RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#004, 2016-02-05 > #005, 2016-02-12 > #006, 2016-02-19 > #007, 2016-02-26 > #008, 2016-03-04

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #6, 19-02-2016



Տեղադրվել է` 2016-02-18 22:22:12 (GMT +04:00)


Ընթերցված է` 1546, Տպվել է` 7, Ուղարկվել է էլ.փոստով` 2

ԿԱՐԵՆ ՇԱՀՆԱԶԱՐՈՎ. ՆՈՐ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐ ԼԵՎ ՏՈԼՍՏՈՅԻ՞Ն

Գոհար ԲՈՏՈՅԱՆ, Մոսկվայում «Ազգ»-ի հատուկ թղթակից

Հայազգի հայտնի կինոռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր, «Մոսֆիլմ» կինոկոնցեռնի գլխավոր տնօրեն, ՌԴ ժողովրդական արտիստ, ՌԴ պետական մրցանակների եռակի դափնեկիր Կարեն Գեորգիի Շահնազարովը կրկին հայտնվել է դասական մշակույթը գնահատողների ուշադրության կենտրոնում: Մեր տաղանդավոր հայրենակիցը, ով ժամանակ առ ժամանակ հանդիսատեսին ներկայանում է ինքնատիպ ձեռագրով ու թարմ ասելիքով օժտված իր ֆիլմերովՙ անցյալ տարվա կեսերից անսպասելի եւ համարձակ հայտ ներկայացրեց կինոաշխարհինՙ հայտարարելով, որ պատրաստվում է էկրանավորել Լեւ Տոլստոյի «Աննա Կարենինա» ստեղծագործությունը եւ արդեն սկսվել է դերասանների ընտրության (casting) գործընթացը:

«Աննա Կարենինան» ռուս եւ համաշխարհային կինոարտադրությունում հայտնվել է շուրջ 30 անգամՙ Ֆրանսիայում, Իտալիայում, Գերմանիայում, ԱՄՆ-ում, Հնդկաստանում: Միայն Ռուսաստանում այն էկրանավորվել է 6 անգամՙ համր կինոյի ժամանակներից սկսած մինչեւ 2009 թ.` ռուս կինոռեժիսոր Սերգեյ Սոլովյովի ֆիլմը: Այսօր հերթը մեկուկես տասնյակից ավելի ֆիլմերով հանդիսատեսին վաղուց հայտնի եւ միջազգային հեղինակավոր կինոփառատոններում բազմաթիվ մրցանակների արժանացած Կարեն Շահնազարովինն է: Նման բարդ եւ պատասխանատու բեռը ստանձնած ռեժիսորը, որ արդեն ամեն ինչ ասված այս լուսնի տակ, անշուշտ, գիտակցում է իր խոսքի արժեքը, հայտարարել է, որ իրեն ամենեւին չեն կաշկանդում մինչ այժմ եղած էկրանավորումները, ինքը հանդիսատեսին նոր խոսք է ասելու եւ սիրով լծվել է ֆիլմի նկարահանման աշխատանքներին:

Եվ ահա օրերսՙ փետրվարի 8-ին, Կարեն Շահնազարովի հրավերով «Մոսֆիլմ» էր այցելել արտասահմանյան առաջատար հեռուստաընկերությունների, թերթերի եւ ռադիոյի շուրջ 70 լրագրողներից բաղկացած ներկայացուցչական խումբՙ Ճապոնիայից, Իսպանիայից, Իտալիայից, Բրազիլիայից, Գերմանիայից, Արգենտինայից, Չինաստանից, Բուլղարիայից, Ռումինիայից, ինչպես նաեւՙ Մոսկվայում «Ազգ»-ի հատուկ թղթակից Գոհար Բոտոյանը:

Այցելությունը նպատակ ուներ լրագրողներին ծանոթացնելու խորհրդային ժամանակներում աշխարհում կինոգիգանտի համարում ունեցող «Մոսֆիլմ» կինոստուդիայի ներկայիս գործունեությանը, եւ, մասնավորապես, «Աննա Կարենինա» ֆիլմի նկարահանման աշխատանքներին, որոնք այս օրերին ընթանում են հենց կինոստուդիայի տաղավարներում:

1998-ից «Մոսֆիլմ» կինոկոնցեռնի գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնած Կարեն Շահնազարովի ղեկավարությամբՙ մեծ ճանապարհ անցած կինոստուդիան, հաղթահարելով 90-ականների խորը ճգնաժամը, այսօր դարձել է Եվրոպայի խոշորագույն կինոարտադրական համալիրներից մեկը: Լրագրողների խումբը կինոստուդիայի մասնաշենքերում եւ բաժիններում շրջայց կատարելուց հետո հնարավորություն ունեցավ նաեւ ականատես լինելու «Աննա Կարենինայի» որոշ դրվագների նկարահանումների անմիջական ընթացքին: Տպավորիչ էր հատկապես իտալացի լրագրողների արձագանքը: Ուշի-ուշով հետեւելով Կարեն Շահնազարովի հրահանգներին եւ պրոֆեսիոնալ դիտարկումներին` նրանք դիմեցին ֆիլմի գլխավոր ռեժիսորին.

- Իտալիայում հանդիսատեսը Ձեզ ճանաչում է որպես մեր ժամանակների տաղանդավոր եւ ինքնատիպ ռեժիսոր: Մեզ համար մեծ պատիվ է Ձեզ հետ անմիջապես շփումը, անհամբեր սպասում ենք Տոլստոյի անմահ ստեղծագործության էկրանավորմանը եւ շուտափույթ ցուցադրությանը նաեւ մեր երկրում...

Իսկ գերմանացի լրագրողի այն հարցադրմանը, թե ժամանակակից աշխարհում ինչը ստիպեց կրկին հետադարձ հայացք ձգել «Աննա Կարենինայի» ժամանակներին` Շահնազարովը պատասխանեց.

- Տղամարդ-կին հարաբերությունները, սերը, ընտանիքը հավերժական թեմաներ են, ինչպես բոլոր ժամանակներում խիստ այժմեական է հնչում հանճարեղ Տոլստոյի հայտնի ձեւակերպումը. «Բոլոր երջանիկ ընտանիքները նման են իրար, յուրաքանչյուր դժբախտ ընտանիք դժբախտ է յուրովի»: Իսկ ֆիլմը մեծ էկրան բարձրացնելու մտահղացումը ոչ թե հետադարձ հայացք էր, այլ Լեւ Տոլստոյից մինչեւ մեր ժամանակները ձգվող մի շարք հարցադրումների պատասխանները գտնելու մտահոգություն, անհրաժեշտություն, ու նաեւ` բանավեճ, որը մեր սերունդը պարտավոր էր ձեռնարկել...

Կարեն Շահնազարովը լրագրողներին տեղեկացրեց նաեւ, որ ֆիլմի գլխավոր կերպարները մարմնավորում են Ռուսաստանում ճանաչված դերասաններ Ելիզավետա Բոյարսկայանՙ Աննա Կարենինայի դերում եւ Մաքսիմ Մատվեեւըՙ Ալեքսեյ Վրոնսկու դերում:

Ֆիլմը, որը նախատեսված է ավարտին հասցնել այս տարվա ամռանը, նկարահանվում է ոչ պետական միջոցներով: Լիամետրաժ կինոնկարից բացի, գլխավոր ռեժիսորը մտադիր է ստեղծել նաեւ ֆիլմի հեռուստատեսային չորսմասանոց տարբերակը: Իրադարձային տեսարանների նկարահանումները կատարվել են Ղրիմում, իսկ եզրափակիչ դրվագը, երբ հերոսուհին իրեն նետում է գնացքի տակ, նախատեսված է նկարահանել Սանկ Պետերբուրգի երկաթուղային կայարաններից մեկում...

Կարեն Շահնազարովը դժվարանում է ասել, ֆիլմը կնվաճի՞ Հոլիվուդի բարձունքները, թե՞ ոչ: Բայց որ մեկ շնչով նայվող, այժմեական հարցադրումներ պարունակող եւ հոգեբանական բախումներով առլեցուն հետաքրքրական ստեղծագործություն է սպասում հանդիսատեսին` վստահ է եւ համոզված...

Անհրաժեշտ վերջաբան

Ավելորդ չեմ համարում ընթերցողին հիշեցնել, որ Կարեն Շահնազարովը խորհրդային ականավոր քաղաքագետ եւ գիտնական, Միխայիլ Գորբաչովի պաշտոնավարման տարիներին նրա խորհրդական աշխատած Գեորգի Շահնազարովի որդին է: Կարենը ծնվել է 1952-ին, Կրասնոդարում: Ավարտել է Մոսկվայի Կինոյի ինստիտուտը: Շուրջ մեկուկես տասնյակից ավելի ֆիլմերի հեղինակ է, 3 զավակների` երկու տղա եւ մեկ աղջիկ, հայր: Հպարտանում է իր հայկական արմատներով, անունով, եւ, մանավանդ, արցախյան հայտնի տոհմի ազգանունով: Նրա «Սպիտակ վագր» ֆիլմը մի իսկական հաղթարշավ ունեցավ, որի երեւանյան պրեմիերան կայացավ 2013-ի հունվարին: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Երեւանում նրան պարգեւատրեց «Պատվո շքանշանով», պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը` «Մարշալ Բաղրամյան» շքանշանով, իսկ Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ Ռուբեն Գեւորգյանցն էլ հանձնեց «Մշակույթի ասպետ» մեդալը` համաշխարհային կինոյում նրա ունեցած ավանդի համար:

- Ցեղասպանության եւ ղարաբաղյան թեմաները վաղուց են ինձ հետաքրքրում, ես չափազանց մեծ զգուշությամբ ու պատասխանատվությամբ եմ մոտենում այդ ցավոտ հարցերին,- ասում է Կարեն Շահնազարովը: Եվ չի բացառվում, որ հայկական երկու գլխավոր թեմաներից մեկը մի օր կարող է հայտնվել իմ նոր ֆիլմի առանցքում: Պետք է այդ պահը հասունանա իմ սրտում...

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #6, 19-02-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ