RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#001, 2016-01-15 > #002, 2016-01-22 > #003, 2016-01-29 > #004, 2016-02-05

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #2, 22-01-2016



ՀԱՅԱՑՔ ԱՐԳԵՆՏԻՆԱՅԻՑ

Տեղադրվել է` 2016-01-21 21:43:40 (GMT +04:00)


Ընթերցված է` 1049, Տպվել է` 9, Ուղարկվել է էլ.փոստով` 4

ՀԱՅ ԱՆՀԱՏԻ ԽՈՐ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

ՏԻԳՐԱՆ ԵԿԱՎՅԱՆ

Փաստաբան եւ իրավապաշտպան Անա Արզումանյանը մեկն է այն կանանցից, ում ձայնը կարեւոր է արգենտինական նորագույն գրականության մեջ: Նրա վերջին վեպը, որը տոգորված է անսովոր եւ զգայական գեղագիտությամբ, հարցադրումներ է անում Հայաստանի եւ Սփյուռքի փոխհարաբերության վերաբերյալ:

Իր երկար ու սեւ մազերով, մեծ ու խորաթափանց աչքերով եւ վարակիչ ժպիտով Անա Արզումանյանը կանչում է, հմայում, երբեմն ջղայնացնում, բայց երբեք անտարբեր չի թողնում: Այդ դյութիչ համալսարանականը եւ արգենտինահայ գրականության դեսպանը իր հետեւում արդեն ունի պատկառելի ստեղծագործություն: Վերջինս ներառում է պոեզիան, վեպը եւ էսսեն: 2015 թ. գարնանը Բուենոս Այրեսում լույս տեսած Vodka hecho con moras («Թթի օղի») վեպը կարող էր ենթավերնագրվել «Հայ անհատի հուզական աշխարհաքաղաքականություն»: Թեեւ տվյալ պատմության դառը, կոպիտ եւ զգայական բնապատկերը հիշեցնում է Դենիս Տոնիկյանի «Փորոտիքը», Արզումանյանի գիրքը նորություն է, քանզի հայկական հոգու նոր աշխարհագրություն (եւ երկրաբանություն) է առաջարկում մարդկային երկու մարմինների տեկտոնիկայի միջոցով, որոնք մշտապես իրար են բախվում... ենթարկվելով իրար չհասկանալու վտանգին:

Քողազերծել հիմնարար առասպելները

Անա Արզումանյանը այսպես է բնութագրում իր նոր վեպը. «Իմ գիրքը արծարծում է զրկման եւ քայքայման թեման: Դա պատմությունն է մի տարածքի, որը ցրիվ է գալիս մարմնի աշխարհագրության միջոցով: Դա տղամարդու եւ կնոջ պատմություն է, որոնք տենդորեն փորձում են սեփականացնել ուրիշի մարմինը, որի վրա իրենք փշրվում են: Նույն բնապատկերում մի երկիր իր զավակներին հոշոտում է իրենից մշտապես խույս տվող ինչ-որ տարածք մուտք գործելու պատրվակով: Մարմնի անդաստանն ակոսել դրան տիրելու նպատակով այնտեղ անջնջելի հետք թողնելու համարՙ սա է կերպարների ցանկությունը: Պատերազմի ավերածությունը, բռնազավթումը, մարմինների ու լեզուների գաղութացումը սեռերի հանդիպումը դարձնում են անհագ քաղցի հագեցման ասպարեզ: Խոսքը ոչ թե սերը նկարագրելու, այլ երկրակերպ այդ մարմինների մեջ մտնելու եւ դրանցից դուրս գալու, դրա սահմանները քննադատելու մասին է» : Սեքսի եւ ինքնության կապը սեփական աշխատանքի առանցք դարձնելովՙ գրողը քողազերծում է հիմնարար առասպելները, ինչպես նաեւ թշնամու, հիշողության եւ եղբայրության հասկացությունները: Պատահական չէ գլխավոր կերպարի ընտրությունը. Մատենադարանի ձեռագրերի թարգմանիչ, Արցախի նախկին ազատամարտիկ, իրականությանը խորապես կապված անձնավորություն: Նույնը չի կարելի ասել նրա սփյուռքյան սիրուհու մասին...

Արարել լարվածության մեջ

«Իմ նպատակն էր այդ մարդու անունից խոսել առաջին դեմքով: Ես ուզում էի անցնել այնքան բաղձալի եւ աշխարհագրականորեն ինձանից այնքան հեռու Հայաստանից անդին: Ինձ թվաց, որ այդ արական կերպարի ձայնի արտահայտիչը դառնալով ես կկարողանայի առավել արմատական ձեւով ապրել այդ տարբերությունը, տղամարդ լինելու, նրա մարմնում բնակվելու տարբերությունը, զուգահեռաբար զգալ բնիկ երեւանցի հայուհի դառնալու, այնտեղ ապրելու, կովկասցի լինելու անհնարինությունը... Ես մտածեցի, որ դա չպետք է լիներ սոսկ մեր Երկրում ապրելու ցանկության արտահայտությունը: Իրողությունն այն է, որ տվյալ ձայնային «վերաբնակեցումն» իրականացնելով, իմ իգական ձայնից արականին անցնելովՙ ես մասամբ հաղթահարեցի այն ճանապարհը, որն ինձ տանում էր դեպի տարբերության տարածք: Զինվոր-թարգմանչի հարցը լուծվում է այն կապի միջոցով, որն առկա է պատերազմի եւ լեզվի, պատերազմի եւ առասպելական լեզվի, պատերազմի եւ կրոնի միջեւ» , պատմում է Անա Արզումանյանը:

«Թթի օղին» գրվել է նախքան Լեւոն Խեչոյանի եւ Հովհաննես Երանյանի ղարաբաղյան պատմվածքների թարգմանության եւ Արգենտինայում դրանց հրատարակության ձեռնարկումը: «Իմ վերջին գիրքը այն գրողի ձեռնարկումն է, որը պատերազմ տեսած չլինելով գրում է պատերազմի մասին(...). նախկին զինվորը վերակառուցվում է իրականության շրջանակում, թեեւ կանացի կերպարը առաջ է շարժվում մշուշապատ միջավայրում: Դա բացատրվում է նրա մեջ հողի բացակայությամբ, նրա էությունը կազմող ժամանակի ու տարածության հասկացությունների շարժունությամբ: Երկու կերպարներն անանուն են, քանզի նրանք տեղաշարժված են հենց իրենց նկատմամբ» , պնդում է Անա Արզումանյանը:

Այդ անվերջանալի գրկախառնության լարվածության մեջ սիրահարները հետազոտում են սեքսի տառապանքները եւ իրենց հայկական հոգնակի ինքնությունը: Ասես իրենց համար կարեւորը արտաքուստ անհնարին միության ձգտումը լինի: «Այդ կապը հնարավոր կլիներ միայն պատրանքից հրաժարվելու դեպքում: Ահա թե ինչու այդ երկու էակների հանդիպումը կարող է կայանալ լոկ ռոմանտիկ սիրո տեսանկյունից, քանզի պատրանքը տեղ չունի այդ տարածքում: Կերպարները ելնում են «Մեկ ազգ, մեկ ժողովուրդ» կարգախոսից: Մեր բազմակիությունն ու բազմազանությունն ընդունելը եւ մեր տարբերությունների մեջ մեզ ճանաչելը կօգնեն մեր զգացմունքային կապի կառուցմանը: Սպինոզայի խոսքերով, միայն «ուրախ» հուզականությունը մեզ թույլ կտա տասնապատկել մեր ուժերը, միմյանց հասկանալ առանց ինքնությունը միատեսակ դարձնելու փորձերի կամ կողմերից որեւէ մեկի տառապանքի չափն ապացուցելու մանկամտության: Դա սփյուռքահայերին եւ հայաստանցիներին թույլ կտա իրար հասկանալ տարբերություններով հանդերձ» , շարունակում է հեղինակը:

«Իմ Հայաստանը սկսվում է Բուենոս Այրեսում»

Երկար ժամանակ Անա Արզումանյանը փորձել էր իր երկերից ջնջել հայկականության մասը: Բուենոս Այրեսի հայկական թաղամասում 1962 թ. ծնված ապագա գրողը հաճախել է հայ համայնքի դպրոցներ, սովորել է առանձնացնել երեւույթները: Նա արգենտինյան խառնակման արդյունք հանդիսացող ձայների բազմակիությունը հասկանալուց հետո միայն գիտակցեց իր ներքին հայկական բնույթը: Նրա կարծիքով, իրեն իսպաներենի ընձեռած լեզվական տարածքը եւ դրա նեոբարոկկո ներդաշնակությունը հայկական թեմայի կիրառման դեպքում խճանկարի ձեւեր են ընդունում: «Իմ Հայաստանը գորշ, անշոշափելի գոտի է, այն սկսվում է Բուենոս Այրեսում: Ես ոչ հայ ընկերներ ունեցել եմ միայն համալսարանում: Տատս ինձ պատմում էր ոչ թե մանկական հեքիաթներ, այլ Ցեղասպանության ցավագին հիշողություններ: Քեռիս իր տան վրա կախում էր հայկական եռագույն դրոշ եւ ոտքի էր կանգնում Հայաստանի օրհներգը լսելիս: Ես մինչեւ հիմա չգիտեմ, թե ինչպես են «Հայր մերն» ասում իսպաներեն, քանի որ այն սովորել եմ հայերեն» , պատմում է Անա Արզումանյանը: Ահա կենսագրական որոշ տվյալներ: 1992 թ. նա աշխատել է որպես Արգենտինայի արդարադատության նախարարության խորհրդական: 1988-2011 թթ. իրավունքի փիլիսոփայություն է դասավանդել Բուենոս Այրեսի դել Սալվադոր համալսարանում: 2001-2003 թթ. հոգեվերլուծության հետդոկտորական դասընթաց է անցկացրել նույն քաղաքի լականյան կողմնորոշման դպրոցում: Արզումանյանը մասնավորապես International Association of Genocide Scholars ընկերակցության անդամ է: Նրա ակադեմիական աշխատանքները վերաբերում են հաշմված հիշողության փոխանցմանը հայերի Ցեղասպանության եւ հրեաների Ողջակիզման պարագաներում: 2014-2015 թթ. գրական ստեղծագործման եւ հաղորդակցման գործնական պարապմունքներ է վարել Հասարակական գիտությունների լատինամերիկյան ֆակուլտետում:

France-Arme՛nie, 2015 հոկտեմբեր, Ֆրանս. թարգմ. Պ.Ք.

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #2, 22-01-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ