ԹԱՏԵՐԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԻ ՏԵՐԵՎԱԹԱՓԸ ԲԵՅՐՈՒԹՈՒՄ Բախտիար ՀՈՎԱԿԻՄՅԱՆ Պերճ Ֆազլյան Համահայկական թատրոնը զրկվեց բեղմնավոր գործունեությամբ հանրաճանաչ թատերական մի գործչից եւս: Դա Պերճ Ֆազլյանն է, որն ավելի քան կես դար ստեղծագործական փառավոր ուղի է անցելՙ իր հետքը թողնելով Թուրքիայի, Լիբանանի, Սիրիայի, Եգիպտոսի, Կանադայի, ինչպես նաեւ Մայր Հայրենիքի թատրոնների պատմության մեջ: Ֆազլյանը ճանաչված ու գնահատված թատերական գործիչ էր նաեւ արաբական թատրոնում ու կինոյում: Բացառիկ հնարավորությունների ու հնարամտությունների տեր արվեստագետ էր Ֆազլյանը: Նա իր ստեղծագործական կարողությունները դրսեւորել էր թատերական արվեստի բոլոր ճյուղերումՙ թատրոնի եւ կինոյի դերասան ու տեսաբան, դրամատուրգ, բեմադրիչ, մանկավարժ, թարգմանիչ, նկարչական եւ երաժշտական ձեւավորող: Ֆազլյանն այն բացառիկ դեմքերից մեկն էր, որը ոչ միայն խաղացել է մի քանի լեզվով, այլեւ բեմադրություններ տվել հայերեն, արաբերեն, թուրքերեն, ֆրանսերեն: Տեսնված-լսված բա՞ն է, որ միջազգային փառատոներում հայազգի թատերական գործիչը ներկայացնի Լիբանանի արաբական թատրոնը: Այդ բացառիկ մարդը եղել է Պերճ Ֆազլյանը: Թատրոնի նկատմամբ անմնացորդ սերը, հարազատ ժողովրդին ազնվորեն ծառայելու, հայոց լեզուն սփյուռքահայ միջավայրում կենդանի պահելու, ազգակիցների գեղագիտական պահանջմունքները զարգացնելու գիտակցությունը նրան ստիպել է օգտագործել մարդկային հնարավորությունները եւ մի ամբողջ հաստատության շարժիչ ուժը հանդիսանալ: Պերճ Հայկի Ֆազլյանը ծնվել է 1926 թ. դեկտեմբերի 7-ին, Կ. Պոլսում: Սովորել է տեղի Մխիթարյան եւ Կեդրոնական վարժարաններում: Նախապես հետաքրքրվել է նկարչությամբ, բայց թատրոնի կախարդական աշխարհը նրան տարել է դեպի արվեստի առավել կենդանի օջախՙ գեղարվեստի բոլոր ճյուղերն իր մեջ ամփոփող թատրոն: Եվ, քանի որ հայերեն ներկայացումները դեռ արգելված էին Թուրքիայում, Ֆազլյանը թուրքական բեմ է բարձրացել: 1943-1945 թթ. Ֆազլյանը որպես դերասան աշխատել է Ստամբուլի Քաղաքապետական թատրոնում: Երկու թատերաշրջանում նա հանդես է եկել Է. Լոստանի «Սիրանո դե Բերժերակ», Շեքսպիրի «Հուլիոս Կեսար» եւ «Փոթորիկ», Մոլիերի «Սխալների կատակերգությունը» եւ այլ պիեսների բեմադրություններում: Դասականների ստեղծած կերպարների դերակատարումներով ձեւավորել է իր դերասանական արվեստը: 1945-ից, երբ արտոնություն է տրվել հայերեն ներկայացումների կազմակերպմանը, Ֆազլյանն անցել է հայ թատրոն, դարձել այդ շրջանի թատրոնի հիմնադիրներից մեկը: Նա հիմնադրել է Երիտասարդաց թատերախումբը, բեմադրություններ տվել, դերեր խաղացել: Այս շրջանի նրա դերակատարումներից ենՙ Իշխանը («Հին աստվածներ»), Գերեզմանափորը («Համլետ»), Տիբալտը («Ռոմեո եւ Ջուլիետ»), Արգանը («Երեւակայական հիվանդ»), Քեռի Վանիա (համանուն պիեսում), Միանսազ («Չար ոգի») եւ ուրիշ դերեր: Շեքսպիրի, Մոլիերի, Չեխովի, Շիրվանզադեի պիեսներումՙ միանգամայն տարբեր երկրների, ժամանակների միջավայրում ապրած ու գործած անձնավորությունների հոգեբանության եւ գործելակերպի ուսումնասիրությունն ու կատարումը կատարյալ դպրոց է դարձել երիտասարդ դերասանի համար: Դերասանն ու բեմադրիչըՙ մեկը մյուսին լրացնելով, Ֆազլյանի հետաքրքրություններն այլեւս չեն բավարարել սիրողների ուժերով ստեղծած ներկայացումների գեղարվեստական ու գաղափարական պահանջմունքները: Նրան անհրաժեշտ էին գործունեության առավել լայն հորիզոններ: Թատերական արվեստի զարգացման հուսատու այդ հորիզոնները նա տեսել է Բեյրութի միջավայրում, ուր հայ մտավորականությունն ավելի ազատ էր իր ստեղծագործական կյանքում: 1951-ին Ֆազլյանը փոխադրվել է Բեյրութ: Երբեմն-երբեմն մասնակցելով Աշոտ Մատաթյանի (նույնպես Կ. Պոլսից եկած դերասան եւ բեմադրիչ), այլ խմբերի ներկայացումներին, Ֆազլյանը կազմակերպել է իրՙ Մխիթարյան սանուց միության խումբը, բեմադրել Մոլիերի «Ագահը»: Ժամանակի հետ մտերմանալով հայ համայնավարների «Գրական շրջանակի» գործիչների հետ, նա ստեղծել է «Նոր բեմ» թատերախումբը, որի ուժերով բեմադրել է Բեն Ջոնսոնի «Վոլբոնե» պիեսը եւ մեծ հաջողության եւ գնահատության արժանացել: Այս թատերախմբի հետ նա բեմ է հանել նաեւ Անտոն Չեխովի «Առաջարկություն» եւ «Արջ», Շեքսպիրի «Սխալների կատակերգությունը» եւ այլ պիեսներ: Ֆազլյանի ստեղծագործական կյանքում վերելքի նոր փուլ է հանդիսացել 1958 թվականը: ՀԲԸՄ Հայ երիտասարդաց միության աջակցությամբ նա կազմակերպել է մի նոր թատերախումբ, որը մեր մեծ դերասան Վահրամ Փափազյանի անունով կոչելու համար դիմել եւ ստացել է նրա սիրալիր համաձայնությունը: Միեւնույն ժամանակ Փափազյանը ցանկություն է հայտնել, որ իրեն համարեն դերասանական խմբի անդամ: «Վահրամ Փափազյան» թատերախմբում Ֆազլյանը բեմադրել է բազմաթիվ պիեսներ, ինչպես հայրենական, այնպես էլ թարգմանական դրամատուրգիայիցՙ Գոլդոնիի «Ստախոսը», Վրթանես Փափազյանի «Ժայռը», Մոլիերի «Ժորժ Դանդենը», Մ. Պանյոլի «Տոպազը», Գ. Տեր-Գրիգորյանի «Գարնան անձրեւը», Շեհատեի «Վասկոյի հեքիաթը», Շեքսպիրի «Ամառնային գիշերվա երազը», Ի. Կարաջալեի «Կորսված նամակ մը»-ն եւ ուրիշ պիեսներ, որոնցում կատարել է հերոսների եւ բնութագրական դերեր: Առավելապես մեծ հնչեղություն է ունեցել Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան քառասուն օրը» վեպի բեմականացրած տարբերակի (դրամատուրգ Մելիք Քոչարյանի կողմից կատարված) նրա բեմադրությունը, որը տեղի է ունեցել 1965-ինՙ նվիրված Մեծ եղեռնի զոհերի հիշատակի ոգեկոչմանը, ունեցել է ութ ներկայացում, որոնցից երկուսը Զահլեում եւ Տրիպոլիում: Անցյալի հերոսական պայքարի պատմությունը հուզել է Ֆազլյանին գրելու «Անպատանք դիակներ» պիեսը, որի գործող անձերից մեկը եղել է իր հայրը: Պիեսի ատաղձը վերցրել է Ժան Պոլ Սարտրի համանուն պիեսից, բայց հիմնովին փոխել է թե՛ միջավայրը եւ թե գործող անձանց: Ֆազլյանի պիեսը պատկերում է 1890-ական թթ. հայ հեղափոխականների եւ բանտարկյալների բախումը թուրքերի հետ: Պիեսը բեմադրվել է Մեծ եղեռնի տարբեր տարելիցների, Մոնրեալում (1975, 1978): Ֆազլյանը եղել է անընդհատ որոնումների, նորարարությունների հմուտ արվեստագետ: Այս առումով, հետաքրքրական է եղել «Հին աստվածների» բեմադրությունը, որը նվիրվել է հեղինակիՙ Լեւոն Շանթի ծննդյան 100-ամյակին: Նա, որ սովոր է եղել բեմադրությունների մեջ արդիական հնչեղություն տալու եզրեր գտնել. «Հին աստվածների» բեմադրությանը ավելի սիմվոլիկ արտահայտչամիջոցներ է հաղորդել: Այսպիսի մոտեցումը դրսեւորվել է ոչ միայն գործող անձանց մեկնաբանության, այլեւ գեղարվեստական ձեւավորումների մեջ: Դա եղել է մի համարձակ փորձ, որը թեեւ չի խրախուսվել քննադատության կողմից, բայց ունեցել է իր հետաքրքրական մոտեցումը: Հետեւելով բեմադրողի մտահղացումներին, պետք է նշել, որ նրա այդ նորարարական փորձն, իրոք, նոր խոսք է եղել հայկական ռեժիսուրայի, մասնավորապես «Հին աստվածների» բեմական պատմության մեջ: Պիեսի գլխավոր հերոսներիՙ սրտի ու մտքի պայքարը հակադրելու, երեւույթների, գործողությունների հազարամյա անջրպետն այսօրացնելու, միգանուշների աշխարհը պերճախոս ներկայացնելու նպատակով, Ֆազլյանը հոգեւորականներին հագցրել է գունաթափ զգեստներ, Իշխանուհունՙ մարած, աղջիկներինՙ սեւ, միգանուշներինՙ սպիտակ, զորականներինՙ վառ եւ այլն: Բայց առավել սիմվոլիկըՙ հեռավորն ու ներկան իրար շաղկապողը եղել է Սեդայի կերպարը երկու անձով ներկայացնելը: Մեկը իրականը, մյուսըՙ երկնայինը: Իրականի փոխարեն երկնայինն է խոսում Աբեղայի հետ ու տանում էր հետեւից: Արաբական ֆիլմերում նկարահանվելու համար Ֆազլյանը 1969-ին գնացել է Եգիպտոս: Ազատ ժամերին, թատերական հարցերի շուրջը դասախոսություններ է կարդացել եգիպտահայ թատերական գործիչների ու հանդիսատեսի համար: Կահիրեի Հայ գեղարվեստասիրաց միության վարչության առաջարկով, կարճ ժամանակում բեմադրության է պատրաստել Ա. Չեխովի երկու փոքրիկ պիեսներըՙ «Արջը» եւ «Ամուսնության առաջարկը»: Վերջինիս մեջ միաժամանակ կատարել է կալվածատեր Լոմովի դերը: Ներկայացումները տեղի են ունեցել մի երեկոյումՙ 1969-ի օգոստոսի 10-ին: Կահիրեի «Արեւ» թերթում, «Չեխովեան անմոռանալի երեկոյ մը» վերնագրով հոդվածում, նրա մասին գրվել է. «Պերճ Ֆազլյան, օրերով «կրթեց», «վերադաստիարակեց» մեր սիրող դերասանները, զանոնք սիրողի մակարդակէն վեր բարձրացուց»: Բեյրութում աշխատած տարիներին, հայ թատրոնին ծառայելուց բացի, Ֆազլյանն ակտիվ դեր է կատարել նաեւ տեղի արաբական թատրոնի զարգացման գործում: Արաբ գործընկերների հետ թատերախումբ է կազմել, բեմադրություններ տվել («Շեքսպիրի «Սխալների կատակերգությունը» եւ ուրիշներ), շուրջ տասը տարի դերասանի վարպետություն դասավանդել Արաբական համալսարանի թատերական բաժնում, բեմադրություններ տվել ֆրանսերեն խաղացող թատերախմբում, արաբական արվեստը ներկայացրել միջազգային թատերական փառատոներում: Չնայած Լիբանանում ունեցած մեծ հաջողությանն ու գնահատությանը, լիբանանյան պատերազմի շրջանում Ֆազլյանը 1976-ին փոխադրվել է Կանադա եւ հաստատվել Մոնրեալում: Այդտեղ նա ստանձնել է Թեքեյան մշակութային միության «Հայ բեմ» թատերախմբի բեմադրիչի պարտականությունը, հանդես գալով նաեւ որպես դերասան: «Հայ բեմ» թատերախմբի հետ նա բեմադրել է Գոգոլի «Ամուսնությունը», Մոլիերի «Ագահը», իր հեղինակած «Անպատանք շիրիմները», Գոլդոնիի «Ստախոսը» եւ «Երկու տիրոջ ծառան», Շեքսպիրի «Օթելլոն» (1983, Օթելլոյի դերակատարումով) եւ այլ գործեր: Ինչպես Լիբանանում, այնպես էլ Կանադայում Ֆազլյանը մասնակցել է թատերական փառատոների եւ հաղթող դուրս եկել: 1980-ին, Մոնրեալում, 12 ազգությունների փառատոնում, առաջին տեղը գրավել է Ֆազլյանի բեմադրածՙ «Պարան կծախեմ» պիեսի ներկայացումը «Հայ բեմ» թատերախմբի ուժերով: 1981-ին երեք ներկայացումով թատերախումբը տարել է Լոնդոն: Ֆազլյանի դերասանական կյանքում նորություն է եղել Օգսենի դերակատարումը Մհեր Մկրտչյանի Պաղտասար աղբարի հետ, որով նա հանդես է եկել Տորոնտոյում, Բոստոնում, Ֆիլադելֆիայում, Նյու Յորքում: Ֆազլյանի խաղաոճը հիմնականում կառուցված է եղել բացասական կերպարներ մարմնավորելու վարպետ կատարման վրա: Բայց Օգսենի դերի համար կերպարանափոխվել է, դարձել շատախոս, շողոքորթ, խոսքերն անգիր արած ծիծաղելի փաստաբան: Տարիներ անց, Ֆազլյանը վերադարձել է Բեյրութ, աշխատել այնտեղ, բայց ոչ այն փայլատակուով, որպիսին ունեցել էր 1960-70-ական թթ.: Թատրոնի գործիչ լինելուց բացի, նա նաեւ գրչի մարդ է եղել: Գրել է «Անպատանք մեռելներ», «Կատակերգություն ամենայն սրբոց» պիեսները: Վերջինս արգելվել էր բեմադրության համար: Թարգմանել է Գոլդոնիի «Ստախոսը», Մոլիերի «Սխալների կատակերգությունը» եւ «Խաչագողը» (Տարտյուֆ), Ջեյմսի «Ժառանգ» եւ այլ գործեր: Թատրոնի, թատերական արվեստի եւ նրա գործիչների, ազգային եւ թարգմանական դրամատուրգիայի մասին մի շարք հոդվածներում կարեւորել է պրոֆեսիոնալիզմը, ազգային ու համազգային դրամատուրգիայի մերձեցման, գաղափարական հարցերի բարձրացման մի շարք առաջնահերթ խնդիրներ: Նրա գրած հոդվածներից ենՙ «Հայկական հին թատրոնը», «Ակնարկ սփյուռքահայ թատրերգության տագնապին շուրջ», «Մհեր Մկրտչյան», «Վարդան Աճեմյանի մահվան առթիվ», «Վահրամ Փափազյան եւ Վ. Փափազյան թատերախումբը», «Օթելլոն եւ հայերը» եւ ուրիշներ: Պերճ Ֆազլյանը ստեղծագործական եւ մտերմական կապերի մեջ է եղել հայաստանյան թատերական գործիչների հետ: Մի քանի անգամ առանձին ու դերասանուհի եւ բեմանկարիչ կնոջՙ Սիրվարդ Ֆազլյանի հետ եկել է Երեւան: 1995-ին եւ 2007-ին հանդիպում-մեծարում է կազմակերպվել Ե. Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանումՙ նվիրված նրա բեմական գործունեության 50 եւ ծննդյան 80-ամյակներին: Թանգարանին նվիրած իր նյութերով կազմակերպվել է ցուցահանդես: Իսկ մինչ այդ, 1987-ին Երեւանի հեռուստաթատրոնում բեմադրել է Երուխանի «Ձկնորսի սերը» պիեսըՙ իր եւ կնոջ մասնակցությամբ: Պերճ Ֆազլյանի հիշատակը հարգանքով է արտասանվում մեր թատերական կյանքում: Նա անմահ է իր արվեստով: Նկար 2. Պերճ Ֆազլյանի բեմական գործունեության 50-ամյակի մեծարումը Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանում 1995-ի ապրիլի 6-ին: Ֆազլյանին ներկայացրել է թատերական բաժնի վարիչ Բ. Հովակիմյանը: |