RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#013, 2015-04-10 > #014, 2015-04-17 > #015, 2015-04-24 > #016, 2015-05-01 > #017, 2015-05-08

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #15, 24-04-2015



Տեղադրվել է` 2015-04-24 14:54:54 (GMT +04:00)


Ընթերցված է` 947, Տպվել է` 9, Ուղարկվել է էլ.փոստով` 4

ՍՈՒՐԲ ԿՈՄԻՏԱՍ

Դավիթ ՀՈՎՀԱՆՆԵՍ

(Ռեքվիեմ)

1

Ես աչքերիդ միջով հոգիդ եմ մտնում,

ինչպես վերադառնամ հայրենի երկիր,

ինչպես վերադառնամ հայրական տուն,

որ լքել էի մի օր առանց երգի,-

այդ Հայրենիքը դու փրկեցիր երգով,

ու վերադարձրիր նրան հոգին կորած,

- բայց չփրկե՜ց քեզ Հայրենիքը քո,

եւ հայտարարեց - խելագարվա՛ծ:

2

Բայց չփրկեց քեզ Հայրենիքը քո,

- թեեւ ետմահու տվեց փառքեր,

թեեւ փրկեց իր հոգին քո երգով,

եւ քո երգով իր ճամփան հարթեց,

եւ քո երգո՜վ է ներկայանում

աշխարհին ահա - որպես հայ դեմք,

աշխարհին ահա - որպես հայ անուն,

եւ քո երգո՛վ է կանգնում աշխարհի դեմ:

3

Եվ քո երգով է կանգնում աշխարհի դեմ,

եւ հաղթում է - ինքը զարկված-զրկված,

եւ հաղթում է - ինքն էլ չիմացած դեռ,

որ զենքից զորեղ - ե՜րգն է փրկված,

բայց երբ բոլորին կանչում էր տուն,

եւ հորդորում էրՙ արի՜, արի՜

քո եղբայրը, որ ազգ էր հավաքում -

մոռացա՜վ ծայրում քեզ այլ աշխարհի՛:

4

Այնինչ դու երբեք զարկված չէիր,

եւ ոչ էլ նույնիսկ - խելագարված,

դու կարող էիր ունենալ մի հին

թեկուզ եւ խրճիթ, թեկուզ ո՜չ պալատՙ

Հայրենիքիդ մի անկյունում կանաչ,

ծառի տակ, խազիդ վրա հակված,

- ինչպես նկարեց քեզ հերոս Վանա

մյուս եղբայրըդ - զինվորագրվա՛ծ:

5

Եվ հավերժացրեց քեզ կտավում այն,

ինչպես սրբացրեց ժողովուրդը քեզ,

- ավաղ, քո մահից հետո միայն,

երբ իր վերքերը մի քիչ ամոքեց,-

ու քեզ բերեցին փակ դագաղով,

իբրեւ հերոս, ո՜չ խելագարված,

- եւ համբուրեց քեզ Չարենցը ահով,

որ ի՛ր համար էր նաեւ հոգում պահված:

6

Օ, երջանկությո՛ւն պարզ, մարդկային,

որքա՜ն քիչ ես եւ որքա՜ն փնտրված,

եւ որքա՛ն քիչ ես դու տրվում հային,

եւ որքա՜ն թանկ է այդ քիչը տրված,-

քեզ այդ քչից էլ քիչը հասավ,

բայց առավելը - քե՜զ հասավ նաեւ,

- քանզի ելնում ես որպես Երգի Աստված,

եւ շողարձակում որպես Երգի Արեւ:

7

...Ես նայում եմ քո պարզ նկարին,

եւ աչքերիդ միջով հոգիդ մտնում,

- ու թեեւ անց է հարյուր տարիՙ

ես քո հոգու մեջ ինձ եմ փնտրում,

ես հավաքում եմ ձիրքերս հիմա,

եւ դնում եմ քո ոտքերի տակ -

եւ մրմնջում եմՙ ես չունեմ մահ,-

ես հավերժ եմ քեզնով, Սուրբ Կոմիտաս:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #15, 24-04-2015

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ