RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#032, 2016-09-02 > #033, 2016-09-09 > #034, 2016-09-16 > #035, 2016-09-23 > #036, 2016-09-30

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #34, 16-09-2016



Ի ՀՈՒՇ

Տեղադրվել է` 2016-09-15 22:16:12 (GMT +04:00)


Ընթերցված է` 2810, Տպվել է` 6, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀՐԱԺԵՇՏ ՀԱԿՈԲ ՕՐՄԱՆՋՅԱՆԻՆ

Երվանդ ՏԵՐ-ԽԱՉԱՏՐՅԱՆ

Չար լուրը հասավ խուլ ու բութ հարվածի պես. սեպտեմբերի 5-ին Բուլղարիայում իր մահկանացուն է կնքել հայ գրականության ու մշակույթի անխոնջ մշակներից մեկըՙ թարգմանիչ եւ լրագրող Հակոբ Օրմանջյանը: Այս «անխոնջ մշակ» արտահայտությունը հակամշակութային մեր այս ժամանակներում թվում է վաղնջական ժամանակների հնացած խոսք, անցյալ ժամանակներից մնացած ըմբռնում, որ կարելի է հասցեագրել սոսկ անցյալի եզակի մարդկանց, որոնք վաղուց արդեն չկան, բայց որոնց անուններն արդեն, էլ չասած կյանքն ու գործը, խոնարհում, երկյուղածություն եւ անչափելի խոր հարգանք են հարուցում: Հակոբ Օրմանջյանը իր կյանքով ու գործով ճիշտ այդպիսի անուն եւ այդպիսի անձնավորություն է:

Նա բազմահմուտ եւ լայն իմացությունների տեր գրագետ էր, բեղուն եւ մեղվաջան գրական գործիչ, լրագրող էր ու թարգմանիչ, պատմաբան էր ու մշակութաբան, հայագետ ու լեզվաբան...

Սփյուռքահայ ու (ոչ միայն սփյուռքահայ) ճարպիկ «գործիչներ» կան, որոնց արածը ի՞նչ էՙ ոչ ոք չգիտի, բայց որոնք միշտ ասպարեզում ենՙ պատվված շքանշաններով ու մեդալներով: Բայց կան մարդիկ, որոնք իսկապես նվիրված են իրենց գործին ու ասպարեզին, գլուխները կախՙ խրված են իրենց գործի մեջ եւ անտարբեր են իրենց շուրջը` ասպարեզում ու միջավայրում, իշխող տրամադրությունների, մարդկային շահատակությունների, սնափառության ու պատեհապաշտական հարաբերությունների հանդեպ: Ավելորդ է ասել, որ Հակոբ Օրմանջյանը այդպիսի անձնավորություն էր:

Նա ծնվել է 1935 թվականի սեպտեմբերի 6-ին Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում: Ստացել է լուրջ ու հիմնավոր կրթություն:

Բայց մարդու ամենալավ, ամենաստույգ, հավաստի ու արդար կենսագրությունը իր արած գործերի, իր ստեղծագործական կյանքի պատմությունն է, ուստի եւ սկսեմ այդտեղից: Հակոբ Օրմանջյանը նախապես զբաղվել է լրագրողական աշխատանքով: Եղել է «Զեմլեդելչեսկա զնամյա» («Երկրագործական դրոշ») կենտրոնական թերթի հատուկ թղթակից: Ավելի քան ութ տարի Հակոբ Օրմանջյանը եղել է բուլղարահայերի «Երեւան» մշակութային ընկերության «Երեւան» թերթի գլխավոր խմբագիրը: Հակոբ Օրմանջյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ին կից Բալկանների միջազգային վավերագրական կենտրոնի գլխավոր մասնագետներից մեկն էր: Այդ կենտրոնի առաջադրանքով նա կազմել, գրաբարից բուլղարերեն է թարգմանել եւ հրատարակել «Հայ ճանապարհորդները Բալկանների մասին (17-19-րդ դդ.)» ժողովածուն, օժտելով գիրքը գիտական կառուցվածքով եւ գիտական տեղեկություններով: Ժողովածուն բովանդակում է նյութեր Սիմեոն Լեհացու ուղեգրություններից, Հովհաննես Թովմաճյանի «Պատմություն»-ից, Ղուկաս Ինճիճյանի «Ստորագրութիւն Հին Հայաստանեայց», «Հնախօսութիւն աշխարհագրական Հայաստանեայց աշխարհի», Ստեփանոս Գյուվեր Ագոնցի «Աշխարհագրութիւն չորից մասանց աշխարհի, Ասիոյ, Եւրոպիոյ, Ափրիկիոյ եւ Ամերիկիոյ» 11 հատորանոց գործից, Մինաս Բժշկյանի «Ճանապարհորդութիւն ի Լեհաստան» ստվարածավալ երկից: Այդ գիրքը պատրաստելու համար նա գիտական լուրջ ու մանրազնին հետազոտական եւ ուսումնասիրական աշխատանք է կատարել Մխիթարյանների գրապահոցներումՙ Վենետիկում եւ Վիեննայում:

Հակոբ Օրմանջյանը հայագիտական հարուստ գիտելիքների տեր մարդ էր: Նա հրաշալի գիտեր գրաբար, հայոց պատմություն, հայոց լեզու եւ լեզվաբանություն, հայ մշակույթ ու հայ արվեստ առհասարակ: 1969 թվականին նա մեկ տարի դասավանդել է Երեւանի պետական համալսարանում: 1998 թվականից նա Սոֆիայի համալսարանում դասավանդում էր հայոց լեզու եւ թարգմանական արվեստ:

Բայց Հակոբ Օրմանջյանի իսկական կոչումը թարգմանությունն էր, ավելի ճիշտՙ հայ գրականությունն ու հայ մշակույթը բուլղար ժողովրդին ու բուլղար ընթերցողին հասցնելը: 1973 թվականից սկսում է զբաղվել թարգմանությամբ: 1975 թվականին լույս է տեսնում Հակոբ Օրմանջյանի թարգմանական առաջին գիրքըՙ Հրանտ Մաթեւոսյանի գործերի ժողովածունՙ «Նարինջ զամբիկը» խորագրով: Այս նույն տարում նա թարգմանել, կազմել եւ հրատարակել է (Կարո Հայրապետյանի հետ) «Հայկական պատմվածքներ եւ նովելներ» ստվար ժողովածուն, բուլղար ընթերցողին ներկայացնելով արեւմտահայ եւ արեւելահայ հիսուներեք գրողի պատմվածքներն ու նովելները:

Երեսունվեց անուն-հատոր երեսունվեց գիրք է թարգմանել եւ հրատարակել Հակոբ Օրմանջյանը: Դրանց սոսկ թվարկումը արդեն մեծ տեղ ու ծավալ կբռնի: Իր թարգմանությունների շրջանակը շատ լայն է եւ ընդարձակ: Նա թարգմանել է եւ հայ պատմագրություն (օրինակ, Ագաթանգեղոսի «Հայոց պատմություն»-ը), եւ գիտական գրականություն (օրինակ, Երեւանի պետական համալսարանի հրատարակած «Հայ ժողովրդի պատմություն» ուսումնասիրությունը, իր խմբագրած տարբերակովՙ զեղչելով սովետական գաղափարաբանական եւ մերժելի այլ հատվածները), եւ մշակութաբանական գրքեր (օրինակ, Վիլհելմ Մաթեւոսյանի եւ Յուրի Խաչատրյանի կազմած «Մարտիրոս Սարյան. Արվեստի մասին» ստվար ժողովածուն): Այս վերջին գրքի հրատարակությունը հովանավորել եւ իրականացրել են հայ գրի ու մշակույթի առջեւ խոնարհում ունեցող իր զավակներըՙ թարգմանչի դուստրըՙ թարգմանիչ տիկին Գայանեն եւ իր ամուսինըՙ Րաֆֆին:

Հակոբ Օրմանջյանը թարգմանել է հիմնականում հայ դասական ու ժամանակակից հեղինակների: Նրա թարգմանությամբ բուլղարերեն տպագրվել են Րաֆֆու «Սամվել» վեպըՙ գեղանկարիչ Ալեքսանդր Գրիգորյանի նկարազարդումներով, Նար-Դոսի վիպակների եւ պատմվածքների ժողովածունՙ «Տանտիրոջս աղջիկը» խորագրով, Ստեփան Զորյանի «Մի կյանքի պատմություն» վեպը, Վահան Թոթովենցի «Կյանքը հին Հռովմեական ճանապարհի վրա» սքանչելի գործը, Խաչիկ Դաշտենցի «Ռանչպարների կանչը» եւ այլ նշանակալից երկեր, ինչպես նաեւ Սերո Խանզադյանի, Հրանտ Մաթեւոսյանի, Մուշեղ Գալշոյանի, Վահագն Գրիգորյանի եւ այլ գրողների տասնյակ գրքեր: Իր դստերՙ Գայանեի հետ նա թարգմանել եւ հրատարակել է Ղազարոս Աղայանի, Հովհաննես Թումանյանի եւ Ավետիք Իսահակյանի մանկական գործերի ժողովածուն, որ լույս է ընծայել բուլղարական «Օտեչեստվո» («Հայրենիք») հրատարակչությունըՙ պատկերազարդ եւ ընտիր ձեւավորումով:

Իր հարյուրավոր գրական եւ հայագիտական հոդվածները մնացել են մամուլի էջերում:

Հակոբ Օրմանջյանի թարգմանական գործը հիմնված էր Հայաստանի եւ հայ գրականության հանդեպ ունեցած անսահման սիրո վրա: Նա այն հազվագյուտ եւ եզակի հայերից էր, որ Հայաստանում ծնված չլինելովՙ իրեն համարում էր հայաստանցի եւ Հայաստան էր գալիս ուխտագնացության պես ու սրբազան հուզումով: Իր էությամբ ու ներաշխարհով Հակոբը իսկական հայաստանցի էր: Ցավոք, իր այցելությունները շատ հազվադեպ էին. պարզ եւ համեստ կյանքով ապրող մտավորականը հնարավորություն չուներ ոչ թե հաճախ, այլ գոնե երբեմն Հայաստանում լինելու:

Հսկայական գործ է արել Հակոբ Օրմանջյանը եւ այն էլՙ ի՜նչ պայմաններում: Իր թարգմանած գրքերի մի զգալի մասը, եթե չասեմ մեծ մասը, լույս է տեսել միայն ու միայն իր համառ ջանքերի շնորհիվ: Աշխատել է տքնաջանՙ գրեթե ոչինչ չստանալով դրա դիմաց: Մեր իշխանությունները բեռնատարով շքանշան ու մեդալ են բաժանում (Դոմանովիչի Ստրադիա երկրին վաղուց տվել-անցել ենք), Հայաստանի գրողների միությունը իր գրաճանաչ եւ կիսագրաճանաչ բոլոր անդամներին բազում մրցանակներ ու մեդալներ է շնորհել: Հակոբ Օրմանջյանի անունը, իհարկե եւ բնականաբար, ոչ միայն դրանց շարքում չկա, որքան որ գիտեմՙ նրան երբեւիցե չեն էլ հիշել: Բայց Բուլղարական ժողովրդական Հանրապետության Պետական խորհուրդը գիտեր եւ բարձր է գնահատել հայ գրողի ու թարգմանչի ծառայություններն ու վաստակը եւ նրան պարգեւատրել է «Կիրիլ եւ Միֆոդի» առաջին աստիճանի շքանշանով:

Հակոբ Օրմանջյանին ճանաչում եմ 1968 թվականից, ծանոթացել ենք համալսարանում: Մենք լավ ընկերներ եւ բարեկամներ էինք: Մեր հանդիպումները Երեւանում կամ թե Ուրծաձորում հրաշալի բարեկամության անմոռանալի պահեր էին: Ինքը 1993-ին թարգմանել եւ բուլղարական «Լիտերատուրեն ֆորում» գրական շաբաթաթերթում տպագրել էր իմ մի հոդվածը: Շատ էր ուզում թարգմանել Կոստան Զարյանի «Սպանիա»-ն, բայց հովանավոր չէր գտնում. ավաղ, իր երկիրն էլ այլեւս մերի պես անվերադարձ ավերված էր... Ժամանակին շատ նամակներ ենք գրել միմյանց: Այսօր իրենից մի քանի տասնյակ նամակներ մնացինՙ ջերմ եւ սրտառուչ տողերով... Հետո արդեն, այս նոր ժամանակներում, երկար զրուցում էինք հեռախոսով: Վերջին անգամ ինձ զանգահարեց մահից մոտ մեկ շաբաթ առաջ, սեպտեմբերի մեկի նախօրեին: Դասերից էր հարցնում, իմ աշխատանքից, երեխաների դպրոցից, մեր ընդհանուր վիճակից...

...Եվ ահա մեր մի ընտիր մտավորականն էլ իր մահկանացուն կնքեց օտար երկնքի տակ: Այսպեսՙ Հայրենիքից հեռու ապրելու դատապարտված ամեն մի հայի ճակատագրի հետ կրկնվում է մեր ժողովրդի սկզբնավոր-անվախճան ողբերգությունը:

Բայց Հակոբ Օրմանջյանը գրի մարդ էր, եւ իր կատարած վիթխարի աշխատանքը նրան մեկընդմիշտ պատվավոր տեղ է ապահովել մեր մեծ հայրենիքումՙ հայոց լեզվի եւ հայ գրավոր մշակույթի լուսավոր տարածության մեջ: Նա դրան լիովին արժանի է:

Սիրելի Հակոբ, կոտրված սրտով եմ գրում հրաժեշտի այս կարճառոտ խոսքը,- ի՜նչ է այս երկու բառը այդքան տարիների ընկերության ու բարեկամության դիմաց,- բայց քո ընկերությամբ հպարտ եւ քո բարեկամությամբ շոյված, քո անձի եւ գործի հանդեպ այսօր լուռ ու գետնամած խոնարհումով եմ հրաժեշտ տալիս քեզ...

10 սեպտեմբերի 2016

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #34, 16-09-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ