ԵՐԱԺՇՏԱԳԵՏ ԿՈՄՊՈԶԻՏՈՐ ԳԵՂՈՒՆԻ ՉԹՉՅԱՆԸ Ռուզաննա ՊԻՊՈՅԱՆ «Երաժշտական մոլորակ»-ի հյուր «Հայաստանի կին կոմպոզիտոր Գեղունի Չթչյանի փայլուն հաջողությունը հիացրեց բոլորիս եւ ապացուցեց, որ սովետական երաժշտությունը հարստացավ նոր անունով: Վստահորեն կարող եմ ասել, որ մեր առջեւ մի կոմպոզիտոր է, ում ստեղծագործություններն արժանի են ժողովրդական մեծ ճանաչման ինչպես մեր երկրում, այնպես էլ նրա սահմաններից դուրս»: Ահա այսպես է արտահայտվել աշխարհահռչակ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանը Գեղունի Չթչյանի կոմպոզիտորական արվեստի մասինՙ դեռեւս 1968 թվականին: Հիրավի, ժամանակակից հայ դասական երաժշտական արվեստում Գեղունի Չթչյանի երաժշտական ժառանգությունը իր նրբաճաշակ բնույթով, ձեւի, բովանդակության կուռ ու հստակ դրսեւորմամբ գրավում է այն ուրույն տեղը, որը կոչվում է յուրահատուկ չթչյանական արվեստ: Մեծամասամբ կենսահաստատ ու լավատեսական բնույթով Գեղունի Չթչյանի երաժշտությունը լիցքավորում, կյանքի է կոչում ունկնդրին: Լսելով այնՙ ուզում ես ապրել: Երաժշտական լեզուն միավորում է ժամանակակից արտահայտչամիջոցները ավանդականի հետ, միավորում է ազգայինն ու համաշխարհայինը, անձնականն ու համամարդկայինը: Ահա թե ինչու հանրապետության երաժշտական դպրոցներն այդպես սիրով են սպասում սիրելի կոմպոզիտորի հետ հանդիպումներին: Լինի դա Արմավիրում թե Հրազդանում, Աշտարակում, Գյումրիում, թե մայրաքաղաքի դպրոցներում, հանդիպումներն անցնում են մեծ խանդավառությամբ, սիրով առ արվեստը, գեղեցիկն ու բարին: Այստեղ քիչ դեր չի խաղում նաեւ Գեղունի Չթչյանի մեծ ներդրումը մանկավարժական բնագավառում եւ մանուկների ու պատանիների համար ստեղծած նրա երաժշտությունը: Մեծ նշանակություն տալով նոր սերնդի գեղագիտական դաստիարակությանը, Գեղունի Չթչյանը հայ ազգային երաժշտության ապագան կապում է երիտասարդ երաժիշտների հետ: Այդ է պատճառը, որ կոմպոզիտորը միշտ շեշտում է. «Ճաշակը, որ ձեւավորվում է մանկուց, շատ կայուն է, եւ պարտավորեցնում է մեզ առավելագույն պատասխանատվության»: Գեղունի Չթչյանի նպատակն է ձեւավորել կիրթ ու գրագետ, բարձրաճաշակ ունկնդիրների հասարակություն: Կոմպոզիտորի մանկական երաժշտությունը Հայաստանի եւ արտերկրի ուսումնական ծրագրերում հաստատուն տեղ ունի, կենսունակ է եւ մշտապես կատարվում է: Լինելով Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, Գեղունի Չթչյանը կապը չի խզում Կոնստանտին Սարաջեւի անվան երաժշտական դպրոցի հետ, որտեղ նա ստեղծագործական դասարանի հիմնադիր-ղեկավարն է: ՀՀ ժողովրդական արտիստ Գեղունի Չթչյանի ստեղծագործությունների հերթական հեղինակային համերգը տեղի ունեցավ 2015թ, դեկտեմբերի վերջինՙ մայրաքաղաքի առաջատար կրթօջախներից մեկումՙ Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում: «Երաժշտական մոլորակ»: Այսպես է կոչվում ամենամյա միջոցառումների այն շարքը, որում դպրոցը հյուրընկալում է հայ անվանի երաժիշտներին: Ջերմ ու մտերմիկ մթնոլորտում համերգ-զրույցի միջոցով դպրոցի սաներն ու հանդիսատեսը այս անգամ առիթ ունեցան անմիջականորեն շփվելու նշանավոր ու սիրված կոմպոզիտոր Գեղունի Չթչյանի հետ: Կոմպոզիտորի տարբեր ժանրերի եւ տարբեր գործիքների համար գրած ստեղծագործությունները հնչեցին սաների եւ ուսուցիչների կատարմամբ: Միջոցառման կազմակերպիչ Ն.Գրիգորյանը ջանք չէր խնայել երեկոն բարձր մակարդակով անցկացնելու համար: «Ձոն գրքին», «Ձմռան երգը», «Նոր տարի» խմբերգերը, գողտրիկ մանկական «Վալսը», «Անձրեւ», «Անտառային հանդես» ծրագրային պիեսները, ազգային ու ժամանակակից ռիթմաինտոնացիաներով միաձույլ «Հայկական էսքիզը», փայլուն «Պրելյուդն» ու «Սոնատինը», «Շող-շող թելեր», «Խաչքարեր», հայ բանաստեղծների տեքստերով գրված մեներգերը ունկնդրին տեղափոխեցին չթչյանական բարձրաճաշակ երաժշտության աշխարհ: Կատարողական բարձր մակարդակով հանդես եկան մանկավարժներ Հ.Անչարակյանի, Ն.Տեր-Գրիգորյանի, Ս.Հակոբյանի, Ս.Մարգարյանի, Մ.Շահբազյանի աշակերտները: «Կուզե՞ս լինիմ», «Գարունդ հայերեն է գալիս» մեներգերի ոգեշունչ կատարումներով ելույթ ունեցան դպրոցի ուսուցիչներ Լ.Սիմոնյանը, Ա.Մկրտչյանը, իսկ կոնցերտային թափ ունեցող եռամաս «Սոնատինը» մեծ վարպետությամբ ու երաժշտականությամբ կատարեց դաշնամուրի դասատու Մ.Մարգարյանը: Սիրված կոմպոզիտորի խմբերգերը մշտապես ոգեւորել են մանուկներին, ուստի դպրոցի երգչախմբերը, որոնք հանրապետության լավագույն մանկական երգչախմբերից ենՙ խմբավարներ Մ.Գալստյանի եւ Մ.Օհանյանի ղեկավարությամբ, գեղեցկորեն կատարեցին կոմպոզիտորի մանկական խմբերգերը: Տպավորիչ ելույթներն ու ստեղծագործություններն է՛լ ավելի էին ամբողջանում կոմպոզիտորի եւ սաների միջեւ ծավալվող անբռնազբոս հարցազրույցով. «Ձեր սիրելի գրողները, որոնցով ոգեշնչվել եք», «Ձեր կյանքի տպավորիչ պահերը», «Ձեզ առաջարկված երաժշտական պատվերները» եւ նմանատիպ բազում հարցեր: Անվանի կոմպոզիտորը մանկավարժի խորաթափանցությամբ ու համբերատար պատանի երաժիշտներին ուղղորդում էր դեպի գիրք ու երաժշտություն, սեր ու ազնվություն, աշխատասիրություն ու կամք: Պատմելով իր ստեղծագործությունների մասին, կոմպոզիտորը ծանոթացնում է, թե հաճախ ինչ շարժառիթներ կարող են նպաստել որեւէ ստեղծագործության ի հայտ գալուն: Օրինակ, հետաքրքրական ծնունդ ունի Գեղունի Չթչյանի դաշնամուրի «Պրելյուդը» նվիրված Ս.Կապուտիկյանին: Հրավիրված լինելով բանաստեղծի ծննդյան տարեդարձինՙ կոմպոզիտորը գրում է մի նոր պրելյուդ եւ նվիրվում հոբելյարին: Լսելով երաժշտությունը հուզված ու հմայված բանաստեղծը խնդրում է կոմպոզիտորին նվագել այն եւս մի քանի անգամՙ խոստովանելով, որ ստեղծագործության մեջ տեսնում է իրեն, եւ վերապրում իր ողջ կյանքը: Ավելի ուշ կոմպոզիտորն իմանում է, որ ԱՄՆ-ում ապրող դաշնակահար, միջազգային մրցույթների դափնեկիր Վաչե Մանկրյանը հենց այդ «Պրելյուդի» փայլուն կատարման համար արժանացել է բարձր մրցանակի: Նշանակալի է այն հանգամանքը, որ Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցը պարբերաբար անց է կացնում կատարողական մրցույթներՙ պարտադիր ծրագրում ընդգրկելով ժամանակակից հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ: Այս տարի Գեղունի Չթչյանի դաշնամուրային «Պրելյուդի» լավագույն կատարման համար մրցանակակիր դարձավ Հ.Անչարակյանի սան, 6-րդ դասարանի աշակերտուհի Լաուրա Գալստյանը, որին եւ հանդիսավոր պայմաններում մրցույթի Գալա-համերգի ժամանակ կոմպոզիտորն իր հատուկ մրցանակը հանձնեց բարի մաղթանքներով: Գեղունի Չթչյանի ստեղծագործություններով եւ նրա վարած անկեղծ զրույցով խանդավառվածՙ սաներն ու ուսուցիչները հիացմունքի խոսքեր հղեցին սիրելի կոմպոզիտորին: Երգչախմբի ղեկավար Մ.Գալստյանը, ում կոնսերվատորիայում դասավանդել է Գեղունի Չթչյանը, երախտիքի իր խոսքում նշեց կոմպոզիտոր-մանկավարժի դերը իրՙ որպես երաժիշտ-խմբավարի ձեւավորման ու կայացման գործում: Կոմպոզիտորի շնորհակալական խոսքից հետո դպրոցի տնօրենՙ մաեստրո, պրոֆեսոր Տիգրան Հեքեքյանը ասաց. «Նման հեղինակություն ունեցող մարդիկ, երբ այցելում են դպրոց, սաները ականջալուր են լինում նրանց. դա ամենամեծ երաժշտական քարոզչությունն է: Ձեր ապրած ստեղծագործական կյանքը օրինակ է եղել շատերի համար, եւ մենք հպարտ ենք Ձեզանով»: Ուրախությամբ ցանկանում ենք նշել, որ Սայաթ-Նովայի անվան դպրոցի այսօրվա «Երաժշտական մոլորակը» եւս մեկ անգամ ապացուցեց, որ հայ երաժշտության ապագան, հաղթահարելով այսօրվա բազմաթիվ դժվարությունները, գտնվում է պրոֆեսիոնալների ձեռքում: |