RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#021, 2016-06-03 > #022, 2016-06-10 > #023, 2016-06-17 > #024, 2016-06-24 > #025, 2016-07-01

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #23, 17-06-2016



ՇԻՋՈՒՄ

Տեղադրվել է` 2016-06-17 13:44:32 (GMT +04:00)


Ընթերցված է` 2495, Տպվել է` 9, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԵՐԳԻ ԴԵՐԱՍԱՆԸ` ՕՖԵԼՅԱ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Նաիր ՅԱՆ

ՀՀ ժողովրդական արտիստուհի Օֆելյա Համբարձումյանն իր կատարողական վարպետությամբ, յուրահատուկ ձայնով ու հարուստ երգացանկով ժողովրդական եւ աշուղական երգարվեստում գրել է իր մեծ կենսագրությունը: Թեեւ վախճանվեց 91-ամյակը բոլորած, փառք ու դափնիներ վաստակած, բայց նրա բացակայությունն արդեն իսկ ցավալի է ու մեծ կորուստ, որովհետեւ հայ երգի մի ամբողջ դարաշրջանի խորհրդանիշն ու կրողն էր նա, որ հեռացավ կյանքից: Օֆելյա Համբարձումյանը խտացումն էր մեր աշուղների թողած դպրոցի, ժողովրդական բառ ու բանի, քնարական, անկեղծ երաժշտության, սիրո տաղերի: Օֆելյա Համբարձումյանի երգերի բարձրագույն հատկանիշն անկեղծությունն է. ձայնի ամեն ելեւէջ, երգ դարձած սիրո տաղի ամեն հատիկ բառ շաղախած է անկեղծությամբ, պարզ, մաքուր, անպաճույճ հուզականությամբ: Նրա յուրաքանչյուր երգ կարծես երկխոսություն, զրույց լինի ունկնդրի հետ, որին նա վստահում է իր սիրո պատմությունը, հայրենի բնությամբ, գետակի խաղով, թռչնի երգով, կանաչ-կարմիր կյանքով ու աշխարհով հիացած հայ մարդու սրտի խոսքը:

Օֆելյա Համբարձումյանը հայ երգի ասպարեզ մտավ Լուսիկ Քոշյանի, Արաքսյա Գյուլզադյանի, Նորայր Մնացականյանի հետ միաժամանակ: Ժողովրդական մեղեդիները նաեւ նրանց շնորհիվ դուրս եկան գյուղերից ու աշուղների սրտերից, մտան քաղաք, ռադիո, հեռուստատեսություն, քաղաքային բեմեր ու համերգասրահներ: Ժողովրդական երգը մատուցվեց համերգային, նվագախմբային կատարումներով ու անգամ դուրս եկավ Հայաստանի սահմաններից: Գուսան Աշոտը, Շերամը հատուկ երգեր էին գրում Օֆելյա Համբարձումյանի համար, ինչպես օրինակՙ «Օջախումը», «Էլնարը»: Շատ երգեր արտիստուհու կատարմամբ էին ճանաչում ձեռք բերում, ու նրանից հետո այլեւս դժվար էր այլ կատարում լսելը. դրանք կրում էին նրա հեղինակային դրոշմը: Օֆելյա Համբարձումյանը շարունակեց կոտրել այն կարծրատիպերը, որոնք անտեսել էին նաեւ Լուսիկ Քոշյանն ու Արաքսյա Գյուլզադյանը: Աշուղական երգերը, որպես կանոն, գրվում են տղամարդու անունից. սիրահարը երգ է ձոնում իր սիրուհուն, հետեւաբար, տրամաբանական ու բնական է, որ այդ երգը կատարի արական սեռի ներկայացուցիչը, բայց Լուսիկ Քոշյանի, Արաքսյա Գյուլզադյանի, Օֆելյա Համբարձումյանի, Վալյա Սամվելյանի կատարումները հասարակությունն ընդունեց անվերապահորեն: Գուսան Աշոտը, Հավասին, Ջիվանին, Շերամը, Սայաթ-Նովան նրանց շուրթերով սիրո, բնության, հայրենիքի գովքն էին անում:

Կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը պատմում է, որ հայրենադարձության տարիներին, երբ նավերն ու գնացքները սփյուքահայերին Հայաստան էին բերում, ժողգործիքների անսամբլներն ու երգիչ-երգչուհիները հենց նավահանգիստներում ու կայարաններում էին դիմավորում նորեկներին: Տիգրան Մանսուրյանն այսօրվա նման հիշում է, թե ինչպես 1947 թվականին Բաթումիի նավահանգստում ինքըՙ ութամյա մի տղա, որ ամենեւին պատկերացում չուներ, որ երաժշտությունը կընտրիՙ որպես կյանքի ուղի, առաջին անգամ լսել է Օֆելյա Համբարձումյանին ու հիացել նրա երգով: Հետագայում, իհարկե, ծանոթացել է նրա հետ, ավելի խորությամբ ճանաչել արտիստուհուն, բայց հայրենադարձության առաջին զգացողություններն ու հիշողությունները կապված են Օֆելյա Համբարձումյանի երգի հետ:

Բծախնդիր, խստապահանջ, երգը բնօրինակի անխախտ կանոններով մատուցող երգչուհին մինչեւ վերջ հավատարիմ մնաց հայ երգարվեստին: 90-ամյակի շեմին անգամ նա Սայաթ-Նովայի երգը կատարեց անվրեպ: Բեմընկերները վկայում են, որ Օֆելյա Համբարձումյանը բնագրի յուրաքանչյուր նոտան սրբորեն էր պահպանում ու հնչեցնում, նույնը պահանջում եւ երիտասարդ երգիչ-երգչուհիներից: Ոչ ոք իրավունք չունի խմբագրել ու ձեւափոխել ժողովրդական ու աշուղական երգը. սա չափանիշ է եղել Օֆելյա Համբարձումյանի համար:

Ռադիոյի «Ոսկե դարանում» պահպանվում են Օֆելյա Համբարձումյանի տասնյակ կատարումները, որոնք հայ երգի մատուցման դասական նմուշներ ենՙ բարձր նշաձող բոլոր ժամանակների համար: Անհրաժեշտ է, ներկա եւ ապագա սերունդների համար, տեխնիկապես մաքրել եւ հանրությանը ներկայացնել նրա բոլոր ձայնագրությունները:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #23, 17-06-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ