ՎԻԼԵՆ ԳԱԼՍՏՅԱՆԸ 75 ՏԱՐԵԿԱՆ Է Նաիր ՅԱՆ ՀՀ ժողովրդական արտիստ, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր բալետմայստեր Վիլեն Գալստյանը 75 տարեկան դարձավ: «Գայանե» բալետիՙ փետրվարի 13-ի բեմադրությունը նվիրվեց նրա հոբելյանին: «Գայանեի» մասին Վիլեն Գալստյանն առանձին սիրով է խոսումՙ նշելով, որ ինքն է ծնունդ տվել այդ ներկայացմանը: Պատմում է, որ 1970-ականներին Մոսկվայի բեմում Արամ Խաչատրյանը տեսել է իր պարն ու առաջարկել բեմադրել «Գայանեն»: Վիլեն Գալստյանը, Երեւան վերադառնալով, սկսել է աշխատել. բեմադրել է «Գայանեն»ՙ ինքն էլ կերտելով Արմենի կերպարը: 1974-ին բալետը ներկայացրել է Արամ Խաչատրյանին: «Որդիս, հրաշալի է ստացվել»,- ասել է կոմպոզիտորը: Երեսուն տարի անցՙ 2004-ին Վիլեն Գալստյանը «Գայանեն» վերաբեմադրեցՙ պահպանելով Մինաս Ավետիսյանի բեմական ձեւավորումները: Այդ օրվանից բալետային բեմադրությունն օպերային թատրոնի խաղացանկում է, ներկայացվել է նաեւ օտար երկրներում, այդ թվումՙ Թուրքիայում: Վիլեն Գալստյանն ազգային պարերը համադրել է դասականին եւ ստացել սիրո պատմության, ժողովրդական գունեղ պատկերների խճանկար: Վիլեն Գալստյանի կերտած Սպարտակըՙ Արամ Խաչատրյանի «Սպարտակում», Ալբերտըՙ Ադանի «Ժիզելում», Արմենըՙ Խաչատրյանի «Գայանեում», Կոմիտասըՙ «Անտունիում», Դավիթըՙ «Սասունցի Դավիթում», Ռոմեոնՙ Պրոկոֆեւի «Ռոմեո եւ Ջուլիետում», հայ բալետային արվեստի բացառիկ նմուշներից են: Հինգ տարի սովորելով Մոսկվայի Լունաչարսկու անվան թատերական ինստիտուտումՙ նա ձեռք է բերել բալետմայստերի հմտություններ եւ բեմական գործունեությանը զուգահեռՙ հեղինակել մի շարք ներկայացումներ: Վիլեն Գալստյանի բալետային արվեստով օտարազգի հանդիսատեսը հիացել է Ռուսաստանում, Անգլիայում, Ֆրանսիայում, Ճապոնիայում: Նկարահանվել է «Նռան գույնը», «Հայկական որմնանկարներ» ֆիլմերում: Իր ծննդյան օրն էլ բալետմայստերն աշխատանքային հոգսերով էր տարված. ներկայացումից առաջ «Գայանեի» վերջին շտկումներն էր անում: Ստեղծագործական խումբն ու երաժիշտները մաեստրոյին ծափողջույններով դիմավորեցին, իսկ նա հորդորեց. «Ինձ համար ամենամեծ նվերն այն կլինի, որ նույն ոգեւորությամբ շարունակեք պարել»: Մի քանի բեմադրություններ կան, որ Վիլեն Գալստյանն կուզենար ներկայացնել արվեստասերի դատին: «Մութ ու ցուրտ տարիներին բեմադրեցի Տիգրան Մանսուրյանի «Ձյունե թագուհին»: Թատրոնում լույս չկար, ջեռուցում չկար: Դեկորացիաները բորբոսնեցին, զգեստները փչացան: Ամեն ինչ տարան, թափեցին: Բեմադրեցի նաեւ Լորիս Ճգնավորյանի «Օթելլոն». լավ ներկայացում ստացվեց, բայց նորից արժանացավ «Ձյունե թագուհու» ճակատագրին: Այնպես է ստացվել, որ իմ արվեստի կեսը թափել են»,- ափսոսանքով նկատեց բալետմայստերը: Հպարտությամբ է հիշում այն տարիները, երբ «Սասունցի Դավիթը», «Գայանեն» ներկայացվեցին Մոսկվայում ու Սանկտ-Պետերբուրգում: Տեղի հանդիսատեսը նշել է, որ հայկական բալետը յուրօրինակ ձեռագիր ու որակ ունի: Անցյալը թողնենք անցյալինՙ ասում է արտիստը: Հիմա նրա համար պատասխանատու շրջան է. սկսել է բեմադրել Արամ Խաչատրյանի «Դիմակահանդեսը»: Երբ մշակույթի նախարարը մաեստրոյի տարեդարձի առիթով զանգել-շնորհավորել է, հոբելյարը տեղեկացրել է իր նոր մտահղացման մասին, նաեւ զգուշացրել, որ «Դիմակահանդեսը» թանկ հաճույք էՙ ֆրակներ, պետերբուրգյան արիստոկրատիա, համապատասխան դեկորացիաներ: Նախարարը խոստացել է, որ նոր բեմադրության բոլոր կարիքները կհոգա: Եթե ամեն ինչ բարեհաջող ընթանա, Արամ Խաչատրյանի «Դիմակահանդեսն» ամռանը բեմ կբարձրանա: |