RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#013, 2016-04-08 > #015, 2016-04-22 > #016, 2016-04-29 > #016, 2016-05-06

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #15, 22-04-2016



Տեղադրվել է` 2016-04-21 20:00:34 (GMT +04:00)


Ընթերցված է` 1551, Տպվել է` 9, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՔՐԱՄ ԱՅԼԻՍԼԻԻ «ՔԱՐԵ ԵՐԱԶՆԵՐ»-Ի ՉԵԽԵՐԵՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ ՊՐԱՀԱՅՈՒՄ

Հակոբ ԱՍԱՏՐՅԱՆ

Ապրիլի 11-ին Պրահայի Վացլավ Հավելի գրադարանում տեղի ունեցավ ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլիի «Քարե երազներ» հանրահայտ գրքի չեխերեն հրատարակության շնորհանդեսը, որին մասնակցում էին գրքի չեխերենի թարգմանչուհի Ալեքսանդրա Ստելիբսկան, Կարլի համալսարանի դոցենտ Էմիլ Սուլեյմանովը եւ գրքի տպագրության պատրաստողներից Թերեզա Չլանովան: Էմիլ Սուլեյմանովը խոսեց հակամարտության պատմության մասին, իսկ Ալեքսանդրան եւ Թերեզան ներկայացրեցին գրողին ու նրա գիրքը, կարդացին հատվածներ չեխերեն թարգմանությունից: Թերեզան նաեւ նշեց, որ գիրքը գեղարվեստական պոետիկ պատմություն է հեղինակի հարազատ Այլիսլի քաղաքի մասին:

Գիրքը տպագրվել է 2015-ին Պրահայում Վիշեհրադյան երկրների Գրական հիմնադրամի հովանավորությամբ: Այն արժանացել է նաեւ այս հիմնադրամի գրական մրցանակին: Ինչպես նշեց թարգմանչուհին, ինքը որոշել է ռուսերենից թարգմանել գիրքը, երբ իմացել է, ոչ միայն Այլիսլիի նկատմամբ Ադրբեջանում իրականացվող ճնշումների, այլեւ հայ սպա Գուրգեն Մարգարյանին Բուդապեշտում ՆԱՏՕ-ի դասընթացների ժամանակ սպանած Սաֆարովին Բաքվին հանձնելու եւ վերջինիս այնտեղ հերոսացնելու մասին:

Չեխերեն հրատարակության համար Այլիսլին գրել է հատուկ առաջաբան, որում մասնավորապես ասվում է, որ նա շարունակում է ապրել Բաքվում , հասարակությունից մեկուսացված, եւ երբեմն էլ եթե փողոց է դուրս գալիս, ապա զգում է որոշ մարդկանց կողմից իրեն ցուցաբերվող համակրանքը: Նրա ասելով, այժմ Ադրբեջանում գործում է սովետական ամենավատ ժամանակների գաղափարախոսությունը, որի արդյունքում իրեն հայտարարել են ազգի ու ժողովրդի թշնամի: Ադրբեջանում երեւի այլեւս մարդ չի մնացել , որ իր դեմ ելույթներով հանդես չգա, այդ թվումՙ գրողների միության 1600 անդամները եւ նույնիսկ Ադրբեջանի հոգեւոր առաջնորդ Շեյխ- ուլ-Իսլամը:

Այլիսլին նաեւ շնորհակալություն է հայտնում արտերկրից իրեն աջակցություն ցույց տվողներին, եւ գրում, որ կարեւորն այն է, որ ինքն իր գրած ճշմարտության հարցում չի տատանվում: Նա ուրախ է նաեւ, որ իր գիրքը լույս է տեսնում Հուսի, Չապեկի, Հաշեկի, Ֆուչիկի եւ Հավելի լեզվով:

Թարգմանչուհի Ալեքսանդրա Ստեբլիսկան նաեւ նշեց, որ մարտի վերջին գրողին կալանվորել են Բաքվի օդանավակայնում եւ չեն թույլատրել մեկնել Վենետիկՙ մասնակցելու միջազգային գրական փառատոնին: 78-ամյա գրողը, որ պարգեւատրված է եղել Ադրբեջանի բոլոր բարձր պարգեւներով, զրկվել է նույնիսկ ժողովրդական գրողի կոչումից, նախագահական թոշակից: Նրա ընտանիքի անդամներըՙ կինն ու որդին ազատվել են աշխատանքից: «Քարե երազներ» գրքում նա մանրամասն նկարագրում է դարասկզբին Նախիջեւանումՙ Ագուլիսում (Այլիսլի) եւ 1988-90 թվականներին Սումգայիթում եւ Բաքվում տեղի ունեցած հակահայկական գործողություններն ու ջարդերը: Ինքըՙ Այլիսլին համարում է, որ իր դեմ արշավի իրական պատճառներից մեկն այն է, որ այդ գրքում պատմել է ոչ միայն հայկական ջարդերը Հեյդար Ալիեւի կողմից հրահրված լինելու մասին, այլեւ որ «Վիթխարի խցանում» վեպում գրել է Ալիեւի կատարած հանցագործությունների մասին:

Դեռեւս 2007 թվականին գրած վեպը հրատարակել է միայն 2013-ինՙ ռուսական «Դրուժբա Նարոդով» ամսագրում, երբ տեսել է, թե մարդասպան Սաֆարովին ինչպես են հերոսացնում Ադրբեջանում:

Ի վերջո, մի այլ հարցազրույցում էլ գրել է, որ այս գրքով դիմել է ոչ թե հայ ու ադրբեջանցի քաղաքական գործիչներին, այլ երկու երկրների ժողովուրդներին, որոնց վիճակված է ապրել իբրեւ հարեւաններ:

Նրա գրքի հերոսներից մեկըՙ դոկտոր Աբասալիեւը ասում է. «Եթե բռնությամբ սպանված յուրաքանչյուր հայի համար գեթ մեկ մոմ վառեին, ապա այդ մոմերի ցոլքը լուսնի լույսից ավելի վառ կլիներ»:

Աքրամ Այլիսլիի գրքի մասին գրախոսականներ են տպագրվել նաեւ չեխական մամուլում, իսկ «Հոսպոդարսկի նովինի» թերթը մի հատված է հրատարակել գրքից:

Գիրքը հայերենով լույս է տեսել 2013 թվականին Երեւանում, ունեցել է նաեւ ֆիններեն, լատիշերեն, իտալերեն եւ սլովակերեն հրատարակություններ:

Պրահա

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #15, 22-04-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ