RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#009, 2017-03-10 > #010, 2017-03-17 > #011, 2017-03-24 > #012, 2017-03-31 > #013, 2017-04-07

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #11, 24-03-2017



ՑՈՒՑԱՍՐԱՀ

Տեղադրվել է` 2017-03-23 21:31:57 (GMT +04:00)


Ընթերցված է` 3151, Տպվել է` 13, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԵՐԵՎԱՆԸ ՏԻԿՆԻԿՆԵՐԻ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ ՈՒՆԻ

Նաիր ՅԱՆ

Տիկնիկագործների ու տիկնիկների միջազգային օրըՙ մարտի 21-ը, հայ տիկնիկագործների համար վերածվեց իսկական տոնի: Երեւանումՙ Աբովյան 1/1 հասցեում, բացվեց Տիկնիկների պատկերասրահը: Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը դեռ նախորդ տարվա վերջին էր հայտարարել, որ ի թիվս մի քանի նոր թանգարանների, կունենանք իր տեսակով բացառիկՙ տիկնիկների թանգարան-պատկերասրահ: Պետություն-մասնավոր հատված համագործակցության արդյունքում գաղափարը կյանքի է կոչվել: Ներդրվել է 60 հազար դոլար:

Տիկնիկների տոնական երթով ազդարարվեց պատկերասրահի պաշտոնական բացումը: Արարողության առիթով նույն հարկի տակ էին հավաքվել տիկնիկագործ վարպետներ, անհատ-հավաքորդներ, տիկնիկային ներկայացումների ռեժիսորներ, տիկնիկավարներ: Նրանք էլ իրենց ներդրումն ունեն թանգարանի ստեղծման գործընթացում: Մոտ 400 տիկնիկներից կազմված հավաքածուն գոյացել է նաեւ նրանց նվիրատվությունների շնորհիվ: Իսկ տիկնիկների առաջին խմբաքանակը եկել է ԱՄՆ-իցՙ մոտ 300 տիկնիկ, որն էլ համարվում է թանգարան-պատկերասրահի հիմքը:

«Սա թանգարան չէ, այլ սրահ, որտեղ հավաքվել են տիկնիկները. յուրաքանչյուրն իր պատմությունն ու կենսագրությունն ունի: Ամեն մեկը մի կերպար է: Աշխարհի շատ երկրներում կան տիկնիկների թանգարաններ: Ռուսաստանն 80-ն ունի, Վրաստանըՙ 3-ը, Բաքուն էլ ունի: Մերը մի քիչ ուշացած է, բայց կարեւորըՙ եղավ, մենք էլ ունեցանք: Ես այդ բոլորից կառանձնացնեի մեր նորաբաց պատկերասրահը, որովհետեւ այստեղ բազմազանություն կա, կարելի է տեսնել շատ տարբեր տիկնիկներՙ թե ոճով ու տեսակով, թե ապրած տարիներով ու արտահայտած կերպարներով: Ունենք թատերական տիկնիկներ, մեր ճանաչած մարդկանց, հայտնի դեմքերի նմանակ-տիկնիկներ, ունենք դերասան-տիկնիկներ: Առհասարակ մեր պատկերասրահի հավաքածուն կբաժանեի երկու մասիՙ հայկական եւ միջազգային: Շատ ուրախալի է, որ հավաքածուում ներառված են Ալիսա Նավասարդյանի տիկնիկներից: Նա 40 տարի տարբեր երկրներից հավաքել-բերել է զանազան տիկնիկներ, տարբեր ազգերի տարազներով: Մի ցուցափեղկը հենց այդ հավաքածուին ենք տրամադրել: Աթենքի թանգարանից ազգային տարազների կրկնօրինակներ ունենք: Ունենք նաեւ տիկնիկներ Սուսաննա Ալավերդյանի հավաքածուիցՙ Չինգիզ խանն իր երկու տիկնանց հետ: Բոլորն էլ կարծես կենդանի արարածներ լինեն»,- պատկերասրահի բացման առիթով իր ուրախությունը չթաքցրեց պատկերասրահի գեղարվեստական տնօրեն Մարինա Խաչմանուկյանը :

Պատկերասրահին 28 տիկնիկ է նվիրել «Յունիմա-Հայաստան» տիկնիկային արվեստի գործիչների միջազգային միության հայկական կենտրոնը, որի ղեկավար Արմեն Սաֆարյանն առանձնացրեց 1994-ին «Կարապետ» թատերախմբի բեմադրած «Սասունցի Դավիթ» ներկայացման մեջ Մսրա Մելիքին մարմնավորած տիկնիկը, ինչպես նաեւ Սուրբ Ծննդյան տոներին բեմադրած Հիսուս Քրիստոսի առակներից Մարիամ Աստվածածնի տիկնիկը, նաեւ Ռոսինիի օպերայի իտալուհուն:

Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր ռեժիսոր Ռուբեն Բաբայանը կարեւոր է համարում նման թանգարանի դերը մեր քաղաքում: «Երեւանի դեմքը հավակնում են դառնալ հագուստի բրենդային խանութները. սա ցավալի ու անընդունելի երեւույթ է: Հյուրընկալվող զբոսաշրջիկն ի՞նչ կարծիք կկազմի մեր մասին: Տիկնիկների պատկերասրահն այսուհետեւ մեծ հետաքրքրություն կառաջացնի թե՛ տեղաբնակների, թե՛ հյուրերի շրջանում ու միգուցե մեր քաղաքի դեմքը դառնա»,- հույս հայտնեց Ռուբեն Բաբայանը:

Հատկանշական է, որ Տիկնիկների պատկերասրահը բացվել է Աբովյան փողոցի պատմական շենքերից մեկում: Այն 1914 թվականին է կառուցվել եւ պատկանել է Տեր-Ավետիսյաններ տոհմական հայտնի ընտանիքին, որին ազնվականության տիտղոս է շնորհել Նիկոլայ Առաջինը: 1921 թվականին այդ շենքում մի քանի ամիս ապրել է ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանը: Այդ նույն շենքում է ապրել ապրիլյան քառօրյայի հերոս Ադամ Սահակյանը:

Պատկերասրահը հավակնում է դառնալ կրթական, ժամանցային կենտրոն, որտեղ կանցկացվեն վարպետության դասեր, փոքրիկների համար տիկնիկագործության դասընթացներ: Նրանք իրենց ձեռքերով կպատրաստեն տիկնիկներ ու դրանցով ներկայացումներ կբեմադրեն: Այսպիսով կխթանվի նաեւ տիկնիկագործությունը, որը մեզանում հետընթաց է ապրում: Պատկերասրահի հավաքածուն կցուցադրվի նաեւ հանրապետության մարզերում, օտար երկրներում. մտադրություն կա Երեւանից դուրս եւս տիկնիկների թանգարան բացել: Նախնական հավաքածուն պարբերաբար կթարմացվի ու կհամալրվի նոր տիկնիկներով:

Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը նորաբաց պատկերասրահի դերն ու արժեքը գնահատելու համար մի խորհրդանշական պատմություն պատմեց. «Երեք եղբայր մի ճամփա բռնածՙ գնում են: Հանկարծ մի փոս են տեսնում, որի մեջ էր ընկել Երջանկությունը: Երջանկությունը հարցնում է մեծ եղբորըՙ ի՞նչ կուզես քեզ համար անեմ: Մեծը պատասխանում էՙ շատ փող: Երջանկությունը նրա կամքը կատարում է: Միջնեկ եղբորն է հարցնումՙ դո՞ւ ինչ ցանկություն ունես: Ես էլ մի սիրուն կին կուզեմ ինձ համար: Նրա ցանկությունն էլ է կատարում: Մնում է փոքր եղբայրը: Դո՞ւ ինչ ես ուզումՙ հարցնում է փոքր եղբորը: Նա կռանում է ու Երջանկությանն ասում. «Կուզենամ քեզ այս փոսից դուրս հանել»: Ասում է ու Երջանկությանը հանում փոսից»:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #11, 24-03-2017

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ