ՓՐԿՈՒԹԵԱՆ ՔԱՐՏԷԶ Արմինէ ՄԻՆԱՍԵԱՆ Խաղարկային փաստավաւերագրական լիամետրաժ շարժապատկեր Այս վերջի ճամբորդութեանս ընթացքին երեք օր եղայ Թեհրանում եւ բախտ վիճակուեց ինձ տեսնելու «Փրկութեան քարտէզ» շարժապատկերը, իսկ երկրորդ անգամՙ Երեւանումՙ «Ոսկէ ծիրան» փառատօնի ընթացքին: «ՓՐԿՈՒԹԵԱՆ ՔԱՐՏԷԶ» կամ MAP OF SALVATION շարժապատկերը անգլերէն եւ հայերէն լեզուներով է, եւ հիմա աշխատանք է տարւում թարգմանել նաեւ այլ լեզուների: «Փրկութեան քարտէզը» ներկայացնում է բարեգործ եւրոպացի երիտասարդ կանանցից հինգին, որոնց առաքելութիւնը եղաւ 1890թ. վերջերից մինչեւ 1930-ական թուերը, իրենց կեանքը նուիրելը մարդասիրական վսեմ գործին: 1913թ. սկսած նրանք գնացին հայ ժողովրդի վէրքերը բուժելու, անմեղ եւ անպաշտպան հայ մանուկների կեանքը փրկելու Օսմանեան կայսրութեան ծրագրած հայ ժողովրդի ֆիզիքական բնաջնջումից: Այդ մարդասէր եւ քաջ կանայք էինՙ Քարէն Յեփփէն եւ Մարիա Յակոբսոնը Դանիայից, Բոդիլ Բյորնըՙ Նորվեգիայից, Ալմա Յոհանսոնըՙ Շվեդեայից եւ Հեդուիգ Բ՛յուլըՙ Էստոնիայից: «Փրկութեան քարտէզ»-ը խօսուն դրօշակն է Հայոց ցեղասպանութեան. դէպքերն ու դէմքերն իրական են, եւ դերասանների հաւատքով լի գործունէութիւնը դիտողին տանում է դէպի նոյն ժամանակաշրջանի կոտորածի օրերը, երբ այդ վայրագութիւններն էին տեղի ունենում հայ ազգի դէմ, ու մի վայրկեան մտածել է տալիս մեզ, թէ՛ ինչպէ՞ս է կարելի մարդու այսքան չարիքը մարդու հանդէպ... Ըստ իս այս շարժապատկերը դեսպանը պիտի լինի հայ ազգիՙ ճամբորդելով դէպի տարբեր երկրներ ու նորէն համառօրէն ցոյց տալու ու վերյիշեցնելու աշխարհին թուրք օսմանցու ծրագրուած վայրագութիւնների մասին, ովքեր ահ ու սարսափ տարածելովՙ տեղահանեցին, գոյքերը խլեցին ու ցեղասպանութեան ծրագիրը գործադրեցին հայ ազգի դէմ: Ինչպէս ասացինք, շարժապատկերի ողջ կառոյցը փաստավաւերագրական սիւների վրայ է դրուածՙ յանձինս այդ հինգ հերոս գթութեան քոյրերի, որոնք ամենայն խղճմտութեամբ ու անձնազոհութեամբ իրենց վեհանձն առաքելութիւնով սիրով կապուեցին հայ ազգի երեխաների ու պատանիների հետ, իրենք եւս տարագրուեցին ու եղան մայրՙ փրկելով հազար-հազարաւորների: Ժամանակն է, որ վերյիշենք ու ճանաչենք նրանց: Թողէ՛ք, որ աշխարհն ու մասնաւորապէս թուրքերն իմանան ճշմարտութիւնը: Արդեօ՞ք հարիւր տարին քիչ եղաւ ժխտելու եւ ուրանալու... Այս շարժապատկերի մէջ ո՛չ միայն հայ ազգն է խօսում ու արդարութիւն պահանջում, այլեւ օտար ազգի ականատես ու փրկարար քոյր միսիոներները: Ուրեմն պարտք ենք համարում նշելու, որ, ըստ հնարաւորութեան, շարժապատկերը, որը պատրաստուած է հմտութեամբ եւ մասնագիտական վարպետութեամբ, Պարսկաստանի հայ համայնքի համանմանութեամբ ցուցադրութեան արժանանայ աշխարհասփիւռ այլ հայ համայնքներում, քանի ամէն հայ պարտաւոր է ճանաչել իր ժողովրդի երախտաւորներին: Կարեւոր է նաեւ շարժապատկերի դիտմանը օտարազգի պաշտօնեաների եւ հնարաւորութեան պարագային հէնց այդ հինգ երկրների (ուր որ միսիոներուհիներն էին) դեսպանների կամ դիւանագէտների ներկայութիւնը եւ վերջաւորութեան հետմահու պարգեւատրումըՙ որպէս երախտագիտութեան նշան հայ ժողովրդի կողմից: «Փրկութեան քարտէզ» շարժապատկերը նկարահանուած է մէկ տարուայ ընթացքին 10 երկրներումՙ Նորվեգիա, Շվեդիա, Դանիա, Գերմանիա, Էստոնիա, Թուրքիա, Լիբանան, Սուրիա, Յունաստան, Հայաստան, ինչպէս նաեւ Արեւմտեան Հայաստան: Շարժապատկերի աշխատանքներին մասնակցել են 13 խորհրտատուներ 8 երկրից: Նրանք գրող, պատմաբան, ցեղասպանագէտ են: Նկարահանումները կատարուել են գրադարաններում, թանգարաններում, ազգային եւ պետական, տարբեր կազմակերպութիւնների եւ անհատների արխիւներում: Շարժապատկերի մտայղացման հեղինակը եւ պրոդյուսերն է «Ման Փիքչրս արուեստանոցի» (MAN PICTURES STUDIO) հիմնադիր-տնօրէն Մանվել Սարիբեկեանը, որի նախաձեռնութեամբ ծնունդ է առել հայ ժողովրդի այս շատ կարեւոր պատմական իրադարձութեան-վաւերագրական շարժապատկերը: Վստահաբար, ճանապարհի ընթացքում, նա ունեցել է բաւականին շատ խոչընդոտներ, բայց իր լաւատեսութեամբ ու գործակիցների աջակցութեամբ կարողացել է յաղթահարել այդ բոլորը: Շարժապատկերի գլխաւոր վարիչն է Արամ Շահբազեանը, որն արուեստի բարձր որակով է ղեկավարել բոլոր-բոլոր արարումները, որում դիտողին է տալիս եղելութիւններըՙ որպէս իրական փաստ եւ ինքզինքն զգալու նոյն ժամանակաշրջանում: Պատմութեան գրի առնողն է Աննա Սարգսեանը, որ գերազանցօրէն շունչ է տալիս բառերին ու ձայնՙ լռութեանը: Բնագիրը կարդում է ազգութեամբ ֆինն պատմաբան եւ ցեղասպանագէտ Սվանտէ Լունդգրէնը, ով քայլում է այն բոլոր քառուղիներով, ուր հայ ժողովուրդն է անցել այդ տառապանքների ու փրկութեան քարտէզով: Ու պատմողն իր խօսքն է վերջացնում կանգնած Ծիծեռնակաբերդի համալիրում: «ԼՌՈՒԹԻՒՆ, ՈՐ ՊԷՏՔ Է ԼՍԵԼ...»: Ու տե՛ս, որ շարժապատկերի վերջում զսպուած յուզմունքդ է պայթում..., արցունքների հատիկները իրար ու հրմշտկելով լռութեամբ բարձրաձայն աղաղակում են կոտորա՜ծ, կոտորա՜ծ ու անսահման բարութի՜ւն...: Մանվել Սարիբեկեանի խօսքերով «Փրկութեան քարտէզ»-ը իր աւարտին հասաւ շնորհիւ Հայաստանի Ազգային կինոկենտրոնի եւ մի շարք հայկական եւ ոչ հայկական կազմակերպութիւնների, ինչպէս նաեւ երախտագէտ անհատների, ովքեր թէ՛ նիւթապէս եւ թէ՛ բարոյապէս օժանդակեցին ու մեծապէս նեցուկ հանդիսացան: Շնորհակալութիւն նաեւ շարժապատկերի խմբի բոլոր անդամներին, որոնք իրենց լաւագոյնը արեցին այս գործի յաջողութեան համար: Նիւ Եորք |