RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#021, 2016-06-03 > #022, 2016-06-10 > #023, 2016-06-17 > #024, 2016-06-24 > #025, 2016-07-01

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #23, 17-06-2016



ՑՈՒՑԱՍՐԱՀ

Տեղադրվել է` 2016-06-17 13:44:32 (GMT +04:00)


Ընթերցված է` 2034, Տպվել է` 2, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԳՈՒՆԱՊԱՏՈՒՄ

Մելանյա ԲԱԴԱԼՅԱՆ

Երազի եւ իրականության միջեւ

Ամենաբնութագրական բառը գտնելն ամենադժվարն է, մանավանդ երբ անհավակնոտ նկարագրի, ազնիվ արվեստի ու նրա հեղինակի մասին ես փորձում մտորել: Միայն թվում է, թե նկարչությունը հաճույք կամ անդորր է բերում նկարը ստեղծողին. դիտողինՙ այո, բայց հեղինակին դժվար թե. այն նույնքան դժվարին ու տքնանք պահանջող մասնագիտություն է եւ նույնքան պահանջկոտ ու խանդոտ, որքան արվեստի մյուս տեսակները: Ուժասպառ լինելուց հետո, հաճույքը, գուցե այո, տեսանելի էՙ երբ հոգուդ գույնի մի կտոր կտրվում-հեռանում, իջնում է կտավին... Այդ գույնը հետո իր ինքնուրույն կյանքն է ստեղծում, ապրում ինքնաբավ, իր հետ ապրեցնում նաեւ ուրիշին...

Իրականությունը արվեստագետին երկվության մեջ պահելու «առիթներ» շատ ունի. որովհետեւ նաՙ այդ արվետագետը ո՛չ իրականությանը, եւ ո՛չ իրեն է պատկանում...նա մի տեսակ կամրջի վրա էՙ երկու աշխարհների միջեւ թափառող, ասես մի ծառՙ արմատներով հողին կառչած, սաղարթները երկինք ուղղած: Նա բավարարվող չէ, անդադար փնտրող էՙ երբեմն ժամանակին ականջալուր, իսկ ավելի հաճախ նրանից խռոված, կամ թե այդ թելերում կորսված-մոլորված: Բայց հենց այդ պահերին է, որ նա գտնում է ինքն իրեն, գնում իր երազի հետեւից, հետո այդ երազը բերում իրականություն ու տեսանելի է դարձնում նաեւ այլոց: Ինձ այնպես է թվում, թե Էդվարդ Վարդանյանը միշտ մի երազ է փնտրել ու չի գտել... Իր նկարչության մեջ մի կորած երազ կա, դեղնաթեւ անուրջ, որ որքան գեղեցիկ, նույնքան թախծոտ է: Այն ներքին պալիտրան, որտեղ թաթախվում է նրա վրձինը ու գույներ ստեղծում, կարծես այլակողմյան էՙ այնքան անխառն է, այնքան նախնական... Երբ մտովի փորձում ես հիշել ձեւեր, ֆիգուրներ, գույնը փակում է հայացքդ, ու մի պատմություն, հեքիաթ կամ ծանոթ մեղեդի է գույնի հետ թեւին տալիս: Կարծես նրանք ոչ թե առանձին գործեր են, այլ շարունակվող պատմություններՙ դյուրընթեռնելի ու ծանոթ այնքան, ինչը տարակուսելի թվում է միայն առաջին հայացքից, որովհետեւ շատ արագ հասկանում ես, որ այս արվեստը ուղղակիորեն արձագանքն է բնության ձայների, ու նկարիչն էլ այդ ձայնի մի մասնիկն է, որ արեւի, դաշտի գույնին խառնել է իր հոգու երազը: Անհնար է բանաստեղծորեն չզգալ այս պատկերները եւ նույնկերպ չփոխանցել այն տպավորությունը գույնի տարածումների, որ նկարիչն է հաղորդում: Սա ուղղակի, առանց միջնորդավորման հանդիպում է Բարու հետ: Կտավների հանդարտությունն ու ներդաշնությունը առաջին լիցքն է, որ ստանում ես: Անցնում ես գույնից գույն, մի երազից տեղափոխվում մեկ այլ երազ եւ զգում, որ մեղմ մի երգ, վաղուց մոռացված հին օրորոցային, պաշարում է քեզ. բակունցյան բնապատկերի զրնգուն մաքրությունՙ սիմինդրի տերեւների խշշոց, դռան հին ճռոց, հնձանի այրող շունչ, աշնան արեւի ջերմություն ես շոշափում- զգում: Որքան նրա արվեստը կապված է բնության հետ, ոչ թե որպես պեյզաժային նկարչությունՙ ժանրային առումով, այլ իբրեւ հոգու թելադրանք, ներքին վիճակ, նույնքան այն գալիս է գրականությունից.- ակնհայտ է հեղինակի բանաստեղծական հոգեկերտվածքը, եւ այդ նախասիրությունը պարզորոշ է: Միսաք Մեծարենցը ուղղակիորեն ներկա է նրա նկարչության մեջ, եւ հարցը միայն ծանոթ ու սիրելի բանաստեղծությունների վերնագրերը չեն, կամ գրական մոտիվացիաները, դա «գարուն ու արեւ երգած պատանու» հոգու ջինջ ելեւէջումների, բնությանը ձուլվելու, «ակացիաներու շուքին տակ» ծնված կարոտի էլեգիայի, կիսատ, շա՜տ կիսատ մնացած կյանք-երազի նկարչական արձագանք ու դրա երկրորդում է ասես...

Նկարի, գույնի մեջ ապրող լռությունը բառերի վերածել գրեթե անհնար է, այն զգայական ոլորտին պատկանող իրողություն է, եւ բառը դրա ամենալավ թարգմանը չէ...

Գույնի ու պատկերի այն համամասնությունը, այն թաքնված մտքերն ու ցանկությունները, որ տարրալուծվում են Էդվարդ Վարդանյանի մաքուր դեղինների մեջ, կարծես սկիզբ առնում ու վերջանում են իր ներսում, որովհետեւ ասում ենք, թե նա իր երազն է նկարում, կամ իրականությունը իր երազի միջով է անցկացնում: Երազ կարդալը դժվար է իհարկե, բայց նկարները հուշում են, որ այս երազները, կամ հեքիաթը իրական արմատներ ունեն, որոնցից սնվում են, ու դժվար չէ տեսնել, որ դա հայրենիքն է, Թալինի իր ծննդավայրը, տունը մանկության, թոնրի լավաշի բույրը, մայրը: Երբ նա խոսում է այս մասին, պետք է ավելի ուշադիր նայել աչքերին, եւ ամեն ինչ պարզ կդառնա: Մեկ - երկու առիթ ունեցել եմ լսելու նրա անցյալի հիշողությունները, եւ երբ դրանց տպավորությունները զուգորդում եմ նկարների հետ, նույն զգացողություններն եմ ունենում. ասել է թե նկարիչը ինքն իր հետ բացարձակապես ազնիվ է ու արվեստում էլ այնպիսին է, ինչպես ապրում է իր ամենօրը: Ինչպիսի՜ մաքուր զգացումով է նա կապված հողի, բնության, իր ընտանիքի հետ, ի՜նչ գորովանքով է հիշում մորը, նկարագրում նրան, պատմում գրականության, երաժշտության հանդեպ երկյուղածության հասնող նրա սիրո մասին: Էդվարդ Վարդանյանը դասական մտածողության այն արվեստագետներից, այն մանկավարժներից է, ում համար թանկ են թե՛ ազգային, ընտանեկան ավանդույթներն ու դրանց պահպանումը, թե՛ հոգեւոր- մշակութային ժառանգությունն ու այն ահռելի փորձը, որ անցյալի վարպետները թողել են հետնորդներին: Նա խոնարհումով է հիշում իր ուսուցիչներին եւ նույնը պատգամում ուսանողներինՙ գնահատել եւ արժանին մատուցել բոլոր այն մարդկանց, ովքեր ստեղծել- ստեղծագործել, քարը քարին են դրել, տրադիցիաներ ձեւավորել, որովհետեւՙ «Անցյալը մոռացողը ապագա չունի»:

Այս նույն զգացումով, գորովանքով նա վերաբերում է կյանքին, երկրին, իր հայրենակցին, կոլեգային, ուսանողին, իր դրացուն: Եվ պատահական չէ, որ հոբելյանական ցուցահանդեսը, որ նախատեսված էր ապրիլի սկզբներին, եւՙ բացմանը ամեն բան պատրաստ, նա հետաձգեց, որովհետեւ երկրի, ժողովրդի համար այդ ծանր օրերին, երբ ողբերգությունը մտել էր մարդկանց տները, եւ տխրություն կար ամենուր, բարոյապես անպատեհ, անհարիր համարեց:

70-ամյակի ցուցահանդեսային գործերը նա նեկայացրեց դստերՙ Ամալյա Վարդանյանի գրաֆիկական աշխատանքների հետ միասին, բացվեց այն հունիսի 3-ին, Նկարիչների միության սրահում: Ցուցահանդեսի բացմանՙ Կարեն Աղամյանի գնահատական խոսքից հետո, Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ջերմորեն ողջունեց հոբելյարինՙ դստեր հետ համատեղ ցուցահանդեսի առիթովՙ նրան պարգեւատրելով նախարարության «Արշիլ Գորկի» մեդալովՙ Հայաստան- Սփյուռք հարաբերություններում ունեցած ներդրման համար: Անկեղծ բարեմաղթանքներ հնչեցին Գեղարվեստի ակադեմիայի ռեկտոր Արամ Իսաբեկյանի խոսքերում, իր վաղեմի ընկերոջ, կոլեգայի աշխատանքը նա համարեց անփոխարինելի, մարդկային նկարագիրըՙ փնտրված: Նմանապես դրվատանքի խոսքեր ասաց դստեր մասին, որ սովորել է նույն բուհում, իսկ ներկայացված աշխատանքների Փարիզյան շարքը նա արել է Գեղակադեմիայիՙ Cite՛ internationale des arts-ի արվեստանոցում:

Հայր եւ դուստր իրենց նկարներով հավասարապես բաժանել էին սրահը վայելելու հաճույքը: Առաջինը, որ նկատելի է Ամալյա Վարդանյանի գրաֆիկական գործերում, գունային ճաշակն ու նկարչական կուլտուրան է: Թեմատիկ նախասիրությունները հստակ ուղղվածություն ունեն, գրական գործերի ընտրությունը որոշակիացնում է դրանց բարոյաէթիկական, սոցիալ- քաղաքական բնույթը: Հակոբ Պարոնյանի, Երվանդ Օտյանի գրական գործերի նկարապատումները շաղախված են հումորով, երբեմնՙ սատիրայովՙ զերծ ավելորդ չափազանցությունից: Իրեն հատուկ մեղմությամբ է նա ներկայացնում կյանքի մերժելի երեւույթների հանդեպ իր վերաբերմունքըՙ կերպարաստեղծման ինքնատիպ, համոզիչ շեշտադրումներով: Փարիզյան շարքը, որի մասին խոսվեց, քաղաքային տեսարաններ ենՙ գծանկարի հստակությամբ, աչք շոյող մեղմ գույների համադրությամբ, երբեմն ներկա հումորային շարժը աշխուժություն է հաղորդում պատկերներին: Ինչպես գրաֆիկական աշխատանքներում, գրքերի ձեւավորման մեջ նույնպես Ամալյան հավատարիմ է իր ոճինՙ պատկեր եւ բովանդակություն ներկայացնել զուսպ արտահայտչամիջոցներով, գծի մշվակված ձեւերով:

...Ցուցահանդեսը հոգուդ մեջ գույնի նոր հոսք է բացումՙ կտավները հնչեցնող վարդանյանական դեղինի: «Նա ունի իր կոլորիտը եւ այդ դեղինների մեջՙ շատ հետաքրքրական: Այդ տեսակը մենք չունենք, նա պատվավոր տեղ է զբաղեցնում մեր նկարչության մեջ: Նույնիսկ նա ունի ոչ միայն նկարչական, նաեւ մի տեսակ գրողի, փիլիսոփայի հայացք: Երբ նայում ես իր նկարները, կոմպոզիցիաները, թվում է, թե ինքը մեր պապերիՙ Հայաստանի տեսլականն է, որ մարմնավորել է: Եվ դա ոգեղեն է», ասում է Մարտին Միքայելյանը :

Պատկերների պարզ ձեւերը երազի, միրաժի միջով են հայտնվում, ստեղծում իդիլիկ զգացողություն, ներքին ինտիմ տարածք, որի բնակիչները թռչող, պատրանքային էակներ են: Արեւագույնի գերակայությունը նկարչի համար առանձնահատուկ նշանակություն պիտի որ ունենաՙ հին երկրի պաշտամունքի, հին ավանդույթների, հին միֆի շարունակության. այդպիսի պատկերների հաճախ ենք հանդիպում, որոնք կարծես գալիս են հաստատելու հին ու նոր կյանքերի հաջորդականության մի ճշմարտություն, որ ենթագիտակցորեն ենք զգում, թերեւս այդ պատճառով էլ երազի է նման... Նա ասում է, որ իր կորած հեքիաթներն է նկարում: Արդյոք դեղի՞նը հեքիաթի գույնն է, եւ մի՞թե կորցրած հեքիաթը չէ, որ երազ է դառնում: Երազ, երազանքՙ առօրյայից թաքցրած մի անկյունՙ թանկ զգացողությունների: Դրա համար նրա գույներըՙ դեղինը, վառ լուսավոր լինելով, փափուկ էՙ աշնան արեւի թավշյա ջերմությամբ, որ նկարչի էությունից է ծնվելՙ բարի, զարմանալի անհավակնոտ:

Ինչպես ճշմարիտ ամեն արվեստՙ այս նկարչությունը նույնպես անկեղծ ապրումների, հիշողության ու երեւակայության, կյանքի փորձառության շարունակություն է: Երազի եւ իրականության միջեւ...

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #23, 17-06-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ