ՏԵՍԱՆԵԼԻԻՑՙ ԱՆՏԵՍԱՆԵԼԻ ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ Իտալացի ժամանակակից նկարիչ Մարինո Լեքիի (Marino Lecchi) արվեստի հանդեպ հետաքրքրությունը առավել սրվեց հեղինակի այն կարծիքից, թե իր նկարչությունը դժվարամարս է, բարդ եւ հասանելի չէ ամենքինՙ նկատի ունենալով գեղագիտական այն կոնցեպցիան, որն ընկած է այս արվեստի հիմքում: Փորձեցի հասկանալ այնՙ մի քանի ժամ շարունակ հետեւելով ֆեյսբուքյան իր էջում տեղադրված նկարչական շարքերին: Իրականության տեսանելի վիճակներից դուրս հայտնվում է նկարչի ներքին տեսողականությունըՙ պատկերելու այն աշխարհը, որը ճանաչել կարելի է միայն զգայորեն: Իրականության, վիզուալՙ արտաքին ձեւերի երկրաչափական գծածավալային պատկերների կոմբինացիան տեղափոխվում է միանգամայն այլ հարթությունՙ տեխնիկական միջոցների եւ գունային լայն սպեկտրի համադրությամբ, որի ընթացքը նյութը պարզ վիճակից հասցնում է գոյութենականության սուբստանցինՙ անվերջության գաղափարին: Ձեւածավալային գոյությունները շարժման ազդեցությամբ ենթարկվում են վերափոխումներիՙ դրան հաղորդելով նոր որակ եւ ֆունկցիա: Արտաքնապես պարզ ընկալելի պատկերները վերածվում են հարատեւ շարժման մեջ գտնվող տրոհելի մասնիկների, որով լցված է անսահմանելի տարածությունը, իմաՙ տիեզերական էներգիայի: Այսպիսի տպավորություն-զգացողություն է թողնում իտալացի նկարիչ Մարինո Լեքի շարքըՙ վերնագրված Indeterminismo Estetico: Արվեստագետի գեղագիտական կողմնորոշումները ակնհայտորեն աղերսվում են գիտական, փիլիսոփայական որոշակի դրույթներիՙ ուղեկցված հեղինակի նկարչական մտածողության գեղարվեստական արտահայտչաձեւերով եւ ոճական առանձնահատկություններով: Ֆորմաների հաճախակի կրկնությունները կարծես հաստատում են բնության ինքնարարման էվոլուցիոն բնույթն ու փոխակերպումների օրինաչափությունը, ինչպեսՙ գույնի եւ լույսի, նյութի եւ արագության փոխհարաբերություն - մետամորֆոզը: Նկարչական պասիվ արտահայտչաձեւերի եւ ակտիվ գունամտածողության հետաքրքրական համադրումը գաղափարը վերածում է գեղարվեստական փաստի: Կյանքիՙ պատճառահետեւանքային կապի ճանաչողության եւ գոյաբանական «անորոշության», մարդու եւ հավերժության նրա ձգտումի, վերջավորիՙ նյութական սուբստանցի եւ անվերջավորիՙ տիեզերքի միջեւ կապի բացահայտմանն է հեղինակը ծառայեցում գեղագիտական իր կոնցեպցիան, ինչն ի դեպ, նրա ստեղծագործական տարբեր փուլերին է բնորոշ (Espressionista Simbolico, Periodo Antropomorfico, Indeterminismo Estetico): Բացառիկ վառ գունազգացողություն ունի նկարիչը, հարթության, կտավի միեւնույն մակերեսին գույները ծավալվում են այնպիսի փոխներթափանցումներով, լուսային այնպիսի գրավիչ շերտավորումներով, որ հաճախ է գույնը իմաստի հիմնական կրողը դառնում: Կարելի է ասել գեղարվեստական մտածողության արտահայտությունները, որոնք վերոնշյալ շարքում առավել վերացարկված են, ինչպես առաջադրված գաղափարըՙ «գեղագիտական անորոշությունն» է թելադրում, որոշակի փոփոխություններ կրելով, զարգացումներ են ունենում մեկ ընդհանուր գաղափարական դաշտում, ինչն ապահովում է ստեղծագործական տարբեր փուլերի շարունական ամբողջականությունը: Նախընթաց շրջանի աշխատանքներում դրանք ներկայացվում են իբրեւ ֆիգուրատիվ արտահայտչաձեւեր: Առավել անմիջական է անցումը կամ կապը Espressionista Simbolico («Էքսպրեսիոնիստական սիմվոլիկա») եւ Indeterminismo Estetico («Գեղագիտական անվերջություն») շրջանների միջեւ. վերջինս, կարծես զարգացնելով հեղինակի նախորդ շրջանի որոնումներն ու մոտիվներըՙ նյութականը տարրալուծելով, ձեւը վերացարկելովՙ այն հասցնում է անվերջության կամ հավերժության գաղափարի: Նկարչի ֆիգուրատիվ կոմպոզիցիաներում, էքսպրեսիոնիզմին բնորոշՙ արտաքին աշխարհի տպավորությունները վերափոխվում, վերաձեւվում ենՙ ենթարկվելով սեփական աշխարհի ներքին ձայներինՙ վերակազմավորվելով միանգամայն ուրույն զգացողությունների դաշտում, որ միմիայն հեղինակի անհատական փորձի եւ մտածողություն հետեւանք է: Իրականության ձեւերը վերածվում են էմոցիոնալ ապրումի, հոգու պրիզմայի միջով անցնելովՙ վերափոխվում, զտվում ենՙ վերագտնելու երեւույթի, իրի, մարդկային գոյության բուն էությունը, ստանալով ինքնարտահայտության ընդհանրացնող ձեւեր, ծավալներ ու սիմվոլներ: Այս առումով հետաքրքրական են մի շարք աշխատանքներ, ինչպեսՙ հայրենի Բերգամոյի պատկերումներըՙ «Կյանքի պարը», «Մարդկային գոյություն», «Երկնքի եւ երկրի միջեւ», «Այլ փոխհարաբերություններ», որտեղ ֆիգուրները, ձեւերը միջավայրի փոփոխության, նոր հարթության մեջ փոխակերպվում են զգացողական, տրանսցեդենտալ վիճակներիՙ նկարչական հնարքներով: Առաջին շրջանին բնորոշ ներհայեցումների սիմվոլիկ վերափոխումներըՙ գծի, վառ արտահայտված գունային ձեւագոյացումների, մոտեցնում են նկարչի գեղագիտությունը շարժման անընդհականության եւ հարատեւության գաղափարին. տարբեր իրականությունների, ժամանակների կապերն ու երեւույթների փոխակերպումները շարժման մեջ ձուլվելովՙ հասնում են նախաստեղծ վիճակիՙ ներդաշնակության ու կատարելության ձգտումով: |