RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#013, 2016-04-08 > #015, 2016-04-22 > #016, 2016-04-29 > #016, 2016-05-06

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #15, 22-04-2016



Տեղադրվել է` 2016-04-21 20:00:34 (GMT +04:00)

ՓԻԹԵՐ ԲԱԼԱՔՅԱՆԸ ՓՈՒԼԻՑԵՐՅԱՆ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ

Մ. ԲԱԴԱԼՅԱՆ

Ամերիկյան հեղինակավոր Փուլիցերյան մրցանակը տրվում է գրականության, լրագրության, երաժշտության եւ թատրոնի ասպարեզներումՙ տարվա լավագույն ստեղծագործությունների համար: Հունգարական ծագումով ամերիկացի միլիոնատեր Ժոզեֆ Փուլիցերի կտակի համաձայն, իր մահից հետո երկու միլիոն դոլարով ստեղծվում է մրցանակային հիմնադրամ. առաջին մրցանակաբաշխությունը տեղի է ունենում 1917 թվականին, Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանում:

Այս տարի Փուլիցերյան մրցանակաբաշխության 100-րդ հոբելյանականը ինչպես ուրախալի, նույնպես խորհրդանշական է մեզՙ հայերիս համար: Գրականության ասպարեզում մրցանակը շնորհվեց ամերիկահայ անվանի գրող, բանաստեղծ, հուշագիր Փիթեր Բալաքյանինՙ «Օզոնային հանդես» (Ozone Journal) բանաստեղծական ժողովածուի համար, որն անդրադարձ է 20-րդ դարասկզբի ամենասահմռկեցուցիչ իրողությանՙ Հայոց ցեղասպանության ողբերգական դեպքերին: Գիրքը հրատարակվել է Չիկագոյի համալսարանի կողմից:

1940 թ. Փուլիցերյան մրցանակի է արժանացել ամերիկահայ մեծանուն գրող Ուիլյամ Սարոյանըՙ «Քո կյանքի ժամերը» պիեսի համար: Ավելի ուշ նույն մրցանակին արժանացել էր նաեւ ամերիկահայ հայտնի լրագրող, Boston Glob թերթի խմբագիր Ստեֆըն Քյուրքչյանը:

Փիթեր Բալաքյանը բանաստեղծական յոթ հատորի, 4 գրքի եւ մի քանի համատեղ թարգմանությունների հեղինակ է: Նրա «Ճակատագրի սեւ շունը» (Black Dog of Fate) գիրքը, որ նաեւ թարգմանվել է հայերեն, հուշագրության ասպարեզում նախապես արժանացել էր «PEN/Albrand» մրցանակի:

Բալաքյանի «Այրվող Տիգրիս. Հայոց ցեղասպանությունը եւ Ամերիկայի արձագանքը» (The Burning Tigris: The Armenian Genocide and Americas Response) գիրքը 2005թ. արժանացել է Ռաֆայել Լեմկինի անվան մրցանակիՙ ընդգրկվելով New York Times թերթի բեսթսելերների ցանկում:

Փիթեր Բալաքյանն ունի ամերիկյան քաղաքակրթության ասպարեզում փիլիսոփայության դոկտորի կոչում (Բրաունի համալսարան): 1980-ից դասավանդում է Նյու Յորք նահանգի Քոլգեյթի համալսարանում, որտեղ այժմ անգլերենի ֆակուլտետում հումանիտար գիտությունների պրոֆեսոր է եւ ստեղծագործական գրավոր խոսքի կենտրոնի տնօրենը: Եղել է Քոլգեյթի համալսարանի Էթիկայի եւ աշխարհի հասարակությունների կենտրոնի առաջին տնօրենը:

Այս տարվա Փուլիցերյան մրցանակին է արժանացել նաեւ Associated Press լրատվական գործակալությունը:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #15, 22-04-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ