ԱՆԿԵՂԾ ԽՈՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԷԼԻՖ ՇԱՖԱՔԻ ՀԵՏ Թարգմ.` Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆԸ «Հետաքրքրալից մտածողությամբ պատմություններ հորինող եմ, եւ կյանքից դասեր քաղող ուսանող: Ինձ համար կարեւոր է, որ երբեք չդադարեմ սովորելուց, եւ միշտ բաց լինեմ նոր բան վերցնելու կյանքից: Երբեք չեմ կարող պատկերացնել, որ հասել եմ մի տեղ: Ես միշտ ճանապարհորդում եմ, միշտ շարժման մեջ եմ», խոստովանել է թուրք նշանավոր գրող Էլիֆ Շաֆաքը Լոնդոնի «Չիլտեռն ֆայրհաուս» կայանում «Verve Magazine» հանդեսի լրագրող Նիշա Պոլի հետ կայացած հարցազրույցի ընթացքում, որը թարգմանաբար ներկայացնում ենք մեր ընթերցողներին: Ստրասբուրգում ծնված, մանկությունը Անկարայում, Մադրիդում, Քյոլնում, Ամմանում եւ Ստամբուլում անցկացրած գրողն իր աշխարհընկալումը կազմավորել է շնորհիվ բազմաթիվ շրջագայությունների եւ տարբեր մշակույթների հետ շփումների: Նրա հետաքրքրությունների կիզակետում է Ստամբուլը: Նա լրագրող է, քաղաքական մեկնաբան, հրապարակախոս, եւ անշուշտ վիպասան: Միջազգային հարթակներում բազմիցս խոսել է սեռերի հավասարության եւ կանանց հնարավորությունների մեծացման թեմաների շուրջ:
Ն.Պ.- Վաղո՞ւց եք երազել գրող դառնալ: Է.Շ.- Մայրս ինձ միայնակ է մեծացրել: Մորս միակ զավակն եմ, որն անսովոր էր այդ ժամանակվա Թուրքիայում: Որպես անհատ իմ կազմավորման մեջ մեծ դեր ունի նաեւ տատս: Ես երկու տարբեր աշխարհների ծնունդ եմ: Տատս ավանդապահ էր, եւ սնոտիապաշտ, մինչդեռ մայրս ֆեմինիստ էր, կրթված ու արեւմտյան դաստիարակություն ստացած անձնավորություն: Գրել սկսել եմ 8 տարեկանից, մենակությունից դրդված: Ընկերներ չունեի եւ տատիս պատմությունները խորապես տպավորում էին ինձ: Ն.Պ.- Պատմեք ձեր նորՙ «Եվայի երեք դուստրերը» գրքի մասին: Է.Շ.- Այդ գիրքը գրելը մի կողմից մարտահրավեր էր, մյուս կողմիցՙ հրապուրիչ աշխատանք: Սովորաբար որեւէ գաղափար հղանալիս հետազոտական լայնածավալ աշխատանք եմ կատարում, ուսումնասիրում թեման բազմակողմանիորեն: Նոր գրքիս թեման ժամանակակից է, ի տարբերություն «Ճարտարապետի աշակերտը» խորագրով նախորդի, որը պատմական վեպ էր: Թեման թուրք մի կնոջ փորձություններն է հավատ, ինքնություն եւ սեր որոնելու իր ճանապարհին, նրա ձեռքբերումներն ու ձախողումները: Դեպքերը տեղի են ունենում ժամանակակից Ստամբուլում եւ արտացոլում են այն, ինչ ներկայիս կատարվում է Թուրքիայում: Ն.Պ. - Ձեր 14 գրքերից (որոնցից 9-ը «բեստսելլերներ» են), ո՞րն առաձնահատուկ նշանակություն ունի ձեզ համար: Է.Շ. - Երբեք չեմ կարող առանձնացնել որեւէ մեկին, որովհետեւ յուրաքանչյուր գիրք առանձնահատուկ էր ինձ համար այն գրելու պահին: Եթե առանձնացնելու լինեմ, պիտի նշեմ այն մեկը, որ դեռ պետք է գրեմ: Մինչ օրս հրատարակած գրքերս իմ անձնական «ճանապարհորդություններս» են կյանքի տարբեր ժամանակահատվածներում: Ինձ հետաքրքրում են Թուրքիայի պատմության լռության դատապարտված էջերը: Ես ուզում եմ պատմել Օսմանյան կայսրության պատմությունը անհավանական թվացող կերպարների միջոցով, մարդիկ, որոնք մեկուսացված են, մոռացված, հետապնդումների ենթարկված: Փորձում եմ ձայն տալ բոլոր նրանց, ում լռեցրել են, ստեղծել, վերականգնել այդ ժամանակվա բոլոր գույները, արթնացնել հասարակությունը: Ն.Պ. - «Ստամբուլի լակոտը» գրքի համար Ձեզ մեղադրեցին թրքականությանը վիրավորանք հասցնելու համար: Ինչպե՞ս եք վերաբերվում ընդհանրապես քննադատությանը: Է.Շ. - Մեր օրերում մարդիկ շատ շուտ են վիրավորվում: Դրան պետք է վերջ տալ: Մեր հոգու «հայելին» քննադատության կարիքն ունի: Դա մեր կյանքի անքակտելի մասն է, եւ մենք պարտավոր ենք սովորել հաղթահարել կացություններ, որոնց հետ ոչ միշտ ենք համաձայն: Դրա միակ պատասխանը մեկ ուրիշ գիրք գրելն է կամ մեկ ուրիշ երգիծանկար նկարելը: Ես խոսքի ազատության համար անխոնջ պայքարողներից եմ: Դժբախտաբար Թուրքիայում մենք ներկայիս հետքայլ ենք անում այդ ասպարեզում: Իմ այդ գիրքը հայ մի ընտանիքի եւ ցեղասպանության մասին է: Կարծում եմ մենք պետք է խոսենք այդ մասին եւ անցյալի մասին ընդհանրապես, նույնիսկ եթե դա ցավալի լինի: Դա պետք է անենք, որպեսզի մեղմացնենք տառապանքը նրանց, ում հանդեպ անարդար ենք վարվել: Ճշմարտությունը ուսուցանող է, ներդաշնակություն ստեղծող: Մենք պարտավոր ենք պատասխանատվությամբ վերաբերվել անցյալին: Ն.Պ. - Ի՞նչ եք գերադասում կարդալ: Է.Շ. - Ես ընթերցասեր եմ եւ ունեմ տարբեր գրքերի երկար ցուցակ, սկսած համաշխարհային գրականության նմուշներից եւ վերջացրած փիլիսոփայության, նյարդաբանության, միստիցիզմի եւ քաղաքականության պատմության վերաբերող հատորները: Գրողները նախեւառաջ ընթերցողներ պետք է լինեն եւ մնան այդպիսին: Ընթերցանության ճանապարհը երբեք չպետք է ավարտվի կամ դանդաղի: |