ի թիվս որոնցՙ Նոբելյան հինգ մրցանակակիրներ` Մարիո Վարգաս Լիոսան, Հերտա Մյուլլերը, Էլֆրիեդե Յելինեկը, Ջոն Քեթցեն եւ Օրհան Փամուկը: Ընթերցանության աշխարհագրությունը ընդգրկելու էր շուրջ 70 երկիր` Ալբանիայից մինչեւ Զիմբաբվե, ամենուր ընթերցումները տեղի էին ունեցենալու նույն օրը եւ նույն ժամին:

Ապրիլի 21-ին Բեռլինում եւ Պոտսդամում տեղի ունեցավ ռումինահայ գրող Վարուժան Ոսկանեանի «Շշուկների մատեանը» գրքի գերմաներեն թարգմանության շնորհանդեսը, որի ընթացքում ընթերցվեցին հատվածներ գրքից:

Հայաստանում ապրիլքսանմեկյան ընթերցումների համակարգող Երեւանի Ժամանակակից արվեստի ինստիտուտի կազմակերպությամբ ընթերցումներ տեղի ունեցան Թեքեյան կենտրոնի գրադարանի դահլիճում` մասնակցությամբ մտավորականների, ուսանողների, ունկնդիրների:

Երեւանյան ընթերցումների սեղանին Երվանդ Օտյանի «Անիծեալ տարիներ» երկն էր` աքսորական գրողի` 1914-1919 թվականների անձնական վկայությունների անմիջական տպավորությունները, որպես սոսկալի արհավիրքի առաջին վավերագիր արձանագրություններ: Հավաքը վարեց երաժշտագետ, արվեստաբան Մարինե Կարոյանը: Մինչեւ Օտյանից ընթերցումներ սկսելը, նա ներկայացրեց Թուրքիայից եկած հյուրին` Սյուզան Մերյեմ Ռոսիտային, որի կատարումը անակնկալ էր, իր տեսակի մեջ` յուրօրինակ: Այս պերֆորմանսը, որ ձեւակերպվեց որպես «Լուռ գիրք», շուրջ 400 էջանոց դատարկ գրքի լուռ ընթերցում էր` 100 զարկի տակ, 100 վայրկյանում. այն կոչվում է «Մի դատարկ գիրք» (Հայոց ցեղասպանություն): Խորհուրդը` լռությունն է, որ երբեմն ավելի ազդեցիկ կարող է լինել, քան խոսքը,- բոլորովին դատարկ էջերով կարդացվող հիշողությունը յուրահատուկ բողոքի ձեւ է իր պետության կողմից տարվող դիսկուրսի: Միեւնույն ժամանակ այսպիսի ոգեկոչումը կարող է անձնականացվել պատմություններ, որոնք նախկինում չէին պատմվել, այժմ կարող են պատմվել:

Պերֆորմանսի վերջում դատարկ գիրքը փոխանցվեց ներկաներինՙ դատարկ էջերը լրացնելու հնարավորություն տալով նրանց, կամ թողնելու` ինչպես կան: Կարծես այդպես էլ եղավ, գիրքը մնաց լռության նախնական վիճակում:

«Անիծեալ տարիներից» ընթերցված պատառիկները ստեղծեց այնպիսի մթնոլորտ, որ շատ ավելի մտորելու, ժամանակի վարագույրը ետ տանելու, դասեր առնելու մտահոգության էր պարունակում, մասնակիցները փորձում էին պատմական անցյալի ու ներկայի փորձի զուգադրություններով հասկանալ հայության համար ճակատագրական ժամանակաշրջանը, մարդկանց հոգեբանությունը: Հետաքրքրականը յուրաքանչյուրի մոտեցումն էր, վերաբերմունքը` մեկ- երկու արտահայտությամբ խտացված, որ նախորդում էր ընթերցանությանը` կարծես իրար լրացնող, որովհետեւ յուրաքանչյուրը ներքին լռության մեջ ասես փորձ էր անում հասկանալու այն, ինչ պատահեց արեւմտահայության հետ անցյալ չարագուշակ դարասկզբին, այն ինչի մասին պատմում է Օտյանը: Ինչպես Նազարեթ Կարոյանը ձեւակերպեց, հեղինակը ժամանակի պարկուճ է ստեղծել, այս գիրքը կարդալը մարմնական փորձառություն է, տեղափոխվել դեպի ուրիշ ժամանակ, մեկ անձին հետեւելով մտնել 100 տարի առաջ կատարված դեպքերի մեջ` զգալու գաղթի ճանապարհով անցած մարդկանց ապրումները, երբ նրանք իրենց կամքից անկախ տեղափոխվում էին տեղից տեղ եւ չէին հավատում իրողության լրջությունը, որովհետեւ աղետի անպատկերացնելիությունն էր հանգեցնում դրան: Պատում, որին ինչպես Վահրամ Մարտիրոսյանը ասաց, բնորոշ է ժամանակակից գրականությանը հատուկ ներկայության էֆեկտը: Եվ Արթուր Բախտամյանի մտահոգությունը` գրքի բեմականացման չիրականացման, մեր լոկալ զգացմունքային դաշտից դուրս չգալու անկարողության հետ կապված եւ ափսոսանքը, որ մենք այդպես էլ չկարողացանք ունենալ մեր «Շինդլերի ցուցակը», հետեւեց Արծվի Բախչինյանի մոտեցումը, թե մեր ցավը այնքան մեծ է, որն էլ գուցե չի թողնում գեղարվեստականացնել այն, ուստի թերեւս լավ է դա օտարներին թողնենք, մնալով մեր վավերագրական ժանրի մեջ: Թեեւ եղավ նաեւ տարբեր կարծիք. Աղասի Թադեւոսյանը հիշատակեց Ա. Վերնոյի «Մայրիկ» ֆիլմը:

Հետաքրքրական էին Երվանդ Ազատյանի վկայությունները, հումորային պատմությունները Եգիպտոսի «Արեւ» թերթի` իր խմբագիր եղած տարիների հիշողություններից, որտեղ ժամանակին Օտյանը գրական թերթոններ էր տպագրում եւ պատմում էին, թե նա օղի խմելու պես կգրեր: Ուշագրավ էին նաեւ Հակոբ Ավետիքյանի դիտարկումները իր ընթերցած հատվածի առնչությամբ: Նա նկատեց, որ դեպի Օսմանյան կայսրության երկաթուղային ցանցի հիմնական աշխատողները` պաշտոնյաներ, վագոնավարներ, կամ սլաքավարներ, հայեր էին, եւ նրանց շնորհիվ բազմաթիվ հայեր փրկվեցին, հիշատակեց Թեոդիկի հետ կապված եղելությունը. «Այս պատմությունները չեն ուսումնասիրվել, հայ երկաթուղայինների պատմությունն այս մասով ամբողջացնելու ժամանակը ոչ թե եկել, այլ վաղուց անցել է», ասաց նա:

Հանդիպման սկզբին Մարինե Կարոյանը ինչ-որ տեղ խուսափում էր հոգեպարար բառից, սակայն հենց այդպիսի մթնոլորտ ստեղծվեց ինքնին` օրվա խորհրդին շատ բնորոշ եզրափակիչ երաժշտական կատարումով, երբ Նորայր Կարտաշյանը Տիգրանակերտի ֆոլկլորային կարոտի քնարական մեղեդի հնչեցրեց, եւ հետո շնորհակալության խոսք հնչեց կազմակերպիչներին, մասնակիցներին, բայց նախեւառաջ` Երվանդ Օտյանին, որի լուռ ներկայությունը զգացին բոլորը...

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #15, 24-04-2015

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ