RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#004, 2016-02-05 > #005, 2016-02-12 > #006, 2016-02-19 > #007, 2016-02-26 > #008, 2016-03-04

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #6, 19-02-2016



Գույժ

Տեղադրվել է` 2016-02-18 22:22:12 (GMT +04:00)


Ընթերցված է` 1765, Տպվել է` 9, Ուղարկվել է էլ.փոստով` 2

ԱՐՄԱՆ ՄԱՆԱՐՅԱՆ

ՆԱԻՐ ՅԱՆ

Փետրվարի 16-ին, 86 տարեկանում կյանքից հեռացավ ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, կինոռեժիսոր Արման Մանարյանը:

Ա. Մանարյանը ծնվել է 1929 թվականին, Թեհրանում, 1946 թվականին հայրենադարձվել է Հայաստան: Սովորել է Երեւանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում, ապա Երեւանի պետական կոնսերվատորիայում: Այնուհետեւ ուսումը շարունակել է Համամիութենական կինեմատոգրաֆիայի պետական ինստիտուտում (ՎԳԻԿ): Մեծ է նրա վաստակը հայկական կինեմատոգրաֆիայի զարգացման գործում: Նրա կորուստը սգում ենք բոլորս: Առաջիկայում նրա վաստակին անդրադառնալու առիթներ կունենանք: Մինչ այդՙ մի քանի տող նրա մասինՙ որպես հրաժեշտի խոսք: Խմբ.:

Դժվար է պատկերացնել, որ հայերանադարձ Արման Մանարյանն ընդունվում է Մոսկվայի ՎԳԻԿ, որտեղ ռուսերենի իմացությունը պարտադիր էր, իսկ այդ լեզվի նվազ իմացությունը, որպես կանոն, բուհից դուրս մնալու հիմնավոր պատճառ կարող էր դառնալ հատկապես հայերի համար: ՎԳԻԿԻ-ի ուսանողը 1961-ին նկարահանում է «Տժվժիկ» կարճամետրաժ ֆիլմըՙ անմիջապես իր վրա հրավիրելով համամիութենական մասնագետների ուշադրությունը: Երիտասարդ ռեժիսորի առաջին աշխատանքըՙ Ատրպետի փոքրիկ պատմվածքի էկրանավորումը, դասվում է մեր դասական ֆիլմերի շարքին: Արեւմտահայ կենցաղի, հասարակության նկարագրի, մարդկային հարաբերությունների մեկնաբանության նոր մոտեցում ու ձեռագիր էր «Տժվժիկը», որտեղ խաղում են մեր բեմի մեծերը: Երիտասարդ ռեժիսորի տաղանդին հավատալովՙ մյուս ֆիլմերում եւս նկարահանվեցին անվանի դերասաններ: Ժանրային առումով նորություն էր «Կարինե» երաժշտական ֆիլմը, իսկ Շիրվանզադեի «Մորգանի խնամին» էկրանի վրա մի այլ հմայք ստացավ: Արման Մանարյանին հաջողվել է ստանալ այդ ժամանակների հասարակության, բարքերի, կենցաղավարության ճիշտ պատկերն ու կոլորիտը:

Մեկ այլ գույն բերեց «Հեղնար աղբյուրը»: Բոլորովին ուրիշ միջավայր ու թեմա, ուրիշ կերպարներ ու ասելիք: Մանարյանական ձեռագիրն այս ֆիլմում այլ դրսեւում ստացավ:

Արման Մանարյանի հայացքը 1990 -ականներին դարձյալ ուղղվեց արեւմտահայ գրականությանը: Երվանդ Օտյանի «Ընկեր Փանջունու» էկրանավորումը նոր ժամանակների կարծեցյալ հերոսի նախատիպն ստեղծեց: Այս անգամ եւս Արման Մանարյանի ռեժիսորական մոտեցումը տարբերվեց իր նախորդ ֆիլմերից:

Արման Մանարյանը ստեղծագործել է այլ ժանրում եւսՙ անիմացիա: Նրա «Հայելու հեքիաթը» մինչեւ հիմա հայկական մուլտիպլիկացիայի ամենահաջողված ձեռքբերումներից է: «Հայելու հեքիաթից» մի քանի տասնամյակներ անց ռեժիսորն անդրադարձավ հայկական էպոսին: «Սասնա ծռերի» սցենարը դեռ 1995-ից էր պատրաստ, իսկ Խորեն Աբրահամյանի հնչյունավորումը նա ձայնագրել ու պահել էր այն երջանիկ օրվա համար, երբ կսկսեր նկարահանել «Սասնա ծռերը»: 2001-2009 թթ-ին Արման Մանարյանն աշխատել է այդ մուլտֆիլմի վրաՙ ամեն տարի նկարահանելով ընդամենը տասը րոպե:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #6, 19-02-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ