RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#004, 2016-02-05 > #005, 2016-02-12 > #006, 2016-02-19 > #007, 2016-02-26 > #008, 2016-03-04

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #6, 19-02-2016



ՑՈՒՑԱՍՐԱՀ

Տեղադրվել է` 2016-02-18 22:22:12 (GMT +04:00)


Ընթերցված է` 1175, Տպվել է` 9, Ուղարկվել է էլ.փոստով` 4

ԳՈՒՅՆԻ ԵՎ ԲԱՌԻ ՁԳՈՂԱԿԱՆ ԴԱՇՏԸ

Արտաշես ԱՐԱՄ

Օրերս «Թեքեյան» մշակութային կենտրոնում կայացավ Ժիրայր Աղավելյանի ֆոտոարթի ժանրում կատարած աշխատանքների ցուցադրությունը եւ «Երեք հասակ» գրքի շնորհանդեսը: Ջերմությամբ ու անկեղծությամբ ողողված պատկերներ, հետաքրքրական, ուշագրավ գիրք, որի մեջ տեղ էին գտել ինքնակենսագրական մտորումները, մանրանկար հիշեցնող քնարական ապրումները, հարցազրույցները, ֆոտոարթի ոճով ստեղծված գործերի վերատպությունները: Անկեղծ ու ինքնամոռաց որոնումները, Լենինգրադի (այժմՙ Սանկտ-Պետերբուրգ) կուլտուրայի ինստիտուտի շրջանավարտի առջեւ բազում ու բազմաբնույթ դռներ էին բացելու: Եվ Թեքեյան կենտրոնում Ժիրայր Աղավելյանի եւ նրա գործերը դիտելու եկած հանդիսականի միջեւ ջերմ ու անմիջական զրույց էր ծավալվում, մոռացնել տալով դրսի ցուրտն ու միապաղաղությունը:

Նախ մի քանի խոսք Ժիրայր Աղավելյանի ֆոտոարթի սկզբունքով արված գործերի մասին: Իրականի եւ անիրականի սահմանագիծը երիզող ծիրը լեցուն է անդենական շշուկներով, գույներով, հուշի եւ հիշողության կայծկլտուն երանգներով: Պետք է ճշմարտապես օժտված, հետեւողական եւ հանձառու լինես, որ այդ անդենական ծիրում պահ մտածը իրականի հարթակ տեղափոխես, վավերացնես ու դարձնես հանուրի սեփականությունը: Որսալ գույնը, շշուկը, կայծկլտանքը եւ հարաբերել դրանք երկրային ցավի, կարոտի, լույսի ու լավատեսության հետ: Դեպի անիմանալին ընթանալիս, Ժիրայրին հաստատապես սատարել է ռեժիսորի իր կոչումն ու մտածողությունը: Այստեղ կարեւոր ձեռքբերումը շարժման վավերացումն է, շարժումի պատրանքը: Մթան մեջ պայթող ծաղիկների այդ լուսեղեն բողբոջները, ճախրանքի միտված, սրընթաց աճող այդ ծառերը եւ շառագույնի մեջ պրկված եւ անվերջ փթթող սաղարթն ու ճյուղերը, «հալվող» ծաղկամանն ու ծաղկամանում ներքին լարումից այրվող ծաղկաթերթերը, արգելված պտղի վաղնջական ասքը խաղարկող Ադամն ու Եվան, նույն թեմայի այլազան արծածումները ժամանակի եւ տարածության մեջ, հողի, բնության եւ մարդ-աստվորի տիեզերական կապը խորհրդանշող դիմանկարների շարքը: Ամեն վայրկյան լույսը խելահեղորեն տրոհվում է, եւ թվում է մատների մեկ աննշմար հպումով տարածության մեջ նշմարվում է այդ տրոհված լույսի հետագիծը: Ժիրայրի պատկերած եկեղեցին, եկեղեցու գմբեթն ու խաչը արեգակի դեղին սկավառակի ֆոնին, եւ արեգակի այսպես կոչված կորոնար զանգվածից հրեղեն լավա հիշեցնող շառագույնն է արտամղվում: Ինչպիսի ստեղծագործական մեխանիզմ ուզում ես կիրառիր, եթե ստեղծագործական վերջնական արդյունքում չկա քո ոգու թրթիռը, քո վերապրումի դրոշմը, ցուցանվող պատկերը չի կարող հավաստի ու վավերական լինել: Սույն պարագայում Ժիրայրը կարողացել է դիտողին փոխանցել իր խորապես ընկալածն ու ճանաչածը, իր անհատականության ոսպնյակով անցկացրածը: Ժիրայրը փորձել է լույսի, գույնի այդ միկրոաշխարհներում գտնել ու հայտածել այնպիսի պատկերներ, որոնք ողողված են լույսով ու լավատեսությամբ: Այդպես ամենաաննշան մանրամասնը խորհրդանիշի հնչեղություն է ձեռք բերում: Պիտի կարողանաս հյուսվել քո տեսածին, ընկալածին, որպեսզի տեսածդ ճանապարհ անցնի, տեղ հասնի: Եվ ծավալվում է հորիզոնը, եւ բախվում են գուներանգները եւ ի հայտ են գալիս նոր տիրույթներՙ ջերմությամբ, անկեղծությամբ եւ հուզականությամբ լեցուն: Եվ հեռահար մի պատկեր տեսիլվում է քո ներսում, քո ներաշխարհի պատերին: Եվ դու ջանք ես դնում, որ նոր-նոր ծնունդ առած մեղեդին չընդհատվի եւ նույն մեղեդու հնչյուններով լցվի կյանք կոչված լինելիության ծեսը: Ժիրայրի աշխատանքներում գործում է գույն-նշանագիր սկզբունքը եւ հիմնականում հաղթահարված է նյութի դիմադրությունը: Կան գործեր, որոնք օդա են հիշեցնում, յուրօրինակ փառաբանությունՙ առ բնությունը, առ բնականն ու գեղեցիկը: Բառի, գույնի ձգողական դաշտը, եւ եթե անհանգիստ, պրպտող միտք ունես, ապա որոնման հաճույքը, բացահայտելու տենչը քեզ մշտապես պահելու են այդ ձգողական դաշտում: Ժիրայրի պատկերած ձիերը, կարապը, ծիծարնափայլ երկնքում ճախրող արծիվը մարդեղացած են, օժտվածՙ մարդկային նկարագրով:

Իր «Երեք հասակ» գրքում Ժիրայրը զետեղել է նաեւ իր ինքնակենսագրական խոհերը, որոնք գալիս, ամբողջացնում են ֆոտոարթի ոճով արված նրա գործերն ու քնարական էջերը: Կյանքը լեցուն է որոգայթներով եւ կես ճանապարհին չմնալու համար մենք պետք է ապավինենք մեր արմատներին, այն փոքր ու մեծ աշխարհին, որտեղից ծնունդ ենք առել. «Գյուղում եղած օրերին ինձ միշտ հոգեկան հանգստություն է պարգեւել բնությունըՙ ծառերի «Պարը»,- ինքնակենսագրական իր պատումի մեջ վկայում է Ժիրայրը: Եվ մանկության, պատանության օրերի այդ վառ, անջնջելի պատկերները տարիներ անց պիտի դառնային արդիական ֆոտոարթի ոճով արված գործերի ատաղձը: Եվ Ժիրայրի տպավորիչ ծառերը պիտի խոսեին, պիտի պատմեին, պիտի հիշեին ու վերհիշեին. «Խուստուփի ձյունը հագեցնում էր ծարավս: Խուստուփը... Նա միշտ իմ թիկունքին էր, պահպանում եւ ուժ էր տալիս ինձ: Անգամ գյուղի խոնարհված եկեղեցին էր ինձ հավատ ներշնչում եւ հույս տալիս»: Հավատարմության անշիջելի խարույկը, որ հոգեւոր ամենասաստիկ ցրտին անգամ կարող է լույս ու ջերմություն պարգեւել իր շուրջը շղթա կազմած մարդկանց: Եվ դու քո անեղծ վկայությամբ ոգեկոչում ես կյանքից վաղուց հեռացած մարդկանց նվիրական դեմքերը եւ խնկարկում ես հիշատակը նրանց. «Գյուղի տատիկները ջերմությամբ էին պարուրում ինձ: Կանայք հավաքվում էին ձմեռվա հացըՙ լավաշը թխելու: Վերջինիս բուրմունքից արբածՙ այծի պանրով ու հացով «լրացնում» էի երջանկությունս»:

Ժիրայր Աղավելյանը ընթերցողի հետ իր հուշերն է կիսում, ներկայացնում իր կյանքի պատմությունը, խոսում է իր պապի մասին, բայց ընթերցողի աչքերի առջեւ բազում ու բազմաթիվ հայ պապերի առինքնող ու արքենի կերպարներն են հառնում, եւ դու բոլորեքյան զգում ես հողի ուժը, հայրենի երկրի կատարելությունն ու զորությունը. «Պապս ինձ օգնում էր հասկանալու հողի ուժը եւ արմատներ գցելու, հողին ու բնությանը մերվելու գաղտնիքը»: Ժիրայրի ստեղծագործություններում պատկերված ձիերը եւ Ժիրայրի մանկության ձինՙ խաղընկերը փոխկանչի մեջ են, եւ այդ հուզական փոխկանչը լսելի է բոլորին. «Մի օր սարից գալիս էինք, շատ խիտ մառախուղ էր, ճանապարհը չէր երեւում: Իմ ձին կանգ առավ անդունդի եզրին ու առաջ չգնացՙ փրկելով իմ կյանքը»:

Ի՞նչն է անցողիկը եւ ի՞նչն է մնայունը, աստիճանաբար անշքացող այս աշխարհում ո՞ր գույներն են մնում անանց ու անխամրելի: Եվ ցավեցնող հուշից լույս ու լավատեսություն է բխում, եւ աշխարհի հեռու-հեռավոր թվացող անցուդարձը մոտենում-մոտենում եւ հպվում է սրտիդ պատերին. «Մայրս... Հորս կյանքի անփոխարինելի ընկերը, նրա սերը, ուժը եւ թուլությունը: Նադյա էր մորս անունը, բայց հայրս նրան փաղաքշորեն «Նադյուշ» եւ ավելի հաճախՙ «Նան» էր անվանում»: Մի հատիկ նվիրական հուշը բառի, գույնի ձգողական դաշտում նոր «թեժ» կետեր է հայտնաբերում, եւ ներանձնական ժամանակը դառնում է անանձնական. «Կեսգիշերային ղողանջներից հետո, երբ սովորաբար կենդանանում են տիկնիկները եւ սիրո խոստովանություն անում միմյանց, այս անգամ հրաշք է տեղի ունենում, գործադրելով վերջին ճիգերը, կտրում են թելերը եւ հպվելով միմյանց, թեւեր առնում ու վեր բարձրանում...»: «Պետք է հաճախ նայել երկնքին ու հիշել, որ վատ մտքերը վերադառնում են որպես տկարություններ, իսկ լավ մտքերը լուսավորում են ճանապարհը»,- համոզված է Ժիրայր Աղավելյանը: Եվ տարակույս չկա, որ Ժիրայրի ստեղծագործական բոլոր որոնումները միտված են լավը, բարին, լուսավորը կայացած տեսնելուն: Եվ բառի ու գույնի նույն ձգողական դաշտում են հղացվել սույն քնարական արծարծումները. «Աշնանային թափուր մի պուրակ (Սիրո հուշ, երազ, Փոքրիկ արահետ), Կախարդված ենք մենք»: Մարդկանց ճանապարհը լուսավորելու նույն անկեղծ ու ազնիվ մղումով է Ժիրայր Աղավելյանը նկարահանել իր բազմաթիվ փաստագեղարվեստական ֆիլմերը, որոնք դրվատանքի, մրցանակների են արժանացել մի շարք փառատոններում. «Վարդանաք», «Քարերի սիմֆոնիա», «Լավաշ», «Ո՞վ է նա. Էդվարդ Ղազարյան», «Նռան ճյուղերով բոցուն» եւ ուրիշ ֆիլմեր:

Ես կփորձեմ հպանցիկ անդրադառնալ միայն հանճարեղ Կոմիտասին ձոնված «Նռան ճյուղերով բոցուն» ֆիլմին, որտեղ ներկայացված է Կոմիտաս բանաստեղծը: Ժիրայրը հանդիսականին է ներկայացրել Կոմիտասի իր ընկալումը: Հնչում են հատվածներ Կոմիտասի բանաստեղծություններից եւ Հայոց աշխարհի, հայ ոգու վաղնջական պարտեզը տեսիլվում է մի նոր լույսի ներքո. «Ես ու դու սեր ենք, Մեկ սրտի տեր ենք, Նռան ճյուղերով բոցուն, Սիրո տաղերով արբուն»: Ժիրայր Աղավելյանի ֆիլմը Կոմիտասի մասին է, բայց եւ ձոնված է հայոց վերածննդին, թե ինչպես հայոց ճղակոտոր նռնենին, հայոց անխորտակ ոգուն ապավինած նոր ճյուղեր արձակեց, առավելՙ հզոր, ավելիՙ ոգեղեն ու բոցուն:

Ժիրայր Աղավելյանի ֆոտոարթի ոճով արված ստեղծագործությունները, քնարական մանրանկարները, ֆիլմերը ստեղծված անկեղծությամբ, ջերմությամբ ու գորովանքով, հաստատապես գտնելու են դեպի հանդիսականը, ընթերցողը տանող ճանապարհը եւ այդ հանդիպումից հաստատապես շահելու է հույսի ու մաքառման ճանապարնհերի վրա հայտնված հայ մարդը:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #6, 19-02-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ