RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#021, 2016-06-03 > #022, 2016-06-10 > #023, 2016-06-17 > #024, 2016-06-24 > #025, 2016-07-01

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #23, 17-06-2016



ՆՈՐ ԳՐՔԵՐ

Տեղադրվել է` 2016-06-17 13:44:32 (GMT +04:00)


Ընթերցված է` 2037, Տպվել է` 7, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«ՇԻՐԱԿ ԵՐԳԱՐԱՆԸ» ԼՈՒՅՍ Է ԸՆԾԱՅԵԼ ՍԱՅԱԹ-ՆՈՎԱՆ` ԱՐԵՎՄՏԱՀԱՅԵՐԵՆ

Ե. Խ.

Կարապետ եւ Հովհաննես Հաննեսյանների «Շիրակ» հրատարակչատունը (Բեյրութ) գործում է ըստ տասնյակ տարիների ընթացքում իր մշակած հստակ սկզբունքների եւ բարի ավանդույթների: Հրատարակչատունը, մասնավորապես Կարապետ Հաննեսյանը, տասնյակ տարիներ առանձնակի սեր ու խանդաղատանք է ունեցել հայ երգի եւ երաժշտության հանդեպ, եւ այդ սերը նա արտահայտել է իր գործով եւ գործունեւթյամբ:

1950-ական թվականների առաջին տարիներից Հաննեսյան եղբայրները մտահղացել եւ իրագործել են մի հրաշալի ծրագիր. նրանք հիմնադրել են «Շիրակ» երգարան» մատենաշարը, որի առաջին գիրքը տպագրվել է 1952 թվականին, վերջինՙ 31-րդ գիրքըՙ 2003 թվականին: Այդ երգարանները փաստորեն ներկայացնում են 20-րդ դարի երկրորդ կեսի հայ երգի եւ երաժշտության պատմությունը, Հայաստանի եւ սփյուռքի երաժշտական կյանքի կարեւոր իրադարձություններն ու ելեւէջումները, հայ երաժշտական կյանքի շարժումներն ու փոփոխությունները: Դրանք սովորական երգարաններ չեն. ընթերցողը դրանց մեջ կգտնի ոչ միայն երգերն ու նոտաները, այլեւ կենսագրություններ, երգի եւ երաժշտության հետ կապված զանազան հաղորդումներ, վկայություններ, լուսանկարներ եւ այլն:

«Շիրակ» հրատարակչատունը հրատարակել է երկու ճամփորդական երգարան, վեց ձայնագրեալ երգարան, մեկ ընդարձակ երգարան, «Շիրակ» հրատարակչատան 50-ամյակի առթիվՙ մի մեծ ծավալուն երգարան, Սայաթ-Նովայի երկու երգարան, մեկ դպրոցական երգարան...

Դրանք շքեղ ու պատկերազարդ հրատարակություններ են, եւ մատենաշարը ամբողջությամբ արժանի է առանձնակի ուշադրության:

...Շուրջ երկուսուկես տասնամյակ առաջ Կարապետ Հաննեսյանը միտք է հղանում Սայաթ-Նովայի Խաղերը փոխարկելու արեւմտահայերենի եւ հրատարակել դրանք բնագրերի հետ միասին, զուգահեռաբար: Բանն այն է, որ Տփղիսի բարբառը (թե՞ խոսվածքը) բացարձակապես անհասկանալի է սփյուռքահայ ընթերցողին: «Խաղեր»ը արեւմտահայերենի վերածելու գործը հանձն է առնում բանաստեղծ Աբրահամ Ալիքյանը : Գիրքը լույս է տեսնում 1992 թվականին եւ արագորեն սպառվում է, որովհետեւ Սայաթ-Նովայի երգերի եւ երաժշտության սիրահար ընթեցողը հնարավորություն է ստանում հասու լինել մեծ բանաստեղծի ու երաժշտի Խաղերի իմաստին եւ բովանդակությանը: Այս հրատարակության համար Կարապետ Հաննեսյանը գրել է շատ գեղեցիկ առաջաբան:

Ցավոք, սակայն, այդ հրատարակության մեջ Սայաթ-Նովայի Խաղերի բնագրերը ինչ-ինչ պատճառներով տպագրվել են վրեպներով, ուղղագրական եւ կետադրական եւ այլ տիպի սխալներով:

Կարելի է ենթադրել, որ Խաղերը արեւմտահայերենի վերածողի ձեռքին եղել է բնագրերի հին, չճշգրտված հրատարակություն, շատ հավանական էՙ սփյուռքի որեւէ հրատարակություն:

Եվ ահա, «Շիրակ» հրատարակչատունը, ընդառաջ գնալով ընթերցողների կրկնվող պահանջներին, 2016 թվականին վերահրատարակել է իր տպագրած «Սայաթ-Նովան»ՙ «Շիրակ» երգարան» մատենաշարով: Գրքում ընդգրկված է Սայաթ-Նովայի հիսունյոթ Խաղը:

Այս հրատարակության մեջ Խաղերի բնագրերի ուղղագրությունն ու կետադրությունը ճշգրտված են ըստ Հայաստանում հրատարակված գիտական բնագրերի: Ցավոք, վրեպներ, բացթողումներ եւ սխալներ կային նաեւ Աբրահամ Ալիքյանի փոխադրումների մեջ, դրանք նույնպես ճշգրտված են:

Այս հրատարակությունը իրոք բարեփոխված հրատարակություն է:

Գրքում «Շիրակ» հրատարակչատան ավանդույթների շարունակման մասին երկու խոսք է ասել հրատարակիչը:

Արդարացիորեն վերահրատարակված է Կարապետ Հաննեսյանիՙ 1997-ին գրած գեղեցիկ խոսքը:

Գիրքը լույս է տեսել Երվանդ Տեր-Խաչատրյանի փոքրիկ առաջաբանով եւ ընդհանուր խմբագրությամբ:

Գրքի շապիկին Հայաստանի ժողովրդական նկարիչ Սուրեն Սաֆարյանի «Սայաթ-Նովա» (1961) հայտնի կտավի վերատպությունն է:

Գիրքը տպագրված է ընտիր թղթի վրա եւ ձեւավորված է մեծ ճաշակով:

«Շիրակ» հրատարակչատան տասնամյակների բեղմնավոր ու ազգանվեր գործունեությունը արժանի է խորին հարգանքի եւ հանգամանալից գրավոր խոսքի:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #23, 17-06-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ