ԵՐԿՈՒ ՀՐԱՎԻՐԱՏՈՄՍ Նաիր ՅԱՆ Հրավիրատոմսերն ընկերուհին դրեց զարդասեղանին, մի բաժակ սուրճ խմեց ու շտապով դուրս եկավ: Իր հետեւից մինչեւ առաջին հարկ թողեց բարձրակրունկների զրնգոցը: Ալլան ձեռքն առավ հրավիրատոմսերը. նրբաճաշակ ձեւավորմամբ, թափանցիկ ներդիրով էին: Երկրի առաջին տիկնոջ մարտիության շնորհավորանքն էլ մեջն էր` սիրուն-սիրուն մաղթանքներ հայ կանանց: Վաղուց համերգ չէր գնացել: Աղմկոտ հավաքույթների չէր մասնակցում ավելի քան քսան տարի: Վերջին անգամ եղբոր տղայի հարսանիքին էր եղել որդուՙ Արամի հետ: Ինչքան էլ փորձեր ուրախ ձեւանալ, որ որդու սիրտը չկոտրի, միեւնույն է, չէր ստացվում. այրի էր: Ամուսնու երիտասարդ, ավյունով լի աչքերը քսան տարուց ավելի ժպտում էին հարսանեկան միակ լուսանկարից: Վերջին նկարն էրՙ ինքը հարսի քողով, ամուսինըՙ ֆիդայու գորշ զգեստով ու մորուքով: Երկու տարի հետո Ղարաբաղից ամուսնու մահվան գույժն եկավ. Արամը նոր էր սկսել միակ ատամիկով խնձորը քերել: Այդ օրվանից հետո երկու անգամ թատրոն էր գնացել, մի քանի անգամՙ դասական երաժշտության համերգների, մեկ էլ որդու դպրոցական հանդեսներին: Հիմաՙ այս հրավիրատոմսերը: Ընկերուհին, որ նախարարությունում վարչության պետ էր, շատ անգամ էր փորձել իրեն տանից գոնե մի քանի ժամով հանել, թանկ-թանկ համերգների տանել, բայց ինքն աչքերը լցրել ու մերժել էր: Այս անգամ չկարողացավ: Ընկերուհին զգուշացրել էր. «Անպայման կգնաս, Ալլա, եթե դահլիճում իմ ու կոլեգայիս աթոռները դատարկ տեսնեն, քաշված եմ: Տղայիս հարսանիքն է, ո՞նց գնամ համերգ: Մինուճարիս թագն ու պսակը թողածՙ իրենց ռուս էստրադնիկի համերգին գնա՞մ»: Ալլան հրավիրատոմսերը ձեռքինՙ շվարել էր: Ախր ինքը ռուս էստարդնիկի սի՞րտն ունի, իսկի չի էլ ճանաչում նրան. միայն անունն է լսել: Ինքը ժողովրդական, ազգագրական, հայրենասիրական երգեր է սիրում: Իրենց հարսանիքին զուռնա-դհոլ չկար ու պետք էլ չէր: Ամուսինն ու նրա ազատամարտիկ ընկերները երգում էին «Զարկ, զարկ, հայորդիք, զարկ մեր թշնամուն...», ու շուրջպարը թնդում էր: Ազատագրված գյուղի մի այգում էլ հենց սեղանը գցեցին: Ոչ ոք թուրքի լքված տուն չմտավ ու մի ափսե անգամ չհանեց այնտեղից: Խաշլաման հենց կաթսայից էլ կերան: Հրավիրատոմսերը զարդասեղանին դրեց, մոտեցավ զգեստապահարանին: Ունեցած-չունեցածին հպանցիկ աչք գցեց, հետո կախիչներից երկու զգեստ հանեց, մեկըՙ մուգ կապույտ, մյուսըՙ մոխրագույն. իսկ իր քառասունհինգը դեռ չէր էլ լրացել: Ամուսնուց հետո վառ գույներն իրեն դուր էին գալիս միայն ուրիշների հագին: Դռան զանգը տվեցին. շրջազգեստները տեղը կախեց, զգեստապահարանի դուռը փակեց ու գնաց դուռը բացելու: Որդին էր. աշխատանքից եկավ: Բանակից հետո մի քանի ամիս աշխատանքի տեղավորման գործակալության երեւակայական հեռախոսազանգին սպասեց, հույսը կտրեց ու ընկերջ առաջարկն ընդունեցՙ առաքիչ մարզերի խանութներում: Արամը ստիպված էր լինում երկու-երեք օր տուն չգալ. աշխատանքը ժամ-պատարագ չուներ: Մայր ու տղա գրկեցին, համբուրեցին իրար: Ալլան մտավ խոհանոց: Արամի աչքով ընկան զարդասեղանին դրված երկու հրավիրատոմսերը. միջանցքից ձայն տվեց. «Մամ, համե՞րգ ես գնալու: Հաստատ Լիդա տյոտյան է բերել հրավիրատոմսերը: Էս անգամ նրանից պրծում չունես»: Ճաշը լցնելիս շերեփը մոր ձեռքից պլստաց, ու եռման հեղուկը թափվեց ափսեն բռնած ձեռքին: Բաց դաստակը վառեց: Գազօջախին թափված ճաշը մաքրեց, ձեռքը լվաց ու ափսեն դրեց սեղանին: «Հա, Արամ ջան, էս անգամ Լիդային չկարողացա մերժել, տղայի հարսանիքն է ախր: Մտածում եմ. մեր հարեւան Արփիի հետ գնանք համերգ: Իբր մի հրավիրատոմսին շատ էի համաձայն, երկուսն է բերել տնաշենը»: Արամն ախորժակով սկսեց ուտել տաք ճաշն ու գլխով հավանության նշան արեց: Ալլան չհասկացավՙ ճա՞շն էր համով, թե Արփիի հետ համերգ գնալու գաղափարը որդու դուրը եկավ: Խոհանոցը մաքրեց, ափսեները լվաց ու Արփիենց դուռը թակեց: Արփին ամուսնու ու չորս երեխաների հետ Սիրիայից էր եկել: Արդեն երկու տարի վարձով էին ապրում. Ալլայի հետ դուռ-դռան հարեւան էին: Ալլան որտեղ նստում, հիացած գովում էր Արփիի ձեռքի շնորհքը, տնարար լինելը, ոսկի բնավորությունը: Արփիի ամուսինըՙ Տարոնը, որին հարեւանները Դարոն էին ասում, հմուտ ոսկերիչ էր: Սիրիահայ ընտանիքը հենց ոտքը դրել էր մայր հողին, ինչ-որ բանկից վարկ էր վերցրել, որ կյանքը Հայաստանում զրոյից սկսեր: «Աս երկիրը սուրբ է, Ալլա. կհիշեմ մեծ հորս խոսքերը: Ան միշտ կսերՙ Դարոն, մանչս, գիտցիր, որքան ապրես Սուրիո մեջ, դուն պարտք ունիս Հայաստանին: Ան քու երկիրդ է, ու հայրենիքդ: Վերջ-առաջ, պիտի հոն երթաս: Աս պատերազմը եղավ, մենք ալ Հայաստան եկանք: Որչա՜փ երջանիկ ենք, Ալլա, քույրիկս»,-արցունքն աչքերինՙ ասել էր Հայաստան նոր-նոր ոտք դրած սիրիահայ Տարոնը: Մի քանի ամսից Տարոնը, կնոջ զարդերը ձեռքին, գնաց գրավատուն, այնտեղից էլՙ բանկ: «Հարկային կըսեք, չէ՞. ան մի կողմեն կոկորդս կսեղմե, բանկըՙ մյուս կողմեն: Վախնամ, որ երեխեքս անոթի մնան: Մեծ հորս հոգիին ի՞նչ պատասխան պիտի տամ, ամա՜ն»,- Ալլայի առաջ սիրտը բացել էր Տարոնը: Վարկի տոկոսների տակ ճկռածՙ Տարոնն ընտանիքի գոյությունը պահպանելու ելքեր էր փնտրում: Քիչ ու միչ Արփին էր տունը պահում: Խմորեղեն էր թխում-վաճառում, հյուսում ու կարում թաղի կանանց համար: Ալլան հրավիրատոմսերը ձեռքինՙ մտավ Արփիենց տուն: Հարեւանուհին դարձյալ կար էր անում: Այս անգամ անկողնու ծածկոց էր կարում: «Արփի՜, ոնց որ մարդու ձեռք կպած չլինի, ա՛յ աղջի, էս ո՞նց ես կարել: Սրա համար առնվազն հիսուն հազար կուզես, լսո՞ւմ ես»,- աչքը ծածկոցից չկտրելովՙ ասաց Ալլան: «Իրա՞վ, հավնեցար: Չէ, քույրիկս, ի՞նչ կըսես: Տասնհինգ հազար հազիվ կուտա պատվիրատուն: Որքա՜ն պահանջկոտ կին է: Հոգիս բերանս տվավ, գիտե՞ս»: Ալլան մի քանի բառով պատմեց հաջորդ օրվա տոնական համերգի ու մերժման ոչ ենթակա հրավիրատոմսերի մասին: Արփին համաձայնեց. վաղը տան բոլոր գործերը շուտ կվերջացնի, ծածկոցն էլ կարդուկի-կհանձնի, ու երեկոյան միասին կգնան: Ալլան խոստացավ տան գործերում օգնել հարեւանուհուն: Հաջորդ օրը Ալլան հագավ իր մուգ կապույտ շրջազգեստը, դեմքին մի քիչ դիմափոշի արեց, շրթունքները բաց վարդագույն ներկեց, մազերը խնամքով հարդարեց: Որդին վաղ առավոտյան էր աշխատանքի գնացել: Արամի երեսն օրերով չէր տեսնում, բայց հիմա նույնիսկ ուրախ էր, որ տղան տանը չէ ու համերգ գնալու իր նախապատրաստությունը չի տեսնում: Ալլան թակեց Արփիենց դուռը: Հարեւանուհին փայլուն տեսք ուներ. հագել էր Սիրիայից բերած կանաչ շրջազգեստը, որի օձիքն ինքն էր ուլունքներով ու տարբեր քարերով զարդարել: Թեւնոցը եւս իր ձեռքի աշխատանքն էր: Ականջներին իր ունեցած միակ թանկարժեք գինդերն էին: Տարոնն էր պատրաստել դեռ հարսնացու Արփիի համար: Զարմանահրաշ նախշերով ոսկյա հյուսկեն օղերի նմանությամբ մատանի, թեւնոց ու վզնոց էլ էր պատրաստել ու Արփիին խոստացել, որ դրանցից երկրորդը երբեք ոչ մեկի համար չի պատրաստի: Բացի ականջօղերից, մյուս զարդերը գրավատան ճանկն ընկան: «Ալլա, հոգիս, տես այս վզնոցը. զգեստիդ շատ կվայլե: Խնդրեմ, չմերժես: Ինքս պատրաստած եմ: Հասարակ ուլունք է, բայց հայկական գորգի նախշեր ունի. մայրս շատ կսիրեր այս զարդը»,- նախշազարդ վզնոցն Ալլայի պարանոցին անցկացնելովՙ հրճվալից ասաց Արփին: Հարեւանուհիները շքամուտքն իրնեց բարձրակրունկների զրնգոցով լցնելովՙ իջան աստիճաններով: Ալլան տաքսի կանգնեցրեց: «Ինչո՞ւ, քույրիկս, երթուղայինով կերթայինք, ավելի աժան չէ՞»,- զարմացավ Արփին: Ալլան մեղմ ժպտաց ու հարեւանուհու առաջ բաց արաց տաքսու դուռը: Հասան օպերային թատրոն, մտան համերգասրահ: Մի քիչ շուտ էին եկել: Հանդիսատեսը նոր էր հավաքվում: Հարեւանուհիները մի հայացք գցեցին իրար, ժպտացին ու սկսեցին շուրջբոլորն ուսումնասիրել: Դահլիճ էին մտնում կանայքՙ քաղաքի լավագույն վարսավիրների անհավանական հմտությունների կնիքը գլխներին, նորաձեւության վերջին հեւքը մարմիններին, ֆրանսիական շպարի ու օծանելիքի ամենաթանկ գույներով ու բույրերով օծված: Ալլան շատերին ճանաչեց. հայտնի կայանք էին կամ հայտնի ամուսինների կանայքՙ պատգամավորներ, վարչությունների պետեր, նախարարների տիկնայք ու իշխանական թեւերում իրենց նրբագեղ բարձրակրունկի տեղն ամրագրած գործիչներ: Ծափերը թնդացին, բեմ ելավ ռուս էստրադնիկը: Նա ծնրադիր շնորհավորեց հայուհիների մարտի ութը: Շլացուցիչ հայուհիների սրտները հաճույքից նվաղեցին: Ալլան աչքի տակով սկսեց ուսումնասիրել իր աջ կողմում նստած ժպտադեմ կնոջը: Հանկարծ ռուս էստարդնիկի ձայնը քարացավ ականջներում: Տիկնոջ պարարտ պարանոցին, դաստակին ու մատնեմատին բոցկլտում էին Արփիի հարսանեկան զարդերը: |