ՊԱԼՄԻՐԱ... Գրիգոր ԳՈՒՐԶԱԴՅԱՆ Իններորդ սիմֆոնիա, Բեթհովեն... Պալմիրան ազատագրվեց արյունռուշտ վանդալների ձեռքից: Ամբողջ աշխարհը խոսում է այդ մասին, ամբողջ աշխարհը հիացած է ռազմական այդ գործողությամբ, որը ոչ միայն փառք բերեց սիրիական պետական բանակին, այլեւ դրական համբավՙ նախագահ Բաշար Ասադին: Այժմ բոլորը խոսում են համաշխարհային քաղաքակրթության այդ գլուխգործոցը վերականգնելու մասին, շատերըՙ առանց հասկանալու կամ ճանաչելու նրա արժեքը: Պալմիրայի արժեքը լավագույնս ըմբռնել ու նրանով հիացել է մեր մեծագույն աստղաֆիզիկոս-տիեզերագետ Գրիգոր Գուրզադյանը, որ 2000 թ.ին մի ամբողջ օր, ի դեպՙ հալեպահայ հայտնի գրող եւ հրապարակախոս Թորոս Թորանյանի ուղեկցությամբ, եղել է Պալմիրայի կամ Թադմորի ավերակներում, գծանկարել նրա սյունաշարերն ու դարբասները եւ գեղեցկագույն ձեւով ու խորիմաստ բացատրություններով ներկայացրել 2004 թ.ին Երեւանում տպագրված էսսեների իր ժողովածուիՙ «Մի սիրո պատմություն» գրքում: Ներկայացնում ենք մի հատված հիշյալ էսսեից, որի շարունակությանը կարելի է ծանոթանալ մեր հաջորդ համարում:
Անծայրածիր կիզիչ անապատՙ բոլոր կողմերից... Երկրաբանական ինչ-որ արարմամբ այս անապատի ճիշտ կենտրոնում հազարավոր տարիներ առաջ ժայթքում է ջրի հուժկու մի շատրվան, ու դա էլ դնում է սկիզբն այն հրաշքի, որը հետո կկոչվի Պալմիրա... Նկարագրել, թե ինչ է Պալմիրան, անհնար է: Պալմիրան պիտի տեսնել, տեսնել ու պապանձվել... Երկիր կոչված այս հողագնդի հազվագյուտ հրաշքներից է Պալմիրան: Պալմիրայի ցնցող ուժն ու հմայքը նաեւ անհնար է գտնել Եվրոպայի ողջ տարածքում... Հելլենական Հունաստանը, այո՛, երազ է, կեսարների դարաշրջանի Հռոմը, Վերածննդի Ֆլորենցիա, ողջ Իտալիան լայնքով, երկայնքովՙ նույնպես, բայց Պալմիրա չեն, այսպիսի բան կարելի է գտնել, երեւի, փարավոնների Եգիպտոսում միայնՙ Կառնակ, Լուքսորՙ Պալմիրայից երկու հազար տարի առաջ հայտնված.. Թեպետ էլեմենտները, հնարքները Պալմիրայի հելլենական են, թափը, մոնումենտալությունըՙ հռոմեական, բայց շունչը, մասշտաբները Պալմիրայի բոլորովին այլ ենՙ տիեզերական... Այդ բանին նպաստել է իրենՙ Պալմիրային շրջապատող տարածությունը ու նաեւ երկինքը կապուտակՙ նրա գլխավերեւում... Բացարձակ ներդաշնակություն բնության ու արվեստի... *** Պալմիրան թերեւս միակ օազիսն է աշխարհում, որը դարձավ քաղաք-պետություն, դարձավ կայսրությունՙ իր հզորությամբ ու համարձակ ձեռնարկումներով անգամ Հռոմին դիմագրավելու հանդգնությամբ: Պալմիրան խոշորագույն կայանն էր, հանգստավայրը դեպի Իրաք, Պարսկաստան, Հնդկաստան, դեպի Եգիպտոս ու Միջերկրականի ափերն ուղղվող առեւտրական քարավանների համար: Պալմիրան չի ունեցել ոչինչ, այստեղ չկա ոչ մի բնական հարստություն, չկա անտառ, չկա հորդառատ ջուր, միակ զբաղմունքը եղել է խաշնարածությունը, գյուղատնտեսությունը եւ պտղագործությունը. դրանք մեծ բան չէին, դրանցով հարստություն չի ստեղծվում: Պալմիրայի հարստությունը ստեղծվել է մի բանով միայնՙ առեւտրով... *** Պալմիրա անունը այս օազիս-բնակավայրին տվել են եվրոպացիները. արաբական անունը Թադմոր է: Թադմորը նաեւ հնագույն անունն է, որը հայտնաբերվել է ասորական արձանագրություններում, սալիկների վրա եւ քարակերտ հիշատակարաններում, որտեղից հետեւում է, որ Թադմոր-Պալմիրան գոյություն է ունեցել դեռեւս չորս հազար տարի առաջ: Այդպիսի վաղեմություն ունի նաեւ թադմորական լեզուն: Երբ հռոմեացիները երեւացին Միջերկրականի արեւելյան ափերին, Ք.ա. չորրորդ դարում հիմնադրելով Անտիոք, Լաթարկիա, Սելեւկիա եւ այլ քաղաքներ, Թադմորը արդեն հայտնի էր որպես խոշոր վաճառականական քաղաք: Հռոմը արագ հասկացավ Թադմորի բացառիկ ռազմավարական կարեւորությունըՙ որպես խոշորագույն առեւտրական կենտրոն, որպես անցումային կետ դեպի Պարսից ծոց, Տիգրիսի հովիտ եւ ավելի արեւելք ընկած տարածքներին հասնելու համար: Թադմորը եղել է «Մետաքսի ճանապարհի» կարեւորագույն օղակներից մեկը: Թադմորը եղել է գայթակղության առարկա անգամ Կլեոպատրայի համար, որի հրահրմամբ այս հարուստ վայրը դառնում է Անտոնիոսի արշավանքներից մեկի խնդիր: Թադմորի համար ծանր ժամանակներն սկսվում են Փոքր Ասիայում հռոմեական էքսպանսիայի շրջանում, երբ արդեն չկար Տիգրան Մեծի կայսրությունը, չկար Սասանյան Իրանի հզորությունը: Բայց եղել են, նույն Հռոմի օրոք, Պալմիրա-Թադմորի ֆանտաստիկ վերելքի շրջաններ նաեւ... Ուշադրության արժանի մի հանգամանք. դեռեւս երկու հազար տարի առաջ Թադմորն ունեցել է խորհրդարան եւ ծերակուտային խորհուրդ, այսինքնՙ երկիրը կառավարվել է հար եւ նման այն ժամանակների հելլենական քաղաք-պետության վարչաձեւին որպես ամենից կատարյալը... Թադմոր-Պալմիրայի բարգավաճման գագաթնակետը եղավ մեր թվարկության երկրորդ դարը, երբ այս օազիս-պետությունը հարստացավ այնքան, որ կարող էր ձեռնարկել վիթխարի կառուցողական աշխատանքներ, այդ թվում խոշորագույն տաճարների, Վիա Ռեքքա պողոտայի ու Ֆորումի շինարարությունները: Մի հանգամանք, այնուամենայնիվ, խաղացել է ճակատագրական դեր այս լեգենդար քաղաք-պետության հեռավոր ժամանակներից մինչեւ մեր օրերը հասնելու հարցում. դա բոլոր կողմերից ձգված ընդարձակ անապատներն են, որոնք դարձնում էին Թադմորն անառիկ ու բնականորեն պաշտպանված արտաքին վտանգներից... *** Բելի տաճարը... Սա նրանց երկնքի ու երկրի աստծո տաճարն է: Գտնվել է արձանագրությունՙ քարի վրա փորագրված, որտեղից հետեւում է, որ տաճարի կառուցումը սկսվել է մեր թվարկությունից քիչ առաջ ու հասցվել ավարտին գրեթե մեկ դար անց: Մի քանի անգամ ենթարկվել է ավերածությունների, բայց տպավորությունն այն ամենից, ինչ մնացել է ու կա հիմա, ցնցող է... Աներեւակայելի, պարզապես ֆանտաստիկ չափերի դուռ կամ մուտք, եթե կարելի է այդ գիգանտը դուռ անվանել. դա փարավոնների էպոխայի Եգիպտոսն է, մուտքը Մեդինետ-Աբու տաճարի, բայց առավել մոտ Էդֆու եւ Ֆիլե տաճարների մուտքին: Այն տարբերությամբ, որ Բելի պարագայում մուտք կամ դուռ կոչված այդ վիթխարի կառույցըՙ գրեթե քսան մետր բարձրությամբ ճարտարապետորեն ավելի հագեցված է, ավելի վեհ ու հանդիսավոր: Սա երեւի այն խիստ եզակի դեպքն է, եթե ոչ միակ բացառությունը ճարտարապետության պատմության մեջ, երբ միայն մուտքն է դառնում հիմնականը եւ կենտրոնականը եւ ոչ ինքըՙ կառույցը կամ շենքը: Եվ ինչն է հետաքրքիր ու արտառոց նաեւ. այդ հսկա մուտքը կպած չէ տաճարի պատին, ինչպես լինում է սովորաբար, այլ դրված է բոլորովին անջատ առջեւումՙ բուն մուտքից բավական հեռու, արտաքին սյունաշարի վրա: Դրանից մուտքը դառնում է է՛լ ավելի հանդիսավոր, է՛լ ավելի վսեմաշուք... Դա հայտնագործություն է, նոր միտք, նոր գաղափարՙ նախադեպը չունեցող... այդ դուռն ստեղծողը եղել է, իհարկե, Եգիպտոսում, բայց նրա երեւակայությունը գնացել է ավելի հեռու, եւ արդյունքում ստացվել է շեդեւրՙ ոչ մի բանի հետ չհամեմատվող: Որպես կանոնՙ ամեն մի ճարտարապետ գլխավոր մուտքը դնում է ճակատի կենտրոնում: Այստեղ այդպես չէ. տաճարի այդ հսկա ու խիստ հանդիսավոր մուտքը չի դրված սիմետրիկ ճակատի համեմատությամբ, եւ դա արված է, պարզվում է, ծիսական նպատակներովՙ ներսում ավելի մեծ ծավալ ստեղծելու միտումով: Բուն տաճարըՙ ուղղանկյուն հատակագծով, բոլոր կողմերից շրջապատված է եղել հոյակապ սյունաշարովՙ խիստ բարձր հունական սյուն-օրդերներՙ վերից վար իջնող նեղ առվակներովՙ կաննելյուրաներով, եւ կորնթական խոյակներով, մոտ հիսուն հաստաբեստ սյուներՙ չորս կողմից... Հիմա շատ քիչ բան է մնացել այդ սյուներից, միայն խարիսխներըՙ այստեղ-այնտեղ... Հունական տաճարների տրադիցիայովՙ տաճարը արտաքին սյունաշարով տեղակայված է բարձր պատվանդանի վրաՙ վար իջնող լայն ու հանդիսավոր աստիճանաշարով: Դա դեռ բոլորը չէ. տաճարն իր հերթին դրված է եղել բոլորովին քառակուսի ու շատ մեծՙ երկու հարյուր մետրը երկու հարյուր մետրի վրա, չորսհեկտարանոց հրապարակի կենտրոնում: Այս հսկա հրապարակն իր հերթին բոլոր չորս կողմերից շրջապատված է եռակի սյունաշարով, մոտ երեք հարյուր սյունՙ ամեն մի կողմից: Հազարից ավելի սյունՙ միայն այս տաճարում... Երեւակայություն է պետք պատկերացնելու համար, թե ինչ հրաշք պետք է որ եղած լինի այս ամենը... Ես չգիտեմ աշխարհում որեւիցե տեղ տաճար կամ կառույցՙ հազար սյուն ունեցող... *** Բել տաճարին անմիջապես շրջափակող սյունաշարըՙ նույնպես պատվանդանի վրա դրված, խոսվելիք նյութ է... Բոլոր չորս կողմերիցՙ մոտ հիսուն սյուն, որոնցից պահպանված է, արեւելյան կողմից, ընդամենը ութ սյունՙ կողք կողքի, վերեւից քիվով իրար միացած, մնացածները տապալված են գրեթե հիմնովին: Եթե այս տաճարից ոչինչ մնացած չլիներ, միայն այս սյունաշարը բավական էր հասկանալու համար, թե աշխարհում դեռ ինչե՛ր կարող են լինել... Այս սյունաշարի առաջ պապանձվել կարելի է... Բոլոր սյուները մեկ ամբողջական կտորից ենՙ երեւի տասը-տասներկու մետր բարձրությամբ: Անմիջապես ուշադրություն գրավողը կաննելյուրաներն ենՙ երկայնական նեղ առվակները վերից վար իջնող: Խոյակները կորնթական են: Հիմա այդ ութ սյուն-օրդերներից եւ ոչ մեկի վրա չկա խոյակ, եւ պարզ է, թե ինչու. Պալմիրայի ողջ տարածքում սա երեւի թե միակ դեպքն է, երբ խոյակները չեն եղել կերտված նույն այն կրաքարից, ինչ սյունն է. Բել տաճարի պարագայում բոլոր խոյակները եղել են բրոնզիցՙ միաձույլ, սնամեջ, ու հագցվել են սյան գլխին վերեւիցՙ սյան կանգնեցնելուց հետո: Մեծ երեւակայություն պետք չէ պատկերացնելու համար, թե ինչ հրավառություն, լուսային ինչ խրախճանք պետք է որ ստեղծվեր արեւի ճառագայթների տակ այս բրոնզե խոյակների շարքից... Գալիք ժամանակների բարբարոսությունն արել է, ցավոք, իր գործը. հիմա այդ բրոնզե խոյակներից չի մնացել ոչինչ: Թալանվել, կողոպտվել են ոչ միայն խոյակները... Տաճարի քարակոփ պատերը հիմա ծակծկված են բոլոր կողմերիցՙ բեկորներն իրար կապող բրոնզե եւ երկաթե գամերը հափշտակելու նպատակով... Բայց կաննելյուրաներն ու բրոնզե խոյակները չեն անակնկալը. անակնկալը սյուների հաստությունն է: Հունական դասական ճարտարապետությունը դեռ այն գլխից ստեղծել էր որոշակի հարաբերություն սյան բարձրության եւ հաստության միջեւ: Այդ հարաբերությունը տարբեր է տարբեր սյուն-օրդերների դեպքում. ամենափոքրը տոսկանական օրդերն է, ամենամեծըՙ կորնթականը: Երբ բարձրություն-տրամագիծ հարաբերությունը մեծ է, այսինքնՙ երբ սյունն ավելի բարակ է, դրանից սյուն-օրդերը դառնում է ավելի նուրբ, ավելի վերասլաց. այդպիսին է կորնթականը, որի կողքին տոսկանականը թվում է մի տեսակ վերեւից սեղմվածՙ «նստած»: Ահա, պարզվում է, Բել տաճարի այդ կորնթական սյուն-օրդերների դեպքում բարձրություն-տրամագիծ հարաբերությունը ավելի մեծ է կամ թվում է ավելի մեծ, քան դասականն է, այլ խոսքովՙ իր բարձրության համեմատությամբ սյուն-օրդերը թվում է ավելի բարակ, ուստի եւ ավելի վերասլաց, ավելի շքեղ... Սա Բել տաճարի եւ այս սյունաշարի հանճարեղ հեղինակի հանճարեղ հայտնագործությունն է. նա համարձակորեն հրաժարվել է արդեն դասական դարձած կանոններից ու ստեղծել իր չափըՙ իր սյուն-օրդերը... Երաժշտական ինչ-որ նուրբ զբացողությամբ է ընտրված նաեւ սյունաշարի ռիթմը, սյունից սյուն ընկած տարածությունը. բարձրության համեմատությամբ սյուները դրված են, թվում է, իրար ավելի մոտ, քան լինում է սովորաբար, եւ դրանից էլ ավելի է ուժեղանում զգացողությունը վերասլացության... Պակասը լրացնում են կաննելյուրաներըՙ ապշեցուցիչ վարպետությամբ փորված... Հանդիսավորության զգացողությունը անդրերկրային է... Բել տաճարի այս սյունաշարը չունի աշխարհում իր նմանը... Բել տաճարի մոնումենտալ մուտքը եւ ինքըՙ տաճարը, ամբողջությամբ վերցված, այն բարձրագույն գեղագիտական կատեգորիան է, գագաթնակետը կատարելության, ներդաշնակության, որի հետ պիտի համեմատվի եւ որին պիտի ձգտի ոչ միայն ճարտարապետությունը... Եվ այս շքեղությունը, այս հանդիսավորությունը, այս ֆանտաստիկ ներդաշնակությունը այստե՛ղՙ այս կիզիչ անապատի կենտրոնում... Շարունակությունը` հաջորդիվ |