ՔՐԻՍ ԲՈՀՋԱԼՅԱՆԻ ՆՈՐ ՎԵՊԸ Հ. Ծ. Անցյալ հունվարին Մ. Նահանգներում վաճառքի հանված Քրիս Բոհջալյանի «Հյուրասենյակը» («The Guest Room») վերնագրով նոր վեպը արդեն իսկ գրաքննադատների դրվատական խոսքերին է արժանացել: «Արվարձանային տան հյուրասենյակում երկու տղամարդկանց դիակներն են, իսկ երկու կանայք էլ փախչում են ոստիկանությունից: Մի զույգի ամուսնությունը խորտակման եզրին է: Ընթերցողն իր շունչը պահած հետաքրքրությամբ է ծանոթանում ճանապարհից շեղված այս խմբի անդամների արկածախնդրություններին», գրում է նրանցից մեկը: Գրքի շնորհանդեսը կայացել է ՀԲԸՄ-ի Նյու Յորքի կենտրոնական գրասենյակի դահլիճում, կազմակերպությամբ ՀԲԸՄ-ի հատուկ միջոցառումների հանձնախմբի, Հայկական համացանցի, «Համազգային» կրթական եւ մշակութային ընկերության, Հայ ուսանողների ընկերակցության, ԹՄՄ-ի եւ Սբ. Լեւոն հայկական եկեղեցու: Բոհջալյանը արդեն 18 վեպերի հեղինակ է, որոնք թարգմանվել են ավելի քան 30 լեզուներով, իսկ դրանցից երեքը նաեւ էկրանավորվել են: |