RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#001, 2016-01-15 > #002, 2016-01-22 > #003, 2016-01-29 > #004, 2016-02-05

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #2, 22-01-2016



ԵՐԱԽՏԻՔ

Տեղադրվել է` 2016-01-21 21:43:40 (GMT +04:00)


Ընթերցված է` 2084, Տպվել է` 9, Ուղարկվել է էլ.փոստով` 3

ՀԱՅԿԱԿԱՆ ԳՈՐԳԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԸ

Հրաչյա ՍՏԵՓԱՆՅԱՆ

Կատարում ենք նախորդիվ տված խոստումըՙ հայկական գորգագործության մեծ երախտավոր Ֆոլքմար Գանցհորնի կյանքի ու գործունեության անդրադարձումըՙ նրա մահվան կապակցությամբ, նրա կոթողային աշխատությանՙ «Քրիստոնեա-արեւելյան գորգը» գրքի թարգմանիչ Հրաչյա Ստեփանյանի գրչով: Խմբ.


2015 թվականի նոյեմբերի 5-ին տեւական հիվանդությունից հետո վախճանվեց գորգագիտության ոլորտի անվանի գիտնական, արվեստագետ, հայ գորգարվեստի պատմական իրավունքների աննկուն պաշտպան Ֆոլքմար Գանցհորնը :

Ծնվել է 1937թ. Այզենախ (Գերմանիա) քաղաքում: Հասունության ատեստատը Վիլհելմսհաֆենում ստանալուց հետո, ուսանել է արվեստի պատմություն, արվեստի մանկավարժություն, նյութագիտություն եւ տեխնոլոգիա: Հանձնել է պետական քննություն եւ ստացել արվեստի (գեղանկարչություն, քանդակագործություն, գրաֆիկա, լուսանկարչություն եւ արվեստի պատմություն) դասավանդման ուսուցչի որակավորում: 1987թ. պաշտպանել է ատենախոսություն արվեստի պատմության բնագավառում («Քրիստոնեա-արեւելյան գորգը»):

Գրել է բազմաթիվ հոդվածներ անտիկ գորգերի եւ աֆրիկյան արվեստի վերաբերյալ տարբեր հրապարակումների առիթով:

1990 թվականին գերմանական Բենեդիկտ Թաշեն հրատարակությունը լույս է ընծայել Ֆ. Գանցհորնի «Քրիստոնեա-արեւելյան գորգը. Ակունքներից մինչեւ 18-րդ դարն ընկած պատկերագրական եւ պատկերագիտական զարգացման ուրվագիծ» : 1991 թվականին գերմաներեն բնօրինակին հաջորդում են անգլերեն, ֆրանսերեն եւ իտալերեն թարգմանությունները (լույս են ընծայվել նույն հրատարակության կողմից): Այնուհետեւ գիրքը նույնական տեքստով վերահրատարակվել է 1998 թվականինՙ կրելով «Արեւելյան գորգեր. Ակունքներից մինչեւ 18-րդ դարն ընկած պատկերագրական եւ պատկերագիտական զարգացման ուրվագիծ» անվանումը: Բոլոր չորս լեզուներով հրատարակված գրքի ամբողջ տպաքանակը կազմում է 136000:

Դեռեւս 1993 թվականին արվեստաբան Վիգեն Ղազարյանի նախաձեռնությամբ ձեռնամուխ եղանք գրքի հայերեն թարգմանությանը: Սակայն բազմաթիվ օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով հայերեն հրատարակությունը ձգձգվեց: Եվ միայն Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն (ներկայումս խորհրդի նախագահ) Անելկա Գրիգորյանի համառ ջանքերով եւ ՀՀ մշակույթի նախարարության ֆինանսավորմամբ հնարավոր եղավ գրքի հայերեն թարգմանության լույսընծայումը 2013 թվականին: Նույն թվականի նոյեմբերի 20-ին Երեւանում իր աշխատանքներն սկսեց հայկական գորգարվեստին նվիրված միջազգային անդրանիկ գիտաժողովը, որին հրավիրված էր նաեւ Ֆոլքմար Գանցհորնը: Այցի ընթացքում Գանցհորնը պարգեւատրվեց Մովսես Խորենացու մեդալով:

Առաջին անգամ Գանցհորնը Հայաստանում եղել է 1984 թվականին, բայց ինչպես ինքն էր ասում, խորհրդային տարիներին անհնար էր ազատորեն շրջել երկրում: 2013-ին նա Հայաստան էր եկել տիկնոջՙ Կլաուդիա Ռոյշի հետ, ով համատեղ կյանքի ամբողջ ընթացքում «ինքնամոռաց զոհողությամբ, գաղափարապես, անձնապես եւ նյութապես» (Գանցհորն) նեցուկ է եղել իր ամուսնուն: Գիտաժողովին հաջորդած օրերին գիտաժողովի մի քանի մասնակիցների հետ այցելեց Լեռնային Ղարաբաղ, եղավ Շուշիում բացված գորգի թանգարանում, այնուհետեւ ծառ տնկեց ԼՂՀ մշակույթի նախարարության Պատվո հյուրերի ծառուղում (Շուշի):

Այդ ժամանակ էլ ցանկություն հայտնեց տիկնոջ հետ 2014 թվականի մայիսին երկու շաբաթով մասնավոր այցելել Հայաստան: Ինձ գրած նամակում նա խնդրում էր այցելությունը կազմակերպել այնպես, որ տեսնի նաեւ Ծիծեռնավանքը, Աշտարակի եկեղեցիները, Էջմիածինը, Հռիփսիմեի տաճարը, Մաստարան, Թալինը, Օձունը, Լմբատավանքը, Սանահինը, Հաղպատը, Հովհաննավանքը, Քասախի բազիլիկը, Աղցքը, Պտղնին: Այդ երկու շաբաթվա ընթացքում նա կարծես թե ցանկանում էր լրացնել այն բացը, որ չէր կարողացել իրականացնել անցած տասնամյակների ընթացքում: Լմբատավանքում շատ էր հուզվել: Երկար նայում էր, շրջում, նկարում, հետո ասաց, որ այդ որմնապատկերների մասին գրել է, բայց չէր տեսել: Եվ, ընդհանրապես, վերջին տարիներին առողջական մեծ խնդիրներ ունեցող այդ մարդն ամենուրեք մանկական կայտառությամբ եւ ուրախությամբ էր դիտում, նկարում, ասում էր, որ այս ամենը ոչ միայն մեկ անգամ եւս հաստատում է իր գրածը, այլ նաեւ նույնիսկ նոր աշխատանքների մեծ նյութ է:

Գերմանիա վերադառնալուց հետո գրեց, որ երբեւէ նորից կուզենար Հայաստան գալ, եթե առողջությունը թույլ տա: Բայց վերջին տարիների առողջական խնդիրներն իրենց զգացնել տվեցին: Վերջին մի քանի ամիսները նա անցկացրել է հիվանդանոցում, եւ ահա 2015 թ. դեկտեմբրի 24-ին նամակ եմ ստանում կնոջից, որ նոյեմբերի 5-ին Ֆոլքմար Գանցհորնը մահացել է: «Մենք պարբերաբար խոսում էինք Հայաստանի մասին: Իր գրքի հայերեն տարբերակը, պարգեւատրումը, եւ հատկապես անձնական հանդիպումները հարստացրել էին իր կյանքը, ու նաեւ ամբողջացրել: Իր կյանքի շրջանը դրանով բառացիորեն փակվել էր: Նա շարունակ ասում էր, որ ես ապագայում նաեւ առանց իրեն պետք է այցելեմ Հայաստան: Եվ դա այնպիսի մի ժամանակ, երբ ես դեռ հույս ունեի, որ ինքը կապաքինվի: Բայց Ֆոլքմարն արդեն միանգամայն հստակորեն զգում էր, որ ուժերը նվաղում են»,- նամակում գրել էր կինը:

Հայաստանում տված հարցազրույցների ժամանակ, երբ իրեն հարցնում էին, թե ինչպես է սկսել զբաղվել հայ գորգարվեստով, նա պատասխանում էր, որ տասնամյակներ առաջ իրեն դիմել էին մուսուլմանական ենթադրվող ինչ-որ գորգ բնութագրելու խնդրանքով: Եվ հետզհետե խորամուխ լինելով նյութի մեջ, նկատել էր, որ «արեւելյան» կոչվող գորգի զարդանախշային հիմքը քրիստոնեական ավանդույթներ ունի եւ ձեւավորվել է Հայկական լեռնաշխարհում: Այս կապակցությամբ նա իր գրքում գրում է. «Ծառացել է այն հարցը, թե արդյո՞ք խելամիտ չէր լինի, իսլամական արվեստին վերագրելու փոխարեն (սա չստուգված հետեւանքն է թուրքմենա-սելջուկյան ծագման վարկածի), նկատի առնել, որ քրիստոնեական պաշտամունքում այդպես բազմազանորեն օգտագործված ու պատկերված գորգերը կարող էին եւ պատրաստված լինել հատկապես հենց այդ քրիստոնեական պաշտամունքի համար: Սույն աշխատության մեջ առաջին անգամ փորձ է արվում շարադրել քրիստոնեա-արեւելյան գորգի պատմությունը: Քրիստոնեա-արեւելյան գորգի տակ հեղինակը ցանկանում է հասկանալ այն գորգերը, որոնք պատրաստվել են քրիստոնյաների, առաջին հերթին, անշուշտ, հայերի, հնարավոր է, որ առավել ուշ շրջանում նաեւ ասորիների եւ հույների կողմից` քրիստոնյաների համար, եւ այն էլ` մինչեւ ուշ միջնադար, անշուշտ, միայն քրիստոնեական պաշտամունքի համար: Քանի որ վերոնշյալ աղբյուրներն հաստատում են 1-ին հազարամյակում գորգերի առկայությունը քրիստոնեական Հայաստանում, եւ այն էլ միայն այնտեղ, ապա ավելորդ է դառնում այն արդարացումը, թե ինչու այդ գորգերը քրիստոնեական կարող են լինել կամ պետք է լինեն, թե ինչու գորգերում հանդիպող խաչերն ու խորհրդանշանները անիմաստ պաճուճանք չեն: Քրիստոնեա-արեւելյան գորգի եւ հայկական գորգի պատմությունը նույնական է (identisch)» :

Ահա թե ինչու է նա 1998 թվականին նույնական տեքստով վերահրատարակված իր գիրքն անվանում «Արեւելյան գորգեր»: Հայերեն թարգմանության նախապատրաստման ընթացքում նրան հարցրեցինք, թե որ անվանմանն է նախապատվություն տալիս, նա գրեց, որ երկուսն էլ կարող ենք գրել, ավելինՙ կարող ենք անվանել նույնիսկ «Արեւելյան գորգի ծնունդը»: Մասնավոր զրույցներից մեկի ժամանակ հարցրեցի, թե գորգագիտական շրջանակներն ինչպես են արձագանքել իր գրքին: Պատասխանեց, ոչ ոք որեւէ ծանրակշիռ հակափաստարկ չի բերել եւ որ գորգը բիզնեսի առարկա է եւ մեծամասնությունն իր բնութագրումներում առաջնորդվում է տնտեսական նկատառումներով:

Հնաոճ իրերի վաճառքով զբաղվող գերմանական ցուցասրահներից մեկը գրքի մասին գրում է. «Շատ մանրամասն եւ հետաքրքիր գրված, բաձրագույն որակի տեղեկատու գիրք, որը չպետք է բացակայի արեւելյան գորգ" միթոսով (առասպելով) զբաղվող եւ ոչ մի գրադարանում» :

Հայերեն հրատարակության համար Անելկա Գրիգորյանը խնդրեց նամակ գրել Ֆ. Գանցհորնին եւ հարցնել, թե Հայաստանի պատմության թանգարանի ո՞ր գորգը կարելի է պատկերել գրքի շապիկին: Այս առնչությամբ նա գրեց հետեւյալը. «Պատմության թանգարանի գորգերից եւ ոչ մեկը հարմար չեմ համարում տիտղոսապատկերի համար: Իմաստ չունի այնտեղ տեղավորել երկրորդ կամ երրորդ կարգի գորգՙ որպես բացառիկ մի բան Անշուշտ, կարող եմ հասկանալ թանգարանի տնօրենի ցանկությունըՙ շապիկին տեսնել սեփական հավաքածուից որեւէ գորգ: Ցավոք, հենց նման հարցը բացահայտում է այն փաստը, որ Պատմության թանգարանը չունի որեւէ բարձրակարգ գորգ: Դա գորգ արտադրող երկրի համար տխուր իրողություն է, ինչը եւ ինձ դրդել է իմ նախաձեռնությանը» : Իսկ նախաձեռնությունն այն էր, որ իրեն հաջողվել էր Հայաստանի պատմության թանգարանի համար ապահովել 14C վերլուծությամբ 1390-1490 թվականների միջակայքով թվագրվող խաչածաղկավոր մի գորգի առաջնահերթ գնման իրավունք, այն էլՙ շուկայական գնից հինգ անգամ էժան արժեքով. «Ինձ համար այս վաղագույն գորգը ամենագեղեցիկներից եւ պահպանվածության վիճակով ամենալավերից, ինչպես նաեւ ամենագունագեղներից մեկն է եւ Հայաստանի պատմության թանգարանի համար ՊԱՐՏԱԴՐԱԿԱՆ» , նամակում գրում էր Ֆ. Գանցհորնը: Գորգը (պատկերված է հայերեն հրատարակության տիտղոսաթերթին) ձեռք բերվեց պետական միջոցներով եւ ներկայումս ցուցադրվում է Հայաստանի պատմության թանգարանում: Ի լրումն դրա, Ֆ. Գանցհորնը թանգարանին նվիրաբերեց նաեւ «սումախ» տիպի կարպետ:

Եզրափակելով, դարձյալ խոսքը տանք գորգագիտության եւ հայ գորգարվեստի այդ մեծ երախտավորին.

«Հեղինակի փափագն է ոչ միայն զրկել արեւելյան գորգը հատակի տրորելի, կոխկրտելի երեսարկ լինելու ճակատագրական փառքից (առաջին անգամ "բարբարոս" եվրոպացիներն այն քայքայեցին իրենց կոշիկներով), այլ արթնացնել այն բանի գիտակցությունը, թե այդ մանածագործական արտադրանքները հավատացյալ քրիստոնյաների "անառարկայական սրբապատկերներ" են, արեւելա-քրիստոնեական եկեղեցիների պաշտամունքային առարկա եւՙ այլ մանածագործական իրերի հետ մեկտեղ, հայկական արվեստի, թերեւս, մեծագույն ավանդն է համաշխարհային արվեստի պատմության մեջ: Սա պետք է մի տեսակ փոխհատուցում լինի մի ժողովրդի, որ իր ավելի քան 2000-ամյա պատմության ընթացքում, Արեւելքի եւ Արեւմուտքի միջեւ ընկած աշխարհագրական դիրքով պայմանավորված, ավելի շատ է տառապել, քան ուրիշ որեւէ մեկը, անհաշիվ անգամներ կիսվել, շահագործվել, թալանվել, վտարվել, տեղահանվել, ճորտացվել, սրի քաշվել եւ անարգվել, անգամ զրկվել իր արվեստից, որի հեղինակային իրավունքը հետագայում չիմացությամբ կամ մեքենայությունների միջոցով վերագրվել է նվաճողներին: Արեւելյան գորգերի զարդանախշային գանձարանը կազմում է հայկական ինքնության մի մասը եւ որպես այդպիսին էլ պետք է ըմբռնվի» :

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #2, 22-01-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ