ՀԱՅՏՆԱԲԵՐԵԼՈՎ ԱԿԱՆԱՏԵՍՆԵՐԻՆ Հ. Ծ. Հայոց ցեղասպանության հարյուրամյակը լավ առիթ էր պատմաբանների, արվեստագետների եւ գրողների համար վերհիշելու Օսմանյան կայսրության իրականացրած հանցագործություններն ու տեղահանությունները: Ցուցահանդեսների կազմակերպումը աշխարհով մեկ ստիպեց այդ գործի մասնագետներին փորփրել արխիվները եւ նոր նյութեր երեւան հանել, գրում է «Հաֆինգտոն Պոստ» թերթում Սառա էլ Քամելը Նյու Յորքից, այցելելով լուսանկարչուհի Դիանա Մարկոսյանի «1915» խորագիրը կրող ցուահանդեսը, Նյու Յորք համալսարանի Հակոբ Գեւորգյանի անվան «Մերձավոր Արեւելքի ուսումնասիրությունների կենտրոնում»: Մարկոսյանը ամերիկահայ լուսանկարչուհի է, ծանոթ Չեչնիայում երիտասարդ մահմեդական աղջիկների կյանքը լուսաբանող նկարների շարքով: Իր նորՙ «1915» ծրագրով նա 2014-ի հոկտեմբերից ճանապարհ է ընկել որոնելու Հայաստանում ապրող ականատեսների: Նա հանդիպել է նրանցից 10-ի հետ, սակայն միայն 3-ը կարողացել էին հիշողություններ պատմել անցյալից. Եփրաքսյա Գեւորգյանը (110 տարեկան), Մովսես Հանեշյանը (105 տարեկան) եւ Մարիամ Սահակյանը: Այդ հիշողությունների հետքերով նա մեկնել է Թուրքիա, այցելել նշված վայրերը եւ վերադարձին իր հետ բերել ազդեցիկ, մեծածավալ պաննոներ, որոնք ի ցույց է դրվել ականատեսներին: Տեսնելով իրենց մանկության տներն ու վայրերըՙ նրանք հուզվել են, արցունքներ թափել, իսկ նրանցից մեկըՙ Մովսես Հանեշյանը սկսել է պարել: «Դա հենց այն էր, ինչ ակնկալում էր լուսանկարիչը», եզրափակում է իր հոդվածը Սառա էլ Քամելը: |