ՎԵՐՍՏԻՆ ԳՈՒՅՆԻ ԱՆԴՈՐՐԱԲԵՐ ՄԹՆՈԼՈՐՏՈՒՄ Մելանյա ԲԱԴԱԼՅԱՆ Հակոբ Հակոբյանի նորընծա ալբոմի առիթով «Այս նկարիչը շատ զգայուն հոգի ունի: Աշուն է, ծիրանի ծառը այնպես է նկարել, որ հսկում է այգում: Նա գիտի տեսնել ու հաղորդվել բնությանը»: Ինը տարի էր ընդամենը Եգիպտոսից հայրենադարձվել` 1971 -ին արդեն, նրա նկարչությունը այնպես էր զգացել ու արտահայտել հայոց բնաշխարհը, որ Սարյանի պես մեծությունը այսպես է արտահայտվել նրա մասին: Այս խոսքերին հանդիպեցի Հակոբ Հակոբյանին նվիրված Շահեն Խաչատրյանի կազմած ու հրատարակած վերջին ալբոմի նրա առաջաբանում: Մեր ժամանակակից կյանքում, մշակութային իրականության մեջ Հակոբ Հակոբյանի դերը բացառիկ էր, ոչ միայն որպես նկարչի, որպես հրապարակագրի ու էսսեագրի, այլեւՙ որպես քաղաքացու եւ մարդու, որպես ընկերոջ, - որեւէ խորհրդի, զրույցի կարիք զգալիսՙ անկաշկանդ կարող էիր դիմել նրան: Այդ հոգին գույնի նման սահմաններ չուներ, այնտեղ ջրբաժաններ չկայինՙ ոչ տարիքի, ոչ հավատքի ու ազգության, ոչ մեկ այլ, այդ կենսափիլիսոփայությունը նրա փորձառությունից էր սնվում, գեղագիտությունըՙ բնությունից, ներքին ամուր կապից դեպի այն: Եվ եթե զրույցներում մտքի անդադար հոսքի էիր հանդիպումՙ պատումի պարզ շարադրանքով եւ իմաստնությամբ հագեցած, նկարչության մեջ զուսպ ձեւերի արտահայտությունները, գունայինՙ հաճախ միատոնության մեջ, առաջին հայացքից փոքր-ինչ խստաոճ, երբեմն հանդարտ թվացող մակերեսներից միտքդ շատ արագ տեղափոխում էին այլ տարածքներՙ դեպի խորքը, դեպի ներս: Գույնի այն մթնոլորտը, որ Հակոբ Հակոբյանը բերեց, ուղղակիորեն կապված է իր ներքին վիճակների, իր ապրած կյանքի ու անցյալի վերապրումի հետ: Հողագույնի հարուստ երանգների ամենանուրբ, հանդարտ ծավալումներով նա կտավ կտավի ետեւից կերտեց հայրենիքի իր պատկերը, ստեղծեց հայրենյաց սիրո իր տեսակը: «Խուսափելով փքուն սոցռեալիզմիցՙ Հակոբյանն իր արվեստը մոտեցրել է իր ժողովրդի հողեղեն, ներքին զգացողությանը: Նրա արվեստը հուզիչ է, ներազդող, որովհետեւ ջերմացած է անաղմուկ սիրով հանդեպ իր փոքր երկիրըՙ Արարատը, դաշտերը, ծառերն ու նույնիսկ ճամփեզրին ընկած քարերը... Արժանի է մատուցվում սիրով տոգորված Հակոբյանական աշխարհըՙ մեր աշխարհին», - արվեստաբան Պետեր Ֆրանկը ՙ Լոս Անջելեսից, Հակոբյանի արվեստի մթնոլորտի մեջ որսացել է ամենանուրբ ու զգայուն երակըՙ անաղմուկ սերը հայրենիքին ու բնությանը: Հակոբյանի արվեստի մասին շատ է գրվել, բազմաթիվ ցուցահանդեսներ են եղել, բազմաթիվ ալբոմներ տպագրվել, այդ թվում նաեւ նկարչի հրապարակախոսական անկեղծ ու բաց պաթոսըՙ հանրությանը մատչելի խոսքը նրա անձը ընկալելի էր դարձրել հարազատի մտերմությամբ: Թվում էՙ այս արվեստը գիտենք բավականաչափ, բայց ահավասիկ Շահեն Խաչատրյանի նոր ալբոմը մեկ այլ տեսանկյունից է ծանոթացնում նկարչին ու նրա աշխարհը. մասնավորապես նկարների բազմաքանակ, բավական ամբողջական ներկայացմամբ մեզ համար ավելի հստակեցվում են նկարչի ոչ միայն ստեղծագործական փուլերը, դրանց անմիջական կապը այն իրականության հետ, որում ապրում էր նկարիչը, դրանց արձագանքն ու արտացոլանքը, նաեւ ներքին ապրումներըՙ կտավներն ուղղակիորեն համակած, ինչը նրա արվեստը դարձնում են շատ ինքնատիպՙ գունամտածողության եւ նկարչական լուծումների հակոբյանական ձեռագրի անշփոթելիությամբ: Ոչ ընդարձակ առաջաբանում ներկայացվում է նկարչի կյանքի եւ ստեղծագործական երկուՙ եգիպտոսյան փուլը եւ հայաստանյանըՙ իր բոլոր անցումներով, դրանց տարբերություններն ու առանձնահատկություններըՙ պայմանավորված երկու տարբեր մշակութային իրականություններիՙ ինչպես արտաքին, վիզուալ, նույնպեսՙ հեղինակի գեղագիտական - աշխարհայացքային փոփոխությունների ազդեցությամբ: Դրանքՙ այդ երկու շրջանի գործերը էականորեն տարբերվում են միմյանցիցՙ ոչ միայն թեմատիկայով, ինչը բնական է, այլեւՙ նկարչական գեղագիտությամբ, գեղարվեստական մտածողությամբ, կենսափիլիսոփայությամբ: Շ. Խաչատրյանը առանձնակի ընդգծում է այս տարբերություններըՙ առաջինըՙ որպես նկարչի եւ իր սերնդի ներաշխարհում Մեծ եղեռնի արձագանք, հայրենազրկության ու որբության դառը ներապրումների անդրադարձներՙ դրանց բնորոշ դրսեւորումներովՙ լուռ ցավ, ներամփոփ տխրություն, անհույս միայնություն: Եվ հայաստանյան փուլը, որպես նկարչի վերափոխված մտածողության ու նոր ձեռագրի արտահայտություն: Որքան էլՙ խորհրդային երկրի տոտալիտար գաղափարախոսությանը եւ գեղագիտական մտածողության կարծրատիպ սահմանափակումներին, նկարչի հայացքը բացվում է բացառիկ լայնատեսությամբՙ թե՛ տարածական, թե՛ խորքային, թե՛ իմաստային առումներով. նա հայտնաբերում է ի՛ր Հայրենիքը, ձեւավորում նոր կենսակերպ ու նոր աշխարհայացք, որոնում է, գտնում երկրի գույների, ձայների, մտերիմ չափերի ու գծերի իրեն բնորոշ, իր «հոգուն ձայնակից» արտահայտությունները. դրանք որքան պարզ, նույնքան խորունկ են, որքանՙ հանդարտ աչքի համար, նույքան խոհական - տագնապոտՙ զգայելիս.- հարթություններ, բլուրները, քարեր, մեկուսացած թփեր, սպասումի մեջ ճյուղատարած ծառեր... դատարկ փողոցներ ու լռություն: Լռություն, որ Հակոբյանի կտավներին հաղորդում է խոհի, մոգականության անորսալի մի խորհուրդ, ակամա ներքին մտածողության մղում: «Հայաստան ներգաղթելուց անմիջապես հետո զգացի, որ մայր երկրիս հետ իմ կապը պիտի իրականացնեմ բնանկարի միջոցով»: Բնանակարը ոչ միայն գերակշռում է նրա արվեստում, բնանկարը հոգու շարժի հայելանման անդրադարձ է, որտեղ առավել ամբողջությամբ է բացահայտվում այն խորը սերը, որ ուներ նա հողի, երկրի, բնության ու մարդու հանդեպ: Հայրենի բնաշխարհըՙ աշնան այգում հսկող ծիրանենին, վաղ գարնան հողի տաքությունից մայրացող ծառի սարսուռը, քարերի մերկ համրությունը, ամպի լողացող կտորը, հարթ տարածությունների անդորրաբեր զգայությունները, հոգու անդրադարձներ ենՙ հեզ գեղեցկությամբ, բանաստեղծական ռիթմով, փիլիսոփայական խորքով: «Հակոբյանի հայաստանյան նկարներում իր եգիպտական նախկին աշխատանքների տխրազդող ներփակվածությունը վերացել էր, եւ նոր շրջանում ծնունդ առնող բնանկարները հնչում են ինքնատիպ ոճովՙ պատկերված տարածքային հորիզոնական գրավչությամբ եւ սահմանային հեռավոր գծագրումներով: Իր ողջ կյանքում սոսկ նկարչությամբ ապրող մոխրաարծաթագույն երանգներով հյուսված նկարչի մեղմաշունչ գույները, ինչպես եւ գծային արտահայտիչ կառույցը, ընկալվում են որպես մարդկային մտապրումների, իշխող մթնոլորտի հայելի», գրում է ալբոմի հեղինակը: Շ. Խաչատրյանը ընդգծում է արվեստագետի համար ժամանակի եւ իրականության սուր զգացողության անհրաժեշտությունը, ինչն անշուշտ ներկա է Հակոբյանի նկարչության մեջ: Այս չափումները սակայն գեղարվեստական փոխակերպումներ են ունենումՙ ենթարկվելով արվեստագետի ներքին ժամանակի ազդեցությանըՙ վերապրումի, զգացողության, սեփական փորձառության այն ալիքներին, որ անընդհատաբար հոսում էին նրա միջովՙ մտահոգությունների անվերջանալի շղթա, անցյալից մինչ իր ապրած օրն ու առօրյան, իր ժողովրդի պատմությունից համամարդկայինը. խոհ, որ ծայր էր առնում ամենաաննշան իրիցՙ հողաթափից, փողոցի լապտերից, ճամփեզրի քարից, ձգվում մինչեւ տիեզերական անհունը, հայացք, որ որսալով տեսանելիի պարզ երեւույթներըՙ թափանցում էր դրանց խորքը, տեսնում շարժեր, միտքը կլանում էր գրեթե ամեն ինչՙ անցողիկն ու հավիտենականը, սահմանայինն ու բարոյականը, մարդու ֆենոմենը, մարդկության ապագան, սակայն ամենամտահոգիչը իր երկրի, ժողովրդի ճակատագիրն էր, տագնապը, նրա պատմության ու լինելության առեղծվածը, որի հանդեպ ուներ իր սեփական մոտեցումն ու բանաձեւը: «Ինձ միշտ հուզել է հայրենիքիս հետ հոգեւոր կապի գիտակցումը, ես միշտ ձգտել եմ շոշափելի դարձնել այդ կապը, ապրել հայրենի հողի վրա, շարունակ շփվել հայրենիքիս հետ, ժողովրդիս հետ»: Իր կյանքը, իր ներկայությունը Հայաստանումՙ 1962-ից սկսած մինչեւ վերջին օրը, ապրեց այս գիտակցությամբ, սիրո ստեղծագործ արարչությամբ: Կյանքի վերջին տարիներին արված վերջին շարքը նա կոչեց «Սիրո պարտեզ», որը հոգու ճշմարիտ արտացոլք էր, ներքին ապրումի անկեղծ պոռթկում, շատ բան ապրած ու տեսած մարդու, արվեստագետի մտքի, հոգու քվինտէսենցիան, իդեալըՙ համամարդկային կեցության: Ինչպես հեղինակն է գրում, ալբոմում ներկայացված նկարների գունային նուրբ ներդաշնակումները, տեսարանները եւ առհասարակ ամենը Հակոբյանի հոգեկան հայտնություններն են: Այս հայտնություններըՙ բնանկար, կոմպոզիցիա, նատյուրմորտ, ընկալվում են նորովի, մասնավորապես ուշադրության են արժանի նկարների այսպես ասած իմաստային, երբեմն ըստ տրամադրությունների, երբեմն ըստ թեմատիկ-գաղափարական մոտեցմամբ խմբավորում- համատեղումները, ինչը նկարչի արվեստի վերապրումը դարձնում է ավելի ամբողջական, ալբոմի դիտումըՙ ավելի գրավիչ: Զետեղված են լուսանկարներ, հայտնի արվեստաբանների խոսքեր նկարչի մասին, կենսագրական տվյալներ, ներկայացված են մինչ այսօր եղած կատալոգները, տեքստերը հայերեն, անգլերեն եւ ռուսերեն են (նկատված թարգմանական, խմբագրական վրիպումները, լուսանկարների տարեթվային որոշ անճշտությունները կարելի էր առանձին էջով կցել): Ալբոմի տպագրությունը իրականացվել է «Տիգրան Մեծ« հրատարակչությունում: Նկար 2. «Արարատ», 1994 Նկար 3. «Արարատը ձմռանը», 1974 |