«ԱՎԱԶԵ ԴՂՅԱԿԻ ԱՂՋԻԿՆԵՐԸ» ՖԻԼՄԻ Է ՎԵՐԱԾՎՈՒՄ Հ. Ծ. «Արարատ», «1915», «Մայրիկ», «Արտույտների ագարակը» եւ «Խոստումը» ֆիլմերից հետո, 2012-ին լույս տեսած Քրիս Բոհջալյանի «Ավազե դղյակի աղջիկները» գիրքը, Հայոց ցեղասպանության մասին, ֆիլմի է վերածվում: Ըստ Թոմ Վարդապետյանի («Արմինյն Միրոր-Սփեքթեյթր») նոր ֆիլմի սցենարիստը, պրոդյուսերը եւ ռեժիսորը Էրիկ Նազարյանն է, ով Բոհջալյանի խոսքերովՙ «իշխանավայել գործ է կատարում, իր հոգին ու սիրտը դնելով այս ծրագրի մեջ»: Առայժմ դեռ կատարվում է դերասանների ընտրությունը: Նազարյանի կապը Բոհջալյանի հետ հաստատվել է «Արմինյն Ուիքլիի» խմբագիր Խաչիկ Մուրադյանի միջոցով: Ավելացնենք, որ «Ավազե դղյակի աղջիկները» հատորի առաջին կոշտկազմ տարբերակները 7 հրատարակություն են ունեցել, իսկ երկրորդՙ թղթակազմ տարբերակներըՙ 10-ը: Գիրքը 15 երկրներում է տարածվել եւ մեծ ընդունելության արժանացել: Նազարյանը խոստովանել է, որ դեռ պատանի տարիներից, «Ամերիկա, Ամերիկա» եւ «Շինդլերի ցուցակը» ֆիլմերը դիտելուց հետո երազել է ֆիլմ նկարահանել Հայոց ցեղասպանության մասին: Նկար 1. Քրիս Բոհջալյան |