ՖԵԴԵՐԻԿՈ ՄՈՆԴԵԼՉԻՆՙ ՍԻՐԱՀԱՐՎԱԾ ՀԱՅ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆԸ Նաիր ՅԱՆ Իտալացի աշխարհահռչակ սաքսոֆոնահար Ֆեդերիկո Մոնդելչին 2000-ականներից սկսել է Հայաստան այցելել: Նա շատ հայ ընկերներ ունի թե՛ Հայաստանում, թե՛ Սփյուռքում, որոնց միջոցով ծանոթացել է մեր մշակույթի հետ: Ֆեդերիկո Մոնդելչին մի քանի անգամ շրջել է մեր երկրի տեսարժան վայրերով, եղել նաեւ Արցախում. հիացած է մեր հնադարյան վանքերով ու եկեղեցիներով, իսկ հայ հոգեւոր երաժշտության մասին խոսելիս ասում էՙ ֆանտաստիկ է: Ֆեդերիկո Մոնդելչին մշակում եւ սաքսոֆոնի համար փոխադրում է հայ հոգեւոր երաժշտությունը, ինչպես նաեւ Կոմիտասի եւ հայ մյուս կոմպոզիտորների գործերը: Նա խորությամբ ուսումնասիրում է մեր հոգեւոր գանձերը: «Ես սիրահարված եմ հայ երաժշտարվեստին, իսկ ձեր հոգեւոր երաժշտությունը մարդկային հոգուն ազատություն է պարգեւում եւ այնքա՜ն շերտեր ունի, այնքա՜ն խորքային է»,- նկատում է իտալացի երաժիշտը: Ընդհանրապես սաքսոֆոնն ընկալվում է որպես ջազային նվագարան: Մոնդելչին երբեմն նաեւ ջազ է նվագումՙ հանդես գալով տարբեր նախագծերում ու տարբեր նվագախմբերի հետ, սակայն նրա երաժշտական գործունեությունը հիմնականում դասական ժանրում է: Վաղը, ապրիլի 2-ին, Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ համատեղ համերգին հնչելու են Կոմիտասի, Ալեքսանդր Հարությունյանի, Տիգրան Մանսուրյանի, Առնո Բաբաջանյանի ստեղծագործություններից, որոնք մշակել է Մելիք Մավիսակալյանը: Ծրագրում ներառված են նաեւ Թարիվերդիեւի, Իրադյերի, Շոստակովիչի ստեղծագործությունները: «Հավերժական մեղեդիներ» խորագրով համերգը նվիրվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Ֆեդերիկո Մոնդելչին դեռ անցյալ տարի էր նախատեսել Հայաստան գալ եւ իր ելույթով հարգանքի տուրք մատուցել Մեծ եղեռնի զոհերի հիշատակին, սակայն ինչ-ինչ պատճառներով այցը հետաձգվել է, թեեւ նա 2015-ի ապրիլին Իտալիայում համերգներ է նվիրել Հայոց ցեղասպանության տարելիցին, հնչեցրել հայ կոմպոզիտորների ստեղծագործություններից, ինչպես նաեւ հայ հոգեւոր երաժշտություն: Ֆեդերիկո Մոնդելչին հայտնի է իբրեւ իմպրովիզացիայի վարպետ: «Իմպրովիզացիայի միջոցով ես ոչ թե վերափոխում եմ տվյալ կոմպոզիտորի ստեղծագործությունը, այլ ընդգծում նրա առանձնահատկությունները, ուժեղ կողմերը, շերտերը: Ավելի հաճախ ջազում եմ կատարում իմպրովիզացիաներ. վերցնում եմ թեման ու այն զարգացնում, իսկ ինչ վերաբերում է դասական երաժշտությանը, աշխատում եմ հավատարիմ մնալ թեմային, որովհետեւ դա հարգանք է կոմպոզիտորի նկատմամբ»,- ասում է իտալացի երաժիշտը: Երեկ, նա եւ Հայաստանի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանը, որը նաեւ դաշնակահար է, լրագրողների համար հանպատրաստից ելույթ ունեցանՙ հայ կոմպոզիտորների ստեղծագործություններՙ փոխադրված սաքսոֆոնի համար: Գերմանիայում, Ճապոնիայում, ԱՄՆ-ում, Իսպանիայում, Ռուսատնաում եւ այլ երկրներում համերգներով հանդես եկած իտալացի երաժշտի համար Հայաստանն առանձնակի նշանակություն ունի: Միլանի դելլա Սկալայի ֆիլհարմոնիկ նվագախմբի, BBC ֆիլհարմոնիկի, Մոսկվայի կամերայինի հետ սերտ համագործակցած երաժիշտը նվագելու հետ մեկտեղ հաճախ նաեւ նվագախմբերին չափ է տալիս. նա նաեւ դիրիժոր է: Ասում է, որ ամեն օր իր համար նոր բացահայտումներ է անում: Այն ստեղծագործությունները, որոնք ուզում է նվագել, անպայման սաքսոֆոնի համար է փոխադրում եւ զգում, որ այդպիսով կարծես նոր գործ է ծնվում: Իտալացի երաժիշտը շարունակելու է բացահայտել նաեւ հայ կոմպոզիտորներին, որովհետեւ նրա կարծիքովՙ մեր երաժշտության մեջ թաքուն, առեղծվածային, առանձնահատուկ շատ շերտեր կան: Նրա հետ զրուցելու առաջին իսկ րոպենեից պարզ է դառնում, որ Ֆեդերիկո Մոնդելչին հայ երաժշտությունը հասկանալու եւ նվագելու համար ուսումնասիրել է մեր մշակույթն ու մեզՙ ամբողջականության մեջ: Իտալացի երաժշտի հայ ընկերները նրան անվանում են Ֆեդերիկո Մոնդելչյան, իսկ նա դեմ չէ: Նկար 1. Ֆեդերիկո Մոնդելչին եւ Վահան Մարտիրոսյանը նվագում են լրագրողների համար |