RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#021, 2016-06-03 > #022, 2016-06-10 > #023, 2016-06-17 > #024, 2016-06-24 > #025, 2016-07-01

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #23, 17-06-2016



ԻՄՍՍՏԱՎՈՐՈՒՄ

Տեղադրվել է` 2016-06-17 13:44:32 (GMT +04:00)


Ընթերցված է` 1190, Տպվել է` 6, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՊՈԵԶԻԱՆՙ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՎԿԱՅԱԿԱՆ

ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ

Իրականության մեջ ի՞նչ էր Արգիշտի արքայի արշավանքըՙ ծածկված է հազարամյակների փոշու տակ: Նրա ժամանակը հայտնաբերվել է ուրարտական բեւեռագրերի վերծանմամբ. «Եսՙ Արգիշտի, որդի Մենուայի...»: Մենք գիտենք այն, ինչ գրվել է կավե սալիկների, պապիրուսի, մագաղաթի վրա կամ մեզ է հասել որպես քարագրություն կամՙ սերնդե-սերունդ փոխանցված դյուցազնապատում: Այս իրողությունն, ահա, 21-րդ դարի Վարդան Հակոբյան հայ-արցախցի բանաստեղծից արտածվել է բանաձեւումի պես. ...ի վերջո, բոլոր պատերազմները նրա համար են, որ բառի տերը լինի տերը բառի, քանզի հողը հենված է բառի վրա: ( Վարդան Հակոբյան, «Նշագրություն լուսնի վրա» , էջ 286, Երեւան, «Անտարես», 2016թ.): Պատերազմի պոետական սիմվոլիկայի «Բառի սլաքները» պոեմում, որտեղից այս եւ մեջբերված մյուս տողերն են, արքետիպը հայ ազգային գոյության քաղաքակրթական մաքառումն է: Պատերազմՙ հանուն ինքնության, որ դրսեւորվում է էպոսով, Նարեկացիովՙ տիեզերական հանճար, ում գերեզմանն անգամ հայտնի չէ, ինչպես չգիտենք անապատի այն քառակուսին, որտեղ հանգչել են Վարուժանը, Սիամանթոն, որտեղ Չարենցի երեսին թեքվել էր «լուսինըՙ լիրբ լուսինը/ ծիծաղում էրՙ/սպիտակ-սպիտակ», երբ Չարենցը մեռնում էր, եւ «ժամանակները/ներձուլվել են իրար մեջ/ Վարուժանը ձեռքը դնում է /Չարենցի վերքին/ եւ արյունը դառնում է ձայնապատկեր» : Պոետական կանխադրույթն, այսպիսով, սինխրոնացնում է հայոց հանճարի Ժամանակըՙ որպես քաղաքակրթական երեւույթ, որը ստույգ մատնանշում է մեր հայրենիքի հոգեւոր ընդգրկումը:

Հոգեւոր-քաղաքակրթական Հայաստանի սահմանները հարյուրապատիկ մեծ են, քան իրական Հայաստանն է, եթե անգամ դա պատմական, ավանդաբար «ծովիցՙ ծով» ասվող երկիրն է, որովհետեւ էթնոմշակութային մեր ինքնությունը խորապատկերված է այնտեղ, ուր սկզբնավորվել է «ի սկզբանե էր Բանը» իմաստնությունը: Աստվածային այդ քաղաքակրթության եւ իրական հայրենիքի սահմանները ոչ մի ժամանակ նույնական չեն եղել եւ արդեն երրորդ-չորրորդ հազարամյակն էՙ չեն նույնանում: Վարդան Հակոբյանի պոետական ինտուիցիան այդ պարադոքսի զարմանալի եւ բանաստեղծորեն դիպուկ բնութագիր է գտել. -Եւ որքան էլ ես սիրեմ իմ Հայաստանը, եւ որքան պաշտեմ նրա ամեն մի թիզ հողն ու քարը, այնուամենայնիվ, իմ Հայաստանում կա մի վայր, ուր սպանել են Չարենցին: Կա մի վայր, ուր սպանել են Բակունցին: Կա մի վայր, ուր սպանել են Սեւակին... Կա մի վայր, ուր... ուր... ուր... ուր...

Այսպես է երեսիդ քրքջում պոետական ճշմարտությունը, որ իրականի համեմատ, երեւի, ավելի մեղմասացություն է, քանՙ եղելության արձանագրում: Եւ, այդուհանդերձ, իրականության 1915, 1937 եւ հաջորդ թվականները, եւ մեր ժամանակների անբանաստեղծական ահավորությունն ավելի նողկալի չեն, քան բառով վերադարձվող զարհուրանքըՙ որ հայրենիքի ոգեղեն կառույցի հիմքում նահատակների ոսկորներն են, եւ պրագմատիկ օրվա կառավարչությունը եթե ինչ-որ բանում հաջողում էՙ երախտատերը նրանք են, բայց այդ ճշմարտությանը հասու է միայն բանաստեղծական ոգորումը: Առօրյայի տերն ուրիշներն են. -Պոետը ստեղծում է քաղաքակրթություն: Պոետը ստեղծում է հասարակություն: Բայց ոչ այնպիսին, ինչպիսին այսօր մեր ունեցածն էՙ խաթարված, լղոզ... Ախտավոր: Հայ քաղաքակրթությունը պոետական է: «Ճանաչել զիմաստնություն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ»,- հայերեն առաջին գրավոր տողն է, որ մեր ընթացքի ուղեցույցն է, որովհետեւ. Բառը այն սլաքն է, որով կարող ենք շտկել եւ պատմությունը: Եւ ամեն ինչ: Եւ անգամՙ անշտկելին...

Հայության նոր ժամանակները բացվել են Խաչատուր Աբովյանի «Վերքի» առաջաբանի հարցադրումով. «Հայոց մեծ ազգին չե՞ք ճանաչում»: Այդ տողն է 19-րդ դարակեսին արթնացրել ավերակված սրբությունների հողում Հայաստան վերակերտելու քաղաքական եւ զինական ճիգը: «Հայոց մեծ ազգին չե՞ք ճանաչում»,- այսպես է թշնամուն Սարդարապատի տակ դիմավորել հայոց մահապարտների աշխարհազորը: 90-ականների խառնակ օրերից մի օր հարցազրույցի համար իրենից համբերություն կորզած Հրանտ Մաթեւոսյանը «ո՞րն է ձեր ցանկությունը» ժուռնալիստական հետաքրքրասիրությունը կտրել է անսպասելի մտաճառագումով. «Կուզենայի ստեղծել իմ ժամանակի հայոց լեզուն» : Վարդան Հակոբյանը, կարծես, այդ մեծ նվիրումի ճանապարհին իր նշաձողը սահմանել է. -Իմ ձիու քայլքը զրնգում է արեւի վրա, իսկ հորիզոնը հեռվում շառագունել է հայոց ծաղկած ծիրանիների շռայլ փայլից... Սա, երեւի, 21-րդ դարի հայերենն է, պոեզիա, որ Հայրենիքի վկայականն է: Որովհետեւ ուրիշ հայրենիք, քան կերտվում է խոսքով, չի կարող լինել...

Ստեփանակերտ

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #23, 17-06-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ