RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#013, 2016-04-08 > #015, 2016-04-22 > #016, 2016-04-29 > #016, 2016-05-06

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #15, 22-04-2016



ԻՐԱԳՈՐԾՈՒՄ

Տեղադրվել է` 2016-04-21 20:00:34 (GMT +04:00)


Ընթերցված է` 1981, Տպվել է` 5, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՐՄԻՆԵ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ ԻՆՔՆԱՏԻՊ ԱՐՎԵՍՏԸ

ՎԵՐԺԻՆԵ ՍՎԱԶԼՅԱՆ, Բանասիրական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր, ցեղասպանագետ

ՀՀ ժողովրդական վարպետ Արմինե Հայրապետյանի գեղարվեստն ինքնատիպ է ե՛ւ ձեւով, ե՛ւ բովանդակությամբ:

Ձեւով ասելով` պետք է հասկանալ ազգային ասեղնագործության տեսակները, որոնք հնուց ի վեր ուղեկցել են հայ ժողովրդին` Վանի, Սվազի, Մարաշի, Այնթապի, Ուրֆայի եւ այլ տեղավայրերի ասեղնագործական դպրոցների ավանդները, որոնք Հայոց ցեղասպանության թոհ ու բոհի հետ ոչնչացան, անհետացան մեր բազմադարյա մշակութային այլ արժեքների հետ: Եվ ահա, արվեստագետ Արմինեն նոր շունչ, նոր հոգի ու վերածնունդ է տվել մեր երբեմնի այդ ավանդներին, որոնք գրեթե մոռացության էին մատնված: Նա իր ծով համբերությամբ եւ աչքի լույսով, ասեղի կամ հելունի ծայրով, ձեւ ու կերպ է հաղորդել բազմաթիվ անկրկնելի ստեղծագործությունների, որոնցից ոչ մեկը մյուսին նման չէ, բայց բոլորը միասին հայկական են, ազգային ու ժողովրդական:

Եթե բովանդակությամբ բնորոշենք Արմինեի ստեղծագործական աշխարհը, ապա այն բոլորովին նորույթ է. եզակի եւ, իրոք, ինքնատիպ: Քանի որ արվեստագիտուհին ընթացել է չտրորված ճանապարհով` իր արվեստը հարստացնելով իր իսկ հոգու եւ մտքի աներեւակայելի հայտնագործություններով: Նա իր համեստ թվացող ձեռագործներին նոր բովանդակություն, նոր որակ, նոր իմաստ ու նոր նպատակաուղղվածություն է հաղորդել: Այստեղ արդեն Արմինե-ստեղծագործողը մեզ ներկայանում է ի վերուստ շնորհված իր բացառիկ կարողություններով, որոնք իրենից առաջ ոչ-ոքի մտքով անգամ չի անցել, որ ասեղնագործությանը կարելի է խոսեցնել, երգեցնել եւ նույնիսկ փիլիսոփայական բարձր գաղափարներ արտահայտել տալ: Սա արդեն գյուտի արժեք ունի:

Սկսած վաղնջական ժամանակներից, հազարամյակների խորքից մեզ հասած վիմափոր «Ժայռապատկերներ» -ի գաղտնախորհուրդ իմաստների վերծանումից մինչեւ 1915թ. Մեծ եղեռնից մազապուրծ իր վանեցի եւ էրզրումցի պապիկների սուրբ հիշատակը հավերժացնող եւ դաժան տառապանքներից վերապրած այդ սերնդի տունդարձի մեծ երազն իրականություն դարձնելու փոխարեն, արդեն 100 տարի է, ինչ մեծ տերությունների լաբիրինթոսային դարձդարձիկ փակ շրջանակը, ինքն իր շուրջ պտտվելով ու ընդլայնվելով, դարձել է ասեղնագործ «Խաչքար» Արմինեի աղոթքի հետ միասին.

«Ես կուզեի վանք լինեիր Վանա հողում,

Ես գլխահակ մոմ վառեի քո խորանում

Ու ծնկաչոք աղոթեի ես քեզ համար,

Խաչքարվեի իմ կարոտած Վանա հողում»:

Ասեղնագործությունը եզերվում է բազում տերեւիկներով, որոնք խորհրդանշում են կյանքի հավերժությունը: Քանի որ հեղինակը հավատում է հայ ժողովրդի անպարտելի ուժին: Իզուր չէ, որ գրքի կազմի վրա Արարատի ստորոտին` Վանա ծովում է թռչնազարդ ու հեքիաթային «Տունդարձի բանալին» , որը, մեր ազգային էպոսի Փոքր Մհերի պես, սպասում է իր ժամանակին, քանզի հեղինակը հավատում է Բարու ուժին. «Հաղթողը կյանքն է եւ ժողովրդի միասնության ոգին»...

Հայ ժողովրդի երբեմնի տարածքային ու հոգեգիտակցական կուռ-միասնական ամբողջականության գաղափարն է հելունագործել արվեստագիտուհին իր «Կենաց ծառ» ստեղծագործության մեջ: Այն, ըստ հեղինակի, «ամուսնացող զույգի, ընտանիքի, տոհմի, ազգի հավերժության» գաղափարն է արտահայտում: Հորիզոնական, բազմակի օղակաձեւ կտրվածքով, այն, իրոք, հայրենի հողից ծնունդ եւ սնունդ առած հաստաբուն մայր-կոճղի հնությունն է վկայում` իր բազում տերեւիկներով խորհրդանշելով ընտանիքի, տոհմի, ազգի շարունակականության գաղափարը` լույս աշխարհին ցուցադրելով հայոց հազարամյա հողից ուժ առնող մարդու կենսափորձն ու իմաստությունը, նրա մշակութաստեղծ զարմանահրաշ կարողությունները...

Այնինչ նուրբ ու եթերային, տարատեսակ խաղարկումներով հելունագործված ժանյակային «Կռունկ» ստեղծագործությւնը գրավիչ է եւ հրապուրիչ, ինչպես օտար աշխարհներով օղակավորված, հետզհետե տարածվող ու ընդլայնվող բազմօղակ հյուսկեն-սկավառակը` մեր մոլորակն է իր տարբեր երկրներով, որոնք, ինչ խոսք, ապաստան են տվել ցեղասպանությունից մազապուրծ, աշխարհով մեկ սփռված արեւմտահայությանը, սակայն ժանյակային նուրբ պարագծերի կենտրոնում սեղմված, միայնակ ու տխուր կռունկը, թվում է, չի ուրախանում տարաբնույթ երկրների այլազան լեզուներով հնչող խառնամբոխի աղմուկի մեջ, այլ` նրա հոգում լուռ մխում է կոմիտասյան աղոթք դարձած հարցադրումը. «Կռո՛ւնկ, մեր աշխարհէն խաբրիկ մը չունի՞ս»: Սա, իրոք, գեղարվեստական խտացումն է սփյուռքում ապրող մեր հայրենակիցների արտաքուստ ուրախ ու երջանիկ թվացող, թեթեւ ու անհոգ կյանքը նախընտրած, սակայն «հոգու սով» ապրող հավաքականությանը, որը 100-ամյա աննպատակ ու անիմաստ դեգերումների ընթացքում, ակամա ականատեսն է դառն իրողության` իր սերունդների օտարացման, ձուլման եւ այլասերման` մի նոր «քաղաքակիրթ» ցեղասպանության:

Արվեստագիտուհի Արմինեն բամբակյա նուրբ թելերով հելունագործել է նաեւ մի այլ ինքնատիպ «Լավաշ» ստեղծագործություն` փափկությամբ ու նրբությամբ ընդգծելով մեր ազգային հացի որակները: Սակայն Սասուն Պասկեւիչյանի երաժշտությամբ հնչող եւ Եղիշե Չարենցի «...ընկերների սուփրին գինի ու հաց ըլիմ մինչեւ էգուց» խորիմաստ արտահայտությունը մեզ փոխադրում է մի ուրիշ, մաքուր ու անբասիր աշխարհ, որը խորապես հայկական է, որտեղ հայ մարդն առանց ընկերոջ սեղան չի նստել, իսկ «ընկեր» գրաբարում նշանակել է` «ընդ կեր», այսինքն` միասին ուտող, պատառը միասին կիսող:

Այս խորապես մարդասիրական իմաստն է դրված սույն նրբահյուս աշխատանքի հիմքում, որտեղ իսկական, անդավաճան ընկերը պատրաստ է «հաց ու գինի» դառնալ, այսինքն` սուրբ-հաղորդության պես, մատաղ լինել հավատարիմ, նվիրված ընկերոջը: Այս եւս մեր ազգային հոգեգիտակցության մեջ նստած, սերնդից սերունդ դարերով ժառանգաբար ավանդվող իմաստությունն է, որն արտահայտում է հայ մարդու սրտաբաց հյուրընկալությունը, անկաշառ մարդասիրությունն ու անմնացորդ ընկերասիրությունը: Հայ ժողովրդին բնորոշ առանձնահատկություններ, որոնք զարմացնում եւ հիացնում են նույնիսկ օտարներին...

Եվ այդ մաքրամաքուր ու անդավաճան հարաբերությունների ոլորտում հայկական գույնզգույն տարազներով ասեղնագործված «Նաիրյան աղջիկներ» -ի հեզաճկուն պարն ենք տեսնում` դարավոր կենաց-ծառերի հովանու ներքո` գիրկընդխառնված չարենցյան խոսքերին ու սաթյանական առինքնող հնչյուններին: Այդ համահունչ ներդաշնակությունը դյութում, վեհացնում է բոլորին...

Եթե «Քելե՛, լաո՜, քելե՛ էրթանք մըր Էրգիր» երգը հայ ժողովրդի հարյուրամյա փայփայած երազն է, որը հնչում է որպես հրամայական պատգամ սերունդներին` մեր բռնազավթված պապենական հողը վերստին ձեռք բերելու համար, ապա` ծաղկազարդված քնարաձեւ ասեղնագործությունը նոր իմաստ է ստանում գեղագետ ու խորագետ Արմինեի փոքրիկ, բայց հզոր միջամտությամբ: Նա քնարի երգող յոթ լարերի հանգուցահիմքում տեղադրել է ազատ ու անկախ դարձած Հայաստանի ու Արցախի զույգ հանրապետությունների քարտեզային-հողագույն մանրանկարը` նոր իմաստ ու բովանդակություն հաղորդելով աշխատանքին: Քանի որ հայրենազրկված հայության համար, երկար տարիների բաղձալի երազն իրականություն է դարձած շնորհիվ ազատագրված Արցախի, որը մեր ազգային պահանջատիրության առաջին հաղթական հանգրվանն է: Այն նվաճվել է հայության միասնական կամքի ուժով եւ մեր անձնուրաց հերոսների արյան գնով, որի միջազգային ճանաչումն ու Հայաստանին միավորումը օրակարգի հարց է...

Այսպիսով, բազմաշնորհ արվեստագետ Արմինե Հայրապետյանի ասեղնագործած եւ հելունագործած ինքնատիպ ստեղծագործական աշխարհը` դա Հայաստան աշխարհն է իր պատմական անցյալով ու ներկայով, իր կյանքի տխուր եւ ուրախ ելեւէջներով, հայ ժողովրդի մարտունակ եւ հերոսական միասնական կամքի ուժով:

Ուստի տեղին է մեջբերեմ ժողովրդից իմ գրի առած Հաղթանակի աղոթքը.

«Տէ՛ր, դուն պահէ միշտ անսասան,

Դիւցազնական Մայր-Հայաստան,

Տուր յարատեւ խաղաղութիւն,

Կեանք ու արեւ, ազատութիւն.

Հայ դրօշով մեր պետական

Թող միշտ ապրի ազգն Հայկական

Ամէն»:

Արմինե Հայրապետյանի «Երգող ասեղնապատկերներ, խոսող ժայռապատկերներ» (Ե., 2015) գիրքը ճաշակով կազմել եւ հրատարակության է պատրաստել ՀՀ Պաշտպանության նախարարության Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի «Հայկական բանակ» ռազմագիտական հանդեսի տեխնիկական բաժնի պետ, այժմՙ պահեստազորի փոխգնդապետ Արմինե Նազարեթյանը :

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #15, 22-04-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ