RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#004, 2016-02-05 > #005, 2016-02-12 > #006, 2016-02-19 > #007, 2016-02-26 > #008, 2016-03-04

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #6, 19-02-2016



ԿԻՆՈ

Տեղադրվել է` 2016-02-18 22:22:12 (GMT +04:00)


Ընթերցված է` 1095, Տպվել է` 9, Ուղարկվել է էլ.փոստով` 2

ՄԵՐ ԱՐՄԵՆԱԿԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ

Սերգեյ ԳԱԼՍՏՅԱՆ, Կինոգետ, գրող

Հրանտ Հակոբյանի նոր ֆիլմը

Կինոռեժիսոր Հրանտ Հակոբյանը, ում անունը վաղուց հայտնի է վավերագրական կինոյի երկրպագուներին, գեղարվեստական կինոյից (որպես 2-րդ ռեժիսոր նա հանդես է եկել «Երջանկության մեխանիկա» , «Հրդեհ», «Ձիավոր, որին սպասում էին» խաղարկային ֆիլմերում) գալով «Հայկ» վավերագրական ֆիլմերի կինոստուդիա (1988), ստեղծեց միմյանց հաջորդող բավականին հետաքրքրական աշխատանքներ: Նշեմ լավագույններից «Մոնթե» կինոակնարկը (1993, օպեր. Լ.Պետրոսյան): Եթե յուրաքանչյուր արվեստագետ փոքր ինչ հոգեբան է, ունի լավ ճաշակ եւ գեղարվեստական մտածողություն (իսկ նա զինված է դրանցով), ապա նա չէր կարող չստեղծել առնական հայի, ռազմագիտակ զորավարի հզոր կերպարը: Մոնթեն էկրանին հայտնվում է արցախյան ազատամարտի հերոսական դրվագներում որպես լեգենդար հրամանատար:

Հիշեցնեմ նաեւ «Հավերժական թռիչք» (Հրանտ Դինք)» սրտառուչ ֆիլմը (2007, օպեր. Ս. Բաբասյան), որը պատմում է պոլսահայ համայնքի նշանավոր անհատականության գործունեության ու նրա հավերժական թռիչքի մասին: Պատմում է հարազատի ջերմությամբ, ցավը սրտում, տառապանքով, միաժամանակ սիրով ու հպարտությամբՙ առ Հրանտ Դինքը...

Ինչո՞ւ հիշեցի այս երկու աշխատանքները: Հիշեցի, որովհետեւ մեր հայության, մեր սփյուռքի հզոր արմատներց է սերված նաեւ մեր Արմենակը, մի հայորդի, որի կյանքն ու գործը շատերիս համար անհայտ էր ու ծպտված... Եվ ես պատրաստվում եմ ըստ Հրանտ Հակոբյանի «Մեր Արմենակը» լիամետրաժ նոր ֆիլմի, պատմել մեր ընթերցողներին նրա ով լինելու, նրա հեղափոխական ոգու ու հերոսական կերպարի մասին:

...2015-ի ապրիլի 20-ին նկարահանող խումբը մեկնում է Թուրքիա: Նկարահանումները ծավալվում են Ստամբուլում, Դիարբեքիրում, Դերսիմում: Մարդիկ, ովքեր հիշում ու պատմում են ֆիլմի հերոսի մասին, հարազատներից բացի նաեւ նրա ընկերներն են. նրանց անունը չի նշվում, դեմքերը մթնեցված է, որովհետեւ մինչեւ այսօր նրանց հետապնդում է թուրքական իշխանությունը: Կիրակոս Քարաջօղլին, ով մոտիկից ճանաչել է Արմենակին, եկել է Բելգիայից, որ օգնի նկարահանող խմբին, ուղեկցի նրանց: Եվ ահա նրանք Դիարբեքիրում են. ահա եւ Դպրեվանքը, որտեղ մինչեւ տասներկու տարեկանը սովորել է Արմենակը: Այստեղ սովորում էին քրդախոս հայ երեխաները, նրանց սովորեցնում էին հայերեն գրել, կարդալ, որպեսզի պահպանեն իրենց ինքնությունը:

Դպրոցի պատերին փակցված են շրջանավարտների նկարները. ահա նաՙ մեր Արմենակը, մատնացույց է անում Կիրակոսը...

Արմենակ Բաքրջյան - Օրհամ Բաքիր...

Տիգրան Մեծի կառուցած արքայանիստ քաղաքումՙ Դիարբեքիրում է ծնվել ու մեծացել Արմենակը: Պատմում է քույրը. «Դպրոցական տարիքից նա չափազանց մաքրասեր էր, կարգապահ ու լավ սովորող տղա... Ուսուցիչները զարմացած հարցնում էինՙ Արմենակ, այդ ի՞նչ անուն է, որտեղից են գալիս արմատները: Բոլորը փոխել էին իրենց անունները, իսկ մենք չէինք փոխում»:

Պատմում է եղբայրըՙ Քեմալ Բաքիրը. «Մենք յոթ երեխա էինք, Արմենակը տարբերվում էր, շատ հանգիստ ու փափուկ բնավորություն ուներ, սիրում էր կարդալ, որ շատ բան իմանար մեր ինքնության մասին: Մի անգամ ինձ հարցրեցՙ գիրք կարդու՞մ ես... պետք է անպայման շատ կարդալ, դա զարգացնում է մարդու միտքը: Մի օր էլ գիրք տվեց, կարդացի, հավանեցի, հասկացա, որ իրոք շատ կարդալ է պետք...»:

Ընկերը. «Նա շատ հարգված ու սիրված անձ էր. սիրալիր էր, օգնում էր բոլորին իր խորհուրդներով, ինչով կարողանում էր... նրա կերպարը միշտ ոգեւորել է ինձ»:

Պատմում է մյուս եղբայրըՙ Իբրահիմ Բաքիրը. «Մի անգամ մայրս հարցրեց հորս. չորս տղա ունես, ի՞նչ է լինելու նրանց ապագան, հայրս նայեց մեզ, նայեց ու ասաց. ես չգիտեմ ով ինչպես, բայց Արմենակը զբաղվելու է քաղաքականությամբ, որովհետեւ գլուխը գրքերի միջից դուրս չի հանում...»:

Եվ ահա այսպես հյուսվում, պատկեր առ պատկեր զարգանում է ֆիլմը: Իր ոճով նա հարում է այն ֆիլմ-հետազոտություններին, որոնք հավատարիմ մնալով կինոժուռնալիստիկայի արտահայտչաձեւերին, իրենց պատումը մոտեցնում են թեմայի կիզակետին: Տրամաբանական մոնտաժը հանդիսատեսին մի պահ կրկին բերում է Երեւան:

Ռուբեն Մելքոնյան, թուրքագետ : - Արմենակ Բաքրջյանը թուրքահայ համայնքի պատմության մեջ յուրահատուկ կերպար էր. առաջինՙ նա Թուրքիայում եղել է ձախակողմյան (հեղափոխական) շարժման ամենավառ ներկայացուցիչը, երկրորդըՙ եղել է պոլսահայ համայնքում թուրքական ճնշումների ու հալածանքների, իր ինքնությունը եւ իր սկզբունքները պահպանած եզակի անհատականություններից մեկը: Հարելով ձախակողմյան գաղափարախոսությանը, ընտրելով պայքարի այդ ուղին, նա չէր նշում իր ազգային պատկանելությունը եւ չէր նշում, որ պայքարում է այդ գաղափարի համար, այլ պաշտպանում է ազգային փոքրամասնությունների շահերը: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ մենք գործ ունենք մի մոռացված հերոսի հետ, ֆիդայական շարժման շարունակողի հետ: Նա պայքարում էր ցեղասպանությունից հետո հայության բեկորներին վերադարձնելու իրենց արմատներին եւ դա պահպանելու համար»:

Ֆիլմը, որ հարուստ է մեր կորուսյալ հայրենիքի տեսարաններով, վառ դրվագներով (օպերատոր Աշոտ Մկրտչյան), հանդիսատեսին տանում է դեպի մեր նախնիների կառուցած վեհաշուք պարիսպները, ուր հաճախ շրջել է պատանի Արմենակը... Ահա Տիգրիս գետի վրա կառուցված շքեղաշեն այն կամուրջը, որի վրայով անցուդարձ էր արել մեր հերոսը եւ հիշել ծնողների պատմածներըՙ թուրքերի բարբարոսությունների մասին... Եվ հենց այդ կամուրջի վրա էլ նա երդվել էրՙ պայքարել հանուն արդարության, հանուն ազգային ինքնությունը վերականգնելու...

Ստամբուլ տեղափոխվելուց հետո նա արդեն Դպրեվանքի աշակերտ էր, որտեղ սովորում էր նաեւ Հրանտ Դինքը: Նրանք դառնում են հավատարիմ ընկերներ եւ որոշում են միասին ելնել պայքարի...

Երբ նրանք ուսանում էին Թուրքիայի պետական համալսարանում, Հրանտըՙ կենսաբանական ֆակուլտետում, Արմենակըՙ բանասիրական, երկու տարի անց Արմենակը որոշում է թողնել համալսարանը եւ վերադառնալ Դերսիմ: Նրան մտադրությունից հետ չպահեց անգամ Հրանտի հորդորները, խնդրանքները. նա արդեն անդամագրվել էր «Tikko» բանվորագյուղացիական ազատագրական բանակին, եւ որպեսզի ապահովագրի ազգականների, հայրենակիցների անվտանգությունը, դիմում է դատարանՙ թուրքական անուն, ազգանուն ստանալու համարՙ Օրհամ Բաքիր:

Նա դառնում է շարժման լիդերը, թեեւ բանակը գլխավորում էին բացի Արմենակից նաեւ երկու անձ: Նրան վերապահված էր միանձնյա որոշումներ կայացնելու արտոնությունը:

Թուրքական իշխանությունը տեղեկանում է, որ ձախակողմյան շարժման բանակը մարտական գործողությունների է պատրաստվում, շրջանառության մեջ է մտնում Օրհամ Բաքիրի անունը: Թուրքը լավ գիտեր հայի վրեժը. եւ սկսվում են հետապնդումները: Արմենակի զինված ջոկատը պատսպարվում է Քարա Քուչա լեռներում:

Ֆիլմը ներկայացնում է մի սրտառուչ պատմություն. մի անգամ Արմենակը մտնում է թուրքական աղոթատեղի, մոլլան մոտենում է նրան` ես քեզ ճանաչեցի, դու Օրհամն ես... Մատնելո՞ւ ես, կտրուկ ասում է Արմենակը: Ոչ, որովհետեւ ես էլ եմ հայ...

Եվ Արմենակը պայմանավորվում է իր ջոկատը որոշ ժամանակով տեղափոխել այստեղ:

Իսկ թուրքական կառավարությունը շարունակում էր հսկայական գումարներ խոստանալ նրան, ով կհայտնի Օրհամի տեղը:

Դավաճանության հետեւանքով Արմենակի ջոկատը հայտնվում է ծուղակում, անհավասար մարտում զոհվում է նա (1980 թվականին, 27 տարեկան հասակում): Մոլլան իմանալով լուրը, շպրտում է զգեստը, վզից կախում է խաչը, վերցնում է հրացանը եւ շտապում ջոկատին օգնության, սակայն մնում է կիսաճանապարհին, զոհվում է թուրքերի նենգ գնդակից:

Բանաստեղծություններ են գրվում Արմենակի մասին, երգեր են ձոնվում...

Ֆիլմում հնչում է սրտառուչ մի երգ.

Օրհամ ընկեր, խոստանում ենք քեզ, ընկած զենքերը

Մենք կվերցնենք ու քո ճանապարհով կգնանք,

Քո վրեժը մենք կլուծենք պետությունից.

Դու հանգիստ ննջիր, Օրհամ եղբայր, մենք խոստանում ենք քեզ...

«Օրհամին կառավարությունը մի քանի անգամ վերաթաղեց, նրանք վախենում էին նույնիսկ նրա անշնչացած մարմնից, նրանց մեջ ահուսարսափ էր առաջացրել անգամ նրա գերեզմանը»,- ասում է ընկերներից մեկը:

Ֆիլմի վերջնամասում ցուցադրվում է ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միտինգ, լոզունգներովՙ 1915-2015 թվերովՙ ձեւավորված ու խոշոր անմոռուկով, որը խորհրդանշում էՙ հիշում եւ պահանջում ենք կարգախոսը: Միտինգում հնչում են կարեւոր բառեր, խոսքեր, որոնք հաստատում են, որ շարունակելու են Արմենակի գործը...

Ահա եւ Արմենակի նոր գերեզմանը, նա թաղված է մի վայրում, ուր անչափ շատ է եղել կոտորածը. փաստորեն դա զոհված հայերի գերեզմանոցն է... Ահա թափորըՙ դրոշներով, լոզունգներով գնում է դեպի նրա գերեզմանը, այստեղ նույնպես հնչում են խոսքերՙ հավաստելով, որ չի մոռացվի նրա հիշատակը...

Լինենք շնորհակալ «Հայկ» կինոստուդիայից, նկարահանող խմբից, անձամբ ռեժիսորից ու օպերատորից, որ նրանք այդքան սիրով ու արվեստով մեզ վերադարձրին մի մոռացված հերոսի, մեր Արմենակին:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #6, 19-02-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ