ԽՈՍՈՒՆ ԼՌՈՒԹՅՈՒՆ... Մելանյա ԲԱԴԱԼՅԱՆ Ներդաշնակ ու գրավիչ մթնոլորտ են ստեղծել Ալբեր եւ Թովէ Բոյաջյան պատկերասրահում Գեղարվեստի պետակադեմիայի քանդակի բաժնի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանողներ Սարին Ոսկյանի եւ Հայկ Ղազարյանի աշխատանքներըՙ շատ հաջողված թե՛ գաղափարական, թե՛ կատարողական առումով: Գեղարվեստական այս մտահղացումըՙ ձկների միջոցով մարդու ներաշխարհիՙ զգացական ու մտածողական շերտերի բացահայտումը, որքան ինքնատիպ, նույնքան խորհրդանշական է: Խնդիր դնելով հաղթահարել եւ իրականացնել առաջադրված գաղափարը, որպես արտահայտչամիջոց օգտագործելով դժվար հաղթահարելի նյութի լեզուն (քար եւ մետաղ`պղինձ), եւ ապա` ծովային համր արարածների ընտրությունը, երկու դեպքում էլ հաջողվել է.- ներկայացված գործերը արվեստային առումով կատարյալ են, աշխատված սիրով ու խնամքով, իսկ համրության մեջ լսելի են դարձրել մարդկային ձայների մի ամբողջ գամմա. սա նաեւ հեղինակների վերաբերմունքն ու մոտեցումն է կյանքի երեւույթներին, մարդկանց, աշխարհին: Մասնավորապես հոգեւոր- զգացական շերտեր շոշափող, աչքի համար անտեսանելի ներքին զգայական աշխարհի վերհանման նրբագույն ու բարդ աշխատանքի համար ձկների կերպարը գուցե հենց գտնված էՙ ձկան համրությունը զուգահեռելով մարդու հոգու թաքնված շերտերին... Միաժամանակ այս գաղափարը առնչվում է հոգեւոր ասպեկտներինՙ ձուկը որպես քրիստոնեական աշխարհի խորհրդանիշ, որի միջոցով փորձ է արվել արտահայտել քրիստոնեությանն առնչվող գաղափարներ, դրույթներ, կրոնական զգացումներՙ Սուրբ երրորդության, հույսի եւ հավատի, եւ իհարկե սիրոՙ այն դիտարկելով որպես փրկության ճանապարհ: Վերջինիս լավագույն արտահայտություն «Սիրո համբույր» քանդակի կատարողական ձեւերի մեջ արտահայտված են քրիստոնեական բարձրագույն զգացումներըՙ նվիրաբերումի, սիրո վեհությունն ու կատարելությունը, նրա ջերմության հաղորդական տարածումները...Ապա ծավալվող հոգեվիճակների խոհազգացական ալիքները մարդկային կյանքի տարբեր ելեւէջումներն ենՙ համառության, կամքի, առճակատման դրսեւորումներ («Պայքար»), եւ կամ համակերպումի («Ձկնային վտառ»), ըմբոստությանՙ համընդհանուր մտայնությանը հակադրվելու անհրաժեշտություն («Հոսանքին հակառակ»), ներապրումայինՙ հոգու ընդերքում սուզված վիճակներ («Երազ») : Բնավ պատահական չէ հեղինակների համատեղ աշխատանքների ներկայացումը. այստեղ ներկա է մտածողության ու հայացքներ մի ներդաշնակություն, գաղափարակցություն. քանդակներն ասես մեկը մյուսի շարունակություն ենՙ մեկ ընդհանրության մեջ: Սարինի աշխատանքները ներկայացնում են հոգեւոր- զգացական կողմը, Հայկինըՙ ավելի խոհական, մտածողական աշխարհի դրսեւորումներ են: Ցուցասրահի մթնոլորտը ընկղմված է ինքնամտածումի մեջ, որքան էլ մարդկային հոգեվիճակների բազմազանությանըՙ քանդակները երազային մթնոլորտի, համր լռության մեջ են... լռություն, որ խոսուն է սակայն: «Այս աշխատանքները կարող են ներկայացվել ոչ միայն այստեղ, այլեւ Նկարիչների միության եւ առհասարակ ցանկացած ցուցասրահում: Մարդիկ կատարյալ, պատրաստի արվեստագետներ են, այստեղ կա ե՛ւ միտք ու մտածողություն, ե՛ւ վարպետություն ու պրոֆեսիոնալիզմ», ցուցահանդեսի բացման խոսքում ասաց կերպարվեստի ֆակուլտետի դեկան Էդվարդ Վարդանյանը : Արտերկրյա մյուս ուսանողների համար որպես օրինակելի երեւույթ ընդգծելով սիրիահայ մեր հայրենակցիՙ Սարին Ոսկյանի մասնակցությունը, ասաց. «Կարծում եմ հայրենիքում ստացած գիտելիքները հետագայում շատ անհրաժեշտ կլինեն նրան», եւ մաղթեց հետագա հաջողություններ, նոր ցուցահանդեսներ այստեղ եւ արտերկրում: Նմանապես դրվատանքի խոսքեր ուղղեց Հայկ Ղազարյանինՙ պրոֆեսիոնալ մոտեցման, որակյալ աշխատանքի համար: Ամբիոնի վարիչ Գետիկ Բաղդասարյանը , խորհրդանշորեն առանձնացնելով «Սիրո համբույր» քանդակը, նրբագեղ այդ աշխարհից ծնված մթնոլորտ համարեց ցուցադրությունը. «Ձկների միջոցով զրույց է հադիսատեսի հետ: Հետաքրքրական խնդիր են դրելՙ մարդկայնացնել ձկներին եւ լուծումներն են շատ հետաքրքրական: Օրինակելի է մոտեցումը, նյութի վրա նրանց աշխատելու եղանակը: Հուզված եմ, որ այս խառնակ օրերում կարողացել են այսպիսի գեղեցիկ մթնոլորտ ստեղծել, լուսավոր բան տեսնել»: Գարեգին Դավթյանը անդրադառնալով կերպարվեստում ոչ այնքան ուսումնասիրված այս թեմայիՙ ծովային աշխարհի առանձնահատկություններին ու էսթետիկայինՙ գույնի, ծավալների ու պլաստիկայի տարբերություններինՙ ասաց. «Սա պարզ անիմալիստական, կամ սովորական ուսանողական ցուցահանդես չէ, սա դեկլարացիա է, հայտարարագրում: Ես փորձել եմ այս քայլը անել, եւ ոչ թե արել եմՙ ասելու, թե ահա ուր եմ հասել: Սա հասուն նկարչի մոտեցում է, որ քայլ է անում»: Սիրիայում տեղի ունեցող դեպքերը նկատի առնելովՙ նա այն կարծիքին էր, որ մեր երիտասարդ հայրենակցուհու գեղարվեստական այս արտահայտությունը վերաբեմունք է, արժանապատիվ կեցվածք ներկա քաղաքական իրավիճակին, որը ճակատագրական եղավ նաեւ մեր ժողովրդի համար: Սարին Ոսկյանը Հայաստան տեղափոխվել է Դամասկոսից, սովորել է Սահակեան վարժարանում, տեղի Գեղարվեստի պետակադեմիայի բակլավրական կրթությունը շարունակելով մագիստրոսական բաժնումՙ հարկադրված է եղել թողնել երկիրը եւ ուսումը շարունակել է Երեւանի Գեղարվեստի ակադեմիայում: Հիմա արդեն նա մտածում է չվերադառնալ, մնալ Հայաստանում: Ահավասիկ իր գաղափարական-գեղարվեստական մտածողության ներդաշնակումը համակուրսեցի Հայկ Ղազարյանի հետ տվեց առաջին լուրջ արդյունքը, որը դիտողների ու մասնագետների կողմից հիրավի արժանացավ հիացական վերաբերմունքի ու գնահատանքի: |