RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#043, 2015-11-20 > #044, 2015-11-27 > #045, 2015-12-04 > #046, 2015-12-11 > #047, 2015-12-18

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #45, 04-12-2015



ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒ

Տեղադրվել է` 2015-12-03 21:01:27 (GMT +04:00)


Ընթերցված է` 1185, Տպվել է` 8, Ուղարկվել է էլ.փոստով` 2

ՀԱՅՆՐԻԽ ՀՈԵՐԴԵԳԵՆ. «ԻՆՁ ՀԱՄԱՐ ՄԵԾ ՀԱՃՈՒՅՔ Է ՀԱՅԵՐԵՆ ԿԱՐԴԱԼԸ»

Արծվի ԲԱԽՉԻՆՅԱՆ

Գերմանացի Հայնրիխ Հոերդեգենի հետ ծանոթացել էի հինգ տարի առաջ, Երեւանում: Հայագիտությամբ զբաղվող հայախոս օտարազգիների շատ էի հանդիպել, սակայն առաջին անգամ էի հանդիպում մեկի, որը մեր լեզուն սովորել էր ոչ մասնագիտությունից ելնելով, այլ պարզապես, քանի որ, ինչպես ինքն ասաց, «այն շատ գեղեցիկ լեզու է»: Հայնրիխը մասնագիտությամբ ծրագրավորող է, աշխատում է «Սիմենս» ընկերության Քառլսռուհե քաղաքի մասնաճյուղում: Հոկտեմբերի վերջին նա հինգերորդ անգամ եղավ Հայաստանում...


- Եվ ինչպե՞ս եղավ, որ հայագիտությամբ չզբաղվող գերմանացի երիտասարդ ծրագրավորողը մի օր որոշեց խորանալ հայերենի ուսումնասիրության մեջ...

- Այո, ես ծրագրավորող եմ, բայց միշտ սիրել եմ լեզուներ: Դպրոցում շատ լավ եմ սովորել հին հունարենն ու լատիներենը, գերմաներենից բացի խոսում եմ անգլերեն ու ֆրանսերեն: Միշտ ուզել եմ սովորել մի լեզու, որը մի քիչ հատուկ է, մեծ մասին ծանոթ չէ: Մի անգամ մի ալբոմում տեսա մի մանրանկար, որի վրայի տառերն ինձ շատ հետաքրքրեցին: Իմանալով, որ դրանք հայերեն տառեր ենՙ որոշեցի անպայման սովորել այդ լեզուն: Մի գիրք գնեցի, ֆրանսիական հրատարակություն էր, կոչվում էր «Հայերենՙ առանց աշխատանքի»: Հետը կար նաեւ չորս սիդի: Այդպես կարդալով ու լսելովՙ սկսեցի սովորել: Իմ ապրած քաղաքումՙ Մյունխենում, կար մի հայ քահանա, որ նաեւ Նյուրնբերգի եւ Շթութգարդի հայերի հետ էր աշխատում, նրա մոտ էլ մի քիչ սովորել եմ հայերեն: Ցավոք, այդ քահանայի անունը չեմ հիշում, բայց գիտեմ, որ սովորել էր Էջմիածնում: Հետո եկա Հայաստանՙ հայերենս կատարելագործելու, առաջին անգամՙ քիչ ժամանակով, երկրորդ անգամՙ չորս ամսով, որի ընթացքում ինձ հետ հայոց լեզու պարապեց դպրոցի ուսուցչուհի Լիանա Նազարյանը:

- Եվ ի՞նչ է տալիս քեզ հայերենի իմացությունը:

- Ես Գերմանիայում շատ քիչ եմ գործածում հայերենը, սակայն շատ սիրում եմ Հայաստանը եւ հայերենը, հատկապեսՙ հայոց լեզվի քերականությունը: Որպես ծրագրավորող գիտեմ, թե ինչպես է պետք աշխատել օրենքներով, իսկ հայերենի քերականական օրենքները շատ հետաքրքրական են: Մի քիչ նման է հունարենի քերականությանը, երբեմն նաեւՙ գերմաներենի, քանի որ հնդեվրոպական լեզու է: Բոլորն ասում են, թե հայոց լեզուն դժվար է, բայց ես այդպես չեմ կարծում. եթե սիրում ես քերականություն եւ լեզվական օրենքներ, ապա հայերենն այդքան դժվար չի թվում: Ինձ համար մեծ հաճույք է հայերեն կարդալը:

- Իսկ ի՞նչ ես կարդում հայերեն:

- Հետս թեթեւ ընթերցանության ամսագրեր եմ տանում, սակայն շատ եմ սիրում Հովհաննես Թումանյան կարդալ: Նրա լեզուն այնքան դժվար չէ հասկանալ: Մի քիչ գյուղական լեզու է, բայց հասկանալի է, մի քանի բառեր են փոխվում նրա մոտ (օրինակ, հիմա-ն միշտ գրում է հիմի): Ես եղել եմ Ստեփանավանում, տեսել եմ Թումանյանի դպրոցը ու լսել եմ, թե ինչպես են մարդիկ խոսում այնտեղ: Ինձ համար հետաքրքրական է կարդալ Թումանյանին, քանի որ միշտ սիրում եմ պատկերացնել, թե ինչպես էին ապրում մարդիկ հին ժամանակ: Կարդում ես նրա «Գիքորը», շատ տխուր է, բայց շատ բան ես իմանում անցյալի մասին: Սկսեցի կարդալ նաեւ Դեմիրճյանի «Վարդանանքը». այ դա շատ դժվար է, շատ ժամանակ է պետք բոլոր բառերը հասկանալու համար:

- 2010-ին իմ առաջարկով դու գերմաներեն թարգմանեցիր Էլդա Գրինի «Ձեռքերը», որն ընդգրկվեց այդ պատմվածքի բազմալեզու հրատարակության մեջ: Ուրիշ բան թարգմանե՞լ ես հայերենից:

- Մի քանի էջ թարգմանեցի «Վարդանանքի» սկզբից ու կանգ առա. շատ դժվար էր: Բայց թարգմանել եմ Թումանյանի «Աղավնու վանքը», որը ցանկանում եմ տպագրել: Հուսով եմՙ ուրիշ պատմվածքներ էլ թարգմանել Թումանյանից. պիտի ավելի ժամանակ տրամադրել:

- Ի՞նչն ես շատ սիրում Հայաստանում ու ի՞նչը չես սիրում:

- Շատ եմ սիրում Հայաստանում հանդիպել նոր մարդկանց, ծանոթանալ սովորույթներին. շատ հեշտ է բոլորի հետ խոսել: Շատ եմ սիրում հայկական շուրջպարերը, որ սովորել եմ պարել: Երեւանում շատ եմ սիրում Ամերիկյան համալսարանը, Վերնիսաժը, օպերան, որտեղ մի քանի ներկայացում եմ տեսել: Իսկ ի՞նչը չեմ սիրում... Տեսնում եմ, որ շատերը դժվար կյանք ունեն Հայաստանում, որը կապ ունի կոռուպցիայի հետ: Տեսնում եմ, որ թոշակառուները, որ ամբողջ կյանքում աշխատել են, հիմա ոչինչ չունեն: Այդ բոլորը մի քիչ տխուր է. կուզեմ, որ նման բաներ Հայաստանում չլինեն: Լսել եմ, որ տնտեսությունը բաժանված է մի քանի ընտանիքի մեջ, ինչը շատ սխալ է: Կարծում եմ, որ շատ մեքենաներ կան Երեւանում եւ շատ անկանոն են քշում: Բայց հիմա, երբ եղա Պարսկաստանում, տեսա, որ ավելի վատը կա, պարզապես այնտեղի մեքենաները փոքր են, իսկ այստեղ շատերը մեծ մեքենա քշելովՙ իրենց շատ կարեւոր են զգում:

- Դու նոր ես վերադարձել Պարսկաստանից, եղել ես Պարսկահայքում... ծանոթացա՞ր այնտեղի հայկական հիշատակներին:

- Ինձ համար շատ հետաքրքրական էր տեսնել Արաքսը, որի մասին առաջին անգամ կարդացել էի Քսենոփոնի «Անաբասիս»-ում, որից հատվածներ էի թարգմանում գերմաներեն: Զարմանալի էր տեսնել, որ Արաքսը մի տեսակ կարմրագույն է: Տեսա ուրարտական բերդերՙ Բաստանըՙ Թավրիզի մոտ եւ Հասանլունՙ Ուրմիայի մոտ: Շատ քիչ հայեր են մնացել այդ շրջանում: Թավրիզում ինձ օգնեց Կարեն Սարգսյանը, նրա միջոցով Սերժիկ անունով մի հայ վարորդ ինձ տարավ հայկական Սուրբ Ստեփանոս եւ Սուրբ Թադեւոս վանքերը, նաեւ Ուրմիա քաղաքը, որտեղ նույնպես հայկական եկեղեցի կա... Կարծում էի, թե Պարսկաստանում քրիստոնյաների համար դժվար պիտի լինի, բայց այդպես չէ: Զարմանալի էր իմանալ, որ թեեւ Թավրիզում հազար հայ է ապրում եւ ունեն վեց եկեղեցի, սակայն նրանք միասին չեն: Այնտեղ ծանոթացա «Ալիք» օրաթերթին եւ տեսա, որ ուրիշ ուղղագրությամբ են գրում, ինչպես նաեւ նկատեցի, որ Պարսկաստանի հայերի խոսած արեւելահայերենը մի քիչ ուրիշ է հնչում, ավելի կլոր...

- Շարունակելո՞ւ ես զբաղվել հայերենով:

- Անպայմա՛ն: Շատ հայերեն գրքեր ունեմ, որոնք պիտի կարդամ: Շատ կցանկանայի ավելի երկար ժամանակով գալ Հայաստան եւ աշխատել հայկական պատմությունների մի ժողովածուի գերմաներեն թարգմանության վրա...

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #45, 04-12-2015

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ