RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#032, 2016-09-02 > #033, 2016-09-09 > #034, 2016-09-16 > #035, 2016-09-23 > #036, 2016-09-30

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #34, 16-09-2016



Տեղադրվել է` 2016-09-15 22:16:12 (GMT +04:00)


Ընթերցված է` 2478, Տպվել է` 8, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԳՅՈՒՄՐՈՒ ԹԱՏՐՈՆԸ ԿՌԻՎ ԷՐ ԸՆԿԵԼ

Նաիր ՅԱՆ

Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում վերջին երկու ամիսները լարված էին: Սպառվել էր տնօրեն Գեւորգ Խաչատրյանի պաշտոնավարման ժամկետը, ու մինչ նա զբաղված է եղել թատրոնի բեմի վերանորոգման աշխատանքներով, իր պաշտոնի համար երկու կանայք հայտ են ներկայացրել: Գեւորգ Խաչատրյանը Գյումրու թատրոնը ղեկավարել էր 8 տարի:

«Մեր տնօրենը ՀՀԿ-ից է, բայց այս տարիների ընթացքում չի եղել մի դեպք, երբ նա կուսակցական քարոզ անի կամ ընտրություններից առաջ սրան-նրան հորդորիՙ հանրապետականներին ձայն տալ: Երբեք չենք զգացել, որ Գեւորգ Խաչատրյանը ՀՀԿ-ական է. միշտ թատրոնի գործերով է զբաղված եղել, լուծել թե՛ ֆինանսատնտեսական, թե՛ ստեղծագործական խնդիրները: Միանշանակ կարող ենք ասել, որ Գյումրու թատրոնը վերելք է ապրում. ունենք լավ հանդիսատես, լավ խաղացանկ, մի խոսքովՙ գործերը լավ են գնում: Բայց ինչո՞ւ, ո՞ւմ է ձեռնտու թատրոն բերել թատրոնից հեռու, թատրոնին անտեղյակ տնօրենի. զարմանում ենք ուղղակի: Տնօրենի պաշտոնի համար հայտ ներկայացրած կանանցից մեկը Գյումրու «Ցայգ» հեռուստաընկերության սեփականատեր եւ տնօրեն Մարգարիտա Մինասյանն է: Մենք համագործակցել ենք «Ցայգի» հետ, բայց դա դեռ չի նշանակում, թե հեռուստաընկերության տնօրենը կարող է մեր թատրոնը ղեկավարել, ինչքան էլ որ նա լավ է հասկանում ֆինանսական հարցերից: Մյուս թեկնածուն լրագրող Արաքս Կիրակոսյանն է: Երկուսին էլ հանդիպել ենք. ասում ենՙ կգանք, կաշխատենք, գլուխ կհանենք: Իսկ մենք, ի՞նչ է, պիտի սպասենք այնքան, մինչեւ նրանք կամաց-կամաց սովորե՞ն իրենց գործը»,- իրավիճակն այսպես ներկայացրին թատրոնի դերասանները:

Թեեւ Գեւորգ Խաչատրյանի պաշտոնավարման ժամկետը լրացել է, բայց նա թոշակի տարիքում չէ ու կարող է նորից առաջադրել իր թեկնածությունը: Բայց ինչո՞ւ չի առաջադրել: Գեւորգ Խաչատրյանը ձեռնպահ է մնում մեկնաբանություններից: Պատմում են նրա գործընկերները. «Գեւորգ Խաչատրյանը թատրոնի շինարարական աշխատանքներով տարվածՙ մոռացել է իր փաստաթղթերը ներկայացնել, որպեսզի երկու տիկնանց հետ ինքն էլ մասնակցի մրցույթին: Մինչեւ գլխի ընկավ, վերջնաժամկետը հայտարարված էրՙ օգոստոսի 24-ը: Բանն այն է, որ նույնիսկ մենք չենք իմացել մրցույթի մասին: Դու մի ասա «Հայաստանի Հանրապետություն» թերթում է հայտարարությունը տեղադրված եղել. ոչ մի այլ լրատվամիջոցով տեղեկությունը չի տարածվել: Երբ իմացանք, որ երկու կանայք են մրցելու տնօրենի աթոռի համար, շատ վրդովվեցինք ու դիմեցինք մշակույթի նախարարինՙ չեղյալ հայտարարել մրցույթը: Նա էլ խոստացավ դրական լուծում տալ հարցին»:

Մրցույթի արդյունքները պետք է հայտնի լինեին սեպտեմբերի 14-ին: Նախօրեին նախարարությունից ոչ մի պատասխան չունենալովՙ Գյումրու թատրոնի դերասաններն ու ռեժիսորը եկել-հասել էին Երեւանՙ իրենց բողոքի ձայնը մայրաքաղաքային լրատվամիջոցներով բարձրացնելու: Նրանք մարտական էին տրամադրված. եթե նախարարությունը մրցույթն իրականացնի, ու կանանցից որեւէ մեկը հաղթի, իրենք չեն հանդուրժի նոր տնօրենուհուն ու կշարունակեն բոյկոտը:

Թատրոնի նախկին գեղարվեստական ղեկավար Նիկոլայ Ծատուրյանը խնդրի հիմքերի հիմքը համարում է թատրոնի օրենքի բացակայությունը: «Չկա օրենք. տարիներ շարունակ ասում ենք, պահանջում, բայց ոչ մի տեղաշարժ: Մեր հարեւան Վրաստանն ամեն ինչում մեզնից առաջ է. օրենսդրորեն է սահմանվածՙ ինչպիսին, ովքեր պետք է լինեն թատրոնի տնօրենը, գեղարվեստական ղեկավարը: Քանի դեռ օրենք չկա, բոլոր թատրոններում էլ այս վիճակն է լինելու»,- կարծում է Նիկոլայ Ծատուրյանը:

Գյումրեցիները վիրավորված են, որ թատրոնի տնօրենի պաշտոնը դիտարկվում է որպես զուտ ֆինանսատնտեսական հարցեր լուծելու աթոռ: Բայց չէ՞ որ բոլոր հարցերը, այդ թվումՙ դերասան ընդունել-չընդունելու, ներկայացում բեմադրելու, լուծվում են տնօրենի կնիքով, ուրեմն նա պետք է լավագույնս ճանաչի թատրոնն ու ապրի թատրոնով:

ՀՀ վաստակավոր դերասանուհի Սուսաննա Բաղդասարյանը վստահեցրեց, որ իրենք անձնական ոչ մի հակակրանք չունեն թեկնածուների նկատմամբ, բայց չեն ուզում, որ թատրոնը պատահական մարդիկ ղեկավարեն. դա թատրոնի կործանումը կլինի:

Մինչ սեպտեմբերի 13-ին բոլոր լրատվամիջոցներն անդրադառնում էին Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում առաջացած աղմուկին, աշխատանքային օրվա վերջում մշակույթի նախարարությունից պաշտոնական հայտարարություն ստացվեց: Թեկնածուներից Արաքս Կիրակոսյանը հետ է վերցրել իր հայտը, իսկ մեկ թեկնածուով մրցույթ չի կարող լինել, հետեւաբար Գյումրու թատրոնի տնօրենի թափուր պաշտոնի համար սեպտեմբերի 14-ին նախատեսված մրցույթը տեղի չի ունենալու:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #34, 16-09-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ