ԵՐԳԸ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ԿԱՄՈՒՐՋ Է ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Ամենամյա փառատոնն արդեն թեւակոխել է երկրորդ փուլ. դպրոցներում ակտիվ ու բազմատեսակ միջոցառումների շրջան «Երգը բարեկամության կամուրջ է» ռուսական երգի հանրապետական փառատոնն արդեն նախապատրաստական օգոստոսյան փուլն անցել ու հասել է դպրոցական փուլին, երբ դպրոցներից ներս ռուսաց լեզվի ու ռուսական մշակույթի օրերի տեսքով տարբեր միջոցառումներն են: Դպրոցականների նախասիրություններն հաշվի առնելով` կազմակերպվում են գրական-երաժշտական կոմպոզիցիաներ, ռուսական պոեզիայի երեկոներ, թատերական ներկայացումներ, ռուսաց լեզվի բաց դասեր, ամենը` ռուսերենով: Փառատոնն անց է կացվում արդեն չորրորդ անգամ` Ռուսաստանի հայերի միություն եւ «Ռուսաց լեզվի զարգացման հայկական կենտրոն» հասարակական կազմակերպությունների կողմից` Հայաստանի կրթության եւ գիտության, մշակույթի նախարարությունների, Երեւանի քաղաքապետարանի եւ մարզպետարանների ակտիվ մասնակցությամբ: Փառատոնի անցկացմանն իր ներդրումն ունի նաեւ «Ռուսսկի Միր» ռուսաստանյան հիմնադրամը` մասնակի ֆինանսավորմամբ: ՌՀՄ եւ ՀՀԿ փոխնախագահ, «Ռուսաց լեզվի զարգացման հայկական կենտրոնի» նախագահ Վլադիմիր Աղայանի խոսքերով, փառատոնի հիմնական նպատակն է աջակցել ռուսաց լեզվի եւ ռուսական մշակույթի տարածմանը Հայաստանում, դպրոցականներին հաղորդակից դարձնելով ռուս ժողովրդի մշակութային եւ հոգեւոր արժեքներին ու նպաստելով Ռուսաստանի նկատմամբ հետաքրքրության ակտիվացմանը: «Փառատոնի միջոցով փորձում ենք նաեւ նպաստել Հայաստանում ռուսաց մշակույթի եւ լեզվի վարկի բարձրացմանը, հայ եւ ռուս ժողովուրդների դարավոր բարեկամության պահպանմանն ու հետագա ամրապնդմանը», նշեց Վլադիմիր Աղայանը: Փառատոնի անցկացման շրջանակներում արդեն իսկ հանդիպումներ են տեղի ունեցել ինչպես Հայաստանի տարբեր մարզերում` մարզային ղեկավարության, այնպես էլ կրթության ու գիտության նախարարությունում` ավագ դպրոցների տնօրենների հետ: Բոլոր հանդիպումները միտված են փառատոնի կազմակերպման, անցկացման աշխատանքների իրականացմանը, այն բոլոր հարցերին, որոնք վերաբերում են գրեթե 5 ամիս տեւողությամբ միջոցառման առանձնահատկություններին: Դպրոցական փուլում անցկացվում են մրցույթներ` ռուսական երգի լավագույն կատարման, ռուսերենով լավագույն շարադրության, ինչպես նաեւ ռուսաց լեզվի եւ գրականության լավագույն ուսուցչի: Ռուսական երգի լավագույն կատարման մրցույթն անցկացվում է ռուսական ժողովրդական, հայրենասիրական, ռոմանսի, էստրադային եւ մանկական երգերի, նաեւ հայկական երգ` ռուսերենով ժանրերում: Շարադրության մրցույթի թեմաներն են «Ռուսաստանը եւ ռուսաց լեզուն իմ կյանքում» եւ «Ռուսաց լեզուն որպես միջազգային եւ ազգամիջյան հաղորդակցման լեզու»: Միեւնույն ժամանակ, թեմա կարող են առաջարկել ինչպես դպրոցների աշխատակազմերի ներկայացուցիչները, այնպես էլ հենց դպրոցականները, որոնց մասնակցության համար չկա տարիքային սահմանափակում: Մրցույթների անցկացումը կտեւի մինչեւ հոկտեմբերի 20-ը, որից հետո, արդեն մարզային փուլում, հաղթողների ընտրություն կկայանա դպրոցական փուլում հաղթած մասնակիցներից: Այս փուլում հաղթողներն արդեն կհայտնվեն հանրապետական փուլում, որի ավարտն ավանդաբար պարգեւատրման արարողությունն է` դափնեկիրների երեւանյան միջոցառման ժամանակ` տարեվերջին: |