ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ԻՄԱՍՏԱՎՈՐՈՒՄԸ Մելանյա ԲԱԴԱԼՅԱՆ Ինչպես ասում են` ոչինչ պատահական չի լինում: Գեղարվեստի պետակադեմիայի համար հարմարավետ, ընդարձակ դահլիճ ունենալը վաղուց սպասված անհրաժեշտություն էր, այդ մասին բազմիցս արտահայտվել է ռեկտոր Արամ Իսաբեկյանը : Այս տարվա ձմռան ամիսներին հաջողվեց իրականացնել այդ վաղեմի ցանկությունը, եւ պատահական չէր, որ առաջին միջոցառումը, որ շատ գեղեցիկ էր, հետաքրքրական ու նոր, գարնանային էր եւ խորհրդանշական` տրամադրությամբ: Աշխարհում լայնորեն տարածված ծաղկահարդարման ճապոնական արվեստը` իկեբանան` մեզանում էլ բավական ճանաչում ունեցող, այդ օրը ակադեմիայի բարենորոգ դահլիճում ձեւավորել էր սովորականից շատ տարբեր, ինչ-որ տեղ էկզոտիկ էներգետիկ դաշտ. օդը, մթնոլորտն ասես ծաղկած լիներ: Երկու օր ակադեմիայի դահլիճում իկեբանայի եւ սումիէ գեղանկարչության վարպետության դասեր անցկացրին Ճապոնիայից ժամանած պրոֆեսոր Միդորի Յամադան եւ նրան աշակերտած մոսկվայաբնակ Օլգա Սալիվանովան : Միդորի Յամադան Իկեբանայի իկոնոբո դպրոցի բարձրագույն պրոֆեսոր է եւ սումիէ գեղանկարչության բարձրագույն վարպետ` ճանաչված ոչ միայն Ճապոնիայում, նաեւ աշխարհի բազմաթիվ երկրներում, որտեղ նա իկոնոբո դպրոցի մասնաճյուղեր է բացել` տարիներ շարունակ տարածելով ճապոնական այս ինքնատիպ մշակույթի ոչ միայն կատարողական բացառիկ տեխնիկայի նրբագեղությունը, նաեւ իմաստները, խորհուրդներն ու նշանակությունը: Այն ինչ նա ցույց տվեց եւ ներկայացրեց այդ մի քանի ժամերի ընթացքում, կարծում եմ` հիշողության մեջ մնացող էջերից են: Ցույց տալով իկեբանայի պատրաստման հիմնական մեթոդները, եղանակները, նա հընթացս ծանոթացնում էր այդ գեղեցիկ արվեստի սկզբնավորման եւ զարգացման պատմությանը, ուղղություններին ու դպրոցներին եւ դրանց տարբերություններին. տպավորիչ էր հատկապես դասական իկեբանան` կատարողական առանձնահատկությամբ, կոմպոզիցիոն բոլոր տարրերի` ծաղկամանների, ճյուղերի, տերեւների ընտրության, ծաղիկների գույնի, քանակի, պարտադիր մեկ ուղղությամբ լինելու, ճապոնական հին տներում հատուկ տեղ ունենալու խորհրդով ու նշանակությամբ. այն, իհարկե, ժամանակի ընթացքում փոփոխություններ է կրել, նոր ձեւեր ու մեթոդներ են ներմուծվել, այդուհանդերձ, դասական իկեբանան մնացել է ամենանրբաճաշակն ու իմաստավորվածը, պատրաստման եղանակով էլ` ամենաբարդը: Ճապոնիա այս արվեստը թափանցել է Չինաստանից, բուդդայականության տարածման 7-րդ դարում, սկզբնական շրջանում ունեցել է ծիսական նշանակություն: Պատրաստման ողջ ընթացքն արդեն իսկ ծես է եղել, երբ բնության մասնիկները` ծաղիկները, ճյուղերը, տերեւները կամ խոտը, հատուկ խնամքով ու սիրով ընտրվել, հավաքվել ու համադրվել են` մտովի աղոթքով: Ըստ էության դա երկկողմանի` ներսի եւ դրսի մի յուրահատուկ սինթեզ է, բնության ճանաչողության, նրա հետ մերձեցման` դրանով իսկ ինքնաճանաչողության եւ միաժամանակ հոգեւոր իմաստավորման ընթացք: Դա նվիրաբերումի հուզական ծես է Աստծուն. չէ՞ որ այն դրվում էր Բուդդայի արձանի առջեւ: Ու կարծես վերադարձ էր նաեւ, սիրո փոքրիկ, բայց անկեղծ խոստովանություն. մարդու` արարչաստեղծ աշխարհից ստացած զգացումների սքանչելի փունջ, որ վերադարձվում էր իրեն` Արարչին: Իկեբանայի հիմնական սկզբունքը` հարդարել ծաղիկները ինչպես բնության մեջ են, այն դարձնում է ավելի մերձ մարդու հոգուն, ավելի ճշմարիտ, ոչ միայն բնական գեղեցկությամբ, այլեւ ներքին այն էներգետիկայով, որ նրանց մեջ դրել է ինքը` իկեբանայի վարպետը: Եվ սա այնքան ակնհայտ էր, երբ տիկին Յամադան ավարտեց իր աշխատանքները. շարժումների զգուշությունն ու նրբությունը, ծաղիկների հետ անշշուկ զրույցը, հայացքի խոնարհ ժպիտը... երբ դրանցից փոքրիկ մասնիկներ էր զատում եւ տեղադրում ծաղկամանի մեջ: Սա մարդու եւ բնության նախաստեղծ, անխաթար վիճակի լուռ վկայություն է, ժամանակի միջով հոսող գեղեցկության հավերժական ձգտում, սեր եւ պոեզիա` ամփոփված փոքրիկ ծաղկի, խոտի մի ճյուղիկի, կարճլիկ տերեւի մեջ: Այդպիսին հենց իկեբանա բառի նշանակությունն է` ապրող ծաղիկ - հավերժական գեղեցկություն, ինչպես ճապոնական պոեզիան է` թանկաներն ու հոքուները, երեք - հինգ կարճ տողերի մեջ կյանքի իմաստնություն, ապրումների ու խոհերի մի ողջ հոսք է ասես անցնում, կարծես քանդակված, նկարված լինեն պատկերները: Ճապոնակական գեղանկարչությունը, գրաֆիկական արվեստը յուրահատուկ մեթոդներ ու տեխնիկա է պահանջում, ոչ միայն ձեռքի վարպետ շարժումները, այլեւ օգտագործվող նյութերն են կարեւոր` տուշը, ներկը, թուղթը, վրձինը: Սումիէ ուղղությունը` սեւ տուշանկարչությունը` 7-րդ դարից եկող, ծագումով չինական, առանձնանում է մի շարք յուրահատկություններով: Գործածվող տուշի արտադրությունն արդեն իսկ մշակույթ է, որ ստանում են հատուկ տեսակի ծառերի այրելուց ստացված փոշին խառնելով տարբեր նշանակությամբ յուղերի հետ: Նկարելու վարպետությունը կախված է տեխնիկայի կատարյալ տիրապետումից` ձեռքի շարժման ճկունությունից` վրձնի տարբեր մասերի ճիշտ օգտագործումով, խոնավության տարբեր աստիճաններ վերցնելով: Ձեռքի վստահ շարժումի վարպետությունն է ապահովում պատկերի մեկանգամյա, վերջնական արդյունքը, որին հետագա միջամտություն այլեւս չի արվում: Օլգա Սալիվանովան հանգամանորեն բացատրում եւ ցույց էր տալիս շուրջը խմբված ուսանողներին, տիկին Յամադան շրջում եւ խորհուրդներով օգնում էր առաջին անգամ սումիէ ուղղությամբ նկարել փորձող հայ ուսանողներին: Պրոֆեսոր Միդորի Յամադան արդեն տասը տարի գալիս է Հայաստան` համագործակությամբ հայ-ճապոնական «Հիկարի» գիտա-կրթամշակութային կենտրոնի, իրականացնում տարբեր հետաքրքրական ծրագրեր: Այս տարվա գարնանային ծրագիրը որոշվեց իրականացնել Երեւանի գեղարվեստի պետական ակադեմիայի պրոֆեսիոնալ դիզայներներ եւ նկարիչներ դարձող ուսանողների հետ: Ճապոնական մշակույթի երկօրյա այս հաճելի հաղորդակցումն ու պրակտիկ ուսուցումը, վստահաբար, տպավորիչ եւ օգտակար եղավ նրանց համար: Գարնանային գեղեցիկ այս միջոցառումը իր ներկայությամբ պատվել էր Հայաստանում Ճապոնիայի դեսպան պրն Էյջի Տագուչին ` տիկնոջ հետ: Հաճելի էր դեսպանի հայերեն ողջույնի խոսքը: Նրա համար, ինչպեսեւ` գրեթե բոլորիս, գարունն այս տարի երկար սպասված էր, ուստի նա արեւ ու գարուն մաղթեց ոչ միայն դրսում, նաե` մեր սրտերում: Արամ Իսաբեկյանը խորհրդանշական համարեց ակադեմիայի դահլիճի նորամուտը. «Այն ինչ կուսուցանվի եւ կներկայացվի այս երկու օրերին մեր ուսանողներին, շատ կարեւոր է, եւ հնարավոր է, որ ակադեմիայում բացենք այդպիսի բաժին»: Ճապոնական մշակույթի ամեն շերտ, ամենափոքր տարր իմաստավորված է. թաքնված խորհուրդ կա նրանց մեջ, պարզ թվացող իրն անգամ սիլմվոլիկա է կրում, լեգենդ պարունակում: Ամեն ինչ է իմաստավորված, ամեն բան է կարեւորված. շարժում, գիծ, նշան, հնչյուն, մեղեդի, պատկեր մի ուրիշ հմայք ունեն, ասես տարաշխարհիկ էներգետիկ լիցքեր: Այդպիսին էր «Հիկարի» կենտրոնի սաների երաժշտական կատարումը, այդպիսին էր նրանց պատրաստած խորհրդանշական իրը, որ Գեղարվեստի ակադեմիայի ռեկտորին հանձնեց կենտրոնի տնօրեն Կարինե Փիլիփոսյանը : Օրն իրոք գեղեցիկ էր, իմաստավոր, ներդաշնակ... |