RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#007, 2016-02-26 > #008, 2016-03-04 > #009, 2016-03-11 > #010, 2016-03-18 > #011, 2016-03-25

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #9, 11-03-2016



Տեղադրվել է` 2016-03-11 00:47:26 (GMT +04:00)


Ընթերցված է` 1241, Տպվել է` 6, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՖՐԵՍԿԻՑ ԻՋԱԾ ՏՂԱՆՙ ԱՐՄԱՆ ՄԱՆԱՐՅԱՆԸ

Վարսիկ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Ասում են, եւ մենք հավատում ենք, որ մեզանից հեռացած սիրելիները շարունակում են մնալ մեզ հետ եւս 40 օր: Ուրեմն ես քեզ հետ կարող եմ խոսել, սերելի Արման, ասել թե ինչքա՜ն եմ մորմոքում քեզ համար: Ախր դու «Կարինե»-ով այնպիսի տոնուխնդություն ես պարգեւել մեզ, այնպիսի անբասիր ճաշակ ու խրախճանք, որ կյանք է իմաստավորում: Հապա «Տժվժի՞կը», որ ռուսները ոչ մի կերպ չեն կարողանում ճիշտ արտաբերել եւ համերաշխ քրքիջ են հարուցում իրենց «Վժվժիկ»-ով: Բայց դա քո առաջին ֆիլմն էր եւ այնպիսի հսկաներով, որ Հրաչյա Ներսիսյանն ու Ցոլակ Ամերիկյանն էին, նաեւ Արման Կոթիկյանը: Բոլորը, որ երիտասարդիդ մտքի ու ձեռքի շարժումին հնազանդ, շեդեվր ստեղծեցին: Եվ ինչ համարձակություն. առաջին մեր մեծ էկրանում դու հնչեցրիր մեր արբշիռ ու գունեղ արեւմտահայերենը: Կեցցե՛ս դու: Դեռ այն ժամանակ այդ կտավիդ դրվագային դերով հանդես եկող արտիստ Զարե Տեր-Կարապետյանը նկարահանումից տուն դարձավ եւ ասաց մի բան, որ սպառիչ բնութագիր էր.

Ուշքի չեմ գալիս. այդ տղան ամբողջովին արվեստ է. արվեստից դուրսՙ չկա: Ի՜նչ սեւեռում ու ներքին տեսլական, ներքին այնպիսի ուժ, որ իրեն է ենթարկում բոլորին: Հանա՞ք բան է նման մեծերին վարելը: Ինքն էլ ասես էս աշխարհից չի. Ֆրեսկից է իջել. մաքուր, անբիծ, հրեղեն:

Արման ջան, ողջության օրերին մենք այնքան զուսպ ենք. եթե չասեմՙ ժլատ: Ես նույնիսկ չգիտեմ. Զարեն, որ ձեր ընտանիքի անդամի պես էր, ասա՞ց արդյոք իր տպավորության մասին: Դատելով նրա քչախոսությունիցՙ կարելի է կասկածել: Պարզվում է, որ արարման պահը մարդու համար միանգամայն այլ տիրույթ է: Մենք քեզ վերաբերվում էինք ինչպես տան փոքրին, թեեւ գիտեինք, որ բազմաշնորհ ես: Կարեւորը ավագ եղբայրդ էրՙ Երվանդը, եւ մեզ շատ էր դուր գալիս քո հարգալիր, խոնարհ պահվածքը, ամեն ինչում եղբորդ հետ խորհրդակցելու սովորույթը: Ինչպես զգացինք, դա ցոլանալու էր եւ ձեր հետագա հարաբերություններում, որտեղ դուք դառնում էիք եւ համահեղինակ: Բայց ներիր. մինչեւ այսօր էլ չեմ կարողանում հասկանալ, թե դուՙ Իրանից եկածդ, ինչպե՞ս կարողացար գնալ Մոսկվաՙ մի երկրորդ մասնագիտություն ձեռք բերելու համար: Գիտեմ, իրանահայերը իրենց երկարատեւ հոգեւոր մեծ Հովվիՙ Մելիք-Թանգյանի շնորհիվ անբասիր էին մայրենիի հարցում, բայց... ռուսերե՞նը... Ներիր, ոչ միայն ես, բոլորն են զարմացած. քանզի ռուսերենի իմացության հարցում ոչ մի զիջում չանող սովետի ԲՈՒՀ-ը ինչպե՞ս չմերժեց ոչ ռուս ուսանողին: Չէր կարող, քանի որ անթերի էր Արմանի ռուսերենը:

Թեհրանում սկսված բարեկամությամբ Երվանդ Մանարյանն ու Զարե Տեր-Կարապետյանը հանդիպում էին ամենուր, բայց կրտսեր եղբորը չգիտեինք. ուղղակի գիտեինք, որ ուսանող է: Առաջին անգամ նրան ճանաչեցի Մանարյանների տան մեր հանդիպումներին, որոնց լինում էին նորապսակ Գոհար Գասպարյանն ու Տիգրան Խանտիկյան-Լեւոնյանը: Առիթ եղել է, եւ ես պատմել եմ այդ արտասովոր երեկոների մասին: Դրանց ծաղիկը զվարթ, պայծառ ու լուսե Արմանն էր: Բարեկազմ, դյուրահաղորդ մի տղա, որ շարունակ կատակներ էր անում իր երաժշտական իմպրովիզով: Մոցարտի, Գրիգի ու այլոց դյութիչ ֆրազները մինչ կհասցնեինք ըմբոշխնելՙ ակնթարթորեն մեզ նետում էր «Ավլեմ-թափեմ փոշին» կամ «Հայ Նուբար, Նուբար» եւ այլ մեղեդիների աշխարհը: Հիշում եմ, թե ինչպես էր Գոհար Գասպարյանը հիանում Արմանի իմպրովիզներով: Մեր հավաքներին հաճախ էր լինում Տիգրանի կրտսեր քույրըՙ Աստղիկը: Մի իսկական հեքիաթային աղջիկ. բարեկազմ ու շատ գեղեցիկ: Կաթնաթավիշ դեմք, սեւ մազ ու հոնք եւ մանուշակագույն աչքեր: Նրան կոչում էին դեռատի Էլիզաբեթ Թեյլոր: Գոհարն ասում էր, որ նման աչքեր ունեցել են հռչակավոր պարուհի Այսեդորա Դունկանը եւ Էլիզաբեթ Թեյլորը: Մանարյանների այգում խորովածի ամբողջ եռուզեռը Աստղիկի վրա էր: Արագ-արագ ամեն ինչ բերում-տանում էր, ու մենք զմայլվում էինք նրանով: Տիկին Ժենյան եւս չէր թաքցնում իր հիացումը եւ կիսաձայն ասում էր, թե իր հարսն է անելու: Պերճ Զեյթունցյանի փաշփաշա Վարդանուշ մայրիկն էլ լրացնում էր.

Հապա-ա՜. արժանին արժանավորին պիտի երթա:

Խեղճ մայրիկներ, որ չէին էլ նկատում, թե Արմանը ոչ մի հետաքրքրություն չէր դրսեւորում գեղեցկուհու հանդեպ: Մի անգամ չդիմացա ու ասացի.

Ո՞նց ես դիմանում էդ հրաշքին...

Դիմանալը այն բառը չէ, բայց ես արդեն...

Ընտրա՞ծ ունես. ո՞վ է...

Ոչ թե ով, այլՙ ի՛նչ: Վաղ է. ես դեռ պետք է Մոսկվա, կինոինստիտուտ գնամ:

Կոնսերվատորիան ավարտելուց հետո նո՞ր մասնագիտություն:

Դա վաղուց էի ընտրել. պետք է լցվեի, հասունանայի...

Մեր զրույցին հետեւող Կարպիս Հոգտանյանը միջամտեց.

Բայց գիտես, չէ՞, ինչքան դժվար է ռուսերենի հարցը. նվազագույն թերությունը չի հանդուրժվում: Գիտես չէ՞, որ նույնիսկ Արմեն Ջիգարխանյանին են մերժել ինստիտուտ ընդունել...

Անեկդոտ է...

Արման, պատվովս եմ երդվում: Իրենից եմ լսել. մեզ մոտ, Գուլակյանի մոտ ավարտեց, չէ՞: Երեւանում ռուսական դպրոց ավարտած երկու ջահելներըՙ Նառա Շլեպչյանն ու Արմենը մեկնում են Մոսկվաՙ թատերական ինստիտուտ ընդունվելու: Նառային ընդունում, Արմենին մերժում են: Ու որքան գիտեմ, այդ հողի վրա են նրանք բաժանվել:

Իսկական անեկդոտ. հիմա առանց նրա ոչ թատրոնները, ոչ կինոն չեն պատկերացնում իրենց ծրագրերը... Մի անհանգստացեք,- ասում էՙ ճակատի անհնազանդ մազերը հարթելով, հայացքով ընդգրկելով մեզ,- ես կկարողանամ ընդունվել:

Իրանահայ դպրոցո՞վ:

Ոչ միայն:

Եվ կցկտուր տվյալներից ես հասկացա, որ անհիմն չէր նրա ասածը: ԱՄԵՆ ԻՆՉ ԱՅՆՏԵՂԻՑ էր սկսել. ծնողներից: Գուցե սա միա՞կ առիթն է իրանահայ թատրոնի ողջակիզման հասնող այդ արտասովոր նվիրյալների մասին խոսելու: Հայրըՙ Քրիստափոր Մանարյանը ծնվել էր Ագուլիսում (1897 թ.), որի անունն էլ կնքել են քաղաքի եկեղեցիներից մեկիՙ Քրիստափորի անունով: Հայկական այդ բարեշեն քաղաքում կային հայկական եւ ռուսական դպրոցներ: Երիտասարդը երկուսն էլ ավարտեց, երազում էր տնտեսագետի կրթություն ստանալ Պետերբուրգում: Ուսանում էր, երբ սկսվեց Առաջին համաշխարհային պատերազմը եւ հայորդուն եւս ընդգրկեցին սպիտակ գվարդիականների զորամասում: Կռվում էին եւ ինչպես միշտ հայորդին անձնազոհաբար էր կռվում: Հանկարծ նրա առողջությունը վատանում է, եւ փոխադրում են հոսպիտալ... Մի քանի օրից ապաքինվելով վերադառնում է, բայց իր զորամասից ոչ ոքի չի գտնում. բոլորը զոհվել էին... Պատերազմից հետո վճռում է ապրել Իրանում եւ զբաղվել սիրած գործով. թատրոնով: Այդ նույն ժամանակներում Ժենյայի ընտանիքն էլ Ախալցխայից փոխադրվել, բնակություն էր հաստատել Իրանում: Նշանավոր Կոստանյան ամուսինների թատերախմբում էլ միմյանց գտնում են թատրոնի երկու սիրահարները, ամուսնանում: Թատրոնի կուլիսներում էլ մեծացնում են իրենց տղաներինՙ Երվանդին ու Արմանին: Եվ քանի որ տիկին Ժենյան էլ էր ծննդավայրումՙ Ախալցխայում ռուսական դպրոց ավարտել, ամուսինները երեխաներից թաքուն ինչ-որ բան խոսելիսՙ դիմում էին «գաղտնի լեզվին». ռուսերենին... Եվ հետո ի՛նչ զվարճալի էր, երբ նրանք զգացին իրենց սխալը: Ախր երեխաները երազում էին Հայրենիք գնալ եւ սկսել էին ռուսերեն սովորել: Ավելինՙ տղաները վճռել էին արժանավորապես ներկայանալ եւ հաճախում էին նաեւ ֆրանսիական եւ անգլիական քոլեջներ: Այսպիսին էին 22-ամյա Երվանդը եւ 17-ամյա Արմանը, երբ եկան Հայաստան: Նախ Սպենդիարովի դպրոց, ապաՙ կոնսերվատորիա, ուր երաժշտության հետ Արմանը խորացրեց ռուսերենի իր գիտելիքները:

Սիրելի Արման, քո ընտանիքի եւ հատկապես Երվանդի հետ դեռեւս Թեհրանում սկսված բարեկամությունը շարունակվում էր, բայց քեզ առաջին անգամ ես տեսա 1957-ից սկսված մեր ընտանեկան հանդիպումներին: Հիշո՞ւմ ես, մենք ավանդական օրեր ունեինք. Ամանորի երկրորդ օրը եւ բոլոր տոներին: Հիշո՞ւմ ես, ինչ չարաճճի կատակներ էիք անում դու եւ Տիգրանը. ինչպես էիք նմանակում աշխարհահռչակ երգիչներին: Իսկ քո իմպրովիզները նմանը չունեին: Հիշո՞ւմ ես, ինչ զրնգուն էր Գոհարի քրքիջը, երբ դու իմպրովիզներ էիր անում: Այն օրվանից ինչքան ջուր հոսեցՙ մինչեւ վերջինՙ «Սասունցի Դավիթ» մուլտիկը, երբ դու բավականին հառաջացած տարիքում էիր, բայց միեւնույն է. անունդ լսելիս կամ տեսնելիսՙ ես քեզ միշտ տեսնում էի հոգուս աչքերով. առաջին օրվա տպավորությամբ, երբ դու լուսե, բարեկազմ, անհնազանդ խոպոպները ճակատիդ, շատ բարեկիրթ ու թավշյա ժպիտով տղա էիր... Լուսե հայացքով, ձեռքերից ու մատներից թափվող հնչյուններով, Ֆրեսկից իջած մի տղա... Այն ժամանակ ես ոչ մի կերպ չէի պատկերացնում քեզ մեկ այլ մասնագիտությամբ, եւ հանկարծ դու մեզ մեծ անակնկալ ես անում...

Հիշո՞ւմ ես 75-ին մեր կինոստուդիայի բակում մեր հանդիպումը: Ինձ այնտեղ էր կանչել այն ժամանակ Սովետի բարձրացող կինոռեժիսոր Էմիլ Լոտյանուն: Նախորդ տարում մենք միասին եղել էինք մի մեծ շրջագայությանՙ Հնդկաստան, Շրի Լանկա, Սինգապուր: Էմիլն իր հետ բերել էր լուսանկարները, որոնք հանեց պայուսակից, ու ես ուղղակի խլեցի ու դիտում էի, երբ մեզ մոտեցավ կինոռեժիսոր Յուրի Երզնկյանը, ում հրավերով էլ Էմիլը եկել էր նրա նոր ֆիլմըՙ բակունցյան արձակի հիման վրա նկարած «Այս Կարմիր-կանաչ աշխարհը» դիտելու: Բնականաբար մենք պատրաստվում էինք ներս գնալ, երբ հայտնվեցիր դու: Ես անմիջապես քեզ ներկայացրի Էմիլին.

Մեր ամենախոստումնալից ու ինքնատիպ ռեժիսորըՙ Արման Մանարյան...

Ես իրեն գիտե՜մ. «Վժվժիկ» էր կարծեմ Ձեր դիպլոմայինը... ասաց ու լռեցՙ մեր քրքիջը լսելով... Մենք ուղղեցինք ֆիլմի անունըՙ «Տժվժիկ», եւ նա շարունակեց,- կարելի է ասել աղմկալի հաջողությամբ ընդունվեց, չէ՞: Ինչ եք անում (ձայնը իջեցնելով). հո Ձեզ չե՞ն խեղդում:

Չէ-է,- լայն ժպտացիր,- ընդհակառակըՙ առաջարկում են նոր նյութեր...

Փառք Աստծո, թե չէՙ ում հանդիպում եմՙ բողոքում է ադմինիստրացիայից:

Հետո մենք ներս մտանքՙ ցուցադրության, իսկ դու հրաժեշտ տվիր: Այն օրվանից ինչքա՜ն ջրեր հոսեցին: Դու համարյա իրար հետեւից ֆիլմեր էիր նկարումՙ ե՛ւ գեղարվեստական, ե՛ւ փաստագրական, առանց ամուլ տարիներ ապրելու: Կինոքննադատներն այդ մասին կասեն: Ես միայն թվարկեմ. «Տժվժիկ» (1961), «Բյուրականի աստղադիտարանը» (1965), «Կարինե» (1967), «Մորգանի խնամին» (1969), «Հեղնար աղբյուր» (1970), «Վերադարձ» (1972), «Սպիտակ ափ» (1975), «Եվս հինգ օր» (1979), «Ընկեր Փանջունին» (1921), «Սասունցի Դավիթ» (2010): Այս ամենի մեջ մերձավորներիս մեջ ամենաէականը «Կարինե»-ն էր. վերջապես մեր անուշ տղան գտավ իր սիրելիին եւ ամուսնացավ: Թեեւ նրա անունը Լիդա էր, բայց նա բոլորիս համար Կարինե մնաց, քանզի այդ աղջիկն այնպես էր տարրալուծվել իր հերոսուհուն, իր հոգու աշխույժն ու խինդը այնպես էր դարձրել կերպարինը, որ դժվար էր նրանց զատել...

Միայն ուզում եմ ընդգծել Արմանի արտասովոր հավատարմությունը հայ դասականին, որ արտահայտվեց ոչ միայն հայտնի գրական երկեր մեր մեծ էկրանին անմահացնելուն, այլեւ արեւմտահայերենն ու հայկական բարբառները հնչեցնելու, կինոռեժիսորի ստեղծագործական գունեղ կտավ, ինքնատիպ միջավայր ու նկարագրեր մատուցելու մեջ: Ավելին. քո ստեղծագործական սկզբունքների անսակարկ ամբողջականությունը, հաստատելու անզիջում ճաշակը, որից դու երբեք եւ ոչ մի առիթով չնահանջեցիր: Կինոռեժիսորի կյանքը բարդ է, անկանխատեսելի եւ որքան լի ձախողում սպառնացող դեպքերով, որոնք անհայտ են մնում հանրությանը, բայց դրանք նյարդեր ու առողջություն են տանում:

Ես միայն մի փոքրիկ դրվագ եմ ուզում հիշել: Անցյալ դարի 90-ականներին մեր քաղաքական կյանքն, ասես հերթի դրեց մի դասական եւս կյանքի կոչել. Օտյանի վառ ու շամփրող «Փանջունին»: Խեղճուկրակ հայ գյուղի ու նույնպիսի հոգեւոր հովվի համար Արմանը նկատի էր ունեցել ամուսնուսՙ Զարե Տեր-Կարապետյանին, բայց մինչ նկարահանումները կսկսվեինՙ Զարեն արյունազեղում ունեցավ: Բարեբախտաբար շուտ անցավ ամեն ինչ, բայց միեւնույն էր. դեռեւս չէր կարելի աշխատել: Արմանը ձգեց, որքան հնարավոր էր, բայց այլեւս անհնար էր սպասել: Եկավՙ զգաց, որ արտիստը ոտքի վրա էր, բայց ռիսկել չի կարելի: Զարեն խնդրեց, համոզեց ուրիշ դերակատար փնտրել: Դա Արմանի սրտովը չէր, բայց համակերպվեց ու գնաց: Մի քանի օր անց Արմանը զանգահարեց... Ձայնի մեջ այնպիսի դրամատիկ լար կար, որ ինձ շատ մտահոգեց: Զարեն վերցրեց լսափողը, փորձեց ինչ-որ կերպ առարկել, բայց Արմանի հուսալքումը նրան էլ լռեցրեց:

Դե լավ, եկ տեսնենք ինչ կարելի է անել,- ասաց, դրեց լսափողն ու խոժոռվեց:

Միտքը նյարդային գործում է, հարցնում եմՙ չի պատասխանում, ասաց միայն, որ Արմանը շուտով կգա: Պարզ էր. իմ սրտով չէր եւ ես պատրաստվում էի դիմադրության: Շատ չանցած Արմանը դռանն էր: Ներս մտավ, Զարեի հետ ջերմ ողջագուրվեցին, նստեց ու լուռ դիտում են միմյանց... Տղան այնքան ընկճված էր, որ ես թեւաթափ եղա: Լռությունը խզեց Զարենՙ իրեն հատուկ մեղմ ժպիտով:

Ինչ ասեմ, Արման ջան. դու գիտես, որ ամեն գնով պատրաստ եմ քեզ օգնելու, բայց ի՞նչ անեմ...

Բժիշկների հետ խորհրդակցել եմ. դժվարը անցել է. ասում են հնարավոր է: Կարծում ես տարբերակներ չե՞մ փորձել: Բայց ոչ մեկը չի գոհացնում: Միայն քեզ եմ տեսնում այդ դերում... Ամբողջ խումբը պատրաստ է քեզ օգնել: Ասում ենՙ իրենց ուսին դրած կհանեն բարձունքը... այնպես կանենք, որ դու ոչ մի դժվարություն չունենաս... Ուրիշ ինչ ասեմ. աբողջ խումբը քեզ է սպասում. բոլոր ժամկետներս սպառվել են... Իսկ գուցե քեզ հենց այդ բնությո՞ւնը, մաքուր օ՞դն է պետք: Զգացի. Զարեն համոզվել էր: Գուցե, իսկապե՞ս փոփոխությունը պետք էր:

Մյուս օրը խումբը եկավ, Զարեին իջեցրին, նստեցրին մեքենա ու տարան... Ամբողջ օրը փշերի վրա եմ, լավ բան չես մտածում... Ուշ երեկոյան խումբը եկավ: Զարեի աչքերում խոնջանք կար, բայց եւ ավելի հանդարտ մի բան:

Պատանը պատռեցինք,- ասաց նա իր սիրած արտահայտությունը:

Հա-ա՞,- ուրախությանս չափ չկար: Որքան գիտեմ, այդ օրվանից Զարեն ավելի ու ավելի լավ զգաց:

Բայց թե դա որքան ուժ ու ավյուն, նյարդեր նստեց Արմանինՙ դժվար է ասել:

Իսկ ինչքան դերեր, այլեւս չասենք խմբական տեսարաններ ու հատվածներ, լուծումներ ունի կինոնկարը: Ահա թե ինչո՞ւ են կինոռեժիսորները ժամանակից շուտ ծերանում... Մինչեւ գետին խոնարհվում եմ քո գեղեցիկ կամքի ու ճաշակի առջեւ. քո շնորհիվ Զարեն մի հրաշալի «կարապի երգ» ունեցավ, իմ անուշ, լուսե Արման. քո տեղը երկնքում է. կհանդիպեք Զարեի հետ միմյանց, իսկ գուցե այնտե՞ղ էլ նկարահանում անեք... Միեւնույն է. դու ինձ համար մնացիր ոգեշնչված, միասեր ու ամբողջական մի հայորդի, որ մաքուր էրՙ ինչպես Ֆրեսկից իջած ոչ երկրային արարածը, չարին, վատին անհաղորդ, իր տեսլականով հպարտ ու անառիկ, որ հեռանալով դարձավ յուր շրջանը...

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #9, 11-03-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ