RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#013, 2016-04-08 > #015, 2016-04-22 > #016, 2016-04-29 > #016, 2016-05-06

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #15, 22-04-2016



ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆ

Տեղադրվել է` 2016-04-21 20:00:34 (GMT +04:00)


Ընթերցված է` 1452, Տպվել է` 7, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«ԱՆՆԱ ԿԱՐԵՆԻՆԱՆ»ՙ ԵՐԵՎԱՆՅԱՆ ԲԵՄՈՒՄ

Նաիր ՅԱՆ

Հայաստանյան բալետային իրականությանը ներողամտաբար ենք վերաբերվում եւ ըմբռնումով մոտենում: Լավ գիտենք, որ 5-6 տարեկանից իրենց շատ բաներից զրկելով, ժամեր շարունակ հայելու առաջ պարելով ու պարապելով եւ երիտասարդ տարիքում վերջապես բեմ դուրս գալու հնարավորություն ստանալովՙ մեր բալետի պարողներն ինչ չնչին են վարձատրվում: Բալետմայստեր Ռուդոլֆ Խառատյանը հոգնել է կրկնելուց, որ մերոնց չի կարողանում ամենօրյա պարապմունքների համար պարասրահ բերել, մինչդեռ բալետի արտիստը պետք է ամեն օր պարտադիր մարզվի: Չեն գալիս, շատերը զբաղված են, պատճառաբանում են, թե կոմերցիոն միջոցառումներից հրավերներ են ստանում ու մի քանի համար պարելովՙ ավելի շատ վարձատրվում: Մենք սվորել ենք մեր լավին էլ, վատին էլ, երբ սիրտներս բալետ է ուզում, այնուամենայնիվ, գոնե «Գայանեն» գնում ենք նայելու: Իներցիան հարմարվողականության է դրդում նաեւ արվեստում, մինչեւ որ աչքներս մի նոր բան է տեսնում ու մեզ հանում գոլ թմբիրից:

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում երկու օր հյուրախաղերով հանդես եկավ Սանկտ Պետերբուրգի պետական ակադեմիական բալետի թատրոնը: Հայ հանդիսատեսը դիտեց «Աննա Կարենինա» ներկայացումը եւ դուրս եկավ գոլ թմբիրից:

Դեռեւս 1977-ին բալետմայստեր Բորիս Էյֆմանը ստեղծել է բալետային խումբ, եւ բեմարվեստում ամրագրել իր ձեռագիրն ու ոճը:Նրա արվեստի հիմնաքարը բալետը չէ միայնՙ որպես դասական պար կամ պարային բեմադրություն, այլ մարմնի պլաստիկանՙ ընդելուզված արտիստի ներաշխարհի, ապրումների, հոգեվիճակի, հուզականության հետ: Հենց սա է Էյֆմանի մեծագույն հաղթանակը. հանդիսատեսը բեմի վրա տեսնում է ոչ թե պարողների, որոնք կատարում են պարուսույցի ու բեմադրիչի ցույց տված շարժումները, այլ նրանց պարը, ֆիզիկական շարժումները բխում են հոգեկան ապրումներից ՙ հոգին ու մարմինը դարձնելով մեկ ամբողջություն: Տոլստոյի համանուն վեպի բալետային ներկայացումըՙ Չայկովսկու երաժշտության հիման վրա, լիովին հաղորդեց այն ժամանակաշրջանն ու միջավայրը, որոնք շեշտադրում էին ե՛ւ ռուսական մթնոլորտը, ե՛ւ կերպարների համամարդկային պատկանելությունը: Այստեղ են ասելՙ եթե կա լիարժեք պատկերացում, թե ինչ է ուզածդ, ուրեմն այն իրականացնելու միջոցները նվազագույնի կհասցվեն: Լուսերի ճիշտ շողարձակումով, երաժշտության ու բնական ձայնի զուգորդմամբՙ ավելացրած կատարելության հասցված պարն ու մարմնի պլաստիկան, կերպարների սրտի բաբախն ու շնչառությունը, մեր օպարային թատրոնի բեմը հայկական բալետային իրականության ուղեծրից դուրս հանեցին:

Մի քանի դեկորացիաներ, որոնք ճկուն էին, ինչպես ռուս պարողները, Չայկովսկու երաժշտությունըՙ նորաոճ երանգներով համեմված, մի քանի տասնյակ պարողներ, որոնք երկու մետր թռչում եւ այնպես էին հպվում հատակին, ինչպես մի քանի տասնյակ փետուրներ: Ի դեպ, Բորիս Էյֆմանը մեծ ուշադրություն է դարձնում արտիստների արտաքին տեսքին: Նրա համար թիվ մեկ չափանիշը գեղեցիկ մարմինն ու շատ բարձր հասակն է: Այս պահանջը գործում է թե՛ տղաների, թե՛ աղջիկների համար:

Էյֆմանի պարային արվեստի առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ նրա բեմադրություններն անպայման գրական հիմք ունեն ու սյուժետային ընթացք: «Աննա Կարենինան» բեմադրելու համար նա երկար տարիներ ծանրութեթեւ է արել թեման, վեպը 40 անգամ կարդացել, արտիստներին ընտրել: Հայաստանյան հյուրախաղերի երկու օրերին բեմ բարձրացան երկու տարբեր Կարենինաներ, Կարենիններ ու Վրոնսկիներ: Դասական բալետի օրինաչափություններով, բայց ժամանակակից համարձակ ու անկաշկանդ լուծումներով ներկայացումը հմայում է իր պարզությամբ ու թեթեւությամբ, բեմադրական լուծումների, հերոսներիՙ պարային պլաստիկայով եւ հույզերի պատճառաբանված, հիմնավորված արտահայտչականությամբ: Անգամ հագուստների գույներն էին մեղմ ու եթերային: Սիրո տեսարանների զուսպ երկխոսություններով, հոգեկան թրթիռների համամասնությամբՙ բեմադրիչը տեղ էր հասցնում գլխավոր ասելիքըՙ սիրային եռանկյունու ողբերգությունը մարդկային է եւ հենված հիմնական բնազդիՙ կրքի վրա: Էյֆմանն Աննա Կարենինայի ինքնասպանությանՙ իր վերլուծությունն ունի. ինքասպանություն ոչ թե հանուն սիրո, այլ հանուն կրքի: Բալետում կարողանալ գործողությունները, հատկապես կտրուկ, սրընթաց իրադարձությունները ցույց տալ ոչ միայն պարի, այլեւ ռեժիսորական հնարքների միջոցով, ինչ խոսք, դժվար է: Անգամ սյուժեին ծանոթ չլինելու դեպքում հանդիսատեսը հստակ կարող է հասկանալ գործողությունների ընթացքը: Բարդ ու մեծ պրոֆեսիոնալիզմ պահանջող պարով, գլխավոր հերոսների, ինչպես նաեւ պարախմբի կերպարային, դրամատիկ մասնակցությամբ, բեմի յուրաքանչյուր սանտիմետրի ճիշտ օգտագործմամբ «Աննա Կարենինան» արտահայտեց Բորիս Էյֆմանի ու նրա թիմակիցների ստեղծագործական միասնության ոգին: Այն, որ «Աննա Կարենինայով» ապրել էր ներկայացման բեմական ու կուլիսային յուրաքանչյուր մասնակից, ակնհայտ էր: Բեմադրության հաջողության գրավականն այն էր, որ բոլորը ճանաչել էին կերպարներին ուղնուծուծով, հասկացել ու արտահայտել նրանց ժամանակաշրջանը, ներթափանցել հերոսների հոգու խորքերը, պատճառաբանել նրանց յուրաքանչյուր արարք, երաժշտության հուժկու եւ կտրուկ երանգներով հիմնավորել նրանց դրամայի զարգացումն ու կուլմինացիան: Եվ այս ամենն առանց խոսքերի, եւ այս ամեննՙ արտահայտված միայն մարմինների շարժումներով ու պարային խաղով:

Բորիս Էյֆմանը 40-ից ավելի բեմադրությունների հեղինակ է: «Աննա Կարենինան» եւս մեկ անգամ հավաստում է, որ Էյֆմանի ստեղծագործական բանալին բալետային թատրոնն է, որը նա համարում է ապագայի արվեստ: Իսկ այդ արվեստը նպատակաուղղված է դեպի մարդը:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #15, 22-04-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ