RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#001, 2016-01-15 > #002, 2016-01-22 > #003, 2016-01-29 > #004, 2016-02-05

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #2, 22-01-2016



ԷՍՍԵ

Տեղադրվել է` 2016-01-21 21:43:40 (GMT +04:00)


Ընթերցված է` 1384, Տպվել է` 9, Ուղարկվել է էլ.փոստով` 3

ՊՈՐՏԱԼԱՐ

ԳՐԻԳՈՐ ՋԱՆԻԿՅԱՆ

Ամեն ոք էլ որոշակի տարիքից հետո, մանավանդ երբ զգում էՙ ավարտվում է կյանքը, ճամփա է ընկնում, որ ինքն իրեն գտնի:

Ես ինձ փնտրում եմ ծնվելուցս շատ առաջ, ճշգրիտՙ 1915-ի ապրիլի 25-ից:

Զարմիկսՙ Պետրոս Պետրոսյանը, ավարտել էր Երեւանի բժշկականՙ այն ժամանակ դեռեւս ինստիտուտն ու նշանակում ստացել Մարտունու շրջանի Վարդենիկ գյուղում: Մեր գերդաստանի հայրենադարձ այրերը, առանց իմ իմացության ու մասնակցության, հավաքվել էին, որոշել, որ ամառային արձակուրդս Վարդենիկում պիտի անցկացնեմ: Ըստ նրանց, եսՙ Երեւանի Պիոներների պալատի գրական խմբակի սանս, պատանի ստեղծագործողների համաքաղաքային մրցույթների դափնեկիրս, պիտի ոգեշնչվեի հայրենի բնաշխարhով ու ո՛չ ավել, ո՛չ պակաս, այնպիսի բանաստեղծական շարք գրեի, ինչպիսին Վարուժանի «Հացին երգն» է կամ Մեծարենցի «Ուռիներու շուքին տակը»: Ամառային արձակուրդին ինձ Վարդենիկ, իհարկե, ուղարկեցին, բայց ես հազիվ կարողացա շրջանային թերթում «Առաջին անգամ գյուղում» խորագրով թղթակցություն հրապարակել: Ավելին չհասցրի, այսինքն մեծ մամասՙ տատիկիս քույրը, որ եկել էր իմ ուՊետրոս թոռան առտնին հոգսերը հոգալու, խանգարեց: Ամեն անգամ, որ Վարդենիկի ձկնորսները Սեւանից խոշոր, չափազանց խոշոր իշխան էին որսում, ու հայտնի չէ ինչ մղումով բժշկին էին ընծա ուղարկում, մեծ մամաս քամահրանքով շուռումուռ էր տալիս, քրթմնջում.

- Աս ալ ձո՞ւկ է, ո՜ւր է մեր Թեքիրդաղի Մարմարայէն բռնուած լյուֆերը, ստաքոզը... ո՞ր մէկը ըսեմ:

Նույնըՙ սմբուկն ու ստեպղինը, անգամՙ սոխը:

Ի վերջո չդիմացա ու հարցրի.

- Մեծ մամա, ձեր Թեքիրդաղը դրախտո՞ւմ է:

- Ո՜չ,- երանությամբ հավատացրեց մեծ մամաս,- Թեքիրդաղը բո՛ւն դրախտն է:

Հավանաբար հենց դրա համար Մարմարայի ափին ծփացող ծովաքաղաքը դարերի հոլովույթում անցել է բյուզանդացիներին, որտեղից որտեղ հայտնված թուրքերին, հետո բուլղարներին, դարձյալ թուրքերին, հետո իտալացիներին, դարձյալ թուրքերին, հետո հույներին... վերջում, պարզ է, մնացել է թուրքերին:

Ուրեմնՙ ես գնում եմ դրախտ: Շարժակառքը կակուղ նստելատեղ, յուրաքանչյուր ուղեւորի համար տեսասփյուռ, լսիչՙ ըստ երեւույթին նվագարկիչ, ձայնարկիչ ունի: Հենց դուրս ենք գալիս Ստամբուլից, հատուկ համազգեստով, ճերմակ փողկապով հայտնվում է ուղեկցորդը, յուրաքանչյուրիս ափի մեջ վարդաջուր է ցողում: Լվացումի այդ կարճ արարողությունից հետո նույն ուղեկցորդը, այս անգամ շարժասայլակով է շարքից շարք անցնում, հրամցնում թեյ, սուրճ, զովացուցիչներ, թխվածքներ, տուրմի սալիկներ: Իհարկե ինձ ոչնչով չի կարողանում գայթակղել: Լայն, եռաշար կպրուղին հասնում է Մալկարա, Սիլիվրի, Չոռլուՙ տեղանուններ, որ մանկուց են հարազատացել ինձ:

Նոր Արաբկիրի մեր առանձնատանը, ձմռան երկար գիշերներին, ընթրիքից հետո մայրս թեժացնում էր վառարանը, որովհետեւ մեկը մյուսի հետեւից հյուր էին գալիս մեր մալկարացի, սիլիվրեցի, չոռլուցի դրացիները: Սիլիվրեցիները պարծենում էին, որ Ռուբեն Սեւակն իրենց համաքաղաքացին է, մալկարացիները հպարտանում էին Արտաշես Հարությունյանով, միայն չոռլուցի հայրիկս էր, որ համակամ խոնարհում էր հայացքը, լռում: Չոռլույում ոչ մի երեւելի հայ չէր ծնվել, միակ հիշարժան անձնավորությունն ըստ երեւույթին իր հայրն էր եղել: 15-ի ամռանը, Հարություն պապիս չէին բռնահանել, քանի որ վարպետ դարբին էր եղել, պահել էին, որ բեյերի ու փաշաների ձիերը պայտի: Հարություն պապս նման առանձնաշնորհման համար ներքուստ փառավորվում, ինքնիրեն շողոքորթում էՙ տե՜ս է, ինչ օրն են ընկել թուրքերը, որ հույսերն իր վրա են դրել: Սակայն, երբ հատուկենտ վերապրողները ցաքուցրիվ վերադառնում, պատմում են, թե ինչեր են կրել Ռաքքայի, Դեյր էզ-Զորի մահաստաններում, պապիկս սահմռկում, ամոթից փողոց դուրս գալ չի ուզում: Ո՜նց է ինքը տարիներով դրանց ձիերը պայտել, երբ հարազատները, համերկրացիները... Ի՛նչ է, ինքը հայ չէ՞: Հարություն պապս ներքին տվայտանքներին չհամակերպվելով, իջել է ներքնահարկ, ինքնասպանության փորձ է կատարել: Առաջին անգամՙ անհաջող...

Ըստ երեւույթին հասնում ենք: Ուղեկցորդը սպասարկությունն ավարտել, ճանապարհորդողների ցանկացուցակը ձեռքին մոտենում է ինձ.

- Ջանիկյան բեյ, դուք ամենայն հավանականությամբ առաջին անգամ եք Թեքիրդաղ ժամանում:

- Այո՛:

- Բարի գալուստ ու բարի վայելում: Ձեզ հյուրանոց հարկավոր չէ՞:

- Ո՛չ:

- Որտե՞ղ եք մտադիր օթեւանել:

- Ես Թեքիրդաղում տուն ունեմ:

Ուղեւորները, որ հավանաբար տեղացի են, շրջվում, տարակուսանքով ինձ են նայում:

Չե՛ն ճանաչում:

...Թեքիրդաղն ու Մարմարան խանդոտ սիրահարների նման փարվել, արեւամուտի մշուշում միաձուլվել են:

Սիրան մորաքրոջս հիշատակարանը ճամփորդական պայուսակումս է, բայց չեմ բացում, բառ առ բառ հիշում, բառ առ բառ մտքումս կրկնում եմ. «Գրիգոր, տղա՛ս, կյանքս սպառվեց, հայտնի դարձավ, որ ծննդավայրսՙ Թեքիրդաղ չպիտի կարողանամ գնալ, բայց հավատում եմ, որ երբեւէ դու անպայման կգնաս, մեր կարոտի կսկիծը հանդերձյալ կյանքում կփարատես: Երբ քաղաք մտնես, հեռվից կտեսնես սուրբ Թագավոր եկեղեցու գմբեթը: Հենց շրջաբակին հասնես, կթեքվես, ծովահայաց ճեմուղիով դանդաղ կքայլես: Աջից երրորդ տունը մերն է: Հետդ մոմ ու խունկ կտանես: Մնացածը դու գիտես»:

Երեկոյանում է, բայց մայր եկեղեցու շուրջը դեռ եռուզեռ է: Անդրանիկի գլխավորությամբ մարտաշարով կանգնած է բալկանյան պատերազմից հաղթական վերադարձած հայկական զորավաշտը: Բուլղար հրամանատար Պրոտոկերովը մոտենում, «Մարտական խիզախության» ոսկե խաչով է զարդարում Անդրանիկի կուրծքը: Հետո փաթաթվում, երեք անգամ համբուրում է, ասում. «Մի ժողովուրդ, որ այսպիսի հերոսներ ունի, երբեք չի մեռնի: Այսպիսի ժողովրդի փրկությունը մոտ է, ապագանՙ պայծառ: Կեցցե՜ Անդրանիկը»: Ափսոս, եկեղեցուն կից Հովհանյան վարժարանի դասավարտի զանգը շեղում է ուշադրությունս: Դարպասները լայն բացվում, «Ծիլ», «Կոկոն», «Ծաղիկ» սերտարաններից դուրս են հորդում Հրաչյա Աճառյանը, Վազգեն Շուշանյանը, Բարսեղ Կանաչյանը: Վերջում հայտնվում է նրանց հայերենի վարժուհինՙ Վազգեն Վեհափառի մայրըՙ Սիրանույշ Պալճյանը, սաների ձեռքերից բռնում, մեկ-մեկ ուղեկցում է տուն:

Մայրական պապիսՙ Գրիգոր աղայի առանձնատունը ավելի վեհաշուք է, քան կարոտից մորմոքելով նկարագրել է Սիրան մորաքույրս: Մի չափազանցությամբ: Պապս բնավ աղայի նման չէ: Նա հարստություն, անգամ մասնագիտություն չունի: Պարզապես Թեքիրդաղի մսավաճառները լույսը չբացված կառքերով գալիս, իրարից խլխլելով նրան մոտակա գյուղերն են տանում: Բավական է, որ պապս մի հայացք նետի գնվելիք ոչխարներին, լավագույն դեպքում դմակները շոշափի, որպեսզի ճշգրիտ քաշն ասի: Եթե սխալվի, արժեքն ինքը պիտի վճարի: Մորթն ավարտվելուց հետո պապս վերցնում է իրեն հասանելիք փայծաղը, սիրտն ու դեռեւս սուրբ Թագավոր չհասած, ձայնում է.

- Կնիկ, անոթի եմ:

Տատս իսկույն թեժացնում է բուխարիկը, ու մինչ պապս լվացվում, ջրհորից հանում է պաղ օղին, թերեփ (անպայման արյունոտ) համադամները հայտնվում են սեղանին:

Պապս առաջին կումն է անում, երեք դուստրերը, դիմացը շարված, արտասանում են.

- Օտար ծառերն շուք չունեն,

Օտար սրտերն անգութ են,

Քե՛զ եմ տենչում, Հայաստան,

Մեր հույս, մեր լույս ապաստան:

- Ի՞նչ եք փնտրում, ինչո՞ւ եք փլատակներին այդքան երկար նայում:

Շրջվում եմ. հարցնողը հանդիպակաց շենքի պատուհանը բացել, խիստ զննում է ինձ:

Կարդում եմ ցուցանակըՙ «Թեքիրդաղի մշակույթի ու զբոսաշրջիկության վարչություն»:

- Պապիս տունն է:

- Ձե՞ր պապի:

Եռաստիճան սանդուղքով արագ իջնում, մոտենում է.

- Վկայագիր, ժառանգագիր ունե՞ք:

Չեմ բացատրում, որ օտարությունում տատմերները մեր գերդաստանի նորածինների պորտալարերը չէին կտրում, որ որտեղ էլ դեգերեն, բնօրրանի ճանապարհը չկորցնեն:

Պարզապես ասում եմ.

- Ես հայ եմ:

Թեքիրդաղի մշակույթի ու զբոսաշրջիկության վարչության պաշտոնյան բանիմաց անձնավորություն է երեւում:

- Հայ... Հայաստան... այո՛,- ասում է,- որքան հիշում եմ լերկ լեռնաստան է, Հայաստանում (ցույց է տալիս Մարմարան) այսպիսի գեղեցիկ ծով կա՞:

- Չէ՛:

- Քարյուղի հորդ երակնե՞րՙ ինչպես հարեւան երկրներում:

- Չկա՛ն:

Մեծ մամայիս է կրկնում.

- Բա ինչո՞ւ են ձերոնք այս դրախտը լքել-հեռացել:

Որպեսզի թուրք զրուցակցիս հասկանալի դառնամՙ միայն մի բառ եմ ասում.

- Վաթա՛ն:

Մորաքույրներս ու մայրս մանկական զրնգուն անմիջականությամբ շարունակում են.

- Օտարություն, դու փուշ ես,

Մայր Հայրենիք, ալ վարդ ես:

Ձայնս թավանում, թանձրանում է.

- Մերոնք, որպեսզի վաթանը չմոռանան, Թեքիրդաղում սուրբ Թագավոր, սուրբ Հրեշտակապետ, սուրբ Հովհաննես, սուրբ Փրկիչ, սուրբ Խաչ եկեղեցիները, Հովհանյան, Հիսուսյան, Կելիպոլյան վարժարանները, նախակթարաններ են կառուցել, ո՞ւր են:

Զրուցակիցս առաջ է ընկնում: «Դու»-ով դիմելու չափ մտերմացած.

- Արի՛ ցույց տամ:

Սուրբ Թագավոր եկեղեցին փլել, փոխարենը ծովահայաց նույն բարձունքին նահանգապետի պալատն են կառուցել: Վերջերս էլ նահանգապետն իր ապարանքը մեծահոգաբար զիջել է Թեքիրդաղի հնագիտության ու ազգագրության թանգարանին: Շնորհակալություն եմ հայտնում ուղեկցողիս, մենակ մտնում եմ ներս: Ու իսկույն հուսախաբվում եմ: Ճերմակ ճայի նման Մարմարայի ավազափին թառած այս ոստանը, հիրավի, հազարամյակների անցյալ, հետեւաբար անվանումների հերթագայություն ունիՙ Վիզանտի, Պիզանտե, Ռեթեստա, Հռեդոսթոս, Ռոդոսթո, Թեքիրդաղ: Ցուցապակիները հաջորդաբար ներկայացնում են տարբեր դարաշրջաններում քաղաքը բնակեցրած թրակիացիների, բյուզանդացիների, իտալացիների, հույների, հրեաների մշակույթը: Հայերը չկան: Չեն եղել: Գուցե չեն էլ լինելո՞ւ: Փնտրում-գտնում եմ թանգարանի տնօրենին: Եոնդեր Եոզթյուրք բեյը անզոր տարածում է թեւերը.

- Ինչ որ կարողացել, փրկել եմ:

Մենք մտնում ենք թանգարանի բացօթյա տաղավարը: Տեղումներից, Մարմարայի խոնավ քամիներից խունացել, փառակալել են սուրբ Թագավոր եկեղեցու դրվագանախշ զանգը, թեմական առաջնորդ Հակոբ արքեպիսկոպոսի մարմարե տապանաքարը:

- Գոնե տները վերականգնեք,- աղերսում եմ,- ինչո՞ւ եք ավերակ թողել:

- Այդպիսի նպատակ ունենք,- վստահեցնում է տնօրենը,- բայց ով որ հանձն առնի, միջոցներ ներդնի, պիտի կառույցի նախնական դրսերեւույթը չաղավաղի: Մենք ավանդապահ ազգ ենք:

Ասենքՙ ինչո՞վ է մեղավոր Թեքիրդաղի հնագիտության ու ազգագրության թանգարանի տնօրեն Եոզթյուրք բեյը, մշակույթի ու զբոսաշրջիկության վարչության պաշտոնյան, որի անուն-ազգանունն այդպես էլ չիմացա:

Ժամանակին, Ռոդոսթոյի հայերի Հուշամատյանը ընթերցելուց ու բազմիցս վերընթերցելուց հետո մեկնեցի Բուլղարիա, հանդիպեցի հեղինակին: Պարզվեցՙ Սարգիս Փաչաճյանի ու Գրիգոր պապիս ընտանիքները Ռաքքայում նույն վրանում են ապաստանել, կիսել չոր հացի վերջին փշրանքն ու ջրի կումը: Փաչաճյանն արդեն շատ ծեր էր, բռնագաղթը հիշելիս անընդհատ լաց էր լինում, բայց իմ վրդովմունքը հասկանում ու անգամ արդարանում էր:

Չնայած ես չէի համբերում, անընդհատ նրան ընդմիջում էի.

- Ինչո՞ւ են մեր պապերը Թեքիրդաղում հաստատվել, ինչո՞ւ են օտար հողում այդքան եկեղեցի, վարժարան կառուցել:

Ինչպես ինքն իրեն անվանեցՙ պապիս բախտընկերը, երեւի Հուշամատյանը գրելիս բազում պատմական աղբյուրներ էր պեղել: Համենայն դեպս համոզված, հավաստի էր պնդում.

- 1598-ին, մինչ թուրք սուլթան Մուրադը պատերազմում էր գերմանացոց դեմ, իրենց ցեղապետի անունով Ջալալի հորջորջված քուրդ հրոսակները, օգտվելով երկրի անտերունջ դրությունից, ասպատակեցին Արեւմտյան Հայաստան, ավարառեցին, սրահարեցին ու բռնասպանեցին, ապա հավելվեց սովի արհավիրքը:

Ողջ մնացած Կարինի, Երզնկայի, Ակնի, Տիվրիկի, Քեմախի հայերը կսկիծով ու ցավով թողեցին իրենց բնօրրանները, մայրաքաղաքի մերձակա բնակավայրերը հասան, ծվարեցին Թեքիրդաղում, Մալկարայում, Սիլիվրիյում, Չոռլույում: Քրդից փախան, թուրքին ապավինեցին: Ու, չուծանալու, այն բանի համար, որ դու հայ ծնվես, օտարության մեջ եկեղեցի, վարժարան կառուցեցին: Իրենց չունեցած փողերով:

Երեք աղջնակներՙ մայրս ու մորաքույրներս, պապիս փլատակված առանձնատանը դեռ արտասանում են.

- Օտար մրգերն լեղի են,

Ծաղիկները բույր չունեն:

- Ուրեմն ես որտեղացի՞ եմ, պարոն Փաչաճյան:

- Ջանիկյանները բնիկ ակնցի են,- իմ փոխարեն հպարտանում է պապիս բախտընկերը,- «Ակն եւ ակնցիք» պատմագիրքը չե՞ս կարդացած:

Իհարկե կարդացել էի: Գիտեի: Ավելինՙ համոզված էի: Մայրս, որ Ակնում չէր ծնվել, Ակնում երբեք չէր եղել, աղոթքի պես էր արտասանում Սիամանթոյի «Ափ մը մոխիր հայրենի տունը», ես, երբ անգիր էի անում Մեծարենցի «Ցայգերգ», «Ցայգանկար», «Ցայգանվագ», «Հովը», «Հյուղը», «Ջրտուք» հանգերգությունները, Ակնի մեր սարավանդներն ու գահավանդները, բացաստաններն էի տեսնում: Ու պատկերացնում էի, թե ինչպես է իմ պորտալարը Ակնից ձգվել, Թեքիրդաղ հասել:

Բայց... Վանի հերոսամարտի հերթական տարելիցին, երբ ես Ակնի հայրենակցականի անունից բաժակաճառ էի ասում, Վասպուրականի նահապետըՙ Վարազդատ Հարությունյանը, տեղից ելավ, մոտեցավ, շշուկով ընդհատեց ինձ.

- Ակնի անունը քիչ տուր, դու վանեցի ես:

- Ո՜նց թե,- կարկամեցի:

- Հենց էդպես: Բոլոր Ջանիկյաններն էլ Վանա լճի ափի Ջանիկ գյուղից են: Բռնահանման օրերին իրենց ազգանունները փոխել, Ջանիկյան են դարձել, որ ինքնությունները չկորցնեն:

Իհարկե, պատկառելի ակադեմիկոսի, պրոֆեսորի հետ ինձ թույլ չտվեցի վիճել, ներքուստ նրա դիտողությունը տեղական մեծամոլությանը վերագրեցի, բայց, երբ տուն վերադարձա ու համենայն դեպս սկզբնաղբյուրներ թղթատեցի, զարմանքով համոզվեցի, որ նա իրավացի էր: Պատմագիրը հենց այդպես էլ վավերագրել է. «Սենեքերիմ հայոց արքան Վասպուրականի իր տիրույթներըՙ 8 քաղաքները, 72 բերդերը, 4 հազար գյուղերը բյուզանդացիներին հանձնեց, 80 000 հպատակներով Եփրատի ձախափըՙ Ակն գաղթեց: Մինչեւ անգամ սուրբ Գրիգոր Նարեկացու նշխարքները հետը բերեց, Ակնում Նարեկավանք կառուցեց»:

Ուրեմն իմ պորտալարը ոչ թե Ակնից, դեռեւս Վասպուրականից է ձգվել, Թեքիրդաղ հասել: Ու չի կտրվել: Արդեն ակնարկել եմՙ Հարություն պապս չտարագրվելու, մեկ ու կես միլիոն հայրենակիցների ճակատագիրը չկիսելու վիրավորանքից ուզել էր ինքնասպանություն գործել: «Առաջին անգամՙ անհաջող» նախադասությունը պատահաբար չեմ հավելել: Առաջին աշխարհամարտի ավարտից, զինադադարից հետո, այն արեւմտահայերը, որոնք վերապրում, իրենց բնօրրաններն են վերադառնում, միամտաբար հավատում են, որ օրհասներն ու պատուհասները անդառնալի անցյալում են մնացելՙ դարձյալ առանձնատներ, եկեղեցիներ ու դպրոցներ են կառուցում: Թուրքիայի նոր հայրըՙ Քեմալ Աթաթուրքը, զգում է, որ հայերը հարություն են առնում, բազմանում են, բարգավաճում, մոլեգնում, խիստ հրաման է արձակում. «Կամ թուրքացե՛ք, կամ հեռացե՛ք»: Իմ պապերը, Թեքիրդաղի, Մալկարայի, Սիլիվրիյի, Չոռլույի բոլոր հայերը, հասկանալի է, թուրքանալ չեն ուզել, քարավաններ են կազմել, միակամ Բուլղարիա գաղթել: Բուլղարիայում, առաջին իսկ հանգրվանում, երբ Հարություն պապս բացում է անձնագիրը, տեսնում, որ թուրք մաքսավորը լուսանկարի տակ դաջել էՙ «Առանց հետդարձի իրավունքի» կնիք-խարանը, պատկերացնում է, որ էլ երբեք Ակն, Վան չի վերադառնալու, նորից է ինքնասպանության փորձ անում: Այս անգամ, եթե կարելի է այդպես ասել, հաջող:

Բուլղարիայում, Խասկովո գողտրիկ քաղաքում հայրս ու մայրս հերթական անգամ են եկեղեցի, վարժարան կառուցելու հանգանակությանը մասնակցում, բայց հենց սկսվում է ներգաղթը, տուն-տեղ թողնում, Հայրենիք են վերադառնում: Նրանք կանխազգացել են, որ Արարատյան Հայաստանում եկեղեցի, վարժարան կառուցելու կարիք չի ծագելու, Մեսրոպ Մաշտոցն ու Գրիգոր Լուսավորիչը շատ դարեր առաջ կառուցել, կանգուն են պահել, դրանից բացի, Երեւանից Վան, Ակն հասնելը անհամեմատ հեշտ է լինելու:

Արցախի ազատագրությունից հետո մանավանդ, որքան ժամանակն անցնում է, այնքան ավելի եմ համոզվում, որ ծնողներս չեն սխալվել:

Շուշիի բերդապարսպի բարձունքից ես արդեն տեսնում եմ մեր Վանը, մեր Ակնը:

Ամբո՛ղջ Արեւմտահայաստանը:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #2, 22-01-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ