ԲԱՐՍԵՂ ԿԱՆԱՉԵԱՆ... «ՕՐՕՐ»... ՍԵԴԱ ԿԱՆԱՉԵԱՆ... Երուանդ ՏԷՐ-ԽԱՉԱՏՐԵԱՆ Մեծանուն երաժիշտ Բարսեղ Կանաչյանի դուստրըՙ ազնվազարմ տիկին Սեդա Կանաչյանը, որ ապրում էր Բեյրութում, տասնամյակներ շարունակ հետամուտ էր հոր ստեղծագործական ժառանգությունը կարգի բերելու եւ ամբողջացնելու, նրա ծավալուն ստեղծագործությունները, ամենից առաջՙ «Աբեղան» օպերան, մոռացումից փրկելու եւ, ի վերջո, արվեստագետի թողոնի հետագա ճակատագիրն ապահովելու գործին: Սեդա Կանաչյանը նաեւ մտադիր էր մի ծավալուն գործով ամբողջացնելու Բարսեղ Կանաչյանի կյանքն ու գործը եւ այն ամենըՙ հուշեր, վավերական նյութեր ու փաստաթղթեր, վկայություններ, որոնք վերաբերում էր երաժշտի կյանքին եւ ստեղծագործությանը: Եվ ահա, մի երկու տարի առաջ ես դոկտոր Հարություն Նիկոլյանի (Նագուլյանի), մեր սիրելի Նագուլի միջոցով առաջարկ ստացա մի նյութ գրելու այդ գրքի համար: Բանն այն է, որ ես բախտ եմ ունեցել լինելու Սեդա Կանաչյանի կրտսեր բարեկամներից մեկը, Բեյրութում ապրած տարիներիս եւ հետագա բոլոր այցելություններիս ժամանակ լինելուՙ նրա տան, նրա գրական-մշակութային հոյակապ սալոնի «տնային» մարդկանցից մեկը: Երբ առաջարկը ստացա, անկեղծ ասած, դժվարացա, դժվարիս եկավ. ի՞նչ կարող եմ գրել ես Բարսեղ Կանաչյանի երաժշտության մասին: Նման դեպքերում պետք է կարողանաս ասել մի որեւէ էական բան, մի կարեւոր միտք, գոնե մեկ կարեւոր նախադասություն: Եվ երբ մտածումս հստակվեց, երբ ասելիքս պարզ եղավ ինձ համար եւ ինձ թվաց, թե գտել եմ այդ մեկ նախադասությունը, ես գրեցի երկու էջ այդ գրքի համար: Եվ ահա, վերջապես, այդ գիրքը լույս տեսավ, «Բարսեղ Կանաչեան. կեանքի մը երաժշտացումը» խորագրով, մի մեծադիր եւ ծավալուն հատոր, ավելի քան 660 էջ (նորե՛ն Երջօ Սամուէլեանը): Իրերի ու հանգամանքների բերումով մեկ տարի առաջ Սեդա Կանաչյանը Բեյրութից տեղափոխվեց Ամերիկաՙ իր զավակների մոտ: Ի՞նչ բաղձանքով, ի՞նչ անձկությամբ էր սպասում Սեդա Կանաչյանը այս հատորին, սակայն ճակատագրի հրեշտակի սեւ թեւի ստվերը մթագնեց Սեդայի ուրախությունը: Եվ այսօր հեռվից հեռու սրտակցելով Սեդային իր անփարատ վշտի ու անսփոփ տրտմության մեջՙ ընթերցողին եմ ներկայացնում իմ գրությունը, որ տեղ է գտել այդ հատորում: Բարսեղ Կանաչեանի անունը լսել եմ դեռեւս իմ վաղ պատանեկան տարիներին, գիտէի, որ անուանի երաժիշտ է, երգահան, սքանչելի երգերի հեղինակ: Իմ ուսանողութեան ժամանակը համընկաւ 1960-ական թուականների կէսերին, երբ մեր ժողովուրդն իր գիտակցական մեծ վերելքի շրջանն էր ապրում: 1966-ին լոյս էր տեսել Պարոյր Սեւակի «Անլռելի զանգակատուն»ը նոր, շքեղ ու պատկերազարդ հրատարակութեամբ: 1969-ին լրանում է Կոմիտասի ծննդեան հարիւր տարին: Ամբողջ Հայաստանը բռնուած էր Կոմիտասով եւ այն ամենով, ինչն այս կամ այն կերպ, ուղղակիօրէն թէ անուղղղակիօրէն, կապւում էր ազգային մեծ երաժշտի անձի ու գործի հետ: Այդ տարիներին Խորէն Պալեանն ու Լուսինէ Զաքարեանը բեմերից անվերջ հնչեցնում էին մեր ազգային սքանչելի երաժշտութիւնըՙ մեր հոգեւոր երգերը, մեր շարականները, Մակար Եկմալեան, Քրիստափոր Կարա-Մուրզա, Կոմիտաս... Եւ անվերջ Կոմիտաս... Եւ, իհարկէ, նաեւ ու անպայմանՙ Բարսեղ Կանաչեան: Մեր ուսանողութիւնը ուղղակի սիրահարուած էր Բարսեղ Կանաչեանին. «Օրօր»ը պարզապէս կախարդում ու հմայում էր մարդկանց: Այդպէս տարիների ընթացքում Բարսեղ Կանաչեանը դարձաւ Հայաստանի երաժշտական դասական մշակոյթի անկապտելի, անտրոհելի մասը: Մեծատաղանդ կոմպոզիտորը այլեւս իր արժանի ու մնայուն տեղն ունէր մեր ազգային գիտակցութեան մէջ: Կոմիտաս վարդապետը ժամանակին իր բազմաթիւ սաներից առանձնացրել է մի քսան-քսաներկու հոգու: Ըստ ամենայնի, Վարդապետը նրանց հետ մեծ յոյսեր է կապել: Բայց կեանքն էլ իր թելադրանքն ունի, կեանքն էլ իր ընտրութիւնն է անում: Շուտով այդ քսան-քսաներկու հոգուց Վարդապետի շուրջը մնում է միայն հինգ հոգի, բայց իրօք ընտրեալ հինգ հոգի: Հնօրեայ մի լուսանկար պահել է այդ մեծ ընտրութեան, հաւատարմութեան ու հարազատութեան պատկերըՙ Վարդապետը իր սիրելի սաների հետՙ Վաղարշակ Սրուանձտեանց, Բարսեղ Կանաչեան, Վարդան Սարգսեան, Արտաշէս Աբաջեան, Հայկ Սեմերճեան եւ Միհրան Թումաճան, 1914 թիւ, Կ. Պոլիս: Նրանք Վարդապետի ընտրեալ սաներն էին, եւ նրանցից իւրաքանչիւրն իր մէջ անպայման մաս ունէր մեծ երաժշտի անձից, ձիրքից, նկարագրից: Վստահօրէն կարելի է ասել, որ Բարսեղ Կանաչեանը առաջինն էր հաւասարների մէջ: Նա կարողացաւ ստեղծել երաժշտութիւն, որ արտայայտութեամբ եւ արտայայտչականութեամբ լինելով տարբեր, ոգով, ներքին բովանդակութեամբ եւ էութեամբ շարունակում էր Կոմիտաս Վարդապետի մեծագործութիւնը, ինչով որ իր երաժշտութիւնը արժանի է դրուելու իր մեծ ուսուցչի ստեղծագործութեան կողքին: Կանաչեանի լաւագոյն խմբերգերըՙ «Տալիլօ»ն, «Հոյ նար»ը, «Վարդերու հետ»ը, իր սքանչելի մեներգերըՙ «Ուռին», «Ալվարդի երազը», «Պըճինկօ»ն եւ միւսները մեր երգարուեստի վաւերական արժէքներն են: Այո, դրանք կատարեալ ստեղծագործութիւններ են, բայց ուրիշ է իր «Օրօր»ը: Այդ երգի մոգական ուժն ու աննկարագրելի հմայքը թւում են այլեւս անվախճան ու անվերջանալի: Բարսեղ Կանաչեանի «Օրօր»ը մեզՙ հայերիս համար սքանչելի երգ լինելուց զատ նաեւ այլ խորհուրդ եւ իմաստ ունի: Քրիստոնեայ շատ ժողովուրդներ ստեղծել են իրենց Տիրամօր պատկերը: Ռաֆայէլի «Սիքստինեան Տիրամայրը» դէպի մեզ է գալիս դարերի միջով ու երկնքի վրայով: Հայկական կեանքի ողբերգական ժամանակների նախաշեմին մեծ նկարիչ Վարդգէս Սուրէնեանցը ստեղծեց մերՙ հայերիս Տիրամօր պատկերըՙ իր «Տիրամայրը մանկան հետ» կտաւը: Սուրէնեանցի Տիրամայրը պէտք է պահէր-պահպանէր հայերին ու հայութեանը: Սուրէնեանցի Տիրամայրը հայուհի է, հայ մայր: Նա հայ Տիրամայր է, որ մարմնաւորում է երկնային էութեան եւ երկրային, հողեղէն գոյութեանՙ հայ կնոջ, հայ մօր կերպարի կատարեալ համադրութիւն: Իր զաւակի չարչարանքներն ու խաչ ելնելը նա կը տեսնի երկուսուկէս տասնամեակ յետոյ, երբ Մանուկը հասակ կ՛առնի, 1915-ին: Մենք ամէնքս, համայն քրիստոնեայ աշխարհը, գիտենք, թէ Տիրամայրը ինչպէս է ողբացել իր զաւակի մահը. մեծատաղանդ քանի՜ մարդ է կրկնել «Stabat mater dolorosa»- «Կանգնած է մայրը վշտահար»: Բայց մենք գիտե՞նք, թէ Տիրամայրը ինչպէս է օրօրել իր Մանկանը, ի՞նչ էր օրօրոցային երգում Նրան: Ինձ թւում է, թէ ես գիտեմ, մենքՙ հայերս գիտենք այդ հարցի պատասխանը: Սուրէնեանցի Տիրամայրը, հա՛յ Տիրամայրը իր Մանկան համար երգել է երկնային մի մեղեդի, գեղեցկագոյն մի երաժշտութիւն, լեցուն մայրական սիրոյ անհուն բերկրանքով եւ վերերկրային խանդաղատանքով, որ յետոյ, դարեր անց, անիմանալի մի հրաշքով ու կախարդանքով, լսել ու գրի է առել հայ երաժիշտ Բարսեղ Կանաչեանը: Ինձ համար իր «Օրօր»ը Տիրամօր օրօրոցայինն է: Եթէ Կանաչեանը գրէր միայն «Օրօր»ը, արդէն մեծ երաժիշտ էր լինելու: Ես գիտեմ Բարսեղ Կանաչեանի գործերի մեծ մասը, գիտեմ, որ իր «Աբեղա» օպերան հայ ազգային օպերաների շարքում իր առանձին տեղն ունի, բայց եւ գիտեմ, որ «Օրօր»ի հմայքը տեւելու է այնքան ժամանակ, քանի դեռ լուսնի ներքոյ հնչելու է հայերէն խօսքը... *** Ամէն մի իսկական արուեստագէտ իր ստեղծագործութեան մէջ ներդնում է իր էութիւնը, իր նկարագրի, իր ներաշխարհի հարստութիւնն ու հմայքը: Անշուշտ, Բարսեղ Կանաչեանը նոյնպէս: Բայց ճիշտ կը լինի ասել, որ արուեստագէտի հոգեկան հմայքն ու գեղեցկութիւնը երբեմն, փոխակերպուելով, ա՛յլ արտայայտութիւն են ունենումՙ փոխանցւում են իր զաւակներին: Ես սրանում խորապէս համոզուեցի, երբ 2000 թուականին իրերի պատեհ բերումով յայտնուեցի Բէյրութում եւ բախտ ունեցայ ծանօթանալու եւ մօտիկից ճանաչելու Բարսեղ Կանաչեանի աւագ դստերըՙ Սեդա Կանաչեան-Թիւյսիւզեանին: Չափազանցութիւն չի լինի, եթէ ասեմ, որ Սեդա Կանաչեանի նկարագրի մէջ իր հօր երաժշտութեան ներքին ողջ գեղեցկութեան հմայքը կայ: Մեր ծանօթութիւնը շուտով վերածուեց մի բարեկամութեան, որն ինձ համար անչափելի հարստութիւն է: Սեդա Կանաչեանի պարզ ու գեղեցիկ բնակարանը Բէյրութում մի իւրօրինակ հաւաքատեղի է, մի իսկական գրական սալոն, 19-րդ դարի ֆրանսիական գրական սալոնների ոգով եւ օրինակով: Այստեղ մշտապէս հաւաքւում էին իր մտերիմները, իր սիրելի մարդիկ, իր պահապան հրեշտակներըՙ դոկտոր Յարութիւն Նիկոլեանն ու իր տիկին Էմման, դոկտոր Նուրիջան Դէմիրճեանն ու իր տիկին Յասմիկը եւ էլի մի քանի հոգի: Եւ յետոյ արդէն հրաւիրեալներն ու հիւրերը, հիմնականում գրականութեան ու արուեստի, մշակոյթի մարդիկ: Սեդայի տունը սիրոյ, մարդկային ջերմութեան եւ կենսական գեղեցկութեան մի հրաշալի տարածութիւն էր, մարդկային գեղեցիկ յարաբերութիւնների ընտրեալ մի վայր: Երբ անցնում էիր իր տան շեմը, յայտնւում էիր բոլորովին ա՛յլ, ուրի՛շ մի մթնոլորտում, ուրի՛շ իրականութեան մէջՙ կատարելապէս հայեցի, մարդկայնօրէն պարզ, հարուստ ու գեղեցիկ: Չկայ Հայաստանից Բէյրութ հասած գրականութեան ու մշակոյթի հետ առնչուող որեւէ անձնաւորութիւն, որ հիւրընկալուած չլինի Սեդայի տանը, վայելած չլինի նրա ջերմ վերաբերմունքը: Սեդան յաճախ հիւր էր ընդունում խմբերով: Երբ Հայաստանի Գրողների միութեան մի մեծ բանակ հասել էր Բէյրութ, Սեդան քսան-երեսուն հոգու համար իր տանը փառաւոր ընդունելութիւն սարքեցՙ իր սէրն ու ջերմութիւնը մաքրութիւնից փայլող ճերմակ սփռոցի պէս տարածելով իր ընդարձակ սեղանի վրայ, իր հիւրերի առջեւ... Սա Սեդա Կանաչեանի ապրելու ձեւն է տարիներէ ի վեր, իր կեանքի իմաստը, իր սէրն ու խանդաղատանքը Հայաստանի ու հայութեան հանդէպ: Ահա թէ ինչու եմ ասում, որ Բարսեղ Կանաչեանի երաժշտութեան գեղեցկութիւնն ու հմայքը այսօր տեւում են իր աւագ դստերՙ Սեդա Կանաչեանի բնաւորութեան ու նկարագրի մէջ: Մի միջադէպ եմ ուզում յիշել անցեալից: Մի անգամ Բէյրութ գնացի իմ սիրելի ընկեր Աշոտ Շաբոյեանի հետ: Աշոտը խոր ու նուրբ մարդ էր, արուեստի ու մշակոյթի մարդ, երկրներ, քաղաքներ, մարդիկ տեսած ու ճանաչած անձնաւորութիւն, մարդկային առօրեայ յարաբերութիւնների մէջՙ ազատ, անկաշկանդ ու բնական: Ինչպէս որ միշտ է լինում, Սեդան անմիջապէս իր տուն հրաւիրեց: Աշոտը, նկարիչ ընկերսՙ Շահօ Տէր-Յարութիւնեանը եւ ես գնացինք այցելութեան: Անշուշտ, Սեդայի սիրելի ընկերներըՙ իր ողջ շքախումբը, արդէն այնտեղ էին: Նոյն ջերմ ու գեղեցիկ մթնոլորտը, նոյն մարդկային սիրոյ տարածութիւնըՙ լի խօսք ու զրոյցով, հումորով, մարդկային յարաբերութիւնների պարզ ու բնական գեղեցկութեամբ: Իմ ընկեր Աշոտը այդ օրը մի տեսակ իրեն նման չէր, մի տեսակ ուրիշ էր, թւում էր շփոթուած ու կաշկանդուած: Երբ ուշ ժամի արդէն դուրս էինք եկել եւ մեր կեցութեան տեղն էինք վերադառնում, Աշոտը երկար ժամանակ լուռ էր, չէր խօսում: Յետոյ դարձաւ Շահէին ու ինձ եւ ասաց. - Գիտէք, երբ մեր գրքերում, մեր վէպերում կարդում էի հայ ազնուականութեան, հայ իշխանական տների, հայ իշխանների ու իշխանուհիների մասին, միշտ ներքուստ թերահաւատ էի, մի տեսակ հաւատալս չէր գալիս: Ինքս ինձ ասում էիՙ մեր ռամիկ, գեղջուկ, կենցաղավարութեան մէջ կոպիտ ու չյղկուած, յաճախ էլՙ բռի ու անտաշ էս մեր ժողովուրդն ու ազնուականութի՞ւն: Ի՜նչ ազնուականութիւն, ի՜նչ բան... Բայց այսօր հասկացայ, որ չարաչար սխալուել եմ: Փառքդ շատ, Աստուած, ես այսօր հայ ազնուական տիկին տեսայ... Ի՜նչ արիստոկրատ անձնաւորութիւն է, մարդկային ու հոգեկան ի՜նչ գեղեցկութիւն... Աշոտն, իհարկէ, ճշգրիտ էր իր բնութագրումի, իր խօսքի մէջ: Երաժշտութեան մոգական գեղեցկութիւնն ու հմայքը առեղծուածային են, այդ գեղեցկութեան ու հմայքի փոխակերպումներըՙ առաւել եւս... Բարսեղ Կանաչեան... «Օրօր»... Սեդա Կանաչեան... Հմայքը տեւում է եւ անվախճան է... |