RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#007, 2016-02-26 > #008, 2016-03-04 > #009, 2016-03-11 > #010, 2016-03-18 > #011, 2016-03-25

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #9, 11-03-2016



ԳԻՏԱԺՈՂՈՎ

Տեղադրվել է` 2016-03-11 00:47:26 (GMT +04:00)


Ընթերցված է` 1890, Տպվել է` 5, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԳՐԻԳՈՐ ՊԸԼՏՅԱՆ ԿԱՄ ՄԻՏՔԸ ՇԱՐԺՄԱՆ ՄԵՋ

Տիգրան ԵԿԱՎՅԱՆ

Արեւելյան լեզուների եւ քաղաքակրթությունների ֆրանսիական ինստիտուտը (INALCO) Գրիգոր Պըլտյանի ստեղծագործությանը նվիրված միջազգային գիտաժողով կազմակերպելովՙ յուրատեսակ հարգանքի տուրք մատուցեց իր երեւելի դասախոսին: Սակայն նորագույն հայ գրականության այդ կենտրոնական դեմքի միջոցով նաեւ մեծարվեց սփյուռքահայ մտքի դրսեւորումը:

«Մենք ձեւավորում ենք ոչ թե ընտանեվարություն, այլ մտքի գերդաստան», INALCO-ի լսարանում մասնավորապես հայտարարեց Գրիգոր Պըլտյանը քար լռության մեջ: Գիտաժողովի մասնակիցների համար դա հուզիչ պահ էր Պըլտյանի նախընտրած քաղաքի ուսումնական հաստատությունում, որտեղ նա շռայլորեն բաշխում է իր գիտելիքները 1978 թվականից ի վեր: Դա նաեւ քառասունհինգ տարվա ընկերների հանդիպում էր. Մարկ Նշանյանը, Հարություն Քյուրքչյանը, Գրիգոր Պըլտյանը եւ Նորվան արք. Զաքարյանը համատեղ լուսանկարվեցին: Գիտաժողովը կազմակերպվել էր INALCO-ի հայագիտական բաժնի նախաձեռնությամբ. նպատակն էր ծննդյան 70-ամյակի առթիվ պատշաճը հատուցել նորագույն շրջանի հայալեզու մեծագույն գրողին:

Ո՞վ է Գրիգոր Պըլտյանը

Հայալեզու գրող, բանաստեղծ, էսսեիստ եւ գրաքննադատ Պըլտյանը, կարելի է ասել, մի քանի կյանք է ապրել: Այդ խոհական մարդը եվրոպական եւ հայկական մտավորական կյանքի 20-րդ դարն անցկացրել է որպես իր դարաշրջանի ուշադիր դիտորդ: Նրա գյուրունցի ծնողները Ցեղասպանությունից մազապուրծՙ այսպես կոչված «անապատի որբեր» էին: Գրիգոր Պըլտյանը ծնվեց 1945 թվականինՙ չորրորդը դառնալով ընտանիքի վեց երեխաների մեջ: Մանկությունն անցավ Բեյրութի արեւելյան թաղամասերից Աշրաֆիեում, Քարմ էլ-Զեյթուն թաղամասում: Վաղ հասակից շփվել է հրաշքով փրկվածների սերնդի, մանավանդՙ պատկառելի կանանց հետ, որոնք ներշնչանքի աղբյուր դարձան իր ինքնակենսագրական երկարատեւ ու անավարտ խճանկարում: Սփյուռքի կրթական հաստատությունների զարդը կազմող «Համազգայինի» ճեմարանում սովորելիս նա ընկերական կապեր է հաստատում սփյուռքյան հայ մտքի ապագա մեծերից մեկիՙ Հարություն Քյուրքչյանի հետ: Պըլտյանին դասավանդել են Կովկասի դաշնակցական մտավորականության որոշ դեմքեր, ինչպես նաեւ գրող Մուշեղ Իշխանը եւ մանկավարժ Գրիգոր Շահինյանը, տիկին Յոլանդա Աճեմյանը: Վերջինը սեր սերմանեց Մոլիերի լեզվի հանդեպ: Պատանի հասակում Գրիգորը սկսում է գրել իր առաջին արձակ բանաստեղծությունները: Մինչ նախապատերազմյան Լիբանանն ապրում է անհոգ կյանքով, երիտասարդը զարգանում է երկրի հիմնադիրների հանդեպ ընդվզումի մթնոլորտում: Նա Հարություն Քյուրքչյանի եւ Գրիգոր Շահինյանի հետ 1966 թ. մասնակցում է «Ահեկան» ավանգարդային հանդեսի ստեղծմանը: Այն լույս է տեսնում մինչեւ 1970 թվականը: 1967-ին Գրիգորը Փարիզ է մեկնում Սորբոնում փիլիսոփայություն ուսանելու: Նա հոգեւոր սնունդ կստանա Մորիս Բլանշոյի, Վալտեր Բենժամենի եւ Նիցշեի գործերից: Բարոյախոս փիլիսոփա Վլադիմիր Յանկելեւիչի (1903-1985) սանը, իր սերնդի շատ ուրիշ երիտասարդների նման, տարվում է կառուցվածքապաշտության (structuralism) ալիքով, որը, ինչպես ինքը կասի ավելի ուշ, մոդայիկ երեւույթ էր: 1968 թ. մայիսյան իրադարձություններից խորապես ազդվելովՙ նա երեք տասնամյակ անց այդ դրվագն անմահացրեց իր «Անունը լեզվիս տակ» եւ «Շրջում» պատմվածքներում:

Փիլիսոփայության դոկտոր Պըլտյանը 1972 թ. վերադառնում է Բեյրութ, որտեղ դասախոսի պաշտոն է ստանում Հայկազյան համալսարանում: Այդ վերադարձը կլինի կարճատեւ: Մեկ տարի անց նա կրկին Փարիզում է, որտեղ զբաղվում է լրագրությամբ: Լուսարձակներից խուսափող Գրիգոր Պըլտյանը չի սիրում հասարակական կյանքը: Հայրաբանության եւ հայ միջնադարյան ու նոր գրականության այդ դասախոսը տասնամյակներ շարունակ ջանացել է հեռու մնալ համայնքային իրարանցումից: Հեռու մնալով Հայաստանի եւ սփյուռքի գրողների խմբակներից, զգուշանալով համայնքային կապանքներով կաշկանդված մշակութային կառույցներից, նա իր ստեղծագործությունները եւ անդրադարձական ու քննադատական աշխատանքը հյուսել է իր դասավանդման տարիների ընթացքում, հընթացս ազդելով ուսանողների տարբեր սերունդների վրա:

Պըլտյանի պարադոքսը

Խտացված ծրագրով երկօրյա գիտաժողովում առավել հետաքրքրական ելույթներից մեկը Աթենքից եկած Հարություն Քյուրքչյանի ելույթն էր Պըլտյանի լեզվի «պարադոքսի» վերաբերյալ: «Գրողն ասես քանդելու կարիք է զգում ստեղծելու համար», մասնավորապես ասաց նա Պըլտյանի առնչությամբ, ով նոր կյանք է տվել Աղետի լեզվին: Իրենց հերթին քննադատ Րաֆֆի Աճեմյանը (Մոնրեալ) եւ փիլիսոփա Մարկ Նշանյանը (Լիսաբոն) արծարծեցին համապատասխանաբար Պըլտյանի արձակի ոճը եւ հավերժական կրկնության առասպելը «Շրջում» պատմվածքի մեջ: Նրա ստեղծագործությունը լսելի է դարձնում հայոց լեզվի բոլոր վիճակները եւ վերակենդանացնում է բանավոր խոսքը, ի չիք դարձնելով ֆետիշացման բոլոր փորձերը, նշեցին բանախոսները:

Կոլումբիա համալսարանի հայոց լեզվի ամբիոնում կրթված երիտասարդ դասախոս Ջենիֆեր Մանուկյանը (Նյու Յորք) իր ելույթում շեշտը դրեց Գրիգոր Պըլտյանի գրական արտադրանքի եւ Արեւմուտքի հայ համայնքներում նոր արեւմտահայերենի կիրառության վերաշխուժացման կապի վրա: «Շրջում» պատմվածքի թարգմանիչ Սոնյա Բեքմեզյանի , բանասեր Հակոբ Գյուլլուջյանի (Լոս Անջելես) եւ հոգեվերլուծաբան Ժանին Ալթունյանի ելույթներից բացի հիշարժան էր նաեւ Պըլտյանի պոեզիայի մեծ սիրահար եւ նրան նվիրված երկու մենագրության հեղինակ Նորվան արք. Զաքարյանի հուզիչ ելույթը: Հայ Առաքելական եկեղեցու Ֆրանսիայի թեմի նախկին առաջնորդը այս առիթով որպես գրաքննադատ հանդես գալովՙ ցույց տվեց իր բարեկամի պոեզիայի նորարարական բնույթը եւ մասնավորապես «Ավերված քաղաքի տեղագրություն» (1976) արձակ բանաստեղծությունների ժողովածուի տեւական ազդեցությունը. այնտեղ փարիզաբնակ հեղինակը նկարագրել է Բեյրութի քաղաքացիական պատերազմի արհավիրքները իբրեւ 1915-ի հեռավոր արձագանք:

Արդիական գրող

Պըլտյանի էկլետիկ (e՛clectique) ստեղծագործության միջոցով, անշուշտ, գնահատանքի արժանացավ ամբողջ սփյուռքյան միտքը: Ըստ այդմ արծարծվեց արդիականության եւ այսպես կոչված ունիվերսալիզմի իմաստի ձանձրացուցիչ հարցը. գրում են սեփական ժողովրդի՞, թե՞ ողջ աշխարհի համար:

Եթե «Սեմերի» որոշ հատվածներից ներշնչված Կլոդ Չամիշյանի ջազային կատարումը հաճելի ժամանց էր, ապա պատմաբան Անահիտ Տեր-Մինասյանի ելույթը աննկատ չանցավ: Տեր-Մինասյանը խոսեց Պըլտյանի փիլիսոփայական հայացքների եւ պատմաբանների հանդեպ նրա թերահավատության մասին:

Գրիգոր Պըլտյանի բանաստեղծական ժողովածուներն ենՙ «Ավերված քաղաքի տեղադրություն» (1976), «Վայրեր» (1983), «Մանտրաներ» (2010): Արդի պոեզիային նվիրված էսսեներն ենՙ «Դրամա» (1980), «Կրակե շրջանը» (1988), «Հայկական ֆուտուրիզմ» (2009): Երեւանում «Սարգիս Խաչենց» հրատարակչությունը լույս է ընծայել Պըլտյանի ինքնակենսագրական երկերի, էսսեների եւ բանաստեղծությունների ամբողջական վերահրատարակությունը («Սեմեր», «Հարվածը», «Նշան», «Պատկերը», «Անունը լեզվիս տակ», «Երկու», «Հայկական ֆուտուրիզմ», «Կրակե շրջանը», «Մանտրաներ» եւ այլն): Ֆրանսերեն լույս են տեսել հետեւյալ երկերըՙ Seuils (2010), Les Arme՛niens (1994), Cinquante ans de litte՛rature arme՛nienne en France (2001):

France-Arme nie, octobre 2015, Ֆրանս. թարգմ. Պ. Ք.

Նկար 1. Գիտաժողովի պահին

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #9, 11-03-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ