ՆԱԽ ՔԱՂԱՔԱՑԻ, ԱՊԱ ԴԵՐԱՍԱՆ Բախտիար ՀՈՎԱԿԻՄՅԱՆ Հովհաննես Աբելյանի 150-ամյակը Հովհաննես Աբելյանը բառիս բուն իմաստով ամենաժողովրդական դերասանն է հայ թատորնի պատմության մեջ: Ինչ որ արել է, արել է հարազատ ժողովրդի լուսավորության համար, թատերական արվեստը տարածել նույնիսկ այնպիսի վայրերում, որտեղ թատրոնի մասին գաղափար չեն ունեցել, խաղացել այնպիսի պայմաններում, որոնք բեմական հարմարություններ չեն ունեցել, խաղացել թեկուզ տասը հանդիսատեսի համար, որոնք դրա կարիքն են ունեցել: Աբելյանի հոգեբանության մեջ առաջնայինը եղել է լայն առումով քաղաքացու գիտակցությունը, անշահախնդրորեն ժողովրդին ծառայելու գաղափարը, արվեստի միջով հանդիսատեսին դաստիարակելու ձգտումը, մարդկանց ինքնագիտակցության եւ զարգացման առաջընթացին նպաստելը: Այս ամենի հիմքում եղել է նրա քաղաքացիական ձգտումը, որն ի կատար է ածվել դերասանի արվեստով: Ադամյանից հետո ամենաշատը Աբելյանի մասին է գրվել: Բայց, ինչպես շատ մեծությունների, այնպես էլ Աբելյանի մոտ կան չբացահայտված էջեր, որոնցից մեկն էլ նրա մարդ-քաղաքացի կենսապատկերի գնահատությունն է: Մարդասիրության, ազնվության, հայրենասիրության նշաններն Աբելյանի մոտ իրենց արտահայտությունն են ստացել նրա պատանեկության տարիներից: 1872-ի Շամախիի մեծ երկրաշարժից հետո բազմաթիվ շամախեցիների հետ Բաքու է փոխադրվել նաեւ Աբելյանի ընտանիքը: Ուսումը շարունակել է Բաքվիՙ նախ ծխական դպրոցում, ապա ռուսական ռեալական ուսումնարանում: Դպրոցում նրա վարքը գնահատվել է 5 թվանշանով: Բայց ահա եկել է աղետը: Ինչ-որ հարցում ռեալականի գերմաներենի ուսուցիչը վիրավորել է պատանու ազգային արժանապատվությունը: Նա էլ ուսուցչին պատվել է մի հուժկու ապտակով, աշակերտների ներկայությամբ: Նրա այդ արարքի համար ուսումնարանի տնօրինությունը 1884-ին Աբելյանին վտարել է 5-րդ դասարանիցՙ ձեւակերպելով «Ազատվել է համաձայն իր խնդրանքի»: Աբելյանն իր մտավոր կարողությունները հետագայում զարգացրել է ինքնակրթությամբ: 1884-ից Աբելյանը մշտապես նվիրվել է բեմին. խաղացել հայ սիրողների խմբերում եւ Բաքվի ռուսական թատրոնում, որը գլխավորել է Ա. Գոնչարովը: Այդ շրջանում Աբելյանին բախտ է վիճակվել խաղալ ռուսական գավառական թատրոնների նշանավոր դերասաններ Մ. Իվանով-Կուզելսկու, Վ.Ա. Անդրեեւ-Բուռլակի, Մ.Ա. Սաբլինա-Դոլսկայայի եւ ուրիշների հետ: Արտիստական հմտություններից բացի, Աբելյանը հետեւելով իր բեմընկերների գործունեությանը, իր դերերն սկսել է ինքն արտագրել: Դրա առավելությունը նա բացատրել է նրանով, որ ինքն արտագրելիս դերի կեսն արդեն սովորում է: 1886-ից Աբելյանը գործել է Թիֆլիսի հայկական թատրոնում: Առաջին անգամ հանդես է եկել Պետրոս Ադամյանի հետ, բարեկամացել, ծանոթացել ու երկար տարիներ խաղացել Գեւորգ Պետրոսյանի, Գեւորգ Տեր-Դավթյանի եւ ուրիշների հետ, աստիճանաբար ժողովրդականություն վայելել: Թիֆլիսում եւս արկած է ունեցել Աբելյանը: 1891-ի դեկտեմբերին նա եղել է «Մշակ» թերթի խմբագիր Գրիգոր Արծրունու թաղման թափորի ոչ միայն մասնակիցներից մեկը, այլեւ դագաղակիրը: Ոստիկանության կողմից արգելված է եղել թաղման թափորը Գոլովինսկի (այժմյան Ռուսթավելու) պողոտայով տանելը, բայց հայրենասեր երիտասարդությունը հակադրվել է դրան եւ ծեծուկռիվ է սկսվել ոստիկանության հետ: Այնպես է պատահել, որ այդ իրարանցման ժամանակ դագաղակիր Աբելյանը մի ոստիկանի բռունցքով հարվածելու պահին ինչ-որ մեկը լուսանկարել է: Լուսանկարից ճանաչելով, Աբելյանի հետքերը գտել են եւ մի օր, ներկայացումից հետո տարել ոստիկանատուն, որոշ ժամանակ պահել ու բաց թողել: Այդ շրջանում Աբելյանը հաճախակի օգտվելով Թիֆլիսի Հանրամատչելի գրադարանից, ծանոթացել ու սիրահարվել է գրադարանավարուհի Օլգա Ալադաղյանին եւ ամուսնացել: Մերձավորները դժգոհել են նրանիցՙ անօժիտ աղջկա հետ ամուսնանալու համար: Բաքվում եղած ժամանակ նրանց մխիթարողն ու մտերիմը եղել է Գանձակից եկած, ապագա բանաստեղծ Հակոբ Հակոբյանը: Այդ մտերմությունն սկսվել է թատրոնի եւ խորացել անձնական շփումների ժամանակ: Օլգայի ծննդյան առթիվ (29 մարտի, 1892 թ.) «N.N.»-ին վերնագրով մի բանաստեղծություն է գրել Հակոբյանը եւ տպագրել «Մուրճ» (Թիֆլիս) հանդեսում (1893, N11): Դա եղել է Հակոբյանի գրած առաջին Ձոն-բանաստեղծությունը եւ երկրորդ տպագիր գործը: Աբելյանների հետ իրենց բարեկամության առթիվ, հետագայում, Հակոբյանն իր հուշերում գրել է. «Այդ միակ բարեկամությունն է, որից բուրում է անկեղծություն եւ ազնիվ բարեկամության ոգի»: Աբելյանի հարազատների մտահոգությունը ժամանակին իր լուծումն է ստացել: Օլգա Ալադաղյան-Աբելյանի օժիտ-հողամասի վաճառքից, 1895-ին երկու հարկանի տուն են կառուցել Քուռ գետի ափին: Այդ տանը շատ հանդիպումներ են ունեցել, Կ. Պոլիս մեկնելուց առաջ Կոմիտասն իր հրաժեշտն է տվել իր բարեկամ Աբելյանին, որին, շատերի պես (իր սիրած մարդկանց) Զուռնաչի է կոչել: Թերեւս այդ շենքը դեռ կանգուն է: Ինչպես լսել եմ, շենքի վերին հարկի ճակատին փորագրված են եղել Հ.Ա. տառերը: Աբելյանը բաց սրտով, կենսախինդ մարդ է եղել: Տարբեր ժամանակներ մամուլում հանդես է եկել կարեւոր թեմաներով հոդվածներով: Դրանցից բացի, 1890-ականի վերջերին, նա Թիֆլիսի «Տարազ» հանդեսում երկու անեկդոտ է տպագրել Շամախիի եւ Թիֆլիսի բարբառներով: Շամախիի բարբառով գրածը վերաբերում է երկու շամախեցի կանանց խոսակցությանը Բաքվի կայարանում, շոգեքարշի մասին: Կանայք իրար լավ ձեռք առնելով խոսակցությունը տանում են շոգեքարշը եռացրած ջրով շարժվելու մասին: Մեկը մյուսին ասում է, որ իրենց ղազանը եռացրած ջրով լի ժամանակ, բա ինչի տեղից չի շարժվում, խոսակիցն էլ բացատրում է, որ քո ղազանի տակ էլ որ ակներ լինի, նա էլ կշարժվի: Երկրորդը ավելի նյութականին վերաբերող թեմա է: Մոսկվայում կրթված մի երիտասարդ, վերադառնալով հարազատ օջախ, որոշում է մի օր մորն ու քրոջը թատրոն տանելՙ զարգացնել նրանց միտքը: Ներկայացման վերջում տղան հարցնում է մոր կարծիքը. - Հը, դեդա, հավնեցա՞ր: Մայրը գոհունակությամբ պատասխանում է. - Հա, վուրթի: Էն վուր ասում է շատ փող ունե, հավնեցա: Տղան քրոջն է հարցնում, հը՞, հավնեցար: Քույրը պատասխանում է. - Էն, վուր կողքի լոժումը պստի պեխեր ուներ, շատ հավնեցա: Այս անեկդոտները տպագրելուց բացի, Աբելյանը, հնարավոր է, արտասանած էլ լինի եւ առողջ ծիծաղ պատճառած ունկնդիրներին: Եվրոպական թատերական արվեստին ծանոթանալու նպատակով Աբելյանը 1899-ին կնոջ հետ ճամփորդություն է կատարել Գերմանիայում, Ֆրանսիայում, Անգլիայում: Ներկայացումներ է դիտել անվանի դերասանների կատարմամբ: Փարիզում մասնակցել է հայկական մի երեկոյի, արտասանել Մ. Նալբանդյանի «Երգ ազատության» բանաստեղծությունը: 1899-ի հուլիսի վերջերին մոտ, Արշակ Չոպանյանի հանձնարարական նամակով, Աբելյանները մեկնել են Լոնդոն: Աբելյանն այնտեղ ծանոթացել է Ադամյանի մասին առաջին գրքի հեղինակ, Թիֆլիսի թերթերի փարիզյան թղթակից Պետրոս Տոնապետյանի հետ: Վերջինիս ուղեկցությամբ Աբելյանը ուխտի է գնացել Շեքսպիրի ծննդավայրըՙ Ստրետֆորդ քաղաքը: Առաջին հայ դերասանը Ստրետֆորդում, մեծագույն դրամատուրգի տուն-թանգարանում: Եվ, իհարկե, շեքսպիրյան դերասանը, որն իր ստեղծագործական կյանքում շունչ ու կենդանություն է տվել շեքսպիրյան 11 կերպարի, որոնցից Օթելլոն խաղացել է 40 տարի, Արա Լիրըՙ 25: Շեքսպիրի տուն-թանգարանի ցուցահանդեսը դիտելուց հետո տեսնելով, որ Շեքսպիրի պիեսների թարգմանությունների շարքում հայերեն ոչինչ չկա, հունիսի 1-ին մի նամակ է հղել Թիֆլիս, որպեսզի Հայոց հրատարակչական ընկերությունն իր հրատարակած պիեսներից նմուշներ ուղարկի շեքսպիրյան մեմորիալ թանգարանի համար: Այդ նամակում նա գրել էՙ «ցավալի բան, հայերեն ոչ մի օրինակ: Մինչդեռ մենք ունենք բացի թարգմանություններից, նաեւ քննադատություն (Պ. Ադամյանի Շեքսպիրի եւ յուր «Համլեթ» ողբերգության աղբյուրներն ու քննադատությունները»- Բ.Հ.): Վստահ եմ, որ Հրատարակչական ընկերությունը չի զլանա ուղարկել այդ Մատենադարանի հասցեով մի-մի օրինակ իր հրատարակած օրինակներից»: (Միաժամանակ, գրել է հասցեն: «Մշակ», 1899, 9 հունիսի): 1900 թվականի օգոստոսին նշվել է Շուշիի թատրոնի 35-ամյակը: Աբելյանն այդ օրերին իր խմբով ելույթներ է ունեցել Շուշիի Խանդամիրյանի թատրոնում: Հոբելյանի առթիվ կազմակերպված հանդեսն սկսվել է Աբելյանի բացման խոսքով, որով կարեւորել է 1865-ի ամռանը Թիֆլիսի թատրոնի ազգասեր դերասաններ Գեւորգ Չմշկյանի, Սեդրակ Մանդինյանի եւ Միհրդատ Ամրիկյանիՙ Շուշիի թատերասերների հետ նրանց կազմակերպած ներկայացումների պատմական նշանակությունը: Այդ միջոցառման գաղափարական նշանակության մասին Աբելյանն ասել է. «Աջակցությամբ մի քանի սիրողների, սկսեցին եռանդուն կերպով այն գաղափարական գործը, որի համար նրանք այնքան տանջվել էին Շուշի գալով, անհարմար ճանապարհով, ժողովուրդը չէր հասկանում թատրոնի նշանակությունը, չէր ըմբռնում նրանց լեզուն, ոճը եւ նպատակը»: Այնքան են ներկայացումները հրապուրել, որ երրորդ ներկայացմանը նաեւ կին հանդիսատեսերն են հայտնվել, առանձին խմբով նստած: 1907-ին Թիֆլիսում նշվել է Աբելյանի բեմական գործունեության 25-ամյակը: Տասնյակ վայրերից ստացված ուղերձներից ու հեռագրերից բացի, կենդանի ողջույնին զուգահեռ, հնչել է նաեւ Աշու Ջիվանուՙ Աբելյանին նվիրված բանաստեղծությունը, հավաստելով դեռեւս 1884-ին Բաքվում ունեցած ծանոթությունը: Շամախի քաղաքում մի մարդ ծնվեցավ, Գիսավոր աստղի պես փայլեց ամեն տեղ... .............................................................. Ջիվանուս վաղուց ծանոթ, մտերիմ Մեկ-երկու տեղ գործիս նպաստել է իմ: Այդ նույն թվականին, Աբելյանը երկրորդ ճամփորդությունն է կատարել Եվրոպայում: Բեռլինից սրտառուչ հոդված է ուղարկել Թիֆլիսՙ զույգ դաշնամուրով նվագող Ադամյան քույրերի հաջողության մասին: Տեսնվել է Կոմիտասի հետ, երիտասարդ դերասան Վահրամ Փափազյանին հրավիրել Բաքվի հայկական թատրոն, որտեղ նա հանդես է եկել 1907-1908 ձմեռային թատերաշրջանում: Աբելյանի հրավերը վճռական դեր է կատարել Փափազյանի կյանքումՙ նրան կապելով ազգային թատրոնի հետ: Այդ առթիվ Փափազյանն իր «Հետադարձ հայացք» թատերահուշերում գրել է. «Դեռ այն ժամանակից նա եղավ առաջին այն քչերից, որոնք իրենց արվեստի ուժով ամրապնդեցին իմ մեջ ազգային արժանապատվության զգացումները: Ես ճանաչեցի ու սիրեցի իմ փոքրիկ ազգը»: Աբելյանն իր ողջ ստեղծագործական կյանքում, գրեթե ամեն տարի, թատերախմբեր կազմելով, արվեստը հասցրել է մոտ ու հեռու վայրերի արվեստակարոտ հայ ազգաբնակչությանը: Բայց այդ ասպարեզում նրա ամենամեծ ծառայությունը հանդիսացել է Արմենյանի հետ կոկիկ խումբ կազմելով հյուրախաղեր կազմակերպելը դեպի Տաճկահայաստանի հայաբնակ վայրերը: 1908-ի Օսմանյան սահմանադրությունն օգտագործելով, որով փոքր-ինչ արտոնություն էր տրվել փոքր ազգերի ինքնազարգացմանը, Աբելյան-Արմենյան խումբը երեք-չորս ամիս շրջագայել է Կարս, Սարիղամիշ, Էրզրում, Տրապիզոն, Սամսոն, Բաբերդ, Ատաբազար, Կ. Պոլիս, Իզմիր եւշատ այլ քաղաքներ ու գյուղեր, 150-ից ավելի ներկայացում տվել, բարձրացրել նրանց ազգային ինքնագիտակցությունը: 1908-ի դեկտեմբերին Աբելյան-Արմենյան խումբն իր հարգանքի տուրքն է մատուցել հանճարեղ Պետրոս Ադամյանին, խմբովին այցելել նրա շիրիմին: Պոլսում տված առաջին ներկայացումից, Աբելյանը ծանուցում է տվել, որ ոչ ոքի տոմս չի ուղարկվելու: Հրավերի սպասող աղաները ստիպված են եղել իջնել իրենց «աղայական բարձունքից» եւ բարեհաճել թատրոն գնալ: Այս եղանակով է Աբելյանը դաստիարակել հանդիսատեսներին: Հայրենասիրական փափագները Աբելյանը դրսեւորել է նաեւ հասարակական-քաղաքական կյանքում: 1914-1915 թթ. արձագանքելով Կամավորականների ջոկատների կազմակերպմանը, այդ տարիներին, իր խմբով, նա կամավորների հետքերով ներկայացումներ է տվել Երեւանւոմ, Կարսում, Գյումրիում: Դերասանուհի Ժասմենը պատմում էր, որ այդ օրերին, ամբողջ խմբին տարել է Անին տեսնելու: Բաքվի կոմունայի շրջանում, 1918-ի փետրվարին Բաքվում մեծ շուքով նշվել է Աբելյանի բեմական գործունեության 35-ամյակը: Ի թիվս շատ շնորհավորողների, Աբելյանին շնորհավորագիր է հղել նաեւ բանաստեղծ Հովհաննես Հովհաննիսյանը: Նա գրել է. «Սիրելի Հովհաննես, այս անօրինակ արհավիրքի օրերին, երբ հուր ու սուր ամբողջ աշխարհն ավերել, տակն ու վրա են արել, երբ մեր ազգն ֆիզիկական գոյությունն իսկ վտանգի տակ է, քո եւ քեզ նմանների գործունեությունն է, որ հավատ է ներշնչում մարդկանց, թե կան հիրավի, վսեմ իդեալներ, որ միշտ անմահ են եւ որոնց համար արժե ապրել ու մաքառել: Գեղարվեստի իդեալներն են այդ, որ դեռ կարող են փրկել մարդկանց կյանքը գռեհկացումից եւ կատարյալ վայրենացումից»: Կոմունայի անկման վերջերին, երբ Բաքվին սպառնում էր թուրքական բանակի մուտքը քաղաք, հայ ազգաբնակչության մի զգալի մասը փախել է տարբեր ուղղությամբ, իսկ 30 հազարը զոհվել տեղում: Այս թոհուբոհի ժամանակ թատերական գործիչները եւս լքել են քաղաքը: Վերջինը եղել է Աբելյանը: Նա վերջին նավով մեկնել է Աստրախան, իր հետ տանելով դերասանուհի Աստղիկ Երամյանի եղբորը եւ քրոջըՙ Մամիկոն եւ Արուս Ազնավուրյաններին (Շարլ Ազնավուրի հորը եւ հորաքրոջը): Այս դեպքի մասին ինձ պատմել էր Երամյանը: Տարիներ հետո Գյումրիի թատրոնում, մի օր, Աբելյանի լավագույն աշակերտներ Արզո Արզումանյանին եւ Լեւոն Աբրահամյանին տեսնելուց հետո, մտա Արուս Ազնավուրյանի գրիմի սենյակըՙ վաղուց փայփայած հարցս պարզելու: Նա պատմեց հետեւյալը: Եղբայրը հիվանդությունից հազիվ կազդուրված, Աբելյանի հոգատարությամբ, իրենք եւս նստել են այն նավը, որով Բաքվի 26 կոմիսարները պետք է Աստրախան մեկնեին: Ճանապարհին նավը կանգնեցրել են, կոմիսարներին դուրս հանել եւ տարել անհայտ ուղղությամբ: Այն պահին, երբ Շահումյանին իջեցնում էին նավից, աչքն ընկել է Աբելյանի վրա եւ նկատել նրա արցունքոտ աչքերը: Աբելյանը ձեռքերը բռունցք արած նրանց հասցեին գոռացել էՙ «սվոլոչի» (սրիկաներ): Ազնավուրյաններին Աբելյանը Հյուսիսային Կովկասով հասցրել է Թիֆլիս: Այդտեղ, պարտք է համարել հանրության պատմել ճշմարտությունը Շահումյանի եւ նրա ընկերների առեւանգման մասին: «Նոր Հորիզոն» թերթին ուղարկած նամակում նա գրել է. «Բարոյական պարտքս եմ համարում վկայել, որ իմ Բաքվում գտնված ժամանակ մեծամասնական Շահումյանն իր ընկերների հետ միասին ձերբակալվել են միայն Ցենտրո-Կասպիայի դիկտատուրայի ձեռքով եւ նրա որոշման հիման վրա»: 1919 թվականի փետրվար-մարտին Թիֆլիսում նշվել են երկու Մեծ Հովհաննեսների հոբելյաններըՙ Թումանյանի ծննդյան 50, իսկ Աբելյանի բեմական գործունեության 35-ամյակները: Հետո, երկուսին նվիրված մի հանդես-ճաշկերույթի թամադա Հովհաննես Թումանյանը, իրեն հատուկ երգիծախառն պատմություն է արել իր եւ դերասանի մասին: Աբելյանի կենացի վրա Թումանյանն ասել է. - Ես խմում եմ մի մարդու կենացը, որը մեր գրականությանը նվիրել է մի բանաստեղծ եւ փրկել է հայ թատրոնը մի անշնորհք դերասանից: - Բանը նրանումն է, որ ես ուզում էի դերասան դառնամ: Գնացի թատրոն, էս կողմ ընկա, էն կողմ ընկա, մի կերպ երկու խոսքանոց մի դեր տվին ինձ: Ներկայացումից հետո ուրախ-ուրախ գնացի Հովհաննեսի մոտ ու հարցրի. - Պարոն Աբելյան, ո՞նց խաղացի: - Դու ի՞նչ դեր էիր խաղում,- հարցրեց Աբելյանը: - Այս ինչ դերը,- պատասխանեցի ես: - Հա, էդ դու էիր,- ասաց Հովհաննեսը ու սկսեց մտածել: Իսկ իմ սիրտը բաբախում էր, անհամբեր սապսում էի պատասխանի: - Գիտե՞ս ինչ, այ տղա, մեղք ես, գնա մի ուրիշ գործով պարապիր, քեզանից դերասան չի դուրս գա: Այս պատմությունը ինքըՙ Աբելյանն էլ արել է 1923-ին Փարիզում, նորոգ հանգուցյալ Թումանյանի հուշ-երեկոյին, որին ներկա են եղել Շիրվանզադեն, Արշակ Չոպանյանը, Զապել Եսայանը, ռուս բանաստեղծ Կ. Բալմոնտը, դերասաններ Տրդատ Նշանյանը, Լեւոն Հարութը, Արման Կոթիկյանը եւ փարիզահայ այլ մտավորականներ: 1920-ի աշնանը թատերական մի շարք գործիչների նման Աբելյանն էլ, անապահով վիճակից ելնելով, մեկնել է արտասահման: Խաղացել է Պոլսում, Եգիպտոսում, 1922-ին փրկվել Իզմիրի աղետից, անցել Գերմանիա, Ֆրանսիա, Անգլիա, այնտեղից էլ մեկնել Ամերիկա: 1923-ի սեպտեմբերին Լոնդոնում «Օթելլո» ներկայացումից հետո, որտեղ Դեզդեմոնայի դերակատարը եղել է նրա դուստրըՙ Մարիկան, այցի են գնացել Շեքսպիրի գերեզմանինՙ Ստրետֆորդ: Մարիկան պատմում էր, որ հայրը ծնկի է եկել Շեքսպիրի գերեզմանին, համբուրել նրա տապանաքարը եւ ասելՙ «Ես փոքր հայ դերասան եմ, այս վայրկյանիս ինձ համարում եմ ամենաերջանիկ մարդը, որ խոնարհում եմ իմ գլուխը քո շիրիմի առաջ»: Ֆիզիկապես օտար երկրում, բայց հոգեպես հայրենիքի կարոտը սրտում Աբելյանը չի կարողացել երկար ապրել առանց իր հարազատ ժողովրդի: Եվ նա որոշել է վերադառնալ հայրենիք: 1925-ին Աբելյանը Հայաստանից հրավեր է ստացել վերադառնալու մայր ժողովրդի գիրկըՙ իր սիրած ու պաշտած թատրոնը: 1925-ին Նյու Յորքից Թիֆիլիս, իր Ներսես եղբորը գրած մի նամակում Աբելյանն առանց իր խոսքին քաղաքականություն խառնելու, բայց հիմքում ունենալով հասարակական-քաղաքական հավատամք, իր ստեղծագործական աշխատանքի մասին նա հետեւյալ հայացքն ու խոստովանությունն է արել. «Ես այստեղի գործունեությունը բան չեմ համարում, ինչպես ամերիկացիք սիրում են ասել- դա միայն «բիզնես» է: Այստեղ մարդիկ միշտ ձգտում են դրամ շահել, միջոցների մեջ ընտրություն չկա, ինչ որ ձեռնտու է, այն էլ լավ է... Ես այս երկու տարվա գործունեությունս պետք է քերեմ իմ դերասանական կյանքի պատմությունից»: Եվ այսպես, ուղիղ հինգ տարվա բացակայությունից հետո, Աբելյանը վերադարձել է Հայաստան, աշխատել է Երեւանի, Թբիլիսիի, Բաքվի հայկական թատրոններում, նկարահանվել առաջին հայկական գեղարվեստականՙ «Նամուս» կինոֆիլմումՙ իր սիրած Բարխուդարի դերակատարությամբ: Աբելյանը առանձին խմբերով կամ տեղական դերասանների հետ հանդես է եկել Անդրկովկասի, Հյուսիսային Կովկասի, Միջին Ասիայի, Ուկրաինայի մի շարք քաղաքներում, շարունակել իր ժողովրդական գործունեությունը: 1925-ին Աբելյանին շնորհվել է Հայաստանի ժողովրդական արտիստի պատվավոր կոչում, բեմական գործունեության 50-ամյակի առթիվ (1932) արժանացել Հայաստանի Աշխատանքի հերոսի շքանշանի: Աբելյանի ծառայությունները բարձր են գնահատվել ոչ միայն մայր հայրենիքում, այլեւ սփյուռքահայ գաղթօջախներում: Նրա անունով են կոչվել Տաշքենդի (Ուզբեկստան, Միջին Ասիա), եւ Մարսելի (Ֆրանսիա- 1936), Թավրիզի դրամա-օպերետային (1932) թատրոնները: Տասնամյակներ շարունակ Աբելյանի անունն է կրում Վանաձորի դրամատիկական պետական թատրոնը, որը վերջերս կազմակերպել էր Աբելյանի մասնակցած ներկայացումների թատերական փառատոնՙ նվիրված հայ մեծ ժողովրդական դերասան Հովհաննես Աբելյանի ծննդյան 150-ամյակին: Բայց Աբելյանն ավելիին էր արժանի: |